20.4.18

Անփոխարինելիութիւն

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Տեսնես ո՞վ էր գրել հանրապետական ու դաշնակցական պատգամաւորների ելոյթների տեքստերը, երբ Ազգային Ժողովը վարչապետ էր ընտրում եւ իշխող կոալիցիան ներկայացրել էր Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը: Հետաքրքրական կը լինէր հանդիպել այդ տեքստերը գրողներին, զրուցել Հեմինգուէյի պատմուածքներից, օրինակ, ի դէպ, Հեմինգուէյը գրող է, ամերիկացի, Նոբէլեան մրցանակի արժանացած: Կարելի է նաեւ հանդիպել նրանց, որպէսզի հիշենք մեր Վերջին Զանգի հանդէսները, երբ բեմում կանգնած՝ գովերգում էինք դպրոցն ու դասղեկին, եւ հնչում էին ձօներ, ձօներ, ձօներ... Բայց նման հանդիպում հազիւ թէ կայանայ, մանավանդ որ շատ հնարաւոր է այդ ելոյթները գրել են հենց իրենք՝ պատգամաւորները, որոնցից 77-ը, իսկ սա ճնշող մեծամասնութիւնն է, Սերժ Սարգսեանին ընտրեց Հայաստանի վարչապետ, ավելի ուշ, բայց ոչ այնքան ուշ, որ անհանգստանանք, նախագահ Արմէն Սարգսեանը Սերժ Սարգսեանին նշանակեց ՀՀ վարչապետ: Վերջինս դրա կարիքը չունէր, անշուշտ, բայց դա պահանջում է նոր Սահմանադրութիւնը: Հիմա Սերժ Սարգսեանը գնալու է աշխատանքի կա՛մ Բաղրամեան 26 հասցէում գտնուող՝ նախկին նախագահի նախկին նստավայր, կա՛մ էլ Կառավարութեան շէնք, որտեղ նստում էր Կարէն Կարապետեանը, ով հաւանաբար էլի կը շարունակի այնտեղ նստել, պարզապէս ոչ վարչապետի առանձնասենեակում: Ու եթէ մենք Հայաստանում ապրենք միայն դահլիճներում ու երբեք փողոց դուրս չգաք, ապա ամէն ինչ երկրում հրաշալի է, ճիշդ Սամուէլ Ալեքսանեանի տրամադրութեան պէս, որին, երբ լրագրողները հարցրել են, թէ ինչպէ՞ս էք եկել ԱԺ, չէ՞, որ շէնքը շրջափակուած է, հանգիստ պատասխանել է՝ «մաշնով»: Ի միջի այլոց, Գագիկ Ծառուկեանը ներկա չէր ԱԺ-ում, երբ խորհրդարանը վարչապետ էր ընտրում, չնայած Ծառուկեան խմբակցութեան զգալի մասը կողմ է քուէարկել Սարգսեանի թեկնածութեանը:
Արդէն վարչապետի կարգավիճակով՝ Սերժ Սարգսեանը ելոյթ ունեցավ: Անկեղծ ասած՝ այդ ելոյթի տեքստը գրողին էլ չեմ ճանաչում, բայց նա գրել էր հետեւեալը. «Հայաստանում ժողովրդի անունից իրավունք ունի հանդէս գալ միմիայն քաղաքական մեծամասնութիւնը»: Հասկանալի է, չէ՞, ասենք Ամենայն Հայոց Կաթողիկոսը նման իրաւունք չունի, Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի գլխաւոր մարզիչն ու Հենրիխ Մխիթարեանը միասին՝ նման իրաւունք չունեն, ունի միայն Հանրապետական կուսակցութիւնը, ընդ որում կապ չունի՝ ի դէմս վարչապետ Սարգսեանի՞, թէ՞ թաղային հեղինակութիւն Վլէի: Եթէ կուսակցական է, ուրեմն կարող է հանդէս գալ ժողովրդի անունից, նրա անունից «մաշնա» քշել, նրա անունից «մաշնից» դուրս գալ ու երիտասարդ ցուցարար ծեծել...Մի խօսքով, եթէ ուզում էք իրաւունք ստանալ հանդէս գալ ժողովրդի անունից, ապա կամ մտէք Հանրապետական կուսակցութիւն, կամ էլ այնպես արէք, որ ժողովուրդը հենց ձեզ ընտրի, հենց դուք լինէք քաղաքական մեծամասնութիւն: Բայց քանի որ դուք այդպէս չէք կարող անել, որովհետեւ ՀՀԿ-ն անփոխարինելի է, ասեմ, որ ՀՀԿ կենտրոնական գրասենեակը գտնւում է Մելիք-Ադամեան փողոցում ու եթէ չեմ սխալւում այդ կուսակցութեան կայքում կարելի է օնլայն անդամագրուել կուսակցությանը: Նժդեհին ճանաչելը, հայոց լեզու իմանալը, բարձրագոյն կրթութիւնը կամ օտար լեզուների իմացութիւնը պարտադիր չեն, Նժդեհին ճանաչելը նոյնիսկ ցանկալի չէ... ներկուսակցական ընդվզումներ չառաջացնելու համար:
Եթե լուրջ՝ ապա խնդիր ունենք ու այդ խնդիրը ՀՀԿ-ն չէ ամենեւին, ոչ էլ Սերժ Սարգսեան վարչապետը: Խնդիրը անփոխարինելիութիւնն է: Իսկ ո՞վ, եթէ ոչ Սերժ Սարգսեանը, ովքե՞ր, եթե ոչ Հանրապետականները, այս հարցերն են խնդիրը, որոնց պատասխանը մենք չենք ստանում ոչ Ազգային Ժողովում, ոչ էլ փողոցում: ՀՀԿ-ի մեղքո՞վ. չէի ասի, որովհետեւ ՀՀԿ-ի փոխարէն կարող էր լինել որեւէ կուսակցութիւն, որը նորից կլինէր անփոխարինելի:

«Ազգ», 21 Ապրիլ 2018

No comments:

Post a Comment