ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
Ադրբեջանում նախագահական ընտրութիւններն անց են կացուելու 2018 թ. Ապրիլի 11-ին, աւանդական Հոկտեմբերի փոխարէն: Այս պահի դրութեամբ կան 15 առաջադրուած թեկնածուներ:
Թէ ի՞նչ խորքային տարբերանշաններ ունեն այս ընտրութիւնները, ի՞նչն էր ժամկէտը վեց ամսով առաջ տալու շարժառիթը, Իլհամ Ալիեւի անկասկած վերընտրման հեռանկարի պարագայում ներիշխանական ի՞նչ կատաղի պայքար կայ երկրում, ի՞նչ սպասելիքներ ունի երկրի ներսում ու դրսում ապրող ադրբեջանական հասարակութիւնը, զրուցել ենք յայտնի կոնֆլիկտաբան եւ պատմաբան, արդէն երկու տարի որպէս քաղաքական էմիգրանտ Հոլանդիայում բնակուող եւ իր գիտական ու հասարակական գործունէութիւնը շարունակող Արիֆ Իւնուսովի հետ:
Թէ ի՞նչ խորքային տարբերանշաններ ունեն այս ընտրութիւնները, ի՞նչն էր ժամկէտը վեց ամսով առաջ տալու շարժառիթը, Իլհամ Ալիեւի անկասկած վերընտրման հեռանկարի պարագայում ներիշխանական ի՞նչ կատաղի պայքար կայ երկրում, ի՞նչ սպասելիքներ ունի երկրի ներսում ու դրսում ապրող ադրբեջանական հասարակութիւնը, զրուցել ենք յայտնի կոնֆլիկտաբան եւ պատմաբան, արդէն երկու տարի որպէս քաղաքական էմիգրանտ Հոլանդիայում բնակուող եւ իր գիտական ու հասարակական գործունէութիւնը շարունակող Արիֆ Իւնուսովի հետ:
Ի՞նչն է, ըստ էութեան, տարբերում 2018 թ. Ադրբեջանի նախագահական ընտրութիւնները նախորդ ընտրութիւններից։
Այո, այս նախագահական ընտրութիւններն առանձնայատկութիւն ունեն: Մինչեւ հիմա դրանք ստանդարտ ընթացք են ունեցել. նշուած ժամկէտում իշխանութիւնն օգտագործել է իր վարչական ռեսուրսը, տարբեր «կարուսել»ների միջոցով տոտալ կեղծարարութիւններ է կատարել, իսկ վերջում հսկողութեան տակ գտնուող ԿԸՅ-ն ընդունել է իշխանութիւններին անհրաժեշտ որոշումը: Եւ միշտ, թէկուզ ձեւական, ընտրութիւններում եղել է իշխանութեան եւ ընդդիմութեան պայքարի թեման:
Այս ընտրութիւնների ժամանակ էլ, ի հարկէ, կը լինեն ընտրակեղծիքներ, թէեւ իշխող ռեժիմն ի սկզբանէ գիտի, որ յաղթելու է: Պատճառն այն է, որ իշխանութիւնները արեւելեան աւանդոյթով պաշտօնապէս չեն կարող խոստովանել, որ ընտրութիւնները հետաքրիր չեն եղել հանրութեանը, եւ ընտրատուփերի մօտ շատ քիչ քաղաքացի է եկել: Իսկ գլխաւորը, Ադրբեջանի նման արեւելեան երկրում, որտեղ քարոզչամեքենան անդադար պնդում է Իլհամ Ալիեւին «համաժողովրդական սատարման» մասին, ԿԸՅ-ն ապրիորի չի կարող յայտարարել, թէ գործող նախագահը ստացել է 85%-ից քիչ ձայն:
Այդուհանդերձ, այս ընտրութիւնները կը մտնեն պատմութեան մէջ եւ աւելի շատ կը քննարկուեն: Ինչո՞ւ: Նախ, երբեք ընտրութիւնների ժամկէտները չեն տեղափոխուել: Ու յանկարծ հիմա դա տեղի ունեցաւ: Նախագահի որոշումը ակնյայտօրէն անսպասելի էր անգամ նրա մօտ շրջապատի համար: Ահա ինչու իշխանական թիմում անգամ չհասցրեցին համաձայնեցնել տրուող մեկնաբանութիւնները: Սխալուելու եւ նախագահին յիմար վիճակում դնելու ռիսկը մեծ էր, ահա ինչու նրա վարչակազմի աշխատակիցների մեծ մասն ու «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցութեան առաջնորդները գերադասեցին լռել եւ սպասողական դիրք գրաւել, մինչեւ իրավիճակը կը պարզուի ու կը հրապարակուի պաշտօնական մեկնաբանութիւնը:
Երկրորդ առանձնայատկութիւնն այն է, որ այս ընտրութիւններում չի լինի «իշխանութիւն-ընդդիմութիւն» թեման, կը լինեն միայն «իշխանութիւնն ու իր խամաճիկները»: Ընդդիմութիւնն իր ողջ կազմով բոյկօտում է ընտրութիւնները: Իսկ նրանք, ում իշխանութիւններն առաջ են մղել «անկախներ»ի եւ իբրեւ թէ «ընդդիմադիրներ»ի քօղի տակ, անգամ մօտ չեն այդ անուանմանը:
Արտահերթ ընտրութիւնների պատճառների մասին շրջանառուած բոլոր պաշտօնական մեկնաբանութիւններից եւ ոչ պաշտօնական ենթադրութիւններից (որ
մերձավորարեւելեան գործընթացներից բխող սպառնալիքներ կան, որ պէտք է
սինխրոնացնել Հայաստանի կառավարութեան ձեւաւորման մարտ-ապրիլեան գործընթացի
հետ, ռուսաստանեան նախագահական ընտրութիւններին, որ պէտք է Ղարաբաղեան
բանակցութիւնները չյետաձգել եւ այլն), որո՞նք էք համարում իրականութեանը մօտ։
Ի դէմս հասարակական-քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի
Հասանովի՝ իշխանութիւնները ջանացին համոզել բոլորին, որ այդ որոշման
հիմքում բացառապէս տեխնիկական պատճառներ կան. աշնանը երկրում տեղական եւ
միջազգային նշանակութեան միջոցառումներ են անցկացուելու (Ադրբեջանի
դեմոկրատական հանրապետութեան հիմնադրման 100-ամեակ եւ Միջազգային Հումանիտար Ֆորում), ինչը եւ ստիպեց իշխանութիւններին փոխել
ընտրութիւնների ժամկէտը։ Հիմնաւորումները բացայայտ ծիծաղելի էին, եւ
հասարակութիւնը քմծիծաղով ընդունեց դրանք։
Բանն այն է, որ Իլհամ Ալիեւն անգամ առանձնապէս չի էլ թաքցնում իր
ատելութիւնն այն ամէնի նկատմամբ, ինչը կապուած չէ իր հօր անուան հետ, եւ այդ
պատճառով ցուցադրաբար չի նշում նման իրադարձութիւնները։ Առաջին հերթին
երկրում վաղուց արգելանք է դրված այն ամէնի վրայ, ինչը կապուած է ԱԴՀ-ի, նրա
առաջնորդներ Մամեդ Էմին Ռասուլզադէի, Նասիբ Իւսիֆբէկովի, Ալիմարդան
Տոլչուբաշեւի եւ Ֆաթալի Խան Խոյսկու հետ։ Յատկանշական է նրա վերաբերմունքը
ԱԴՀ հիմնադիր Մ. Է. Ռասուլզադէի նկատմամբ։ Դեռ 1993 թ. Հէյդար Ալիեւը
հրամանագիր ստորագրեց մայրաքաղաքի կենտրոնում Ռասուլզադէի արձանը
տեղադրելու մասին։ Այդ ընթացքում անգամ հասցրել էին ոչ մեծ ցուցատախտակ
փակցնել գրութեամբ, որ հենց այստեղ է լինելու արձանը։ Յետոյ այդ
ցուցատախտակը անաղմուկ հանեցին։ 2013 թ. Ռասուլզադէի ծննդյան 130-ամեակի
նախօրէին նորից բարձրացաւ արձանի հարցը, բայց Իլհամ Ալիեւի հրահանգով ամէն
ինչ արխիւ քշուեց։ Արդիւնքում մայրաքաղաքում այդպէս էլ նախատեսուած արձանը
չտեղադրուեց։
Ու հիմա իշխանութիւններն իբրեւ թէ հոգում են եւ որոշել են նշել ԱԴՀ-ի
100-ամեակը, եւ դրա համար գնացել են ընտրութիւնների ժամկէտն առաջ տալո՞ւն։
Բայց ամենազաւեշտալին այն է, որ այդ տարեդարձը պետք է նշուի Մայիսի 28-ին,
այսինքն` նախագահական ընտրութիւնների նախկին ժամկէտից չորս ամիս առաջ։
Նոյնքան անլուրջ է եւ այսպէս կոչուած ֆորումի հետ կապուած փաստարկը, որն
առանձնակի հետաքրքրութիւն չի ներկայացնում, երկրում ոչ ոք դրանով չի
հետաքրքրւում, առաւել եւս միջազգային մակարդակում, նոյնիսկ ծիծաղելի է այդ
մասին խօսելը։ Չէ՞ որ դա մի շարքային քարոզչական միջոցառում է, որի ժամանակ
հաւաքում են իշխանութիւնների լոբբիստներին եւ վաղուց տիրաժաւորուող
արեւմտեան քաղաքական գործիչներին։ Բայց այս միջոցառումն էլ լինելու է Սեպտեմբերի վերջին, այսինքն` այստեղ էլ իրականում ժամանակ կար։ Ինչպէս
տեսնում ենք, բոլոր բացատրութիւնները ոտքի վրայ մտածուած բաներ են։
Պաշտօնական այս մեկնաբանութեանը յաջորդեցին ուրիշ բացատրութիւններ`
աւելի խելացի, կառավարամէտ ներկայացուցիչների կողմից։ Ասենք, հայկական եւ
ադրբեջանական ընտրութիւնների սինխրոնացումը ղարաբաղեան հակամարտութեան
բանակցութիւնների առաջմղման համար։ Բայց Հայաստանում եւ Ադրբեջանում
նախագահական ընտրութիւնները վաղուց չեն ազդում բանակցային գործընթացի վրայ։
2006 թուականից ամէն ինչ արդէն շարադրուած եւ քննարկուած է, պէտք է միայն
հասնել կողմերի՝ յայտնի Մադրիդեան սկզբունքների ընդունմանն ու
իրականացմանը։
Սակայն տեսանելի ապագայում բազմաթիւ օբյեկտիւ եւ սուբյեկտիւ պատճառներով
առաջարկությունները չեն ընդունուելու։ Համ էլ բանակցային գործընթացում
երկու կողմերի հիմնական խաղացողները վաղուց նոյն դէմքերն են, ամէն ինչ
ընթանալու է այնպէս, ինչպէս եղել է։ Ուստի այս գործօնն էլ որպէս
ընտրութիւնները տեղափոխելու պատճառ չի կարելի լուրջ համարել։
Իսկ ահա մերձաւորարեւելեան գործընթացներից բխող սպառնալիքի՝ որպէս
ժամկէտների տեղափոխման պատճառի մասին խօսելն ուղղակի ծիծաղելի է, այնքան դա
անլուրջ է։
Այդ դէպքում ի՞նչը դեր ունեցաւ։ Ներքաղաքական/ներկլանային խժդժութիւննե՞րը։
Այո, հենց դրանք։ Ժամկէտների տեղափոխման պատճառները զուտ ներքին բնոյթի
են։ 2003 թ. Իլհամ Ալիեւի իշխանութեան գալու առաջին ամիսներից
լարուածութիւն ստեղծուեց մի կողմից՝ նրա եւ կնոջ ընտանիքի (Փաշաեւների
կլան), միւս կողմից՝ Հէյդար Ալիեւի հին թիմի միջեւ։ Իլհամ Ալիեւի խնդիրն
այն էր, որ հայրը նրան իշխանութեան բերեց եւ մտածում էր, որ տարիներ
շարունակ իր իսկ աճեցրած թիմը յենարան կլինի նաեւ որդու համար։ Բայց Իլհամ
Ալիեւը, եւ աւելի շատ՝ նրա կինն այդպէս էլ Հէյդար Ալիեւի թիմն «իրենցը»
չէին ընկալում։ Վերջիններս էլ, իրենց հերթին սրանց տանել չէին կարողանում։
2004-2005 թթ. Իլհամ Ալիեւի՝ իր հօր թիմը հեռացնելու առաջին փորձը տապալուեց,
թէեւ վերջինս կորուստներով ետ շպրտեց յարձակումը։ 2005 թ. ձերբակալուեց եւ
երկու տարի յետոյ 11 տարով դատապարտուեց հայաստանեան ծագումով ադրբեջանցիների
առաջնորդ Ալի Ինսանովը։ Նա մինչ օրս նստած է, 2016 թ. Հոկտեմբերի վերջին`
ժամկէտը աւարտուելուն մօտ, բացայայտ մտացածին պատրուակով նորից դատապարտուեց
նոր ժամկէտով։ Չնայած ՄԻԵԴ-ի որոշմանն ու Ինսանովի 72-ամեայ տարիքին, նրան
ոչ մի դէպքում ազատ չեն արձակելու։ Սրան յաջորդեցին հայաստանեան ծագումով
գործիչների հետապնդումները, շատերը զրկուեցին պետկառոյցներում իրենց
պաշտօններից։ Կորուստներ կրեց նաեւ «նախիջեւանեան» խմբաւորումը, որոշներից
խլուեցին բիզնես կառոյցներ։ Յատկապես ուժեղ հարուած ստացաւ Իլհամ Ալիեւի
հօրեղբայր Ջալալ Ալիեւը։ Մամուլում վերջինս առանձնապէս չէր էլ թաքցնում իր
ատելութիւնը Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ նկատմամբ, նուաստացուցիչ կերպով
նախագահին անուանում էր «Իլհամ Փաշաեւ»։
Իլհամ Ալիեւն ու կինն իրենց թիմը չունէին։ Դասական ընդդիմութեան դէմ
պայքար էր մղւում, եւ ժամանակաւորապէս պէտք չէր իշխող թիմի ներսում սրացման
գնալ։ Այդ ժամանակ էլ սկսուեց էներգառեսուրսներից ստացուող հսկայ շահոյթների
հոսքը, եկամուտները բոլորին հասնում ու բաւարարում էին։ Բայց, միեւնոյն
է, կողմերը ուշադիր հետեւում էին միմեանց։ Նախագահութեան առաջին ժամկէտի
վերջին Մեհրիբան Ալիեւայի կողմնակիցները ընտրութիւններին մասնակցելու եւ
նրան իշխանութեան բերելու նպատակով կուսակցութիւն ստեղծեցին։ Հին թիմը
նախագահի վարչութեան ղեկավարի գլխավորութեամբ միանգամից շարժուեց եւ թոյլ
չտուեց, որ դա տեղի ունենա։
Հիմա նաւթի գներն արդէն նախկինը չեն, երկիր այլեւս այդպիսի առասպելական
շահոյթներ չեն մտնում։ Ընդդիմութիւնը վաղուց ջախջախուած է, հնարաւոր չէ
նրա` որպէս լուրջ ուժի մասին խոսել։ Այս պայմաններում նախկին
տարաձայնութիւնները կտրուկ աճել են։ Բարձրացաւ պայքարող
խմբակցութիւններից մէկի վերջնական ջախջախման հարցը։
Ուղիղ մէկ տարի առաջ Իլհամ Ալիեւը փոխնախագահ նշանակեց իր կնոջը։ Դրանից յետոյ նա հրաման արձակեց իր վարչակազմի նախկին թիմի պաշտօնաթողութեան եւ
նորի ձեւաւորման մասին։ Եվ հենց այստեղ բաւական նուրբ իրավիճակ ստեղծուեց.
բոլորը հասկանում էին, որ այդ որոշումով Իլհամ Ալիեւը պաշտօնանկ է անում ոչ
թէ պարզապէս նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին ու նրա թիմին,
այլ՝ Հէյդար Ալիեւի խմբին։ Բայց Մեհթիեւը հրաժարուեց կամաւոր հեռանալ։
Արդիւնքում իրաւական տեսանկիւնից աբսուրդ իրավիճակ ստեղծուեց. հին թիմը
ֆորմալ առումով, թղթի վրայ վերացուած է, բայց դէ-ֆակտօ առաջուայ նման աշխատում
է։ Նորը նոյնպէս աշխատում է, բայց ոչ թէ նախագահի վարչակազմում, այլ
Հէյդար Ալիեւի հիմնադրամում։ Փաստօրէն, այդ ժամանակ 79-ամյա Ռամիզ Մեհթիեւը
ցոյց տուեց իր ուժը։
Խմբակցութիւնների միջեւ սկսեց աճել լարուածութիւնը, եւ դա`
ընտրութիւնների նախապատրաստման պայմաններում։ Նաեւ՝ յառաջիկայ ամիսներին
սպասուող լուրջ ինֆլեացիայի եւ երկրում դժգոհութիւնների աճի համատեքստում։
Պատահական չէ, որ ընտրութիւնների ժամկէտի փոփոխումից յետոյ եղան Ադրբեջանի
համար նշանային երկու յայտարարութիւններ։ Սկզբում իշխանութեան տեղական
մարմինների ղեկավարները հաւաստիացում ստացան, որ ո´չ ընտրութիւններից
առաջ, եւ ո´չ էլ յետոյ նրանցից ոչ ոք աշխատանքից չի հեռացուելու։ Բայց չէ՞ որ
դա Ռամիզ Մեհթիեւի թիմն է։ Նրանց ակնյայտօրէն հանգստացնում էին՝ ջանալով
պոկել Մեհթիեւից եւ ուղղորդել դէպի Իլհամ Ալիեւը։ Հետո ելոյթ ունեցավ ինքը՝
Իլհամ Ալիեւը, Երեւանի մասին իր յայտնի յայտարարութեամբ։ Այն մեծ արձագանգ
ստացաւ հայերի շրջանում եւ միջազգային մակարդակում։ Բայց շատ քչերը
հասկացան այդ յայտարարութեան իրական շարժառիթը։
Իրականում բոլոր խօսակցութիւնները, թէ Ադրբեջանը վաղ թէ ուշ
կը վերադարձնի Երեւանը, հասցէագրուած էին հայաստանեան ծագումով
ադրբեջանցիներին, այն նպատակով, որ նրանք Իլհամ Ալիեւին եւ իր թիմին որպէս իւրային ընդունեն։ Չէ՞ որ հենց նրանք են 90-ականների սկզբներից խօսում այդ
մասին։ Երեւանը վերադարձնելու թեման ամենեւին էլ նոր չէ ադրբեջանական
հասարակութեան համար, բայց հետաքրքիր է միայն հայաստանեան ծագումով
խմբերին։
Այնպէս որ, ընտրութիւնների ժամկէտի տեղափոխման որոշման հիմքում
միջկլանային բախումներն ու իշխանական խմբաւորումների միջեւ պայքարն է։
Ադրբեջանի ընդդիմութեանը երբեք չի յաջողուել, ինչպէս եւ այս անգամ, ոչ
հանդէս գալ միասնական թեկնածուով, ոչ էլ ընտրութիւնները միասնաբար
բոյկոտել, բայց փորձեր եղել են։ Ո՞րն է պատճառը։
Ոչ, այս անգամ ընդդիմութիւնը կարողացաւ հանդէս գալ միասնական դիրքերից
եւ որոշում կայացնել բոյկոտի մասին։ Յամենայնդէպս, առաջատար ընդդիմադիր
ուժերը՝ Ազգային Խորհուրդը պրոֆեսոր Ջամիլ Հասանլիի գլխաւորութեամբ,
Ազգային Ճակատը Ալի Քերիմլիի գլխաւորութեամբ, «Մուսաւաթ» եւ «ՌԷԱԼ»
կուսակցութիւններն այդպէս արեցին։ Ընտրություններին մասնակցելու
ցանկութիւն են յայտնել դրածոյ, իշխանութիւնների համար աշխատող
գործիչները։
Աւելին, դեռ վերջերս ընդդիմութիւնը չէր կարողանում համաձայնութեան գալ
միասնական գործողութիւնների եւ բողոքի ցոյցերի հարցում։ Իսկ հիմա դա
նրանց յաջողուեց, եւ Մարտի 10-ին անցկացուեց միասնական ցոյց ընդդեմ
ընտրութիւնների։ Ուրիշ բան, որ ցոյց ընդդիմութիւնը դեռ ի վիճակի է
անցկացնել, աւելիին ուժերը չեն բաւարարում։ Եւ դա մի քանի պատճառ ունի։ Մի
կողմից` ազդեցութիւն ունեցան իշխանութիւնների բռնաճնշումերը ԱՄՆ-ի եւ
ԵՄ-ի «գառների լռութեան» ֆոնին, ընդդիմութիւնը պրակտիկօրէն ջախջախուած է եւ
վաղուց արդէն որեւէ դեր չի խաղում քաղաքական գործընթացներում։ Միւս
կողմից` ներկայ առաջնորդները դուրս են եկել դասական Ազգային Ճակատի
շարքերից, եւ շատերը չեն հասկացել, որ ժամանակները փոխուել են, նոր
առաջնորդներ ու պայքարի նոր մեթոդներ են անհրաժեշտ։
Յամենայնդէպս, երիտասարդութիւնը որոշակիօրէն այլ կերպ է ընկալում
նախկին առաջնորդներին, բայց նաեւ իր առաջնորդներին չի առաջադրում։ Իսկ
շարքային քաղաքացիների համար այն փաստը, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդները
20 տարուց աւելի բան չեն կարողանում անել, գործօն է իշխանութեան կողմը
թեքուելու համար։ Մեր երկրում շարքային քաղաքացիները միշտ ուժեղ իշխանութեան
կողմնակից են եղել, կարեւոր չէ, թէ ում գլխաւորութեամբ։ Նրանց պէտք են
կայունութիւն եւ հանգիստ կեանքի երաշխիքներ։ Թող որ խնդիրներով, բայց,
ինչպէս ռուսներն են ասում, «միայն թէ պատերազմ չլինի»։ Սրանից չի հետեւում,
որ մեր քաղաքացիները Իլհամ Ալիեւի կողմնակիցներն են։ Հենց նրա դիրքերը մի
թեթեւ սասանուեն, այսօր սատարողները միանգամից կը սկսեն նրա դէմ հանդէս գալ եւ
նրան անիծել։
Իսկ ինչպիսի՞ն է 2018 թ. Ադրբեջանի ընտրազանգուածը։ Ի՞նչ կարեւոր խնդիրներ եւ սպասելիքներ ունի։
Ընտրազանգուած կայ այն երկրներում, որտեղ կայ քաղաքացիական հասարակութիւն
եւ ընտրութիւնների հնարաւորութիւն։ Մեզ մօտ դա չկայ։ Ուստի, կարելի է
խօսել միայն հասարակութեան սպասելիքների մասին։ Իսկ դրանք նոյնն են, ինչ
որ ողջ յետխորհրդային տարածքներում՝ որ հնարաւոր լինի լաւ ապրել, որ լինի
կայունութիւն, լուծուի ղարաբաղեան կոնֆլիկտը, սկսուի կոռուպցիայի դէմ իրական
պայքար։ Ադրբեջանական հասարակութեան մէջ վաղուց լարուած իրավիճակ է,
պայթիւնի համար կուտակուած նեգատիւ էներգիա կա։ Իսկ յետոյ
իրադարձութիւնները կը զարգանան կոնֆլիկտաբանութեան օրէնքներով։
Եթե որեւէ մէկը սպասում է Իլհամ Ալիեւի իշխանափոխութեանը
ընտրութիւնների միջոցով, ապա չարաչար սխալւում է։ Ինչպէս արդէն նշել եմ,
այս ընտրութիւնները պարզապէս պէտք է փաստարկեն Իլհամ Ալիեւի հետագայ
իշխանավարումը։ Ուրիշ բան, որ իշխանական համակարգում խիստ պայքար է մղւում։
Ադրբեջանական իրողութիւնների պայմաններում դա նշանակում է, որ
պարտուողները կը կորցնեն ոչ միայն իրենց պաշտօնները, այլեւ իրենց բիզնես
կառոյցները, միլիարդատէրերից ու միլիոնատէրերից միանգամից կը վերածուեն
շարքային քաղաքացիների։ Ամէն դէպքում, Ադրբեջանում Իլհամ Ալիեւի
իշխանութեան տապալում խաղաղ միջոցներով անհնարին է։ Եվ տայ Աստուած, որ
չկրկնուի սիրիական տարբերակը, հաշուի առնելով երկրում վերջին տարիներին
մեծապես աճած իսլամի դերը։ Յատկապէս դասական արեւմտամէտ ընդդիմութեան
գերթուլացման ֆոնին։
Ի՞նչ է ադրբեջանական սփիւռքն այսօր, 2018թ. ընտրութիւնների հետ կապուած ի՞նչ տրամադրութիւններ կան այնտեղ։
Ադրբեջանական սփիւռքը շատ տարբեր է, եւ շատ բան կախուած է բնակութեան
երկրի հանգամանքից։ Օրինակ` Ռուսաստանում եւ յետխորհրդային այլ երկրներում
մեծ մասը ծագումով Ադրբեջանի շրջաններից են, որոնց մտահոգում է գոյության
միջոցներ հայթայթելու խնդիրը։ Այլ խօսքերով՝ յետխորհրդային տարածքներում
ապրող սփիւռքը աշխատանքային միգրացիայի ներկայացուցիչներ են։ Արեւմտեան
երկրներում այլ պատկեր է։ Այստեղ մեծ մաս են կազմում ընդդիմութեան
ակտիւիստները եւ այլախոհները։ Ինչպես նաեւ՝ կրթութիւն ստացողները։
Արւեմուտքում գերակշռում են նրանք, ովքեր դժգոհ են հայրենիքում
հասարակական-քաղաքական իրավիճակից, իշխանութիւնը տգէտ ու ինքնագոհ
պրովինցիալներով բռնազաւթելուց, ինչի համար էլ նրանք հեռացել են երկրից։
Իշխանութիւնները յուսահատօրէն փորձում են ազդել եւ փոխել իրավիճակը,
սփիւռքում շատերին մշտապէս կաշառում են համատեղ ակցիաների քօղի տակ
(Խոջալու եւ այլն)։ Բայց տարեցտարի դա անելն աւելի դժուարանում է, եւ այդ
պատճառով նրանց միջոցառումներին ընդդիմադիր կեցուածքով ներկայացուցիչների
հիմնական մասը չի գնում, նրանց չեն էլ հրաւիրում։ Նրանց փոխարէն դահլիճները
լցւում են վայրագներով՝ ի դէմս թուրքերի կամ յետխորհրդային տարածքների
քաղաքացիների։ Դա յատկապէս երեւաց վերջերս` Փետրուարի վերջին Ամստերդամում
տեղի ունեցած Եւրոպայի ադրբեջանցիների կառավարամէտ կոնգրէսի VI-րդ արտահերթ
համագումարի ժամանակ, որի մասնակիցների շարքերում գերակշռում էին
Ադրբեջանից ժամանած իշխանությունների ներկայացուցիչները եւ իրենց
լրագրողները։ Հրաւիրուել էին նաեւ թուրքեր եւ այլ ոչ ադրբեջանցիներ։
Մի խոսքով, մենք ունենք ընդդիմադիր սփիւռք (Արեւմուտքում սփիւռքի
առանցքը) եւ իշխանութիւնների հետ կապուած ներկայացուցիչներ, որոնք
Ռուսաստանում եւ յետխորհրդային այլ երկրներում մեծամասնութիւն են
կազմում։ Ոմանք երազում են Ադրբեջանում իշխանափոխության մասին եւ անում են
ամէն ինչ դրա համար, միւսները աշխատում են չխանգարել։
Փոխյարաբերութիւններն այնքան վատ են, որ իշխանութիւնները խօսում են
Եւրոպայում ապրող ադրբեջանցիների «դեստրուկտիւ» եւ «թշնամական
գործունէութեան» մասին, ինչպէս նաեւ՝ որ պէտք է Ադրբեջանի իրաւապահ
մարմինները հասնեն այն բանին, որ եւրոպական իշխանութիւնները Ադրբեջանին յանձնեն առանձնապէս վառ ընդդիմախօսներին։
Ի հարկէ, նրանց ակնյայտօրէն ոգեւորել են Վրաստանի եւ Ուկրայինայի ներկայիս
իշխանութիւնները, որոնք վաղուց են երգում Բաքուի սրնգի տակ եւ յանձնում են
իրենց երկրներում բնակուող ընդդիմադիր ադրբեջանցիներին։ Միաժամանակ
իշխանութիւններն ուժեղ ճնշումների են ենթարկում ընդդիմադիրների
բարեկամներին, շատերին ձերբակալում են կամ ստիպում հրապարակայնօրէն
հրաժարուել էմիգրացիայում գտնուող իրենց «վատ» հարազատներից։
«Հետք», 12 Մարտ 2018 (http://hetq.am/arm/news/86494/)
No comments:
Post a Comment