7.2.17

Մերկացուելու վախը (մերկն ու տկլորը)

ԶԱՐՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Մերկութիւնը մարդու բնական վիճակն է, որը արուեստի սնուցման հիմնական օբիեկտն է եղել մարդկութեան պատմութեան ողջ ընթացքում։ Մարմնի ուսումնասիրութեան հետ է կապուած կերպարուեստի ու քանդակագործութեան կրթութիւնը, եւ առաջինն, ինչ սովորեցնում են գեղարուեստի կրթօջախներում, դա երկար նայել կարողանալն է մերկ մարմնին։ Դա ամբողջովին փոխում է աշխարհընկալումը՝ սեռական ցանկասիրութեան տիրոյթից մարդուն բերելով դէպի գեղագիտական ընկալումներ։ Մարմին-մշակոյթ-հասարակութիւն ընկալումների  ամբողջ տեսածիրը ձեւաւորւում է հենց մերկութեան պատկերային համակարգի միջոցով։

Արեւմտեան արուեստում մերկ մարմնի պատկերային զարգացումը սկսւում է անտիկ ժամանակաշրջանից, երբ հին յունական Կուրոսները, ապա նաև աստուածները՝ Զեւսը, Պոսէյդոնը կերտւում էին ամբողջովին մերկ՝ երբեմն նաեւ շարժման ժամանակ։ Հենց այդ մերկութիւնն է, որ նրանց տալիս էր հզօրութիւն սեփական մարմնի նկատմամբ՝ ազատօրէն տնօրինելու այդ սեփականութիւնը։ Իմ յիշողութիւններում այնքան վառ է երաժշտական ուսումնական հաստատութիւնում էսթետիկայի դասընթացից ստացած տպաւորութիւնս։ Մեր ուսուցիչը ցուցադրում էր հին յունական քանդակների պատկերները, լսարանով ամօթխած քրթմնջոց անցաւ, ու մի երերուն ձայն բացականչեց․ «տկլոր են...»։ Չէք պատկերացնի, թէ ինչ մեծ հակակրանք ապրեցի, որ արուեստի կրթօջախում նման արտայայտութիւն հնարաւոր է։ Ցաւօք, մեր մշակոյթն ու կրթութիւնը չի սովորեցրել նայել մարմնին ու չունենալ ցածրագոյն ինստինկտներին համապատասխան զգայական ռեակցիա։ Դա է քաղաքակրթութեան ու հասարակական ընկալումների փոփոխութեան տարբերութիւնը։ Մի տարածքում մարմինը գեղեցկութեան ու արուեստի, միւսում՝ ամօթի ու պարսաւանքի աղբիւր է։
Ու երբ երէկ լրատուամիջոցներով փորձում էին «վարկաբեկել» Արսինէ Խանջեանին՝ ցուցադրելով մերկ հատուած կինոնկարից, յիշեցի իմ զզուանքը, որն ապրել էի ուսանողական տարիներին։ Եւ ամենազաւեշտալին այն էր, որ Արսինէի մղումը՝ արդար ընտրութիւնների անցկացմանը նպաստելու ուղղութեամբ, հակադրւում էր մերկ մարմնի ցուցադրմանը։ Այո, այդ երկու գործողութիւնները հակադրելի են՝ որքան չքնաղ է Արսինէի մերկ մարմինը, այնքան նողկալի են ձեր ընտրական գործընթացները, որոնք ամբողջովին մերկացնում ու ցուցադրում են ձեր բուն էութիւնը։ Եւ մերկ մարմնից սարսափած վարչախմբակը ինձ ամօթխածութեան ու ծածուկ լրբութեան միջեւ մնացած մի  տգէտների հաւաքածու է յիշեցնում, որն առաջին անգամ տեսնելով Միքելանջելոյի Դաւիթի քանդակը՝ քթի տակ քրթմնջում է. «Էս տկլոր ա...»: Այո, անկաշկանդ մերկ է, իսկ դուք տկլոր էք՝ հագուստազուրկ։

«Լրագիր», 3 Փետրուար 2017

No comments:

Post a Comment