ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
1. Ճաշակին եւ գոյնին ընկեր չկայ (հայերէնում ասում ենք «ճաշակին ընկեր չկայ»),
2. Ճաշակի մասին չեն վիճում,
3. Ամէնքն ունին իրենց ճաշակը՝ մէկը սեխ է սիրում, իսկ միւսը՝ ձմերուկ։
Ահա
այդ երրորդ ասուածքը ակնարկում է, որ ճաշակ ասելով ի
նկատի ունեն ոչ թէ գեղագիտական ճաշակը, այլ՝ համի,
գոյնի հետ կապուած ընտրութիւնը։ Սակայն ինչ վերաբերում է
արուեստին, ապա այստեղ ճաշակը ընկերոջ կարիք ունի,
արուեստի գիտակի կարիք ունի եւ այդ ճաշակի մասին պէտք է
վիճել, այդ ճաշակին պէտք է հասնել, որովհետեւ նրանք,
ովքեր իրաւունք ունեն միայն սեխի եւ ձմերուկի միջեւ
ընտրութիւն անել, իրաւունք չունեն քաղաքը զարդարել
իրենց «ճաշակի» քանդակներով ու շէնքերով եւ քանդել,
ոչնչացնել հին Երեւանի շինութիւնները, որոնք ոչ միայն լոկ
շէնքեր են, այլ կազմում են բուն Երեւանի դիմագիծը։ Աւա՜ղ,
գրեթէ ոչինչ մնաց մեր Երեւանից. Երեւանը արտասւում է,
սակայն դա չի երեւում, քանզի բարբարոսները,
որոնք կանգնած են իշխանութեան ղեկին, աղճատել,
ոչնչացրել են Երեւանի դէմքը։ Ամէն առաւօտ երեւանցին
արթնանում եւ ողբերգական փաստի առաջ է կանգնում. գիշերը
պայթեցուել է Հին Երեւանի հերթական սակաւաթիւ
շէնքերից մէկը. Արամի 30 հասցէում գտնուող շէնքից
յետոյ ամրանը թիրախաւորուել էր Հայաստանի
առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ
Մանուկեանի տունը։ Փոխանակ տունը նորոգուի եւ
թանգարանի վերածուի, այն աստիճանի վթարային է
դարձել, որ մնացել է միայն տան ճակատը։ Արամ Մանուկեանի
անունով է կոչուել այդ փողոցը՝ Արամի փողոց, ճիշդ կը
լինի Արամի փողոցը վերանուանենք եւ ասենք
Բարբարոսների Առաջին փողոց-ի… Մենք ասում ենք,
մենք գրում ենք, իսկ նրանք… քանդում են ու քանդում. փողն ու
իշխանութիւնն են նրանց տուել բարբարոսական
իրաւունք։ Մենք դեռ շատ հեռու ենք իրաւական երկիր լինելուց։
Օրէնքը չի գործում։ Հայաստանի երրորդ
հանրապետութիւնում։ Ի՞նչ տարբերութիւն, թէ ով եւ
ինչ շահի համար է ոչնչացնում շինութիւնները, ուստի
տարբերութիւն չկայ Իսլամական պետութեան,
Աֆղանստանի թալիբների եւ Հայաստանի
քաղաքապետարանի միջեւ։ Մի քանի օր առաջ էլ
պայթեցուեց Հին Երեւանի արդէն Հանրապետութեան
փողոցի վրայ գտնուող առաջին տպարանի շէնքը։ Սարսափն ու
յուզմունքը զսպելով պէտք է վերանուանել Հանրապետութեան
փողոցը Բարբարոսների 2-րդ փողոց… Այս դաժան
վճիռով ես դիմում եմ Արմէն Մեհրաբեանին, որին
համարում եմ Հայաստանի ամենաառաջադէմ
ռեժիսորներից մէկը.
Ծ.Լ.-Կարո՞ղ
էք արդեօք մեկնաբանել մեր ժամանակի այս ցաւը, երբ
յանուն «գերակայ» կամ պիզնես շահի Երեւանի հոգին են
անդամահատում։
Ա.Մ.- Ասում են իբր
միջնադարեան ալքիմիկոսները ի վիճակի են
եղել մէկ գաւաթ ջուրը վերածել մէկ գաւաթ ոսկու, բայց
հարցը այն է, որ նրանք հրաժարուել են այդ գաղափարից։ Եթէ դա
նոյնիսկ առասպել է, ապա շատ աւելի խրատական եւ
բովանդակալից, քան եթէ նրանք ջուրը ոսկու վերածէին։
Ծ.Լ.-
Իւրաքանչիւր քաղաք իր բնակչի համար օդ ու ջուր է։
Ինչպէ՞ս կարելի է ամէն պայթիւնից յետոյ յայտարարել, թէ
իբր շէնքը արժէք չէր ներկայացնում։ Եթէ մարդուն
զրկես ջրից, ապա ոսկին ջրի փոխարէն այլեւս արժէք չի
ներկայացնի։
Ա.Մ.- Հին Երեւանի
կերպարանափոխումը չի կարող չազդել մարդկանց
հոգեվիճակի վրայ, մանաւանդ այն մարդկանց, որոնք ապրել եւ
արարել են այդ շինարարական եւ ճարտարապետական
միջավայրում։ Ամէն քանդուող շէնքի հետ մէկտեղ նրանք կարօտ եւ
նոյնիսկ կարօտախտ են վերապրում եւ դրանից ձերբազատուած են
միայն 20 տարի առաջ արտագաղթած հայաստանցիները, որոնք իրենց
հետ են տարել Հայաստանի, մասնաւորապէս Երեւանի
կարօտը։
Ծ.Լ.- Այդ կարօտի մէջ դեռ Երեւանը այսպէս անխնայ
քանդուած չի եղել, ուրեմն։ Երա՜նի տանք արտագաղթած
հայաստանցիներին…
«Ակօս», 4 Նոյեմբեր 2016
«Ակօս», 4 Նոյեմբեր 2016
No comments:
Post a Comment