6.11.16

Ռաբիսածին

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Գալիք Երկուշաբթի օրը, Նոյեմբերի 7-ին, տեղի կ'ունենայ մի բան, որը շատերի համար աւելի կարեւոր է, քան այն, որ Շառլ Ազնաւուրը Հոլիվուդի ճեմուղու վրայ իր անունով աստղ է ստացել: Էջմիածին քաղաքի Իսակով փողոցը կը վերանուանուի մի այլ կարգի մեծանուն հայ երգիչ՝ Արամ Ասատրեանի անունով: Որոշումն արդէն կայ, Էջմիածնի նորընտիր աւագանին իր անդրանիկ նիստում քննարկման է դրել այս հարցը, ընդունել է որոշում, որը ուժի մէջ կը մտնի երգչի մահուանից տասը տարի անց: Արամ Ասատրեանն էլ, քանի որ մահացել է 2006-ի Նոյեմբերի 7-ին, ուրեմն Էջմիածնի Իսակով փողոցը 2016-ի Նոյեմբերի 7-ին կը վերանուանուի նրա անունով: Չի բացառւում, որ արձանն էլ դնեն (առանց արձան ի՞նչ փողոց), կամ առնուազն կիսանդրին, պատուանդանին էլ մակագրեն մեծանո՜ւն երգչի` թուրքերից գողացած ստեղծագործութիւններից ինչ-որ մէկից մի քառատող, օրինակ սա՝ «Հայ եմ ես, հայ ես դու, վախ քո ցաւը տանեմ ես», կամ սա՝ «Կապոյտ-կապոյտ-կապոյտ աչերդ, սիրուն աղջիկ, ես եմ քո սէրդ...»: Մի խօսքով՝ մակագարութեան առումով ընտրութիւնը բազմազան է. Արամ Ասատրեանը բեղուն գրիչ է ունեցել, եւ ամէն օր մի երգ է գրել, օր է եղել՝ մէկի տեղը մի քանի երգ է գրել. երգ գրելուց էլ հեշտ բա՞ն... Ինչեւէ:
Անկեղծ ասած այս պատմութեան մէջ ինձ համար գոնէ կարեւորը ոչ թէ այն է, որ Էջմիածինն ունենալու է Ասատրեանի անուան փողոց, իսկ, օրինակ Հոլիվուդը՝ Ազնաւուրի անուան աստղ, այլ այն, որ փողոցը՝ Ասատրեանի անուան դարձնելը եղել է Էջմիածին քաղաքի նորընտիր աւագանու անդրանիկ նիստի ընդունած առաջին որոշումը: Այսինքն, քաղաքում էլ ուրիշ խնդիր չի եղել, էջմիածնեցիք, ինչպէս բոլորիս է յայտնի, ընտիր ապրում են, անգամ՝ ճոխ, ոչ մի բանի, մանաւանդ աշխատատեղերի, աշխատավարձի, առհասարակ՝ ապրուստի, տուն-տեղի, կամ էլ ենթադրենք՝ աղբահանութեան, քաղաքն իսկապէս հոգեւոր կենտրոն դարձնելու առումով որեւէ խնդիր չունեն, երկնքի սրբերի պէս՝ արդար եւ երկրի սրբերի պէս հարուստ միջավայրում ապրում են, իրենք էլ՝ սուրբ են եւ մնում էր միայն մեծանուն, Ասատրեանի անուան փողոց էլ ունենային եւ վերջ. կատարեալ երջանկութիւն. վախ քո ցաւը տանեմ ես, հայ ես դու, հայ եմ ես...
Լաւ, այդ աւագանու մէջ մէկը չի եղե՞լ, որ ասի, տղերք, նոյնիսկ՝ տիկնայք, այս ի՞նչ էք անում, եւ որն աւելի ցաւալի է՝ այս ինչ ենք անում: Հասկացանք, Արամ Ասատրեանը մեր քաղաքի տղայ է, երգել է, անգամ երգեր գրել է, շատերը սիրում են, շատերը՝ շատերին կարող են սիրել, բայց ախր Էջմիածինն ուրիշ քաղաք է, այնտեղ լիքը խնդիրներ կան, ընդ որում՝ հեշտ լուծելի: Սա կաթողիկոսանիստ քաղաք է, ի՞նչ Ասատրեան, այ ձեր ցաւը տանեմ ես, Սուրբ Սարգիս ես կը գնամ, երկու հատ մոմ կը վառեմ ես:
Փաստօրէն նման մի հոգի չի եղել, ու խնդիրը, կարեւորը դա է, դա աւելի մեծ խնդիր է եւ աւելի կարեւոր է, քան այն, որ Նոյեմբերի 7-ին էջմիածնեցիք եւ քաղաքի հիւրերը, այդ թւում՝ օտարերկրացի, քայլելու են ոչ թէ Իսակովի, այլՙ Արամ Ասատրեանի փողոցով:
Անուանափոխութեան հարցերը սերունդները կը լուծեն, երեւի, ճիշդ այնպէս, ինչպէս մեր սերունդը լուծում է ծովակալ Իսակովի հարցերը՝ դարձնելով Ասատրեան, այնպէս էլ յաջորդները, գուցէ, լուծեն Ասատրեանի հարցերը՝ դարձնելով փողոցը Սերեօգ Էջմիածինսկու անուան: Ի դէպ ճանաչո՞ւմ էք, ո՞նց, Արամ Ասատրեանին ճանաչում էք, Սերեօգին չէք ճանաչո՞ւմ: Նոր է վերադարձել Ռուսաստանից, այնտեղ երգել է՝ ռեստորաններում, այստեղ բեմերում է ուզում երգել, լաւ էլ երգում է, անգամ կիթառ է նուագում, հաշուի առէք, Էջմիածնում էլի փողոցնէր կան, չէ՞:
Ծիծաղում էք, բայց Բոբ Դիլանին Նոբելեան յանձնաժողովն այս տարի գրականութեան ոլորտում մրցանակ է տուելՙ «ամերիկեան գրականութեան՝ պոէզիայի մէջ նորարարութիւնների համար», եթէ ճիշդ եմ յիշում: Է, մեր Ասատրեանն էլ հայ գրականութեան՝ պոէզիայի մէջ է նորարարութիւններ արել, իր անուան փողոց էլ ունի, արձան էլ կ'ունենայ շուտով, կիսանդրի ունի, ես անձամբ տեսել եմ: Ինքն էլ չկայ, որդուն՝ Արտաշին, կարող էք յանձնել Նոբելը, հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ցաւը տանեմ ես... Ի դէպ, երբ Արտաշ Արամի Ասատրեանին ասել են, թէ ի՞նչ է մտածում, ճի՞շդ է, որ իր հօրը դրել են նոյն հարթութեան մէջ, ինչ Շառլ Ազնաւուրին, Կոմիտասին, Մոնթէին եւ էլի շատ մեծերի, մի քիչ մտածել է ու պատասխանել, որ իր գուսան հայրը, ով 700 երգի հեղինակ է, որոնցից 400-ը հիթ են, վերոյիշեալներին ոչ մի բանով չի զիջում...
Իրականումՙ հազար ողորմի Արամ Ասատրեանին էլ, Արամ Խաչատրեանին էլ,...

«Ազգ-Մշակոյթ», 4 Նոյեմբեր 2016

1 comment:

  1. Ապրի՛ս Հովիկ։ Հակառակ ցաւալի նիւթ ին ու իրողութեան՝ խելացի մօտեցումովդ կրցանք գոնէ գիչ մը խնդալ։

    ReplyDelete