6.10.16

1990-ականների սերնդի կեանքն ու կռիւը նոր ֆիլմում

ՆՈՒՆԷ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ
 
«Կեանք ու կռիւ» նոր գեղարուեստական ֆիլմը, որը էկրաններ բարձրացաւ Հայաստանի անկախութեան 25-ամեակի օրը, փորձում է վերստեղծել ու իմաստաւորել այն սերնդի դրաման ու սպասելիքները, որն անկախութեան առաջին տարիներին երիտասարդ էր, ոգեւորուած, սիրահարուած ու մի քիչ էլ շփոթուած:
Հին կեանքը` իր յստակ գծագրուած սովետահայ կայունութեամբ (լճացմամբ) աւարտուել էր, վրայ էր հասել յուսադրող ու միաժամանակ` թեւաթափ անող ապագան, որն ամէն վայրկեան ենթակայ էր փոփոխման: Եւ ի հարկէ, Արցախեան պատերազմն էր:
Համակարգի փոփոխութիւնն ու ռազմական գործողութիւնները 20-25 տարեկան երիտասարդների ամէնօրեայ կեանքն էին ու ինքնադրսեւորուելու համար մղուող կռիւը (նոյնպէս ամէնօրեայ): Նաեւ սէրը, ընկերութիւնն ու հիասթափութիւնը: Տեղի էր ունենում արժէքների շրջադարձային վերադասաւորում:
«Շարմ հոլդինգ»ի նկարահանած «Կեանք ու կռիւ» ֆիլմը զարմանալի նրբանկատ, գրագէտ ու եթէ կարելի է այսպէս ասել` արժանապատուօրէն, վերստեղծում է 1990-1993 թթ. հայաստանեան կեանքը` դիտարկուած չորս ընկերների ու նրանց երկու քոյրերի տեսանկիւնից:
Ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Մհեր Մկրտչեանը միանգամից առաջարկում է հանդիսատեսին սուզուել մի իրականութիւն, որը նախապատմութեան կարիք չունի: Այսինքն, պէտք չէ բացատրել, թէ ինչ է տեղի ունենում, երբ եւ որտեղ: Դա տրւում է միանգամից եւ մէկ փաթեթում: Հանդիսատեսը մտնում է հերոսների առօրեայ առանց բեքգրաունդային մանրամասների, եւ անհատի նկարագրերն ու դրաման դառնում են երկրի նկարագիրն ու դրաման: Դա ի հարկէ, վկայում է առաջին հերթին լաւ մշակուած սցենարի մասին:
Սովորաբար երբ հայ ռեժիսորները ֆիլմեր են ստեղծում ոչ շատ վաղ ժամանակների մասին, ստիպուած են լինում բացատրել քաղաքական, հասարակական եւ հոգեբանական վիճակը, ինչի արդիւնքում ֆիլմը խեղդւում է մանրամասների մէջ (յաճախ աւելի խճճող) ու սկսում կաղալ: Այդպէս, օրինակ, տեղի ունեցաւ Աննա Արեւշատեանի «Բարի լոյս» ֆիլմի հետ, քանի որ ռեժիսորը անընդհատ ուզում էր բացատրել ու դրանով իսկ` արդարացնել իր հերոսների քայլերը: Սցենարը լողում էր, դիալոգները` նոյնպէս:
Իսկ, օրինակ, ռեժիսոր Դաւիթ Սաֆարեանը այլ ճանապարհով գնաց. նա հրաժարուեց միջավայրի բացատրութիւնից` ընտրելով պոստֆակտում դիրքը: Նրա «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմում 1990-ականները ներկայացւում եմ արդէն ընդհանրացուած ու ամփոփուած: Այլ խօսքով ասած` ոչ թէ վերապրում ես, այլ դիտում այդ վերապրումը, եւ պատմութիւնն ինքնին դառնում է ոչ կարեւոր:
1990-ականների մասին է նաեւ Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը յիշատակուած միւս ֆիլմերից առանձնանում է: Այն պարզապէս կեղծ է: Ռեժիսորը ոչ թէ պատմութիւն է պատմում, այլ պաթետիկ բեկորներով փորձում է ստանալ մարդկային ճակատագիր, որն այդպէս էլ չի կառուցւում` յիշողութեան մէջ մնալով որպէս հռետորական ծամօն:
Իսկ «Կեանք ու կռիւ» ֆիլմը որակեալ պատմութիւն է պատմում` անկեղծ ու բազմազան մարդկային ճակատագրերով, որոնց հետեւելով էլ հանդիսատեսը բացայայտում է լուսանցքից դուրս մնացած նախապատմութիւնը` առանց յաւելեալ կադրերի ու բառերի: Ֆիլմում կոնկրէտ ժամանակի պատկերն է, կենսագրութիւն ունեցող գործող անձինք ու տրամաբանութեան ափից դուրս չեկող երկխօսութիւններ:
Մնացածը կռահւում է: Եւ սա թերեւս այս կինոպատմութեան ամենացայտուն առաւելութիւնն է:
Ֆիլմն ազատ է պաթետիկ տեքստից ու պաթետիկ դերասանական առոգանութիւնից, ինչը առատօրէն սփռւում է հայաստանեան կինոյի վերջին աշխատանքներում` ներկայացուելով որպէս հայրենասիրութիւն:
«Կեանք ու կռիւ» ֆիլմի ռեժիսորը խնդիր չի դրել ռազմա-հայրենասիրական կինօ նկարահանել, նա պարզապէս լաւ հիւսուած պատմութիւն է պատմում մի քանի երիտասարդների ու նրանց շրջապատի եռամեայ կեանքի մասին: Եւ այդ կեանքը դառնում է Հայաստանի փոքր մոդելը:
Չորս ընկերներից մէկը մեկնելու է Ամերիկա, երկրորդը տեղափոխուելու է Մոսկուա, երրորդը զոհուելու է Արցախում, չորրորդը` անցնելով երկար փորձութիւնների միջով ու յայտնուելով կեանքի ու մահուան եզրագծում, հաւանաբար մնալու է Հայաստանում:
Բոլորն էլ շատ լաւ ուրուագծուած կերպարներն են` իրենց բնաւորութիւններով, մասնագիտութիւններով, ընտանեկան միջավայրներով, դիրքորոշումների իսկութեամբ: Մէկը թեթեւ է նայում կեանքին, միւսը` ընտրում է կարիերան, երրորդը ընտանեկան տրաւմայից յետոյ ռազմի դաշտ է մեկնում ու փորձում ինքնամաքրուել, իսկ չորրորդը որոնման ճանապարհին է:
Իրականում, հէնց այդպիսին էր Հայաստանը, այդ չորս ընկերների կերպարների պէս: Չմոռանանք նաեւ աղջիկներին. ռացիոն էմոցիայից վեր դասած ու իր ընտրութեան պատասխանատուութիւնից սառած Աննան (Անի Խաչիկեան), սթրես ապրած, լսելու ու խօսելու կարողութիւնը կորցրած, բայց ապրելու հաճոյքը զգալու պատրաստ Սոֆին (Էլեն Սարգսեան), Քեմբրիջում սովորած ու որպէս բուժքոյր արցախեան ճակատամարտ մեկնած սփիւռքահայ Սալբին (Նանոր Պետրոսեան): Նրանք նոյնպէս շատ լաւ տեղաւորւում են կինոպատմական Հայաստանի ձեւաչափում:
Սա այն ֆիլմերից է, որի սիւժէն պատմելու կարիք չկայ, քանի որ սիւժէն ֆիլմի շարժիչ ուժն է, ու հնարաւոր սփոյլէրներից խուսափելու ու դիտման թարմութիւնը չփչացնելու համար կարելի է պատումի ճիւղաւորումները բաց թողնել:
Ֆիլմի ժանրը մելոդրամա է (ընդ որում` ամենակենսունակ ու ճիշտ կառուցման դէպքում` ամենաազդեցիկ ժանրը), առանցքում են այնպիսի բազային հասկացութիւններ, ինչպիսին են ընկերութիւնը, սէրը, դաւաճանութիւնը, խանդը, իսկ աւելի ընդհանրացնող բաների մասին (ասենք, մարդու ոտնատեղն այս ցնցուող մոլորակի վրայ) բարձրաձայն չի ասւում, դա թողնուած է հերոսների ճակատագրերին հետեւող, կարեկցող ու յուզուող հանդիսատեսին:
Դրան մեծապէս օգնում է ֆիլմի լեզուն: Այն առաւել ընկալելի ու բնական է, հաւասարապէս ազատագրուած գռեհիկ խօսակցական երանգներից եւ գրական չափազանցուած օսլայումից: Եւ նկատւում է, որ եթէ կադրում պէտք է բարբառով խօսուի, դա արւում է առաւել ազնիւ` լեզուի կրողների միջոցով:
Ի վերջոյ, եթէ ստում ես դէտալներում, կասկածի տակ ես դնում նաեւ ամբողջականը: «Կեանք եւ կռիւ» ֆիլմում փնթի ու ակնյայտ սուտ չկայ:
Ընդհանրապէս, դիտման ժամանակ պարբերաբար մտածում ես` ինչ լաւ է, որ այս դրուագը չուռճացուեց աւելորդ յուզականութեամբ, կամ էլ` փառք Աստծոյ, կարողացան չգայթակղուել ու մահուան լուրը իմացող հերոսների խոշոր պլանները չշահագործել: Եւ ամենակարեւորը` թոյլ չտուեցին, որ տեքստերն իրենց իմաստային ծաղրը դառնան` համալրուելով շինծու դադարներով ու վեհ շեշտադրումներով:
Ֆիլմի պրոդիւսերներ Ռուբեն Ջաղինեանը, Կարեն Ղազարեանը, ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Մհեր Մկրտչեանն, իրականում շատ մեծ գործ են արել: Կարելի է ենթադրել, որ ամենաբարդը եղել է քասթինգը: Ինչպէս ասում են` իմանալ ճանապարհն ու կարողանալ այն անցնել, տարբեր բաներ են:
«Կեանք ու կռիւ» ֆիլմը հայաստանեան կինոարտադրութեան ամենայաջողուած աշխատանքներից է այն բանի շնորհիւ, որ յստակեցուած է նրա ժանրը եւ ընտրուած են այդ ժանրի կինոպատմութիւն խաղալու ունակ դերասաններ:
Դերասաններից շատերը նորայայտ են եւ «չփոշոտուած»` Սամուէլ Թադեւոսեան, Հայկ Մարգարեան, Հայկ Պետրոսեան եւ այլոք: Երեւի հիմա իրօք այն իրավիճակն է, երբ ասմունքին սովոր դերասանները պարզապէս չեն կարող բնական ապրել կադրում, եւ հարկաւոր է գտնել նրանց, որոնց վրայ դեռ չի հասցրել նստել բուհական պաթետիկ մեթոդիկայի կամ սերիալներին յատուկ ֆրագմենտացուած մօտեցման փոշին (առնուազն, ոչ հաստ շերտով):
Իսկ այն դերասանները,  որոնք ծանօթ են թատրոնից ու կինոյից, իրենց մասնագիտութեանը խորապէս տիրապետողներ են: Ամուր ու ենթազգացմունքներով օժտուած պերսոնաժներ են ստեղծել Դաւիթ Յակոբեանը (թոշակի անցած դատախազի ու վարանող թոռնիկին կեանքի խիստ խրատներ տուող պապի դերում) ու Գրիգորի Յովակիմեանը (ռազմի դաշտում յայտնուած յուզառատ գիւմրեցի գիտակի դերում):
Այդ երկու դերասաններն էլ կրում են ամենալաւ դերասանական դպրոցի` Մալեանի անուան թատրոն-ստուդիայի ունիվերսալ ու ճկուն դերասանների դրոշմը: Նոյն թատրոնի կազմում է նաեւ Սամուէլ Թօփալեանը, շատ վառ էներգետիկայով դերասան, որի դերը «Կեանք եւ կռիւ» ֆիլմում դժուար հաւասարակշռելի է. մի քայլ աջ կամ մի քայլ ձախ, ընկնում ես սենթիմենտալութեան անդունդը:
Անսպասելի բրուտալ հրամանատարի դերում է Վարդան Պետրոսեանը, ում համար սա առաջին աշխատանքն է բանտարկութիւնից ազատուելուց յետոյ:
Ընդհանրապէս, կան կերպարներ, որոնք ճանաչելի ու ընդունելի են բոլոր ժամանակներում: Ֆիլմի կերպարներից շատերը ընկալելի են թէ՛ 1990-ականներին, թէ՛ այսօր:
Ֆիլմի որոշ դրուագներ բեմականացուած են այնպէս, որպէսզի ապահովեն ինտրիգն ու էքշընը (ասենք, պատանդների ազատման ու պաշարման տեսարանում), եւ անգամ այդ դրուագի չափազանցումները խանգարող չեն, քանի որ պահպանուած է ճիշտ կառուցուածքը: Կայ դաւաճան, բայց նա հիմնաւորում ունի: Եւ այդ հիմնաւորւմը կեղծ չէ, մանկութիւնից է ձգւում:
Շատ աւելի արժէքաւոր են այն դրուագները, որտեղ երիտասարդները, յատկապէս գլխաւոր հերոսը` լեզուներ ուսումնասիրող, գիւղում ուսուցիչ աշխատող ու ինքն իրեն վերագտնելու նպատակով կամաւոր ռազմաճակատում կռուող Տիգրանը (Սամուէլ Թադեւոսեան) փորձում են մտովի հարցնել իրենք իրենց` կա՞նք, թէ՞ չկանք...
Եւ ի՞նչ անենք, որպէսզի մեզ պէտքական զգանք: Պէտքական թե՛ այս արիւնալի ժամանակներում, թե՛ խաղաղ կեանքի պայմաններում:
Սա այն հարցն է, որի պատասխանին սպասելով արդէն մի նոր սերունդ է հասակ առել անկախ Հայաստանում: Այդ ցաւոտ հարը այսօրուայ 20-ամեայ երիտասարդները ժառանգել են իրենց ծնողներից: Հա՛րցն են ժառանգել, ոչ թէ պատասխանը:
Անպատասխան այդ հարցերը իրականում շատ են խանգարում կեանքը կառուցելուն ու ըմբոշխնելուն, թէկուզ միայն այն պատճառով, որ ամէն վայրկեան դրդում են կռուել:
Հետաքրքիր է, որ «Կեանք եւ կռիւ» ֆիիլմը այդ մասին էլ է ակնարկում: Մի գուցէ ոչ միտումնաւոր, բայց ֆիլմը լիցքաւորում է ոչ միայն մելոդրամատիկ գրագէտ պատմութեան շնորհիւ, այլեւ իր արդիականութեամբ: Ի վերջոյ, որոնող ու ազնիւ կերպարները առաջինն են իրենց վրայ ընդունում հարց ձեւակերպելու հարուածը: Երբեմն նոյնիսկ կեանքի գնով:
«Կեանք ու կռիւ» ֆիլմի բիւջէն կազմել է 150 մլն դրամ, գումարի մեծ մասը ներդրել է ֆիլմարտադրող «Շարմ հոլդինգ»ը, ֆինանսական աջակցութիւն են ցուցաբերել տարբեր մասնաւոր խոշոր ընկերութիւններ: Որպէս խորհրդատու հանդէս է եկել ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնը, որը մարտական տեսարանների նկարահանման համար տրամադրել է համազգեստ եւ զինտեխնիկա: Ֆիլմի բեմադրող օպերատորը Վահագն Տէր-Յակոբեանն է, կոմպոզիտորը` Արմէն Մարտիրոսեանը, սաունդթրեքի հեղինակը` Արթուր Գրիգորեանը:
Ֆիլմն աւարտւում է Շուշիի ազատագրումով: Յաղթանակի վաւերագրական կադրեր են, իսկ ծանր վիրաւոր գլխաւոր հերոսը փակում է աչքերը: Երիտասարդութիւնը աւարտւում է, իսկ կեանքը ... դեռ անյայտ է:
«Շարմ հոլդինգ»ը նախատեսում է նկարահանել ֆիլմի շարունակութիւնը: Նոյն հերոսներին կը հանդիպենք  25 տարուայ հեռաւորութիւնից, արդէն մեր օրերում: Դժուար է ասել, թէ ինչի նման կը լինի յաջորդ ֆիլմը (երկրորդը միշտ աւելի դժուար է, քան առաջինը):
«Կեանք ու կռիւ» ֆիլմը ինքնին արդէն ամբողջական մի պատմութիւն է, որը կարելի է շարունակել, բայց կարելի է եւ չշարունակել: 

«Հետք», 4 Հոկտեմբեր 2016 (http://hetq.am/arm/news/71390/1990-akanneri-serndi-kyanqn-u-krivy-nor-filmum.html/)

No comments:

Post a Comment