ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
2014 թ. օգոստոսի 24-ին իր մահկանացուն կնքեց յայտնի պատմաբան, գիտութիւնների դոկտոր Էմմա Կոստանդեանը: Աշխատանքային կենսագրութիւնն սկսելով ՀՀ ԳԱԱ. պատմութեան ինստիտուտում` նա ողջ կեանքում հաւատարիմ մնաց իր կոլեկտիւին` այդ ընթացքում լաբորանտից դառնալով գլխաւոր մասնագէտ, գիտութիւնների դոկտոր ու Նոր պատմութեան բաժնի վարիչ: Երջանկայիշատակ Էմմա Աշոտի Կոստանդեանը (1934-2014) այն սակաւաթիւ պատմաբաններից էր, ում գիտական ժառանգութեան գերակշռող մասը նուիրուած է Հայ Եկեղեցու ու դրա երախտաւորների գործունէութեան պատմութեան ուսումնասիրութեանը: 1958 թուականից Է. Կոստանդեանն սկսեց ակօսել հայոց պատմութեան անդաստանը եւ ուսումնասիրել պետականութեան բացակայութեան պայմաններում Հայ Եկեղեցու ծաւալած հայրենանուէր գործունէութեան պատմութիւնը: Իսկ հայ հոգեւոր գործիչների կեանքի եւ գործունէութեան ուսումնասիրութեան հետ կապուած, հայոց պատմութեան ցանկացած դրուագ արդիական է, յատկապէս՝ Հայ Առաքելական Եկեղեցու առանցքային հիմնախնդիրների լուսաբանման, հոգեւորականութեանՙ հայ-ազգային ազատագրական պայքարում եւ ազգային մշակոյթի արժէքային համակարգում ունեցած դերակատարութեան գնահատման եւ արժեւորման տեսանկիւնից:
Այդ ետնախորքի վրայ ներկայացնելով եկեղեցական մեծագոյն գործիչների (Գարեգին Սրուանձտեանը, Մկրտիչ Խրիմեան)` Է. Կոստանդեանը կարեւորել է նրանց գործունէութիւնը, որոնց նուիրուած մենագրութիւնները մեծ ընդունելութեան են արժանացել մասնագէտների եւ ընթերցողների շրջանում` ապահովելով հեղինակի համար մեծ ճանաչում: Հայ Եկեղեցին եւս բարձր գնահատել Է. Կոստանդեանի գիտական ներդրումը եւ 2012 թ. նրան պարգեւատրել իր բարձրագոյն «Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւ» շքանշանով:
Տողերիս հեղինակը բախտ է ունեցել շուրջ քառորդ դար աշխատել Է. Կոստանդեանի հետ ՀՀ ԳԱԱ. պատմութեան ինստիտուտի նոր դարերի պատմութեան բաժնում, յաճախակի զրուցել նրա հետ տարբեր թեմաների շուրջ, կիսել մտահոգութիւնները: Կարող եմ հաւաստել, որ կեանքի վերջին տարիներին նրա ուշադրութիւնն ամբողջովին կենտրոնացած էր Հայ Եկեղեցու մեծ երախտաւոր Մաղաքիայ արք. Օրմանեանի (1841-1918) վրայ: Մեր իւրաքանչիւր զրոյց սկսւում եւ աւարտւում էր այդ գործչի մասին դատողութիւններով, նրա գործունէութեան նորանոր կողմերի բացայայտումներով: Անհրաժեշտ եմ համարում նաեւ նշել, որ կեանքի վերջին տարում, երբ Է. Կոստանդեանի առողջական վիճակը օրէցօր վատանում էր, նա խօսում էր միայն Օրմանեանի մասին: Մի օր էլ, երբ արդէն շատ տկար էր, երազ պատմեց, որ Օրմանեանն այցելել է իրեն եւ զայրացած, բայց եւ գորովանքով ասել` մինչեւ իր մասին մենագրութիւնը չաւարտի` իրաւունք չունի հրաժեշտ տալու երկրային կեանքին: Չգիտեմ երազ էր դա, ցանկութիւն, թէ՞ պատրանք, բայց վստահ եմ, որ նա իսկապէս ապրում էր այդ գաղափարն իրականացնելու տենչով, բայց ափսոս աւելի վաղ հանգեց...
Երկու մասից բաղկացած «Դրուագներ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի կեանքից եւ գործունէութիւնից» աշխատութիւնը ընդգրկում է հանդէսներում տպագրուած հեղինակի գիտական յօդուածներն ու անտիպ նիւթերը (Կոստանդեան Է., Դրուագներ Մաղաքիայ արքեպիսկոպոս Օրմանեանի կեանքից եւ գործունէութիւնից, Ե., 2015): Կենդանութեան ժամանակ Է. Կոստանդեանը հասցրեց միայն մի քանի յօդուած հրապարակել Օրմանեանի մասին: Այդ յօդուածների, թողած ձեռագիր շարադրանքի ու այլ օժանդակ նիւթերի հիման վրայ պատմութեան ինստիտուտի Նոր պատմութեան բաժնի գործուն օժանդակութեամբ եւ մեծ աշխատասիրութեամբ ամբողջական մենագրութեան տեսքով հրատարակութիւնը նախապատրաստեց նոյն բաժնի աշխատակցուհի Մարինա Յարութիւնեանը:
Փորձառու ուսումնասիրող Է. Կոստանդեանը սոյն աշխատութիւնում արխիւային վաւերագրերի, տպագիր սկզբնաղբիւրների, մամուլում սփռուած նիւթերի, յուշագրութիւնների եւ գիտական ուսումնասիրութիւնների հենքի վրայ ներկայացրել է ազգային անխոնջ գործիչ, աստուածաբան, հայագէտ, պատմաբան, բանասէր, հրապարակախօս Մ. Օրմանեանի հասարակական-քաղաքական, հոգեւոր եւ գիտական գործունէութեան մի շարք հիմնահարցեր:
Աշխատութեան առաջին մասում հեղինակն ընդհանուր գծերով ներկայացրել է Մ. Օրմանեանի կենսագրութիւնը, շեշտել նրա ապրած ժամանակաշրջանում հազուադէպ հանդիպող կարեւոր մի հանգամանք` Մ. Օրմանեանի ստացած փայլուն կրթութիւնն ու նրա իմաստասիրութեան, աստուածաբանութեան, եկեղեցական իրաւագիտութեան մագիստրոսի կոչումները: Աւելի հանգամանօրէն շարադրել է նրա հակակաթոլիկական թէզերը, ներկայացրել մղած պայքարը հայութեանը կաթոլիկութեան մէջ ձուլելու պապականութեան նկրտումների դէմ, պատճառաբանել դրանց իմացութեան կարեւորութիւնը հայ ժողովրդի համար: Ըստ հեղինակի համոզմունքների` հակակաթոլիկական պայքարից յետոյ, Օրմանեանի յաջորդ ազգանուէր գործունէութիւնը յանգել է Օսմանեան կայսրութեան մի շարք հայաբնակ վայրերում ազգասիրական թեմաներով կարդացած բանախօսութիւնների ընթերցմանը: Ի դէպ, նա առանձնացնում է 1879 թ. Սկիւտարում, Սամաթիայում եւ Օրթագիւղում` «Հայուն անցեալն ու ներկան ու ապագան», «Հայութեան հոգին», «Հայ երիտասարդութիւն», «Հայ ազգութիւն», «Կարօտ ենք» եւ այլ թեմաներով նրա կարդացած դասախօսութիւնները:
Է. Կոստանդեանն առանձնայատուկ քնքշութեամբ վերլուծել է Մ. Օրմանեանի հայրենասիրական շնչով տոգորուած բանաստեղծութիւնները: Քննարկել ու լուսաբանել է նրա պատմագիտական հայեացքները, արժանի գնահատականներ տուել Մեսրոպ Մաշտոցին եւ գրերի գիւտի դարակազմիկ իրողութեանը:
Սկզբունքային եւ անաչառ դիրքերից Է. Կոստանդեանն առանձին ենթահարցերի տեսքով ներկայացրել է Կարինում հոգեւոր առաջնորդ եղած ժամանակ Մ. Օրմանեանի` Թորթումի, Կիսկիմի, Սպերի եւ արեւմտահայկական այլ գաւառներում ծաւալած ազգանուէր գործունէութիւնը: Առանձին ենթաբաժնով ներկայացրել է Մ. Օրմանեանի ակտիւ մասնակցութիւնը «Պաշտպան հայրենեաց» գաղտնի կազմակերպութեան գործունէութեանը, իսկ դրա բացայայտումից յետոյ գործադրած եռանդուն ջանքերն այդ կազմակերպութեան ձերբակալուած անդամներին ազատ արձակելու, ինչպէս նաեւ հայապահպանութեան ու հայութեանը կրթելու եւ ազատաբաղձ ձգտումներ ներարկելու գործում:
Հեղինակը մանրամասնօրէն ներկայացրել է Մ. Օրմանեանի Էջմիածնում ծաւալած գործունէութիւնը: 1886 թ. Յունիսի 8-ին Գարեգին Սրուանձտեանցի հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նա Մակար Ա. Թեղուտցի կաթողիկոսի կողմից օծուելով եպիսկոպոս` նշանակուել է Գէորգեան ճեմարանում աստուածաբանութեան դասախօս: Է. Կոստանդեանը նշում է, որ Մ. Օրմանեանը ճեմարանում դասաւանդել է մէկ ուսումնական տարի, սակայն իր մեծ գիտական աւանդն է ներդրել ճեմարանի սաների ուսումնադաստիարակչական գործում, գործուն մասնակցութիւն ունեցել նոր ուսումնական ձեռնարկների ստեղծման աշխատանքներին: Սակայն Մ. Օրմանեանի ակտիւ եւ խելացի պահուածքից անհանգստացած ցարական իշխանութիւնները նրան արտաքսել են Էջմիածնից:
Աշխատութեան յաջորդ բաժնում ներկայացուած է Մ. Օրմանեանի ծաւալած գործունէութիւնը Արմաշի դպրեվանքում: Այստեղ որպէս փոխվանահայր պաշտօնավարած վեց տարիների ընթացքում իրականացել են նրա վաղեմի երազանքները. այն, ինչ նա փորձել էր ստեղծել Էջմիածնում, յաջողուել է իրականացնել Արմաշում: Է. Կոստանդեանը յատկապէս առանձնացրել է Էջմիածնի Գեւորգեան ճեմարանում եւ Արմաշի դպրեվանքում ծաւալած նրա ազգանպաստ գործունէութիւնն ու կարեւոր դերակատարութիւնը ուսումնական գործառոյթների իրականացման խնդրում: Ընդգծել է նրա աննկուն կեցուածքը, սկզբունքային մօտեցումներն ու սրտացաւ վերաբերմունքը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակութեան կարեւորագոյն խնդիրների վերաբերեալ:
Առանձնակի սրտացաւութեամբ եւ նիւթի խորիմացութեամբ է հեղինակը ներկայացրել Մ. Օրմանեանի կեանքի զարդապսակը կազմող պատրիարքութեան ժամանակաշրջանը: Չմոռանանք շեշտել, որ պատրիարքական ընտրութեանը նախորդել էին մեր ժողովրդի համար դժնդակ օրերը, աբդուլհամիդեան ճնշումների դէմ բարձրացել էր ազգային-ազատագրական շարժումների ալիքը, 1894 թ. Սասունի ինքնապաշտպանական մարտերին, 1896 թ. Վանի ինքնապաշտպանութեանը հետեւել էին արեւմտահայութեան զանգուածային կոտորածները:
Է. Կոստանդեանը գրում է, որ Աբդուլ Համիդ II-ը տեղեակ էր 1880-ական թուականներին Մ. Օրմանեանի ազգասիրական գործունէութեանը, որին դէմ էր արտայայտուել ասելով. «Թող իւր ազգը սիրէ, բայց իրեն դէմ սուր չքաշէ»: Բարձր գնահատելով պատրիարք Օրմանեանի հայանպաստ ջանքերը Է. Կոստանդեանն արձանագրում է, որ նրա գործունէութեան արդիւնքում շուրջ 1200 բանտարկեալներ եւ մահուան դատապարտուածներ ընդհանուր ներում են ստացել: Իսկ յետոյ նա արել է ամէն հնարաւորը, որպէսզի չկրկնուեն 1894-1896 թթ. կոտորածները: Հեղինակը շեշտում է, որ Աբդուլ Համիդի հակահայկական գործողութիւնները կանխելու համար Մ. Օրմանեանի դիւանագիտական ջանքերը վկայում են նրա հեռատեսութեան մասին: Ներկայացնելով նրան` իբրեւ հոգեբան-փիլիսոփայի, հեղինակն ընդգծում է, թէ ինչպիսի հմտութեամբ է նա բնութագրել Համիդի վարչական ընդունակութիւնների դրական եւ բացասական կողմերը: Վերջինս գահ էր բարձրացել Աբդուլ-ազիզի եւ Մուրադի սպանութիւնների արդիւնքում, եւ ըստ այդմ դարձել խիստ կասկածամիտ, ի դէմս ամէնքի տեսել իր դէմ դաւադրութիւն լարողների:
Շարունակելով ներկայացնել Աբդուլ Համիդի էութիւնը` Է. Կոստանդեանը նշում է, թէ ինչպէս էր նա սարսափում հայերից, իսկ Մ. Օրմանեանի` նրան հանդարտեցնելու փորձերը չէին փոխում իրավիճակը: Սուլթանը կասկածներ էր տածում նաեւ պատրիարքի նկատմամբ եւ աշխատում սիրաշահել նրան: Միաժամանակ Աբդուլ Համիդը շարունակում է իր հակահայկական գործողութիւնները: Հեղինակը նշում է, որ հաշուի չառնելով սուլթանի` պատրիարքի համակրանքը շահելուն միտուած քայլերը,
Մ. Օրմանեանը երբեք չի դադարել գանգատի եւ բողոքի ձայնը բարձրացնել կեղեքիչների վարած հակահայկական քաղաքականութեան դէմ: Դրա վառ ապացոյցներն են պատրիարքի մի քանի հրաժարականները, որոնք աշխատութիւնում մանրակրկտօրէն ուսումնասիրուած են:
Բարձրակարգ գիտականութեամբ ու սպառիչ ներկայացուած են Մ. Օրմանեանի պայքարը ցարական կառավարութեան` 1903 թ. Յունիսի 12-ի Հայոց Եկեղեցու ունեցուածքը բռնագրաւելու օրէնքի դէմ, ինչպէս նաեւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Աղթամարի կաթողիկոսական տեղապահի եւ Երուսաղէմի պատրիարքութեան հետ նրա ունեցած բարդ ու դժուարին յարաբերութիւնները: Հեղինակը բարձր է գնահատել 1896-1908 թթ. Օրմանեան պատրիարքի ձեռնարկած մի շարք բարեգործական ծրագրերը` յատկապէս 1894-1896 թթ. հայկական կոտորածներից մազապուրծ հայ գաղթականների օժանդակման խնդրում:
Մ. Օրմանեանի պատրիարքութեան տարիներն աւարտուել են 1908 թ. երիտթուրքական յեղափոխութեամբ: Հեղինակը գրում է, որ 1908 թ. Յուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպուած բազմամարդ ցոյցի մասնակիցները ներխուժել են պատրիարքարան եւ Մ. Օրմանեանին յայտարարել պաշտօնանկ ու դատի ենթակայ ամբաստանեալ: Պատրիարքի դատապաշտպանի դերը ստանձնել է Զօհրապը, ով փաստարկուած ժխտել է նրա` Աբդուլ Համիդին ստրկամիտ ծառայելու հանգամանքը: Գ. Զօհրապը բարձր մակարդակով է պաշտպանել նրա իրաւունքները, ինչի արդիւնքում 1913 թ. Օրմանեանն արդարացուել է:
Աշխատութիւնն աւարտւում է Մ. Օրմանեանի վերջին օրերի մասին շարադրանքով: Երուսաղէմում էր նա, երբ սկսուել է Առաջին Աշխարհամարտը, որի ընթացքում է տեղի ունեցել հայ ժողովրդի ամենամեծ ողբերգութիւնը` Մեծ Եղեռնը: Պատրիարքութեան հոգեւորականների հետ Դամասկոս աքսորուած Մ. Օրմանեանն այնտեղ աւարտին է հասցրել իր «Խոհք եւ խօսք» արժէքաւոր աշխատութիւնը: Նոյեմբերի 19-ին, 78 տարեկան հասակում նա կնքել է մահկանացուն: Աւարտելով նշենք, որ սոյն աշխատութիւնը թէեւ անաւարտ, սակայն տարողունակ եւ բովանդակալից գիտական խօսք է նուիրուած Մ. Օրմանեանի յիշատակին եւ մէկ անգամ եւս վկայում Է. Կոստանդեան գիտնականի իրական կոչումի մասին:
No comments:
Post a Comment