20.9.16

Մարած տաճարի լոյսը

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
Աւելի քան երեսունհինգ տարի լիբանանաբնակ կինոբեմադրիչ եւ արտադրիչ Նիկոլ Պեզճեանը խաղարկային եւ վաւերագրական աշխատանքներով կինոէկրանին է փոխադրում հայ Սփիւռքի զանազան երեսակները: 1980-ականներին ԱՄՆ-ում նա ստեղծեց «Մոխրագոյն ձիու ժամը» եւ «Սիսեռ» գեղարուեստական շարժանկարները, որոնք արտայայտում են Նոր Աշխարհում ինքնահաստատուել փորձող մերձաւորարեւելցի հայ գաղթական երիտասարդների ձգտումները, իսկ նրա «Վարդագոյն փիղը» կարելի է համարել Սփիւռքի առաջին հայալեզու արթհաուզ կինոնկարը: Վերադառնալով Մերձաւոր Արեւելք՝ Պեզճեանը ստեղծեց հայ մշակոյթի տարբեր կողմերն արտացոլող «Ծիրանով լի ճանապարհը», «Աւիւն», «Միւռոն» բանաստեղծական շնչով ֆիլմերը: Նա նաեւ ցաւոտ խնդիրներ բարձրաձայնող արուեստագէտ է, որը «Շնորհակալութիւն, տիկնայք եւ պարոնայք» փաստագրութեամբ ամենայն «անողոքութեամբ» վաւերագրեց Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների պայքարն ու դիմադրութիւնը, իսկ «Այս օրուանից յետոյ» ֆիլմով հմտօրէն բացայայտեց հայոց անցեալի անծանօթ էջերից մէկը՝ հայ երեխաներին թուրքացնելու նպատակով Անթուրայի (Լիբանան) որբանոցում առկայ գործունէութիւնը: Ուստի եւ անակնկալ չէր «Տաճար լուսոյ» ֆիլմում շարժանկարչի կինոանդրադարձը նաեւ հայութեան վերջին տասնամեակի ցաւոտ խնդիրներից մէկին՝ Մելգոնեան Կրթական Հաստատութեան հեռաւոր ու ոչ վաղ անցեալին եւ (աւաղ) գոյութիւն չունեցող ներկային:
Կիպրոսի «կուրծքին թառած» այդ փոքրիկ Հայաստանըՙ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը (այո, ո՛չ դպրոցը), որ հայաստանցիներիս ծանօթ էր Կարպիս Սուրէնեանի եւ Գրիգոր Քեշիշեանի գրութիւններից, քսաներորդ հարիւրամեակում Եւրոպայի քարտէզի վրայ հայկական մի խոշոր ներկայութիւն էր, որտեղ տասնամեակներ շարունակ մինչեւ 40 երկրից եկած հազարաւոր աշակերտներ են ուսանել՝ հետագայում վերադառնալով իրենց երկրներն աւելի «հայացած» ու «մարդացած» եւ տարածել Մելգոնեանի լոյսը: Նրա հիմնադիր բարերարներըՙ հայերէնին չտիրապետող, սակայն հազուագիւտ հայրենասէրներ Գրիգոր եւ Կարապետ Մելգոնեան եղբայրները, որոնք մեծ կարողութիւն էին դիզել ծխախոտի արդիւնաբերութեամբ, յստակ տեսլական են ունեցելՙ Սփիւռքի մնացորդացի համար կեանքի կոչել մի կրթօջախ, որը կը լինէր ցեղասպանութեան ազնուագոյն վրէժը թշնամուց: 1926-ին բացուած Մելգոնեան հաստատութիւնը նախ եղել է որբանոց, որը տարիներ անց վերաճել է երկրորդական վարժարանի, բայց, ցաւօք, այսօր ինքն է որբացել՝ կիսելով Եւրոպայի միւս հայկական մեծ կրթօջախի՝ Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանի ճակատագիրը: Ժամանակին թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում շատ թեր եւ դէմ կարծիքներ հնչեցին Մելգոնեանի փակման վերաբերեալ: Կինոնկարում, սակայն, գրեթէ չի հնչում որեւէ գնահատական կատարուածի հանդէպ, փոխարէնը խօսում են կադրերը. միայն մի տեղ միտք է յայտնւում, որ մելգոնեանցիների մօտ չի մարել յոյսը, թէ մի օր կրկին այն կը վերաբացուի ու կը շարունակի լուսոյ տաճարի իր առաքելութիւնը: Իսկ կա՞ն հիմքեր այդ յոյսի համար. կինոնկարն այդ մասին չի խօսում: Բայց մի բան պարզ է. մօտ ութսուն տարի գոյատեւած, Երկրորդ Աշխարհամարտը եւ 1974-ի Կիպրոսի թուրքական ներխուժումն ապրած, 1980-ականների տնտեսական տագնապին դիմացած այդ մեծ կրթօջախի փակումը «վերեւներ»ի որոշմամբ 21-րդ դարում, 2005 թուականին, եւս մէկ նահանջ ու պարտութիւն էր հայ Սփիւռքի պատմութեան մէջ:
«Տաճար լուսոյ» վաւերագրական կինոնկարը, որ կեանքի է կոչուել Մելգոնեան Կրթական Հաստատութեան Լիբանանի Սանուց Միութեան ջանքերով («Think Positive Films» եւ «We Are Here Films» ստուդիաների հետ համատեղ) յարգանքի տուրք է Սփիւռքի ամէնից կարկառուն կրթօջախներից մէկին, նրա պատմութեանը, շրջանաւարտներին, որոնց տարբեր սերունդներն էլ ֆիլմի մասնակիցներն ու խօսնակներն են: Այս «հերոսներն» էլ մեծագոյն երախտագիտութեամբ, կարօտով ու երանութեամբ են յիշում անցած-գնացած ժամանակները, երբ իրենք բառի բուն իմաստով կրթւում էին իրենց «եզակի, երազային, անփոխարինելի» Մելգոնեանում, ապրում հանրային կեանքով, փոխօգնութեան մթնոլորտում, քոյր ու եղբօր պէս վայելում էին խիստ օրինակելի ընկերութիւն, որպիսին հազուագիւտ է այժմ: Նրանց խօսքից վերականգնւում է անհետացած մի ողջ միկրոաշխարհՙ իր դէմքերով ու դէպքերով, յոյզերով ու յոյսերով, ծաւալած աշխոյժ գրական, երաժշտական, նկարչական, թատերական, մարզական, սկաուտական գործունէութեամբ... Շարժանկարում հնչող սփիւռքահայ տարբեր մտաւորականների (կիպրահայ պատմաբան Ագապի Նասիպեան-Էքմեքճեան, լիբանանահայ բանասէր, մանկավարժ Արմէն Իւրնեշլեան, կիպրահայ կրթական մշակ եւ նկարիչ Վարդան Թաշճեան, պոլսահայ գրքավաճառ Բիւզանդ Ագպաշ եւ այլք) գնահատական եւ յուզական խօսքերն ամբողջացնում են ներկայացուած նիւթը տարբեր մակարդակներում:
Չտրուելով ինքնատիպ կինոնկար ստեղծելու ջանքերին եւ նկարահանելով աւանդական փաստագրութեան կինոձեռագրով (հին եւ նոր կինոնիւթի զուգադրում լուսանկարներին եւ «խօսող գլուխներին»՝ համապատասխան երաժշտական ձեւաւորմամբ)՝ Պեզճեանին, այնուամենայնիւ, յաջողւում է երբեմն ասելիքի հանդէպ ցուցաբերել հեղինակային մօտեցում եւ դրսեւորել ռեժիսորական աշխատանք: Խօսքը ոչ միայն վերջին ժամանակներս փաստագրական կինոյում աւելի ու աւելի տարածում գտնող խաղարկային կադրերի ներմուծման մասին է (տուեալ պարագայում՝ շատ քիչ, չափի զգացումով), այլեւ կատարուած իրողութեան հանդէպ տրամադրութեան եւ բեմադրիչի գնահատականի անուղղակի, ոչ խօսքային փոխանցման: Այսպէս, անհասկանալի պատճառներով փակուած հայապահպան այդ կրթօջախի լքուած դասասենեակների, փոշոտուող գոյքի, հին գրքերի ու մամուլի, վրան դեռեւս գրութիւններ կրող գրատախտակների, հայատառ ցուցանակներ եւ արձանագրութիւններ ունեցող հաստատութեան շէնքի այլեւայլ հատուածների տխուր ու ճնշիչ պատկերների ֆոնին ասես որպէս հեգնանք եւ ծաղր հնչում են հայոց լեզուին ձօնուած հայրենասիրական բանաստեղծութիւնների արտասանութիւններ: Եւ կամ, մեր օրերում հաստատութեան մուտքի առջեւ տարբեր երկրներից եկած շրջանաւարտները, իրենց աշակերտութեան տարիների պէս, նոյն պատանեկան աւիւնով կատարում են Մելգոնեան Կրթական Հաստատութեան օրհներգը, որից յետոյ պատկերւում է նոյն մուտքը ամայացած... Կադրեր, որոնք բառերից աւելի պերճախօս են:
«Տաճար լուսոյ»-ն հետաքննող ֆիլմ չէ, այն «ակտիւ» չէզոքութեամբ ներկայացնում է մի խնդիր, նրա յարուցած ցաւն ու ափսոսանքը, մղում է տխուր խորհրդածութիւնների, սակայն նպատակ չի դնում բացայայտել այդ խնդիրը: Ի վերջոյ, այդ ի՞նչ չար ձեռք էր, որ մի օր փակեց այդքան կարեւոր, այդքան դրական մի հաստատութիւն: Իսկ մի գուցէ ձեռքն ամենեւին էլ չար չէ՞ր... Վաւերագրութիւնը կը շահէր, եթէ մելգոնեանցիներից բացի հնչէր նաեւ այն «անընդունելի պատճառաբանութիւնները», որոնք ակնարկւում են ֆիլմի մասնակիցներից մէկի խօսքում, սակայն, ի վերջոյ, չեն բերւում:
Անշուշտ, աւելի քան ողջունելի է սփիւռքահայ կարեւոր ենթակառոյցներից մէկի պատմութեան ու ներկայի վաւերագրումը Նիկոլ Պեզճեանի պէս փորձառու մի շարժանկարչի կողմից, սակայն միանգամայն փափաքելի կը լինէր հարցն աւելի սուր կերպով շեշտադրելը, որպէսզի հնչած հիմնահարցը չմնար տարտամ...

«Ազգ-Մշակոյթ», 16 Սեպտեմբեր 2016

No comments:

Post a Comment