2.9.16

Գրական դեգերումներ Հալէպի կրակների ընդմէջէն

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
 
Հալէպի «Ոսկետառ» տպարանից «Այգ» մատենաշարով լոյս տեսաւ Լեւոն Շառոյեանի «Դեգերումներ հայ գիրի եւ պատմութեան գետեզրին» աշխատութիւնը, որը զոյգ նախաբաններով լաւագոյնս արժեւորել են Բերիոյ թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեանը եւ Պոլսոյ «Մարմարա»ի խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանը:
Անխառն զարմանք եւ հիացում ենք ապրում. քաղաքական արիւնամած զարգացումներին կուլ գնացած այդ հինաւուրց քաղաքում, ուր թւում էր, այլեւս ազգային հետք գտնելը հրաշքի հաւասարազօր է լինելու, այսօր պարզում ենք, որ, այնուամենայնիւ, այն շնչում է, պարզում ենք, այնտեղ դեռ կարելի է շրջել, աւելին՝ կարելի է «դեգերել», որը պիտի հասկանալ գրական դասական պտոյտների խորհրդով, ինչը արեւմտահայ լայնարձակ ածուներում հիմնաւորապէս, իբրեւ ենթաժանր, ամրագրել են Յակոբ Պարոնեանը, Երուանդ Օտեանը, Ռոպէր Հատտէճեանը, Պետրոս Հաճեանը եւ ուրիշներ:
«Դեգերումները...» Լեւոն Շառոյեանի երրորդ գիրքն է: Առաջինը («Յաւերժօրէն սիրելի «մերին Պոլիսը», Իսթանպուլ, 2003) նոյնպէս իւրատեսակ «դեգերում մըն էր», բայց՝ ի Պոլիս, որի նորօրեայ դիմագիծը, գրապատմական ծաւալումները հեղինակը բացել է գիտական կարգապահութեանը հաւատարիմ, բայց յուզախառն սիրով ու խոնարհումով դէպի արեւմտահայ գրամշակութային քաղաքամայրը: Երկրորդ «դեգերումը» հեղինակին տարել հասցրել է Արգենտինա. «Պուէնոս Այրէս, Արմենիա փողոց» գրքի մէջ (2014) նա ներկայացնում է հարաւամերիկեան գաղթօջախի հեւքն ու նահանջը, հայրենասիրութեան անխարդախ զգացումները ու մարմրող տագնապները՝ կրթական ու գրական շիջող նուաճումների խորքի վրայ:
Այս նոր գիրքը, ի տարբերութիւն նախորդ երկուսի «աշխարհագրական» առարկայական մատուցման պատուհանի, առանձնանում է գրամշակութային գիտական համակարգուածութեամբ, շահագրգռութիւններով, դէպի գրաշխարհի ներքին խորքը «դեգերումով», նոր ոճային իմաստաւորումով, որոնք կարելի է «թարգմանել» դրուագումների նշանակութեամբ նաեւ: Գրապատմական քսանինը նկարագրերի ուշագրաւ ու նպատակային խտացում ենք տեսնում այստեղ: Մեր աչքի առջեւ սահում-անցնում են 19-ից 20-րդ դար ձգուող արեւմտահայ նուիրեալ դէմքերը ամենատարբեր քննական լուսարձակների ներքոյ. ահա՛ խնդրեմ միայն մի քանիսըՙ Սերվիչէնն ու Տիգրան Փեշտիմալճեանըՙ գրապատմական կենսագրականների ոճային հարստութեամբ առանձնացող բնութագրումներով, Վազգէն Շուշանեանըՙ իր մահուան «առագաստների» անգերեզման առեղծուածով, Յակոբ Մարթայեանըՙ լեզուամշակութային շերտերի որոշ առումով հպանցիկ, բայց ճշմարիտ, անակնկալ, բայց շնորհալի մատուցմամբ, Կարօ Փօլատեանն ու Զարեհ Որբունին, Պօղոս Սնապեանը գրական միջավայրերիՙ մինչեւ Յակոբ Օշական եւ էկզիստենցիալիզմՙ բացայայտման ընդարձակ ու անհրաժեշտ լուսաբանումներով, փարիզեան «Յառաջ»ի անխոնջ մշակՙ Միսաքեանների զարմի վերջին շառաւիղըՙ Արփիկը, որը լրագրական-գրական փորձառութեամբ վերակազմեց սփիւռքահայ գրական հրաշալի ողնաշարըՙ պատուոյ բարձր աթոռը վերապահելով Շահան Շահնուրին:
Հսկայական գրամշակութային քննական այս պաշարից մենք ընտրել ենք միայն մի քանիսը, որոնք գրախօսութեան եւ ուսումնասիրութեան սահմանագծում ներկայացնում են Լեւոն Շառոյեանի գիտական մտածողութեան ուղղութիւնը եւ գրապատմական որոնումների արդիւնաւորութիւնը:
Լ. Շառոյեանի պարագայինՙ գրական խնդիրների համընդհանուր տնտեսութեան խնամքը դառնում է գերիվեր, քանի որ ուշադրութեան սեւեռուն կենտրոնում արեւմտահայ գրամշակութային ուրուանկարն էՙ նրա անցեալի ու ներկայի համադրման հետեւողական ջանքը, գրական շրջանների ու կապերի միջեւ մեր յիշատակած անտեսանելի հանգոյցների կառուցումը, որը, մեր կարծիքով, միտումի ծնունդ է, քանի որ գրականութեան պատմութեան ընթացքը գրագէտի համար անվախճան գետ է, իսկ ուսումնասիրողն ու մեկնաբանըՙ գետեզրին կանգնած ու «վազող ջրին» նայող, հայեցող իմաստասէրը: Գրականութիւնը «Տիրոջը այգին է», ուր «դեգերումը» ներքին հարստացման ուղիղ ճանապարհն էՙ Բենիամին Թաշեանից եկող նշանառութեամբ, կամ, ինչպէս Վահան Թէքէեանն էր սրբագրումՙ «գաղտնի պարտէզը», ուր հասունանում է բառըՙ մտածողութեան ամէնէն նախնական ու ամէնէն խորունկ շերտը:
Մեզ միշտ գրաւել է գիտական նիւթի մատուցման, ասել է թէՙ բառի ու մտքիՙ դէպի գիտական բնագիր մուտքի թեթեւասահ եղանակը, որն այս գրքում կիրառում է Լ. Շառոյեանը: Դա հնուց այդպէս է եղել մեզանում եւ ենթադրում է խորը յարգանք դէպի ընթերցողը, որի գրական նախաճաշակը յղկելիս պիտի հոգաս «կարծր» կամ կիսով չափ անծանօթ գաղափարների ընթերցողական իւրացման ինչ-որ տեղ անհրաժեշտ թեթեւ անցումը:
Հենց այդպէս է Լ. Շառոյեանը սկսել գրապատմական իր երրորդ «դեգերումը»ՙ երեւելի Յակոբների ճանաչողական սահմանագլխիցՙ ասորի Մծբնացուց մինչեւ լեզուաբան Տիլաչար-Մարթայեանը: Այդ ճանապարհին է, որ նա ոգեկոչում է «Յակոբասկիզբ» հսկաներին, իսկ եթէ նրանք օտարներ են, հասցնում է ընթերցողին յուշել մեր ազգային խոնարհումի յուշարձանների մասինՙ երեւան հանելով գրագէտի ծովածաւալ ճանաչողութիւնը, վկայակոչելով հենց Մծբնացու հանդէպ Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Շնորհալու գեղարուեստական ուշագրաւ արձագանգներըՙ ներբող եւ շարական:
Մինչդեռ, չմոռանանք, Լ. Շառոյեանի համար հալեպեան պատուհանից այն կողմ 2013-իՙ նման յիշողութեան առումով անբարենպաստ ձմեռնամուտն էՙ Ս. Յակոբի անուանակոչութեան առիթով, հապճեպ, բայց, ընդունենք, անվրէպ ընտրուած: Ի դէպ, Ռ. Հատտէճեանը յիշում էր դեռ անցեալ դարի 60-ական թթ. Յ. Մարթայեանի խնամքով կազմած, ափի մեծութեան ձեռագիր գրքոյկը, ուր ամէն էջից բխում էր Յակոբ անունըՙ աշխարհի տարբեր լեզուների գիրերով, իւրատեսակ «Յակոբապատում», որի տրամաբանական հանգրուան-բարձրակէտը դարձաւ Լեւոն Շառոյեանի թէեւ հպանցիկ, բայց խորքային ուսումնասիրութիւնը:
Նշանակում էՙ գրքի բաղադրիչ նիւթերի համամասն ընտրութիւնը եւ յօդուածաշարի շարադրումը նաեւ ժամանակի հեւքի հետեւանքն է, քանի որ պատերազմական պայմանները թոյլ չեն տալիս բանասիրական եւ գրականագիտական տեւական ու լայնածաւալ պրպտումի: Սա է խօսքի կառուցման «թեթեւասահ» եղանակը, ընտրութիւն, ուր այնքան նուիրական խորքեր է պահում գրքի հեղինակը: Եւ առաջին հերթին նիւթն է, որ կտրում է Լ. Շառոյեանին Հալէպի պայթիւնների եւ կրակահերթերի առօրեայից ու ստիպում, որ զուգադիպութեան պայմանի տակ ընտրուած փորձարարական հարցադրումը ստանայ, այնուհանդերձ, գիտակա՛ն հանդերձ, այսինքնՙ պահանջում է նոյն պահին «թեթեւասահ» թուացող վերաբերմունքից անցում կատարել դէպի որոշակի գիտական շահագրգռութիւն:
Եւ հենց միայն Յակոբների հայ գրամշակութային անուանական տողանցքն ամէն ինչ արժէ, երբ պատմութիւնը եւ գրականութիւնը վերացարկւում է անունների ներքին, թէկուզ ձեւային տրամաբանութեան միասնութեամբ: Խնդրե՛մ ահա, Յակոբների շուրջ իր բերած թուարկումներից մի փունջ. զորօրինակՙ Յակոբ Դ. Ջուղայեցի Կաթողիկոսից է նա սկսում անուանաշարըՙ դիմելով 17-րդ դարի հոգեւոր պատմութեան ծալքերին, մէկը, որը հոգեւոր բարձրագոյն գործիչ էր, որը դէպի Եւրոպա ճամբորդութեան շրջանում վախճանուեց ու թաղուեց Պոլսում:
Թւում է, էլ շատ բան պէտք չէ մատնանշել: Դա արդէն բաւական է, որ ընթերցողը, շրջանցելով կաթողիկոսութեան շուրջառի պարագան, գնայ աւելի հեռունՙ ներքին ճամբայ գծելով դէպի մարդըՙ կաթողիկոսից «անդին»: Լ. Շառոյեանի մօտ արագընթաց իրար են յաջորդում տառապանքը ցմրուր կրած այլեւայլ Յակոբներ, որոնց մէջ առաջիններիցՙ Նալեան Պատրիարքը (18-րդ դար), որ աւանդոյթ ու հայեացք փոխեց Պոլսում: Ճանաչողութեան ի՜նչ նոր դարպասներ վերակազմեցին 19-րդ-20-րդ դարերի հատուածակողմերի հմուտ անհատականութիւններըՙ անմրցելի գրաբարագէտ Յակոբ Գուրգէնը, դասական ռոմանտիզմի հայր Րաֆֆին, ութսունականների իրապաշտութեան հսկանՙ մեզանում երգիծանքի բարձրակէտը չզիջած Պարոնեանը, նատուրալիստական ներքնատեսութեան սահմաններ բացած Մնձուրին, որը կեանքի վերջին տարիներին անգամ մերժում էր քաղաքակրթութեան հասցէները, հարիւրամեակ հատած, դար ու դարադարձ տարեգրութիւն շալկած Ասատուրեանը, օտարի եւ ազգայինի փիլիսոփայական էկզիստենցիալ խորքերում «մոլորուած» Կարապենցը, գիտական մտքի տիտաններ Մանանդեանն ու Անասեանը, հանրագիտակ դէմքեր, ազգային բարքագրութեան ակունքներում կանգնած Սիրունին եւ Օշականը, գեղանկարչութեան մէջ փառահեղ ածուներ բացած Կոջոյեանն ու Յակոբեանը, եւ այսպէս շարունակ:
Ընդ որումՙ Լ. Շառոյեանի գրչի տակ նրանք, թւում է, թէ միայն մտաւորական առաջնային անուններ են, իրականում ազգային մշակոյթը փառքի ճանապարհի հասցրած ուժերն են, մեր հոգեւոր աշխարհի բերդապահ զինուորները: Գրագէտը անունն է հասցնում տալ, խորունկ քննութեան դռները բացելու իրաւունքն ու երջանկութիւնը այլեւս ու մէկընդմիշտՙ ընթերցողինն է:
Այնուհանդերձ, դիմանկարի ճանաչողութեան թեթեւասահ, բայց վերլուծական քննական ընդունելի եղանակի մի նախաճաշակ Լեւոն Շառոյեանը ընթերցողին մատուցում է գիտական նկարագրի դասական ոճաւորումով: Խօսքը վերաբերում է Յակոբներից «վերջինին»ՙ Յակոբ Մարթայեանին, որին, յընթացս, արդէն 2014-ին, դիմում է խոշոր գիտնականի մահուան իւրատեսակ յոբելեանի առիթով նաեւ: Այս առումով ընդգծենք, որ այն դուրս է սահում «դեգերումի» խորհրդից ու վերաճում ուխտագնացութեան դէպի հայ լեզուի, հայ մշակոյթի ակունքները:
Պոլսահայ երկու խոշոր գիտնականներ են կանգնած ազգային լեզուամշակութային մտքի խորքերում՝ Աճառեանն ու Մարթայեանը, երկու խոշոր տառապեալներ: Լեւոն Շառոյեանը փորձում է կառուցել վերջինիս գիտական մեծութեան հիմնաքարըՙ հրաւէր կարդալ բոլոր նրանց, ովքեր յանդգնում են զօրավիգ լինել մշակոյթի հզօր պատին երկրորդ հիմնասիւն հաստատելու ջանքին: Հր. Աճառեանի պէս նա էլ բացառիկ էր ու անկրկնելի. Սոֆիայում թէ աւելի ուշ Անկարայում հռչակուած էր արեւելեան եւ հնդեւրոպական «ապրող ու շնչող» լեզուների, օսմաներէնի, ինչու չէ՝ մեռած լեզուների՝ հիթիթերէնի, ուրարտական լեզուական ատաղձի, պահլաւերէնի, լատիներէնի խորագիտակ: Այդ պատճառով 1932-ից նրան կարգում են թուրքերէնի նորոգութեան գլուխ՝ ճշդելու եւ ղեկավարելու «երկրի լեզուական նոր քաղաքականութեան մայր գիծերը»: Իսկ անցեալ դարի 40-ական թթ. առաջին կէսից շուրջ 30 տարի նա գլխաւորել է Թուրքական Հանրագիտարանի կազմումի եւ հրատարակութեան ծանր աշխատանքները:
Բանաստեղծական հայկական ամէնից քնարաշունչ արձակի նուաճումների խորհրդանիշների մէջ, որոնց հպարտութեան տիրական թելադրանքն ապրում են Յ. Մարթայեանը, Ռ. Հատտէճեանը եւ Լ. Շառոյեանը, առանձնանում էր Վազգէն Շուշանեանը: Նրա մահուան 75-ամեակին նուիրուած «Շուշանեանի հետՙ սիրոյ եւ մեղքի պարտէզներուն մէջ» յօդուածում, որը «Դեգերումներ...»ի առանցքային հատուածներից է, հալեպահայ գրագէտն ընդգծում է դրական աշխոյժ, «իրարու ետեւէ» տեղաշարժը, որը նկատում է անցեալ դարավերջից դէպի այս դարասկիզբ Վ. Շուշանեանի երկերի հրատարակութեան հայաստանեան շուկայումՙ մասնաւորելով խօսքը հայրենիՙ յարաբերականօրէն «նորահաս սերունդի» բնագրային հրատարակութիւններից բխող վերլուծման ու արժեւորման փորձը («Ներքին բնանկար», «Օրագիր», «Քրոնիկոն քնարական», «Խառնիխուռն»,«Ընտրանի»):
Գնահատումների մեր այս փորձի մէջ, գումարելիների շարքին, պէտք է դիտել Լ. Շառոյեանի հիւթեղ, գրաւչական լեզուն, որն իր հետեւից տանում է ընթերցողի թրթիռն ու երեւակայութիւնը, սպասման ու փաստի յայտնութեան բերկրանքը:
Մնում է յուսալ, որ «դեգերումների» առանցքը պատմութեան ու մշակոյթի թելադրանքով պիտի վերադառնայ Լեւոն Շառոյեանի ծննդավայրիՙ «երազային» Հալէպի վերյառնումին, որի փափաքը ապրել է Վազգէն Շուշանեանը, ապրում են ու վերապրում Լեւոն Շառոյեանն ու իր նմանները, որոնց շնորհիւ է, որ արիւնաթոր այս քաղաքում ազգային շնչառութիւնը մնում է «դեգերումների» բարձրադիր մակարդակ:
Հետեւութիւնը մէկն է ու առաւել քան ընդհանրական, ասել է թէՙ դուրս այս գրքից քաղած մեկուսի գնահատականից. հայ գիրքը շարունակում է ազգափրկիչ իր ճանապարհը Հալէպի նեղլիկ արիւնատար ճանապարհներով:

«Ազգ-Մշակոյթ», 2 Սեպտեմբեր 2016

No comments:

Post a Comment