ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ
Օգոստոսի կէսերուն, հայաստանեան «Առաջին լրատուական» կայքէջը զրուցած է Օքսֆորտի համալսարանի ընկերաբանութեան ամպիոնի դասախօս, սփիւռքագէտ Հրաչ Չիլինկիրեանի հետ։ Հարցազրոյցը շահեկան անդրադարձ մը կը կատարէ Յուլիսի հայաստանեան դէպքերուն եւ Սփիւռքի ներկայ դիրքորոշումին՝ հայաստանեան իրավիճակին դէմ յանդիման։ Պահած ենք Հ. Չիլինկիրեանի պատասխաններուն լեզուն։
– Պարոն Չիլինկիրեան, Ձեր կարծիքով` Յուլիսի 17-ին Երեւանի սրտում սկսուած իրադարձութիւնները ի՞նչ էին, ինչի՞ հետեւանք էին:
– Հայաստանն իր անկախութեան 25 տարիների ընթացքում, սկզբում ունենալով դրական զարգացումներ, յետագայում շատ բացասական եւ ոչ նպաստաւոր զարգացումներ ունեցաւ ինչպէս ներքին կեանքում, այնպէս էլ արտաքին աշխարհում: Ներքին կեանքում յատկանշական են ոչ արդար, ոչ ժողովրդավարական ընտրութիւնների անցկացումն ու այլ բազում հարցեր: Եւ այսօր, ինչպէս տեսնում ենք, Հայաստանում շարունակւում են այդ բացասական երեւոյթները: Տեղի ունեցած իրադարձութիւնները թերեւս այնքան էլ անսպասելի չէին: Սա նշանակում է, որ 25 տարուայ ընթացքում չենք կարողացել կառուցել այնպիսի երկիր, որ այդ անկախութեան 25-ամեակը հպարտութեամբ տօնենք: Սա բոլորիս համար մեծ ցաւ է եւ մեծ բացասական երեւոյթ:
Անցած տարի համազգային մակարդակով անցկացրեցինք Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներ, որոնցից հարկ է յիշել կարեւորագոյններից մէկը` «Աւրորա» մարդասիրական մրցանակը, որով փորձ արուեց Հայաստանը ներկայացնել մարդասիրական գաղափարների, մարդասիրական շարժման երկիր: Եւ ահաւասիկ այսօր, երբ Հայաստանում նման իրադարձութիւններ են տեղի ունենում, մենք հասկանում ենք, որ մեր երկրում այնքան էլ չեն պաշտպանւում մարդու իրաւունքները:
– Պարոն Չիլինկիրեան, Դուք խօսեցիք մեր նորագոյն պատմութեան 25 տարիների բացթողումների մասին, բայց այսօր համատարած անվստահութիւն կայ ոչ միայն իշխանութիւնների, այլեւ ընդդիմադիր քաղաքական հատուածի նկատմամբ: Տեղի ունեցածն, ըստ էութեան, քաղաքական համակարգի իսպառ չգոյութեան հետեւանք է: Տարբեր փորձագէտերի կարծիքով` գործի դրուեցին զէնքերը, քանի որ խօսքերն այլեւս ասելիք չունէին եւ օգտակար չէին ստեղծուած վիճակում:
– Այո, պէտք է նաեւ նկատի ունենալ, որ այսօր ամբողջ աշխարհում փոխուել են ժամանակները: Վերջին տասը տարիների ընթացքում փոխուել են քաղաքական պայքարի ձեւերը, շարժումները: Մենք, կարծես, թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում մեծ մասամբ տակաւին բաւական հնացած մօտեցումներով ենք գործում: Այսօր կայ նոր սերունդ` Հայաստանի անկախութիւնից յետոյ, որի մտածողութիւնը այլ է, կան նոր տեխնոլոգիաներ, որոնք մարդուն հնարաւորութիւն են տալիս տեղեկութիւններ ստանալ` մինչեւ պաշտօնական հաղորդագրութիւնները: Այսինքն` մի կողմից` կան նոր հասարակական դրսեւորումներ, որոնք տեղի են ունենում ընդհանուր աշխարհի փոփոխութիւնների ֆոնին, միւս կողմից` վերջին իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ, այնուամենայնիւ, զէնքով գործողութիւնները Հայաստանում վայելում են հասարակութեան աջակցութիւնը: Սա հետաքրքրական է, քանի որ աշխարհում մարդիկ դատապարտում են, դէմ են զէնքով ուժի կիրառմանը: Բայց Հայաստանում դա հաւանութեան է արժանանում, ինչը նշանակում է, որ մարդիկ այնքան յոգնած են, որ նոյնիսկ նման քայլերն են գովելի համարւում, իսկ երբեմն էլ` անհրաժեշտ: Մենք այսօր ազգովի այնպիսի սահմանագծի վրայ ենք, որ այլեւս հնարաւոր չէ խօսքերով, խոստումներով լուծել մեր ազգային խնդիրները: Պէտք է հաւաքական մօտեցումով պաշտպանուեն Հայաստանի քաղաքացին եւ նրա հիմնարար իրաւունքները:
– Մենք մշտապէս Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների ժամանակ տեսել ենք Սփիւռքի բաւական կրաւորական կեցուածքը: Սփիւռքը մշտապէս իրեն դուրս է դրել Հայաստանի ներքին հարցերին միջամտելուց: Հայաստանը մշտապէս յոյս է ունեցել, որ Սփիւռքը կը միջամտի, զօրաւիգ կը լինի իր ներքին հարցերին: Դա եղել է յատկապէս 2008 թուականին, երբ Սփիւռքը եւ Հայոց Եկեղեցին ժողովրդի կողքին կանգնելու փոխարէն` կանգնեցին իշխանութեան կողքին: Դրան յաջորդեցին այլ իրադարձութիւններ, բայց բոլոր դէպքերում էլ Սփիւռքին Հայաստանի ներքին կեանքին խառնելու բոլոր փորձերը անյաջողութեան են մատնուել: Արսինէ Խանջեանի հետ տեղի ունեցած միջադէպը կարծես թէ արմատապէս փոխեց վիճակը, եւ Սփիւռքը կարծես թէ այս անգամ «Սասնայ ծռեր»ի հետ տեղի ունեցածը բաւական գրգռուած ընդունեց. Սփիւռքի տարբեր համայնքներում անցկացուեցին բողոքի ակցիաներ` ի պաշտպանութիւն «Սասնայ ծռեր»ի: Եթէ փորձենք ի մի բերել այն, ինչ տեղի ունեցաւ վերջին օրերին, եւ հաշուի առնել այն հանգամանքը, որ տղաների մէջ կային նաեւ Սփիւռքի ներկայացուցիչներ, կարո՞ղ ենք ասել, թէ ինչպէս կարող է Սփիւռքը ներգրաւուել այս թնջուկի եւ Հայաստանի համար օրախնդիր հարցերի լուծման գործին:
– Շատ կարեւոր հարց էք բարձրացնում: Պէտք է նախ` աւելի մանրամանել, թէ Սփիւռք ասելով ինչ ենք հասկանում: Այս երկու շաբաթների ընթացքում շատ է խօսւում, որ Սփիւռքը պէտք է նեցուկ կանգնի, իր ձայնը բարձրացնի: Բայց պէտք է յստակեցնել, թէ ինչ է Սփիւռքը: Սփիւռքը պետութիւն չէ, միահամուռ կառոյց չէ: Այսօր մենք խօսում ենք Սփիւռքի մասին, բայց շատ ընդհանուր պատկերացումներով: Պէտք է աւելի ճշգրիտ ձեւով բնորոշել, թէ ինչ նկատի ունենք` Սփիւռք ասելով: Մի կողմից կարող եմ ասել, որ Սփիւռքը մասնակցել եւ հիմա էլ մասնակցում է Հայաստանի ներքաղաքական կեանքին` նեցուկ կանգնելով: Վերջին այդ դէպքերի մէջ, ինչպէս դուք նշեցիք, ներգրաւուած էին նաեւ սփիւռքահայեր: Հիմնական դէմքերը` Ժիրայր Սէֆիլեանը, Ալեք Ենիգոմշեանը եւ այլք, սփիւռքահայեր են: Հետեւաբար այնպէս չէ, որ Սփիւռքը լրիւ դուրս է Հայաստանի ներքաղաքական կեանքից: Բայց խնդիրն այլ է. կրկնում եմ` պէտք է աւելի ճշգրիտ ձեւով խօսել Սփիւռքի, Սփիւռքի ներկայացուցիչների մասին:
– Կը նշէ՞ք, թէ Սփիւռքի ո՞ր հատուածը կարող է միջամտել Հայաստանի ներքին հարցերին: Եկեղեցի՞ն պէտք է միջամտի, քաղաքական կուսակցութիւննե՞րը, թէ՞ սրանից դուրս մի հատուած, որի համար Հայաստանի ներքին խնդիրները, մարդու իրաւունքները շատ աւելի կարեւոր հարցեր կը լինեն, քան Հայոց ցեղասպանութեան ճանաչումը:
– Այսօր ես, որ Սփիւռքի կեանքը երկար տարիներ ուսումնասիրել եմ, կարող եմ ասել, որ Սփիւռք ասելով` պէտք է հասկանալ 500 մարդ: Սփիւռքը 500 հոգի է: Չկարծէք, որ 6-7-8 միլիոն հայութեան մասին է խօսքը: Պէտք է մեր քննարկումների առանցքում լինի ղեկավարութեան խնդիրը: Այսօր մենք Սփիւռքում ունենք ղեկավարներ, բայց չունենք ղեկավարութիւն: Մարդիկ պաշտօններ, աթոռներ են զբաղեցնում, բայց միահամուռ, մտածուած, համագործակցուած քաղաքականութիւն չկայ: Իւրաքանչիւր կազմակերպութիւն, իւրաքանչիւր կառոյց իր ղեկավարների հետ առանձին է զբաղւում այդ հարցերով: Բայց ընդհանուր հարցերի լուծում փնտռող անձինք բացակայում են: Այսօր Սփիւռքում էլ բազմաթիւ խնդիրներ կան: Չկարծէք, թէ Սփիւռքը Արեւմուտքում է, եւ ուրեմն խնդիրներ չկան: Այսօր Սփիւռքի կառոյցները այնքան էլ ժողովրդավարական չեն: Այս անցնող 25 տարիների ընթացքում Սփիւռքը «հայաստանացաւ»: Այսինքն` Հայաստանի իշխանութիւնները փորձեցին Սփիւռքի բոլոր կառոյցները իրենց շահերի համար ծառայեցնել: Եւ Սփիւռքի այդ կառոյցների ղեկավարները շատ տարուած, զգացական ձեւով ենթարկուեցին այդ ճնշմանը: Սփիւռքի «հայաստանացման» այդ գործընթացում դերակատարութիւն ունեցան երեք հիմնական կառոյցներ` յատկապէս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, հայ աւանդական կուսակցութիւնները եւ բարեգործական ու մշակութային կազմակերպութիւններ: Այս բոլորը այս տարիների ընթացքում մեծ մասամբ ենթարկուեցին տարբեր ազդեցութիւնների:
– Սփիւռք ասելով` նկատի ունէք նաեւ յետխորհրդայի՞ն տարածքը: Նկատի ունէք նաեւ այն հսկայ դրամական հոսքերը, որոնք մենք ունենք հայ մեծահարուստներից, ովքեր ոչ միայն քաղաքական, այլեւ ազգակցական շղթաներով են կապուած հայաստանեան իշխանութիւններին: Եւ նաեւ արեւմտեան` աւանդակա՞ն Սփիւռքը: Ինչպէս պէտք է տարանջատենք նրանց: Այդ 500-ի մէջ նկատի ունէք նաեւ նրա՞նց, թէ՞ ոչ:
– Այո, հաւանաբար ղեկավարները կան: Իմ նշած այդ թիւը գիտական տուեալ չէ: Բայց եթէ փորձենք Սփիւռքի ազդեցիկ մարդկանց եւ կազմակերպութիւնների ղեկավարների ցանկ կազմել, հազիւ 500 մարդու մասին լինի խօսքը: Պէտք է ընդունենք, որ Սփիւռքի մասին խօսելիս պէտք է յոգնակիով խօսել: Մենք այսօր ունենք սփիւռքներ տարածուած բազմաթիւ երկրներում եւ տարբեր պայմանների մէջ ապրող: Եւ յետոյ` երբ նայում ենք Հայաստանի քաղաքական դաշտին, ապա նկատում ենք, որ Սփիւռքում քաղաքական գործունէութիւն ծաւալողները մեծ մասամբ Հայաստանի Սփիւռքն են, ոչ թէ, այսպէս ասած, աւանդական Սփիւռքը, որն աւելի ընդհանրական մօտեցում ունի Հայաստանի նկատմամբ: Այսօր եթէ Հայաստանից 1 միլիոնից աւելի է հեռացել, ապա սա արդէն լուրջ Սփիւռք է Հայաստանի համար: Սա մէկ անգամ եւս գալիս է փաստելու, որ Սփիւռքը բազմակողմանի է, որից աւելի քաղաքականացուածը Հայաստանի Սփիւռքն է: Իսկ աւանդական Սփիւռքը մեծապէս զբաղուած է Ցեղասպանութեան ճանաչման հարցով: Իմ կարծիքով` այսօր մեր ընդհանուր ազգային կեանքի մէջ պակասում է երեք կարեւոր խմբերի անհրաժեշտ մէկտեղումը` (ա) մտաւորականութեան, (բ) կառոյցների ղեկավարների եւ (գ) մարդկանց ովքեր մեծ հնարաւորութիւն կամ նիւթական միջոցներ կամ կարողութիւններ ունեն: Այս երեք խմբաւորումները պէտք է համագործակցեն իրար հետ, որպէսզի ազգային գաղափարախօսութիւնն ու քաղաքականութիւնը յստակեցուին: Այսինքն` մենք մեր ազգային առաջնահերթութիւնները պէտք է միասնաբար քննարկենք եւ ճշդենք, քանի որ այսօրուայ աշխարհում խնդիրները համալիր լուծում են պահանջում:
– Պարոն Չիլինկիրեան, նախաձեռնութիւն սպասե՞նք Սփիւռքից, թէ՞ այդ նախաձեռնութիւնը պէտք է լինի Երեւանից` պաշտօնական մակարդակով կամ քաղաքացիական սեկտորից` առաջարկելու, որպէսզի Սփիւռքը մասնակցի իր ներքին կեանքին: Պէտք է սպասել հրաւէրների՞, թե՞ այսօրուայ իրադարձութիւնները չպէտք է սպասեն հրաւէրների:
– Ինչպէս նշեցի, Սփիւռքը պետութիւն չէ, ոչ էլ միահամուռ կառոյց: Բայց, Հայաստանը որպէս պետութիւն շատ աւելի միջոցներ, հնարաւորութիւններ եւ լծակներ ունի քան նոյնիսկ ամենամեծ սփիւռքեան համայնքը: Մինչեւ հիմա Սփիւռքի նախաձեռնութիւնները, քաղաքական իմաստով, խօսքից ու բողոքից անդին չեն անցել: Երկու տասնեակ տարիներ Սփիւռքի աչքի առաջ մարդիկ քննադատութիւններ, բողոքներ եւ նամակներ են գրել, բայց հիմնական խնդիրները լուծուած չեն: Օրինակ` Շառլ Ազնաւուրը տարիներով բացէ ի բաց քննադատել է Հայաստանի իշխանութիւններին եւ իրավիճակը, բայց իր քննադատութիւնները լսելի չեն եղել իշխանութիւնների կողմից, հակառակ Ազնաւուրի հանրային յայտարարութիւններին: Աւելին, իբր ՀՀ դեսպան` թերեւս ակնկալելի էր որ Ազնաւուրի խօսքերը աւելի ազդեցիկ էին կամ պէտք է տեղ հասնէին: Բայց ոչ: Մի շարք հանրայայտ արուեստագէտներ նաեւ անցնող տարիներին բողոքներ են ներկայացրել, բայց առանց դրական արդիւնքի: Սփիւռքը, մանաւանդ ղեկավար դէմքերը, խօսքից գործնականի անցնելու համար անհրաժեշտօրէն պէտք է կառոյցներ կամ գործընթացնէր ստեղծի եւ հեռանկարային մօտեցումով լուրջ աշխատանք տանի: Խօսքերն ու անհատները մեծ ոյժ չեն ներկայացնում, բայց կազմակերպ, լուրջ տեսիլքով ու անհրաժեշտ միջոցներ ունեցող կառոյցները կարող են հաւաքական կամքը կենսագործել:
«Առաջին լրատուական» (1in.am), 12 Օգոստոս 2016
No comments:
Post a Comment