ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
Անգլիացիները շատ են սիրում խրատ տալ ամէն ինչում
շտապող իրենց ամերիկացի բարեկամներին, նրբօրէն ու բազմիմաստ հեգնել նրանց:
Մի խումբ ամերիկացիներ Լոնդոնի եւ շրջակայքի տեսարժան վայրեր այցելելուց յետոյ հետաքրքրւում են, թէ իրենց հիւրընկալներին ինչպէս է յաջողւում այդքան
համաչափ, հարթ ու հաւասար խուզել հանրային այգիների գազոնը, խնամել այն:
Անգլիացիք, միայն իրենց յատուկ հանդարտութեամբ բացատրում են՝ եթէ դուք էլ
500 տարի ամէն օր տքնաջան այդ գործով զբաղուէիք, ձեր այգիներն էլ մերինի
նման գազոն կ՚ունենային:
Անգլիացիք այս իրական կամ
հնարովի դրուագը սիրում են պատմել փոխաբերաբար՝ իրենց
դեմոկրատական-ժողովրդավարութեան ինստիտուտների, կարգապահութեան ու
կարգ ու կանոնի, օրէնքները յարգելու ջանասիրութեան մասին խօսելիս: Հակառակ
այն փաստին, որ իրենց երկիրը՝ Մեծ Բրիտանիան, չունի՛ սահմանադրութիւն,
գոնէ բառի այն իմաստով, ինչպես մենք ենք ըմբռնում: Մենք՝ որ արդէն ունենք
երկրորդ անգամ բարեփոխուած Հիմնական կամ Մայր օրէնք: Ոչ միայն
Սահմանադրութիւն, այլեւ անկախ պետականութեան միւս բոլոր անհրաժեշտ
ատրիբուտներըՙ դրօշ, զինանշան, օրհներգ, դրամ, խորհրդարան, պետական ու
հանրային ինստիտուտներ եւայլն:
Հետեւաբար,
Սահմանադրութեան եւ սահմանադրական այլ կառոյցներ ունենալը բնաւ էլ չի
նշանակում անկախութիւն ունենալ: Աւելի ճիշդ՝ անկախութիւն հռչակելը դեռեւս
անկախ լինել չէ:
Այո, 25 տարի առաջ Հայաստանը իրեն
հռչակեց անկախ, ստեղծեց համապատասխան ինստիտուտները, գրեթէ բոլոր
ատրիբուտներն ընդունեց, ՄԱԿ-ում աթոռ ստացաւ, բազմաթիւ երկրների հետ
դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեց, ստեղծեց բանակ, վերջապէս՝
դարձաւ սուվերեն երկիր, պետութիւն: Հպարտացանք բոլորս, ներսում ապրողներս
ու դրսում բնակուողները: Հայերի՛ն նկատի ունեմ:
Սակայն
անկախութիւնը մեզ համար չդարձաւ պետական ու քաղաքացիական
արժանապատուութեան զգացողութիւն, կենսակերպ: Անկախութիւնը յաճախ
համեմատեցինք մեր գրպանի պարունակութեամբ, մեր կեանքի, կեցութեան, ապրուստի
դժուարութիւնների հետ: «Քաղցած փորին ի՞նչ անկախութիւն», ասացինք յաճախ:
Բայց չնկատեցինք նաեւ, որ մեր հայրենակիցներից նրանք, ովքեր ի
տարբերութիւն մեզ կուշտ էին եւ հարուստ, նոյնպէս դժգոհում են
անկախութիւնից եւ իրենց շահածը ներդրում ոչ թէ այս, այլ ուրիշ երկրներում:
Ու
հիմա, մի քանի օրից, շեփորով ու թմբուկով, նաեւ զօրահանդէսներով ու
ճառերով տօնելու ենք մեր երկրի անկախութիւնը, ու մեզնից գոհ՝ շարունակելու
ենք ստորադասել մեր անկախութիւնը: Նոյն կերպ՝ ինչպէս 25 տարի շարունակ:
25
տարին անշուշտ անհամեմատելի է 500 տարուայ հետ: Ինչպէս Հայաստանի
Հանրապետութիւնը՝ Բրիտանական կայսրութեան հետ: Սակայն 200 եւ աւելի
տարիներ անկախութեան ձգտող մեր ժողովրդի համար 25 տարին նոյնպէս բաւական է
անկախութիւնը ամէնօրեայ ապրում, կենսակերպ, աշխատանք եւ ձգտում դարձնելու
համար:
Ու քանի որ այս յօդուածը սկսեցի անգլիական մի
օրինակով, աւարտեմ անգլիական մի այլ պատմութեամբ, որը յօրինովի չէ, այլ
պատահել է իսկապէս:
Տարիներ առաջ ընկերոջս հետ
վերադառնում էինք Լոնդոնում տեղի ունեցած մի ժողովից: Հիւրանոցում խնդրեցի
օդակայան տանող տաքսի կանչել, նախապէս հարցնելով, թէ մօտաւորապէս որքան
պէտք է վճարել վարորդին: 40-43 փաունդ, ասաց աշխատակիցը: Ու քանի որ
բաւարար անգլիական ֆունտ ստերլինգ չէր մնացել մօտս, ես ու ընկերս միացրինք
մեր ունեցածը, որ կազմեց 45 փաունդ: Մեր բախտից՝ հաշուիչը ցոյց տուեց ճիշդ
50 փաունդ: 45-ի վրայ աւելացրի ամերիկեան 10 դոլար: Վարորդը վերցրեց 45-ը եւ
ամերիկեան 10 դոլարանոցը վերադարձրեց: Ասացի՝ անգլիական չի մնացել մեզ
մօտ: Ասաց՝ հասկանալի է: Ու հեռացաւ...
«Ազգ», 16 Սեպտեմբեր 2016
No comments:
Post a Comment