15.9.16

Ք.Ա. 8-7րդ դարերում Արցախը եղել է Վանի միացեալ թագաւորութեան կազմում

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ
 

Հայերս ունեցել ենք փոխարքայի 4 նստավայր, որոնցից մէկը Արցախում: Թէյշեբայինիում, ինչպէս ժողովուրդն է ասում՝ Կարմիր Բլուրում կատարուած պեղումների արդիւնքում հնագէտները յայտնաբերել են փոխարքայի բրոնզից կերտուած ցլագլուխ կեռ մական եւ հերքում պատմական որոշ իրողութիւններ:

Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ Մշակոյթի նախարարութեան Պատմա-մշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի փոխտնօրէն, հնագէտ Յակոբ Սիմոնեանն ընդգծելով, որ հողի շերտի տակ մնացած Թեյշեբայինին լոյս սփռել է պատմութեան վիճելի էջերի վրայ: 2015 թուականին վերսկսուած Կարմիր Բլուրի պեղումների ընթացքում յայտնաբերուել է 281 դամբարան, ինչպէս նաեւ փոխարքայինը, ու պարզուել, որ դեռեւս ուրարտական ժամանակաշրջանից Հայաստանը բաժանուած է եղել ըստ նահանգների, եւ ամէն մի գաւառ եղել է փոխարքայի իշխանութեան ներքոյ, եւ վերջինիս մահից յետոյ դամբարանում է դրուել նաեւ իշխանութեան բարձրադիր խորհրդանշանը՝ մականը:
«Նմանօրինակ մականներ յայտնաբերուել են նաեւ Վանաձորից, Սիւնիքից եւ Արցախից՝ Առաջաձորից, բոլորն էլ գտնուել էին, եւ մտածում էինք, որ դրանք զարդեր են: Սակայն Կարմիր Բլուրի պեղումներից գտնուած մականը ապացուցեց, որ գտնուել է 4-րդ փոխարքայի մականը»:
Հնագէտը ներկայացնում է միւս փաստը, որը պատմաբանների համար վիճելի եւ քննարկման նիւթ է: Թէյշեբայինիի պեղումները հերքում են ուրարտացիների անյայտ ծագում ունենալու պնդումները: Ուրարատացին եղել է Արարատեան դաշտի բնիկը, ասում է Յակոբ Սիմոնեանը:
«Ես խորապէս համոզուած եմ, որ Ուրարտուն հայկական կայսրութիւն է, իր բազմաշերտ բնակչութեամբ, որտեղ դոմինանտը եղել է հայկական տարրը»:
Պատմութիւնը պատասխանն է ստանում նաեւ այլ գտածոների ուսումնասիրութեան ամփոփմամբ: Գտնուել են կանանց հետաքրքիր զարդեր` վզնոցներ, ապարանջաններ, ճարմանդներ, կոճակներ, ինչպէս նաեւ զինատեսակների ողջ արսենալ եւ այլ գտածոներ:
Այս պեղումները մարդաբանական վիթխարի նիւթ են դարձել: ԴՆԹ-հետազօտութիւնների միջոցով հնարաւոր է պարզել տեղացիների հիւանդութիւնները, նրանց կեանքի տեւողութիւնը, սննդակարգը: Ըստ Յակոբ Սիմոնեանի՝  հնագիտական պեղումներից պարզ է դառնում նաեւ, թէ ովքեր են եղել Կարմիր Բլուրի բնակիչները, ինչպիսին են եղել նրանց հաւատալիքները, ինչպէս են նրանք իրականացրել թաղման արարողութիւնները:

«Հայաստանի հանրային ռադիօ» (www.armradio.am), 15 Սեպտեմբեր 2016



No comments:

Post a Comment