ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ
ՀՀ արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանը անցեալ Հինգշաբթի [18 Օգոստոս 2016],
ամփոփելով կոռուպցիայի դէմ պայքարի խորհրդի երկու ամսուայ աշխատանքը, մեր
իրականութեան համար, կարելի է ասել, յեղափոխական ելոյթ ունեցաւ
կառավարութեան նիստում, որից հետեւում է, որ ՀՀում գործող հակակոռուպցիոն
մարմինները թերի են, եւ պէտք է դրանք վերափոխել, նաեւ պէտք է մշակել նոր
օրէնքներ, որոնք կ՚օգնեն կանխել պաշտօնեաների ապօրինի հարստացումը,
բացայայտել նրանց եւ նրանց փոխկապակցուած անձանց իրական եկամուտներն ու
դրանց աղբիւրները, ընկերութիւնների իրական սեփականատէրերին եւ այլն:
«Օրէնսդրական փաթեթի մշակումը մի քանի ուղղութիւն է ունենալու՝ ինչ
մարմին պէտք է պայքարի կոռուպցիայի դէմ, այսինքն՝ մոդելի ընտրութեան թեման
է, երկրորդը՝ ապօրինի հարստացման, երրորդը՝ իրական սեփականատէրերի թեման եւ
արդէն դրան առնչուող յարակից այլ փաթեթներ, որոնցից մէկն արդէն ԱԺում է:
Խօսքը վարչական իրաւախախտումների եւ Քրէական օրէնսգրքում փոփոխութիւններ
կատարելու մասին օրինագծերի մասին է, որոնցով ե՛ւ վարչական, ե՛ւ քրէական
պատասխանատուութիւն է սահմանւում կեղծ եւ թերի յայտարարագրման համար: Սա
շղթայի մի մասն է, բայց մեծ մասը՝ փաթեթների ձեւով, դեռ պէտք է
ներկայացուեն կառավարութիւն», ասում է նախարարը: 22 Օգոստոսին Արփինէ
Յովհաննիսեանը «բացեց» թեման «Հրապարակ»ի համար:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ճի՞շդ է, որ խորհրդի նիստերի
ժամանակ եղել է առաջարկ՝ կոռուպցիայի դէմ պայքարող մէկ պետական մարմին
ստեղծելու, բայց կանգ էք առել բարձրաստիճան պաշտօնական անձանց էթիկայի
յանձնաժողովն ուժեղացնելու տարբերակի վրայ:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Այս պահին որեւէ մոդել ընտրուած
չէ. կոռուպցիայի դէմ պայքարի խորհրդի նիստում ներկայացուել են երկու
մոդելներ: Մէկը հասարակական կազմակերպութիւնների (ՀԿ-ների) կողմից Կարէն
Զադոյեանն էր ներկայացնում՝ քաղաքացիական հասարակութեան համակարգող խորհրդի
քարտուղարը, եւ միւսը՝ արդարադատութեան նախարարութիւնը: Ներկայացրեցինք՝
պարզապէս առանց որեւէ մոդելի վրայ շեշտադրում անելու, թէ միջազգային
պրակտիկան ինչպիսի մոդելներ է առաջարկում, ինչ մարմիններ կան աշխարհում: Եւ
մեզ տրուեց յանձնարարական՝ մշակել եւ երկու գործուն տարբերակներ
ներկայացնել խորհրդի նիստ, որտեղ կը կայացուի վերջնական որոշումը: Որոշում
դեռեւս չկայ: Յանձնարարական չկայ, թէ որ ուղղութեամբ ենք գնում: Մոդելներից
մէկը՝ ունիվերսալ մոդելը, ենթադրում է, որ միեւնոյն
մարմինը կրթական, կանխարգելիչ եւ քննչական գործառոյթներ է իրականացնում:
Միւսն ապակենտրոնացուած մոդելն է, որն ընդունուած է նաեւ Հայաստանում, երբ
քննչական գործառոյթը մէկ մարմին է իրականացնում, իսկ միւս երկուսը՝ մէկ այլ
մարմին: Յառաջիկայ օրերին ներկայացնելու ենք կառավարութեանը երկու
հաւասարաչափ գործող մոդելներ՝ ցոյց տալով, թէ երկու դէպքում էլ ինչ
փոփոխութիւններ են անհրաժեշտ լինելու:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Դուք անձամբ ո՞ր մոդելի կողմնակիցն էք:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Իմ կարծիքով, ունիվերսալ
մոդելը տարբեր երկրներում իր կենսունակութիւնն ապացուցել է, բայց, նայելով
այն երկրներին, որտեղ ապակենտրոնացուած մոդելն է գործում, չեմ կարող
չնկատել, որ այնտեղ էլ յաջողուած փորձ կայ, եւ դա կապուած է նրանից, թէ
իրենք ինչ խնդիր են դրել այդ մարմնի առջեւ: Փորձը ցոյց է տալիս, իսկ մենք
ուսումնասիրել ենք 30ից աւելի երկրների փորձը, որ իրականում ամէն ինչ
կախուած է ոչ այնքան մոդելի ընտրութիւնից, որքան նրանից, թէ ինչ երաշխիքներ
ունի կոռուպցիայի դէմ պայքարի մարմինը, ինչ գործառոյթներ, եւ ինչ
կարգավիճակ է դրան տրուել, անկախութեան ինչ աստիճան: Կարեւոր է միանձնեայ
ղեկավարման գործօնը՝ պատասխանատուութիւն կրելու ու հանրային
հաշուետուողականութիւնը բարձրացնելու, որովհետեւ, պատկերացրէք մի իրավիճակ,
երբ նախարարութիւնները ղեկավարում են ոչ թէ նախարարները, այլ մի քանի
հոգի, եւ այստեղ հանրային հաշուետուողականութեան մակարդակն աւելի ցածր է:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Բարձրաստիճան անձանց էթիկայի
յանձնաժողովի աշխատանքն ինչպէ՞ս էք գնահատում: Մինչ օրս այդ յանձնաժողովն
էր իրականացնում ձեր ասած կրթական եւ կանխարգելիչ գործառոյթները:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Իրենց տրուած գործիքակազմի
սահմաններում աշխատանքը գնահատում եմ նորմալ: Բայց էթիկայի յանձնաժողովն
այդ գործառոյթներն ամբողջական ծաւալով իրականացնելու գործիքակազմ չի
ունեցել, յատկապէս կրթական գործառոյթի մասով, որը մասամբ վերաբերում է
կանխարգելիչ գործառոյթին: Պատշաճ քայլեր կատարելու համար նրանց ամբողջական
ծաւալով տրուած չեն եղել այն երաշխիքները, որոնք մենք հիմա առաջարկելու ենք
ապակենտրոնացուած մոդելում: Էթիկայի յանձնաժողովն անկախ չէր, օրինակ՝
ֆինանսական առումով բիւջէում մէկ տողով չէր ֆինանսաւորւում, չունէր իր
սեփական աշխատակազմը:
Յանձնաժողովն ունի 5 անդամ եւ վերջ, եւ այդ հսկայածաւալ աշխատանքն իրականացնել 5 հոգով՝ այնքան էլ իրատեսական չէր:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ի՞նչ է անում յանձնաժողովը, եթէ պարզէր, որ բարձրաստիճան անձն ունեցուածքը սխալ է յայտարարագրել կամ թաքցրել է ինչ-որ բան:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Եթէ այսօրուայ գործիքակազմի
մասով էք հարցնում, ապա գործող օրէնսդրութիւնը սանկցիաւորում
չի նախատեսում սխալ կամ կեղծ յայտարարագիր ներկայացնելու համար: Էթիկայի
յանձնաժողովը կարող է միայն վերլուծութիւնների շրջանակում ամբողջական
տեղեկատուութիւնը վերլուծել, հրապարակել, բայց կոնկրետ սանկցիաւորման
տեսանկիւնից քայլեր ձեռնարկելու իրաւասութիւն չունի: Մինչդեռ մենք
առաջարկում ենք ե՛ւ վարչական, ե՛ւ քրէական պատասխանատուութեան լծակներ. այդ
դէպքում յանձնաժողովը կ՛ունենայ վարչական վարոյթներ իրականացնելու
իրաւասութիւն:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Հնարաւո՞ր է, որ ինչ-որ միջազգային
կազմակերպութեան պարտադրանքով ենք հիմա որոշել զբաղուել այս խնդիրներով:
Ձեր նշած խնդիրները վաղուց կան: Ինչո՞ւ հիմա:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Միջազգային պարտադրանք չի
եղել: Մենք ունենք միջազգային պարտաւորութիւններ, բայց եթէ կը յիշէք, իմ
նշանակումից 20 օր անց մենք հաստատեցինք կոռուպցիայի դէմ պայքարի
ռազմավարութիւնն ու գործողութիւնների ծրագիրը, եւ շատ գործողութիւններ
նախատեսուած են հէնց այդ փաստաթղթերով: Այս պրոցեսում ներգրաւել ենք նաեւ
ՀԿների տարիներ շարունակ կատարած ուսումնասիրութիւնները: Ես վստահ եմ, որ
կառավարութիւնը քաղաքական կամք է դրսեւորում եւ հաստատակամութիւն՝ գնալու
այս ուղղութեամբ:
Ուղղութիւններից մէկն էլ ապօրինի հարստացմանն է վերաբերում: Այն պահից
սկսած, երբ պաշտօնական անձը չի կարողանում հիմնաւորել, որ իր ունեցուածքը
կամ ծախսերը, որոնք զգալիօրէն աճել են եւ համադրելի չեն իր օրինական եկամտի
հետ, պէտք է ենթարկուի քրէական պատասխանատուութեան: Եթէ դու ունես ամսական
3 կամ 4 հազար դոլարի եկամուտ, բայց 100 հազար դոլարանոց մեքենայ ես
վարում, ու որեւէ կերպ չի հիմնաւորւում, թէ որտեղից քեզ այդ մեքենան, դրա
համար պէտք է վրայ հասնի քրէական պատասխանատուութիւն:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Օրինակ, յաճախ պաշտօնեան
յայտարարագրում գրում է «նուիրատուութիւն», բայց թէ ով է նուիրել, չի
գրում: Նախատեսո՞ւմ էք, որ գրուած լինի աղբիւրը, ոչ թէ հարցեր ծագեն, մենք
էլ վազենք համապատասխան պաշտօնեայի հետեւից, հարցնենք, թէ ով է իրեն,
ասենք, այդ մեքենան նուիրել, նա էլ ասի՝ եղբայրս, կամ չասի ու անցնի առաջ:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Դրա համար ապօրինի հարստացման
մեխանիզմը պիտի լրացուի մի քանի այլ փաթեթներով: Ես խնդրին մի քիչ այլ կերպ
եմ վերաբերւում: Ոչ թէ բացայայտել է պէտք, թէ ով է եղել նուիրատուն,
այստեղ կարող է անձնական տուեալների պաշտպանութեան խնդիր առաջանալ, այլ մեր
նպատակն է հնարաւորութիւն ստեղծել, որպէսզի իրաւասու մարմինը՝ տուեալ
դէպքում հակակոռուպցիոն մարմինը, կարողանայ հարցեր ուղղել համապատասխան
պաշտօնատար անձին՝ պահանջելով նրանից հիմնաւորել կամ բացայայտել նուիրատուի
անձը, միջոցները եւ այլն:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Իրական սեփականատէրերի բացայայտման մասին էք խօսել: Ինչպէ՞ս էք անելու, որ պաշտօնեան չթաքցնի իր կապն այս կամ այն ընկերութեան հետ:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Միջազգային հանրութիւնն էլ է
նոր սկսել այս մասին բարձրաձայնել: 2015ին ԵՄ բոլոր երկրներին
յանձնարարական է տրուած մինչեւ 2017 թուականի Յունիսն աւարտին հասցնել
իրական սեփականատէրերի մատեան ստեղծելու գաղափարը: Մի քանի երկիր են սկսել
այդ աշխատանքը՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Դանիան ու Սլովակիան:
Իւրաքանչիւր երկիր ընտրել է այն ոլորտը, որն ինքն աւելի ռիսկային է
համարում: Օրինակ, Մեծ Բրիտանիան յատկապէս անշարժ գոյքի շուկան է
կարեւորել: Մենք, որպէս առաջին քայլ, նախագիծը ներկայացնելու ենք պետական
գնումների ոլորտում իրական սեփականատէրերի բացայայտման հետ կապուած: Այն
կազմակերպութիւնը, որը ցանկանում է մասնակցել պետգնումների մրցոյթին,
պարտաւորուած է լինելու բացայայտել, թէ ովքեր են իր իրական սեփականատէրերը,
անկախ նրանից՝ Հայաստանում գրանցուած է, թէ ոչ, ընդ որում՝ նշել 10
տոկոսից աւելի բաժնեմաս ունեցող բաժնետէրերին կամ իրական շահոյթ
ունեցողներին: Դա լինելու է հրապարակային: Ոչ թէ կազմակերպութիւնն է
բացայայտուելու, այլ ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատէրը: Մենք
պահանջելու ենք նաեւ իրաւաբանական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կը
հաստատեն, որ այս մարդը տուեալ ընկերութեան իրական սեփականատէրն է: Եթէ
կեղծ լինեն տուեալները, բնականաբար, անձը պատասխանատուութեան կ՛ենթարկուի:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Գաղտնիք չէ, որ մեր երկրում, այս
մասին միշտ գրել է մամուլը, նախագահը, վարչապետը, երկրորդ նախագահը,
նախարարները, նրանց կանայք ունեն կազմակերպութիւններ, բիզնես, բոլորը մեծ
ունեցուածքի, բազմաթիւ ընկերութիւնների տէր են: Նրանք է՞լ են
բացայայտուելու:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Որեւէ իրական սեփականատէր, որը
կը մասնակցի պետգնումների ոլորտին, պէտք է բացայայտուի: Հայաստանը կարեւոր
առանձնայատկութիւն ունի՝ փոքր պետութիւն է, որտեղ դժուար է իրական
սեփականատէրերի ով լինելը գաղտնի պահել: Այս ոլորտում ուժեղ հանրային
հսկողութիւն է լինելու, որի դերը թերագնահատել պէտք չէ: Առայժմ խօսքը
պետգնումների մրցոյթներին մասնակցելու մասին է: Անկախ նրանից, թէ ով կը
լինի, եթէ մասնակցում է պետական գնումներին եւ կազմակերպութեան բաժնետէր է,
պէտք է բացայայտուի:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ապօրինի հարստութեան բացայայտումն
ինչ-որ ժամանակացոյց ենթադրելո՞ւ է: Այն հարստութիւնը, որն օրէնքի
ընդունումից առաջ կար, վերահսկուելո՞ւ է:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Յետադարձ ուժը սահմանադրական
նորմ է, վատթարացնող նորմը յետադարձ ուժ չունի, եւ դրա յստակ ձեւակերպման
հարցերն անցումային դրոյթներով պէտք է կարգաւորուեն:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Այսինքն՝ նախագահը, երկրորդ
նախագահը, որն ահռելի ունեցուածքի տէր է, վարչապետը, որի ունեցուածքը
թուարկւում է մեր եւ արտասահմանեան կայքերում, հնարաւոր է, որ
պատասխանատուութիւն չկրե՞ն:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Պէտք է յստակ տարանջատել, որ
պահից սկսածն ենք քննարկման առարկայ դարձնում: Այո, սահմանադրական նորմը
պէտք է իր արտացոլումն ստանայ: Ուզենք, թէ չուզենք, դա այդպէս է: Երբ էլ
ապօրինի հարստացումը քրէականացնենք, վատթարացնող օրէնքի յետադարձ ուժ
չունենալու սկզբունքը գործելու է:
ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ.- Որքա՞ն ժամանակ կը պահանջի ողջ գործընթացը:
ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Կարծում եմ՝ ԱԺ աշնանային
նստաշրջանին կը փորձենք ողջ փաթեթը ներկայացնել: Խօսքն ապօրինի
հարստութեան, իրական սեփականատէրերի, կանխիկ փոխառութիւնների
սահմանափակման, կեղծ յայտարարագրման համար վարչական ու քրէական
պատասխանատուութեան, հակակոռուպցիոն մարմնի վերաբերեալ դրոյթների մասին է:
«Հրապարակ», 23 Օգոստոս 2016
No comments:
Post a Comment