ԱՐԹՈՒՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանում բո՞ւրգ… Մենք սովոր ենք դրանք տեսնել Եգիպտոսում, յայտնի են նաեւ ացտեկների, մայաների քաղաքակրթութիւններին պատկանող հնդկացիական բուրգերը Հարաւային Ամերիկայում, եւ յանկարծ առաջին հայեացքից անհաւատալի ու տարօրինակ լուր յայտնուեց` Հայաստանում բուրգ կայ, բուրգ է յայտնաբերուել:
Մեր զրուցակիցը հին եւ կորուսեալ քաղաքակրթութիւնների գաղտնիքների հետազօտող, աշխարհահռչակ «National Geographic», «Նռան հատիկ» (Միացեալ Նահանգներ), «Անդին» ամսագրերում, Ռուսաստանում հրատարակուող «Քրոնոս» միջազգային հանդէսում եւ այլ պարբերականներում հրապարակուած բազմաթիւ յօդուածների հեղինակ Վազգէն Գէորգեանն է` Գուսան Համազասպի որդին: Նրանից առաջ էլ տեղացիներն իմացել, տեսել, հասկացել, համոզուել են, որ Դուինի կամ, աւելի շատ, Գետազատ գիւղի մօտ գտնուող ուշագրաւ բլուրը սոսկ բլուր չէ, նրա տակ ինչ-որ խորհրդաւոր շինութիւն է թաքնուած, սակայն Վազգէն Գէորգեանն առաջինն է նկատել ու հասկացել, որ այդ շինութիւնը բուրգ է:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս նկատեցիք ու համոզուեցիք, որ Դուինի մօտ գտնուող
բլուրը սոսկ բլուր չէ, եւ որ դրա տակ հաստ հողաշերտով ծածկուած բուրգ է
թաքցուած:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Հինգ տարի առաջ ես, կինս, ընկերս գնացինք Դուինի հնավայր,
որը Երեւանից մօտ 40 կիլոմետր է հեռու: Այնտեղ հնագէտների մի քանի տնակ
կար, նաեւ` պահակ, որը երեխաներ ունէր: Այդ երեխաներից մէկին հարցրեցինք`
բացի այս հնավայրից, ի՞նչ հետաքրքիր բաներ գիտես Դուինի շրջակայքում, ասաց`
Տրդատի պալատը: Հարցրեցի` ինչպէ՞ս կարող եմ գտնել, ասաց` «Կանաչ Կիրակի»
մատուռի տեղը կը հարցնէք, դրա վերեւն է: Թէեւ դա պալատ չէ, այլ ամրոց, եւ
այն Տրդատը չի կառուցել, սակայն երեխան տեղը ճիշդ ցոյց տուեց:
Գնացինք, այդ մատուռի դիմաց, իրօք, տեսանք մնացորդները աւերակուած մի
ամրոցի, որը, ինչպէս հետագայում դրա մասին կարդացի, Խոսրով Կոտակի կառուցած
Տիկնունեաց ամրոցն է եղել: Այդտեղից մենք սկսեցինք ցած նայել ու շրջապատը
նկարել: Այդ ընթացքում մեր ոսպնեակում յայտնուեց Գետազատ գիւղի մօտ գտնուող
ինչ-որ մի բլուր, որը նման է շինութեան, աւելի որոշակի` հողով ծածկուած
բուրգի: Մենք այդ նմանութիւնն առաւել յստակ յայտնաբերեցինք յետոյ, երբ
դիտում էինք նկարները, թէեւ դեռ նկարելիս զգացինք այդ բլրի ձեւի տարօրինակ
լինելը, բայց մութն ընկաւ, ու մենք չկարողացանք աւելի մօտիկից այն
հետազօտել: Մէկ շաբաթ յետոյ յետ վերադարձանք, այս անգամ արդէն բարձրացանք
այդ բրգաձեւ շինութեան վրայ, որի տեսանելի բարձրութիւնը գետնի մակերեսից
աչքաչափով մօտ 20 մետր է: Նկատեցինք, որ վրան ջրագիծ է քաշած ու ծիրանի
ծառեր են տնկուած, որոնք, սակայն, բոլորը չորացած էին:
Բարձրացանք բլրի գագաթը, այդ ծառերից ու ջրագծից բացի, ոչինչ էլ
չտեսանք, մէկ էլ` ճանապարհին քարէ աստիճանների պէս բաներ նկատեցինք, բայց
կարծեցինք, թէ դրանք գիւղացիների արածն են: Իջանք ցած, տակը 82-ամեայ մի
ծերունի կար, ասաց` տղե՛ք ջան, ի՞նչ էիք ման գալիս: Հարցրեցինք` հայրի՛կ
ջան, դուք այստե՞ղ էք ծնուել: Ասաց` հա՛: Ասացինք` էս սարի մասին մեզ ի՞նչ
կը պատմես: Ասաց` տղեք ջան, էսի սար չէ, շինութիւն է: Վա՛յ, ասինք, հայրի՛կ
ջան, ո՞նց թէ շինութիւն է… Բա դու ինչպէ՞ս կարող ես ապացուցել, որ
շինութիւն է: Ասաց` տղե՛ք ջան, էսի մուտք ունի, ու մի պատմութիւն պատմեց,
թէ այն ժամանակ, երբ թուրքերը յարձակուել են, տեղի ժողովրդին` ծեր ու
մանուկ, տարել, մտցրել են մի ինչ-որ սենեակ, որ այդ շինութեան մէջ է, յետոյ
քարը դրել մուտքին, փակել են, նրանք այդտեղ մահացել են, եւ այդպէս մնացել
է: Հարցրեցինք` հաստա՞տ գիտես, որ սա շինութիւն է, ասաց` հա՛, 100 տոկոսով:
Ասացինք` այդ մուտքը դու տեսե՞լ ես… Բա թէ` հա՛, իմ հերս էլ է տեսել, մենք
էլ ենք տեսել, բոլոր գիւղացիներն էլ գիտեն, որ սա շինութիւն է: Ինքը
տարաւ, մուտքի հողածածկ տեղը մօտաւորապէս ցոյց տուեց: Այդպէս մենք թողեցինք
եկանք:
Յետոյ ես մեր հնագէտներից ոմանց յայտնեցի այդ ամէնի մասին, սակայն,
ցաւօք, նրանք բանի տեղ չդրեցին, այսինքն չեկան, չտեսան, ասացին` եթէ
գիւղացիներն են ասել, դու գիւղացիներին մի՛ հաւատա: Կարճ ասած, դիմել եմ
տուեալ ոլորտի պատասխանատուներին, որոնցից ոչ մի պատասխան չեմ ստացել,
համապատասխան որեւէ գործողութիւն չի եղել: Հետագայում ոմանք, չգիտես
ինչո՛ւ, ոչ պաշտօնապէս լուր տարածեցին, թէ դա մոնկոլի դամբարան է: Ամէն
ինչից զատ, այդպիսի վիթխարի չափերի ի՞նչ մոնկոլի դամբարան, այդ մոնկոլները
հո կիկլոպներ չէի՞ն… Մի օր հնագէտներից մէկին հարցրեցի` դեռ չէք բացել,
մոնկոլին էլ չէք գտել, ինչի՞ց էք եզրայանգել, որ դա մոնկոլի դամբարան է:
Ասաց` այդ ստալակտիտային հարթաքանդակներից: Յետոյ ի՞նչ, չէ՞ որ, օրինակ,
մեր Գեղարդն էլ է ստալակտիտային հարթաքանդակներով (դա հարթաքանդակի տեսակ
է):
Հ.- Ի՞նչ շարունակութիւն ունեցաւ այս պատմութիւնը:
Պ.- Անցեալ տարի «Արմենիա» հեռուստաընկերութիւնից ինձ մօտ եկաւ Լուիզա
Սուքիասեանը եւ այդ բուրգի մասին էլ լսելով (նա ինձ հետ Տաթեւի սեան հետ
կապուած գաղտնիքների մասին տեղեկագրութիւն էր պատրաստում), խնդրեց իր հետ
գնալ Դուին, որ այդ բուրգի մասին էլ հեռուստանիւթ պատրաստի: Տեղում
իմացանք, որ այն պապիկն արդէն մահացել է:
Մօտ 32-ամեայ մի տղայի տեսանք, անունը` Վահագ, Գետազատ գիւղի
բնակիչներից է, բուրգի տակի միւս այգին էլ իրենն է: Նրան հարցրեցինք`
Վահա՛գ ջան, դու ի՞նչ գիտես այս բուրգի մասին: Նա սկսեց շատ որոշակի բաներ
պատմել: Ասաց, որ սրանից մօտ երկուսուկէս տարի առաջ գիւղացիները բարձրացել
են բուրգի գլուխը ու սկսել քանդել հողաշերտը: Քանդել են մի 2, երկուսուկէս
մեթր ու շինութեան` բուրգի գլխին հանդիպել: Բացել են այն, նաեւ` քառակուսի,
սրբատաշ քարերը, ստալակտիտային հարթաքանդակները: Դրանց կէսը կողքերն է
գցուած, զարդաքանդակներից մէկը տարել են «Կանաչ Կիրակի» մատուռի մօտ, դրել
որպէս սրբութիւն, մենք նկարել ենք դա: Հետագայում ինչ-որ մարդիկ հողը լցրել
են բուրգի գագաթի վրայ, դարձեալ ծածկել, սակայն ինչքան էլ գագաթը փակել
էին, բացուածքն էլի մնացել էր: Հիմա այդ բուրգը վերեւից տրուած բանաւոր
կարգադրութեամբ պահպանութեան տակ է, Գետազատի գիւղապետի հետ
պայմանաւորուածութիւն է եղել, որպէսզի այդ բուրգին ոեւէ մէկը ձեռք չտայ…
Շատ հետաքրքիր շինութիւն է այդ բուրգը: Տուֆից է այն, ընդ որում, նման
էր Արթիկի տուֆին, վարդագոյն է: Տուֆն, ի հարկէ, ժամանակաշրջանի ինչ-որ
խախտում է տալիս, դէ, գիտէք, մեզ մօտ հնում բազալտն է օգտագործուել, տուֆ
պէտք չէր լիներ, տուֆից աւելի շատ քրիստոնէական ժամանակաշրջանի կառոյցներն
են լինում, բայց, յամենայն դէպս, մի բան պարզ է` այն ոչ թէ բլուր է, այլ
շինութիւն, ընդ որում` բուրգ:
Ուզում եմ դիմել մեր մեծահարուստ գործարարներին, ի վերջոյ, վարչապետին
ու նախագահին` զբօսաշրջութի՞ւն ենք ուզում զարգացնել Հայաստանում, որ այդ
բուրգը բացենք, զբօսաշրջիկները կ՛աւելանա՞ն այստեղ… Թէ՞ 300 հազար տոլարով
էլի երկու բիոտուալէտ առնենք ու զբօսաշրջութիւն զարգացնենք:
Հ.- Ըստ ձեզ, ովքե՞ր են կառուցել Դուինի բուրգը, ե՞րբ են կառուցել, ինչո՞ւ են կառուցել…
Պ.- Մի պահ ենթադրենք, որ մենք այդ բուրգը չէինք յայտնաբերել: Պարզից էլ
պարզ է, որ բրգաշինարարները եղել են հայերը: Որ այդ հետազօտութիւնը եւ
հետեւութիւնը մեր գիտնականները դեռ չեն արել, դա դեռ ոչինչ չի նշանակում,
որովհետեւ մտածելու ունակութիւն ունեցող իւրաքանչիւր մարդ կը հասկանայ, որ
մեր բոլոր խաչագմբէթաւոր, տակը հաւասարաթեւ խաչով, կենտրոնաձիգ գմբէթով
եկեղեցիները երկրաչափօրէն բուրգ են ուրուագծում, այսինքն` եթէ գմբէթից չորս
հատ գիծ տանենք այդ հաւասարաթեւ խաչի անկիւնները, կը ստանանք բուրգ:
Մայաները կործանուեցին, կորան, այլեւս որեւէ նոր բան չկառուցուեց, հայ
ժողովուրդը մինչեւ հիմա էլ իւրօրինակ բուրգեր է կառուցում` յանձինս
եկեղեցիների, եւ, կարծում եմ, կատարելագործուած բուրգեր է կառուցում: Ոմանք
գիտեն, որ բուրգը նուրբ ուժանիւթերի կենտրոնացման վայր է, նոյնը`
եկեղեցին, եթէ, ի հարկէ, այն իր ճիշդ տեղում է կառուցուած: Այնտեղ դրուած
մթերքները չեն փչանում եւ այլն, եւ այլն: Բուրգերի ֆենոմենալ
յատկութիւնների մասին հիմա ամբողջ աշխարհն է խօսում: Ոեւէ մէկը փորձե՞լ է
հիմա նոյն բանը ստուգել հայկական խաչագմբէթաւոր եկեղեցում: Մենք
խաչագմբէթաւոր եկեղեցու ուղիղ կենտրոնաձիգի` գմբէթի տակ, մէջտեղում դրեցինք
կենսաֆիզիկոս Ռաֆիկ Սարգսեանի կենսորոշիչ սարքը, եւ այն միանգամից
փաստագրեց հզօր կենսաուժերի ներհոսք կամ առկայութիւն: Չնայած` դա էլ որ
չանէինք, պարզ էր: Ինչո՞ւ են շշով ջուր բերում եկեղեցի, ինչո՞ւ է այն
եկեղեցական ծիսակարգով դրւում յատուկ տեղում (մարդիկ գիտեն` ի՛նչ են
անում), սովորական ջուրն ինչպէ՞ս է այնտեղ յանկարծ սուրբ դառնում, առանց բակտերիաների, ու չի նեխում, ի՞նչն է ազդում ջրի վրայ, որ այն դրանից յետոյ
տարիներով կարող է մնալ, չնեխել: Դա գիտութիւն է:
Եգիպտական, ինչպէս նաեւ հարաւամերիկեան բուրգերի նիստերը հէնց այնպէս
չեն կառուցուած, դրանք իրենց դիրքերով երկրի չորս կողմերը կողմնացոյցի նման
ցոյց են տալիս: Հիմա դժուա՞ր է հասկանալ, որ եկեղեցիներն էլ, լինելով
վերափոխուած բուրգեր, նոյն սկզբունքով են կառուցուած, դրանք միաժամանակ
իւրօրինակ կողմնացոյցներ են. խորանը գտնւում է արեւելքում, դուռը գտնւում է
արեւմուտքում, խորանից աջ հարաւն է, ձախ` հիւսիսը: Այսինքն բուրգերի եւ
եկեղեցիների առնուազն չորս համապատասխանութիւն առկայ է` ճարտարապետական,
իւրօրինակ կողմնացոյց հանդիսանալը կամ աշխարհագրական կողմնորոշումների
համապատասխանութիւնը, ֆենոմենալ յատկութիւնները եւ պաշտամունքի վայրեր
լինելը:
Ի վերջոյ, արդէն պարզ է, որ Դուինում եղածը բուրգ է: Ես պնդում եմ դա:
Նկատի ունենալով նաեւ, որ իմ հեղինակութիւնը ոմանց չի բաւարարում, ես
այստեղ ոչ մի արդիւնքի չեմ կարող հասնել, անցեալ տարի Հայաստան հրաւիրեցի
հնագոյն քաղաքակրթութիւնների աշխարհահռչակ հետազօտող Գրեմ Հենքոքին: Այդ
մարդը տուեալ ոլորտում ամենահեղինակաւորն է, բաւական է ասել, որ նրա գրած
գրքերն ամբողջ աշխարհում վաճառուել են 5 միլիոն տպաքանակով (*): Ե՛ւ Պերուում,
ե՛ւ Եգիպտոսում, ե՛ւ Հնդկաստանում, ե՛ւ Չինաստանում ու այլ երկրներում
պարոն Հենքոքն իր ոտքով է շրջել, իր աչքով տեսել ու ձեռքով շօշափել: Նա Յուլիսին եկաւ, 7 օր մնաց այստեղ: Տարայ բուրգի մօտ, տեսաւ, շշմեց… Գրեմ
Հենքոքը փաստեց, որ այն բուրգ է եւ չի կարող բուրգ չլինել: Իր
հարցազրոյցում նա ասաց` ես աշխարհում շատ սարեր եմ տեսել, սա բուրգ է,
ինչ-որ մէկի մտքով չի կարող անցնել, որ սա սար է, մի՞թէ կայ մէկը, որը
կարող է ասել, որ սա բուրգ չէ: Երբ պատասխանեցի, որ կան նաեւ այդպիսի
մարդիկ, նա ասաց` սա ակնյայտ բուրգ է: Դրա հարթաքանդակները տեսնելուց յետոյ
աւելին ասաց` ես ամբողջ աշխարհում ման եմ եկել, բայց այսպիսի բուրգ, այս
տեսակի բուրգ ոչ մի տեղ չեմ տեսել, այստեղ տեսայ: Նա Դիմատետրի իր էջում
դրել է Դուինի բուրգի նշանը, դեռ անցեալ տարի այն աւելի քան 150 հազար
հաւանում էր ստացել, միայն դրա համար շատ մարդիկ ցանկութիւն են յայտնել
այցելել Հայաստան, իսկ մերոնք ասում են, թէ իբր մոնկոլի դամբարան է:
Մի պահ ենթադրենք, թէ մոնկոլի դամբարան է, ուրեմն ի՞նչ` այդ մոնկոլն
եկել այստեղ մեռել է, մինչ այդ բուրգն իրեն շատ է դուր եկել, ասել է` ես որ
մեռնեմ, ինձ կը տանէք, այնտեղ կը դնէք, տարել, դրել են այնտեղ: Հիմա
ընդամէնը մէկ հարց` այդ դամբարանը կառուցողներն ովքե՞ր էին, հայ
ճարտարապետները չէի՞ն… Չէ՞ որ բրգաշինութեան համար ճարտարապետական լուրջ
գիտելիքներ էին անհրաժեշտ, մշակոյթ, զարգացածութիւն, քաղաքակրթութիւն, հէնց
այնպէս, միանգամից չէին կարող բուրգ կառուցել: Թող բացեն, յետոյ պարզ կը
լինի, կարեւորն այն չէ, թէ ներսում մոնկոլի, հայի թէ մէկ ուրիշի աճիւնն է,
կամ, ընդհանրապէս, այդպիսին կա՞յ, թէ՞ ոչ, կարեւորն այդ բրգաձեւ
ճարտարապետական կառոյցն է, եւ այն, որ այդ բուրգը, ես համոզուած եմ, մեր
շատ հարցերի պատասխանները կը տայ, որովհետեւ այնտեղ ե՛ւ գրութիւններ կարող
են յայտնաբերուել, ե՛ւ այլ գտածոներ, որոնք ուղղակի կը վերականգնեն մեր
կորսուած պատմական յիշողութիւնը: Ենթադրում եմ, որ Դուինի բուրգն առնուազն
2000 տարուց էլ հին է, մնացածը յայտնի կը լինի, երբ այն կը բացենք: Ես
տեսել եմ մինչքրիստոնէական տաճարի հիմքերը… Աւելին ասեմ` այնտեղ, ըստ
գիւղացիների, առնուազն եւս երկու այդպիսի` հողաշերտով ծածկուած բուրգ կայ:
Եթէ դա իրօք այդպէս է, ապա այդ տարածքն արդէն Գիզէի հովտին է նմանւում:
«Նիւթ» (nyut.am), 2 Սեպտեմբեր 2015
«Ազդակ», 15 Օգոստոս 2016
----------------------------
(*) Կրեհեմ Հենքոք (Graham Hancock) արհեստավարժ հնագէտ ու պատմաբան չէ։ Ան սկովտիացի լրագրող մըն է, որ վերջին 25 տարիներուն դարձած է «ոչ-պայմանական մտածող [մը] որ վիճայարոյց հարցեր կը դնէ մարդկութեան անցեալի մասին» ("unconventional thinker who raises controversial questions about humanity’s past")։ Իր բազմաթիւ գիրքերուն մէջ, ան փորձած է հիմնաւորել այն պնդումը, որ ինչ-ինչ համաշխարհային հին ու նոր կոթողներ կառուցուած են հետեւելով համաստեղութիւններու շարուածքին։ Այս պնդումը, ինչպէս եւ ուրիշներ, հերքումներու արժանացած են գիտնականներու կողմէ՝ փաստական սխալներու պատճառով։ Գիրքերէն մէկ քանին գրուած են իր կնոջ՝ լուսանկարիչ Սանթա Ֆայայի համահեղինակութեամբ («Հայկականք»)։
No comments:
Post a Comment