ՆԱՅԻՐ ԵԱՆ
Հայոց պատմութիւնը բացառիկ հարուստ նիւթ է կինոյի համար: Մեր անցեալի բացայայտուած ու առեղծուածային էջերը հետաքրքրական ֆիլմերի վերածուելու բոլոր նախադրեալներն ունեն, բայց էկրան բարձրանալու բախտին հազուադէպ են արժանանում: Հոլիվուդը, նաեւ այլ երկրների կինոարտադրութիւննէր յաճախ պատմական ֆիլմեր են նկարահանում՝ մեծ մասամբ հիմնուած յօրինուածքի վրայ, քարոզում ու հանրահռչակում են այս կամ այն ժողովրդի, յատկապէս հրեաների հետ երեւակայական առնչութիւն ունեցող անիրական պատմութիւններ (*): Այստեղ են ասել՝ մածունն ում են տուել, ախորժակն՝ ում:
Բերենք ղազախական օրինակը. Ղազախստանը պետական լուրջ գումարներ է յատկացնում այն ֆիլմերին, որոնք արծարծում են իր ազգային պատմութիւնը: Այդ երկիրն անգամ հարկային արտօնութիւններ է սահմանել այն հովանաւորների համար, ովքեր գումարներ կը տրամադրեն ազգային թեմաներով ֆիլմերի ստեղծմանը: Եւ ամէն տարի աստղաբաշխական գումարներ են դուրս գալիս Ղազախստանի բիւջէից. միայն թէ ֆիլմ նկարուի, օրինակ՝ անապատներում ուղտ ու ոչխար պահող քոչուոր մի շեղաչքի մասին, որի ընտանիքը բազմանում է ձիու գաւակին ու որը լաւ դափ է խփում:
Չնայած մեր պետութիւնն ազգային թեմաներով ֆիլմեր չի պատուիրում ու չի ֆինանսաւորում եւ առանձնապէս շահագրգռուած չէ նման ֆիլմերի քարոզչութեամբ ու հանրահռչակմամբ, բայց եւ այնպէս, մեր իրականութեան մէջ կան անհատներ, որոնք սեփական նախաձեռնութեամբ (իսկ դա նշանակում է՝ մեծ դժուարութիւններ յաղթահարելով, մի կերպ գումարներ հայթայթելով, ընկերների ու մտերիմների աջակցութեամբ) էկրան են բարձրացնում ազգային, պետական շահերից բխող ֆիլմեր:
Պատմական գիտութիւնների դոկտոր, ԵՊՀ հայոց պատմութեան ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսեանը 5-6 տարի առաջ մտայղացել է ստեղծել Ուրարտու հայկական պետութեան մասին լիամետրաժ փաստավաւերագրական ֆիլմ: Հարուստ ու հսկայածաւալ նիւթին լիարժէք տիրապետելով՝ նա մշակել է ֆիլմը ներկայացնելու մօտեցումներն ու առանցքային խնդիրները, գրել սցենարն ու իր հեղինակային ֆիլմի գաղափարը ներկայացրել ռեժիսոր Արտակ Աւդալեանին, որի հետ համագործակցելու նախադէպն արդէն կար: Մինչ այս կինոնախագիծը, նրանք միասին ստեղծել են նաեւ «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը՝ նուիրուած հայոց դպրութեան պատմութեանը՝ սկզբից մինչեւ Մեսրոպ Մաշտոց, ապա «Հռոմից աւելի հին մայրաքաղաքը» եւ «Պատմութեան կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմերը, որոնք մեր քաղաքամայր Երեւանի հինաւուրց կենսագրութիւնը ներկայացնելով՝ պատմական փաստերի լեզուով հակադարձում են ադրբեջանցիների զաւեշտալի բարբաջանքներին, թէ իբր Երեւանն իրենք են հիմնադրել:
Հերթը Ուրարտուինն է: Արտակ Մովսիսեանն ու Արտակ Աւդալեանն արդէն 5 տարի պատրաստում են «Արարատի թագաւորութիւնը (Ուրարտու)» փաստավաւերագրական ֆիլմը, որը շատ հարցերի պատասխաններ կը տայ, կը ներկայացնի Ք.Ա. 9-7-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում հիմնադրուած Ուրարտու պետութեան պատմութիւնը, մշակոյթը, աւանդոյթները, կրօնը, հոգեւոր ու աշխարհիկ ճարտարապետութիւնը, կենցաղը. 300 տարուայ բարձրագոյն քաղաքակրթութիւն, որի էթնիկ կրողներն ու ստեղծողները հայերս ենք:
«Ուրարտուն Հայաստանի ասորաբաբելական անուանումն է, բայց գիտութեան մէջ ընդունուած է Ուրարտու անունով կոչել միայն Վանի թագաւորութիւնը (Բիայնա, Ուրարտու, Արարատ): Մեր պատմութեան համար Վանի թագաւորութիւնն առանցքային դեր է ունեցել: Հայկական պետականութիւնն իր սահմանները գծել է Հայկական լեռնաշխարհի վրայ, որը համապատասխանում է յետագայ Մեծ Հայքին: Վանի տիրակալները ողջ Հայկական լեռնաշխարհը միաւորել են մէկ միասնական պետութեան մէջ: Վանի թագաւորութիւնն առաջին համահայկական պետութիւնն է, որը միաձոյլ ամբողջութիւն է դարձրել հայ ժողովրդին եւ 1500 տարուայ լիցք է տուել մեզ՝ Ք.Ա. 1-ին հազարամեակի սկզբից մինչեւ մ.թ 5-րդ դարը: Ուրարտուն՝ որպէս ֆենոմեն, լիարժէք գնահատուած չէ անգամ մեր դասագրքերում: Պէտք է պատմական ճշմարտութիւնը բոլորն իմանան. Վանի թագաւորութեան գերիշխող էթնոսը հայերն են: Վաղուց կայ անհրաժեշտութիւն՝ Ուրարտուն համակողմանիօրէն ներկայացնելու, մեր պատմութեան կարեւորագոյն դրուագները ցոյց տալու ոչ միայն օտարազգիներին, այլեւ հէնց մեզ: Դպրոցներին ուսումնական ֆիլմեր են պէտք. դաշտը դատարկ է: Էլ ինչի՞ համար է պատմութիւնը, եթէ այն այսօրուան ու վաղուան չի ծառայելու»,- նկատում է պատմաբան, ֆիլմի հեղինակ Արտակ Մովսիսեանը:
Տասնամեակներ շարունակ հակասական տեսակէտներ են հրապարակուել Ուրարտուի վերաբերեալ: Գաղտնիք չէ, որ սովետական տարիներին վերեւներից յատուկ հրահանգ է իջեցուել՝ Ուրարտուն օտարել հայ ժողովրդի պատմութիւնից ու անցեալից, անգամ դասագրքերում այն ներկայացնել՝ որպէս ԽՍՀՄ-ի տարածքի առաջին եւ միակ ստրկատիրական, բայց ոչ երբեք հայկական էթնիկ պետութիւն: Արտակ Մովսիսեանը պատմութեան կամակոր խմբագիրներից օրինակ բերեց Ստալինին, որն անդրկովկասեան երկրների պատուիրակութիւնների առաջ ելոյթ ունենալիս շեշտել է. «Դուք՝ հայերդ, խաղաղ, ստեղծագործ ժողովուրդ էք, դուք նուաճող ուրարտացիների հետեւորդները չէք, պա՞րզ է»: Պարզ է, որ ժողովուրդների առաջնորդին ոչ ոք չէր կարող հակաճառել, անգամ պատմական փաստերը վկայակոչել: Սովետական տարիներին քաղաքական ճնշումների հիմնական նպատակն այն է եղել, որ հայերը ԽՍՀՄ ժողովուրդներից ոչնչով չառանձնանան եւ յանկարծ ազգային գաղափարներով չսնուեն, համոզմունք չտածեն, թէ իրենք սովետական միւս ազգերից ամենահինն են, հինաւուրց պատմութիւն ու մշակոյթ ունեն:
Հիմա քաղաքական ճնշումներ, պարտադրանքներ չկան, բայց չկայ նաեւ մեր պատմութեան փառայեղ էջերը վեր հանելու, ճանաչելի դարձնելու, մեր հզօր պետականութիւնը՝ որպէս օրինակ ու դաս ուսուցանելու պետական շահագրգռուածութիւն ու հայեցակարգային պարզ ցանկութիւն: Մինչդեռ թուրքերն, օրինակ, ուրարտական քաղաքակրթութիւնն ու մշակոյթը ջանասիրաբար ներկայացնում են իբրեւ իրենց նախնիների կերտած պատմութիւն: Սրա հիմքերը ոչ վաղ անցեալում են ու դարձեալ պետական ծրագրուած մօտեցման արդիւնք: Արտակ Մովսիսեանը վկայակոչում է պատմութեան մէկ այլ կամակոր խմբագրի՝ Քեմալ Աթաթուրքին, որը թուրք պատմաբաններին յանձնարարել է Թուրքիայի տարածքի բոլոր հին քաղաքակրթութիւնների հետ կապել թուրքերին: Այդ մոլուցքով առաջնորդուելով՝ Առաջաւոր Ասիայի բոլոր ժողովուրդներին նրանք իրենց նախնիներ են համարում, ինչպէս օրինակ՝ ուրարտացիներին, խէթերին, անգամ շումերներին: Աթաթուրքի յանձնարարականը մինչեւ հիմա սրբօրէն իրագործւում է, դրանով դաստիարակւում, կրթւում ու ոգեշնչւում են թուրքերի բոլոր սերունդները:
Բացի պատմական հարուստ ժառանգութիւնից ու ծաւալուն ասելիքից, «Արարատի թագաւորութիւնը (Ուրարտու)» ֆիլմի ստեղծման պատճառ են հանդիսացել նաեւ ազգային պատուախնդրութիւնն ու ճշմարտութիւնը վեր հանելու, ճշմարտութեան մասին իրազեկելու բնական ձգտումները: Ֆիլմի ստեղծագործական խումբը 8-9 ճամբորդութիւն է կատարել Ուրարտուի տարածքում՝ Արեւմտեան Հայաստանում, Հայաստանի Հանրապետութիւնում, Պարսկաստանում: Այն, ինչ տեսել ու զգացել են նրանք, արձանագրել է նաեւ տեսախցիկը: Նկարահանուել է ծաւալուն նիւթ՝ հնավայրեր, թանգարաններ, սեպագիր արձանագրութիւններ, յուշարձաններ, դաշտավայրեր, մի խօսքով՝ հին հայկական պետութիւն ու քաղաքակրթութիւն՝ իրենց իրեղէն ու ոգեղէն վկայութիւններով, անջինջ հետքերով ու խօսուն ներկայութեամբ: Ֆիլմում ընդգրկուած են նաեւ 13-14 գիտնականների վերլուծութիւններ: Բանախօսների մեծ մասն օտարերկրացի է: Ֆիլմը կը պատրաստուի չորս լեզուով՝ հայերէն, ռուսերէն, անգլերէն եւ թուրքերէն: Ռեժիսոր Արտակ Աւդալեանը շատ կ՚ուզենար, որ լինէին նաեւ խաղարկային հատուածներ, բայց լիովին գիտակցում է, որ իւրաքանչիւր ցանկութիւն իրագործելու համար գումար է պէտք: «Արարատի թագաւորութիւնը (Ուրարտու)» ֆիլմի աշխատանքների կէսից աւելին արուած է: Ինչպէս են հայթայթուել գումարները, հեղինակն ու ռեժիսորը ժպիտով պատասխանում են՝ այս ու այն տեղից, ընկերներից, սեփական գրպանից. կոնկրէտ հաստատուած բիւջէ չենք ունեցել:
Ֆիլմը յետարտադրական փուլում է, որը նոյնպէս ծախսեր է պահանջում, ընդհանուր առմամբ՝ 10-13 հազար դոլար: Հեղինակները մինչեւ հիմա ապաւինել են մասնաւոր անձանց բարի կամքին ու պատուախնդրութեանը, յոյս ունեն՝ աջակիցնէր էլի կը յայտնուեն: Նման ֆիլմերը կինոդիտողի համար նաեւ պատմական էքսկուրս են՝ անիմացիայի եւ 3D-ի միջոցով շօշափելիօրէն ու առարկայական ցուցադրելով պատմական տարածքները, քարտէզները, ճարտարապետական յուշարձանները: Նման հնարքները վաղուց արդէն ընդունուած ու սովորական ձեւաչափ են կինոյում, ընդ որում՝ ոչ թէ շռայլութիւն, այլ անհրաժեշտութիւն:
«Արարատի թագաւորութիւնը (Ուրարտու)» փաստավաւերագրական ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը լիայոյս են, որ հնարաւորութիւն կ՚ունենան՝ իրենց ֆիլմը համալրելու եւ յագեցնելու տեխնիկական այդ հնարքներով, հայ եւ միջազգային հանրութեանը ներկայացնելու հայկական հնագոյն պետութիւն-երկրի՝ Ուրարտուի մասին համակողմանիօրէն պատմող երկմասանի ֆիլմ: Այն սկսուելու է աստուածաշնչեան վկայութեամբ եւ աւարտուելու է ուղերձով՝ ի լուր բոլորի՝ Ուրարտուն եղել է հայկական հզօր պետութիւն, որը խարսխուած է եղել ոչ թէ բռնակալութեան ու արիւնահեղութեան, այլ ստեղծարար, խաղաղ, պետականաշէն հիմերի վրայ:
«Ազգ-Մշակոյթ», 8 Յուլիս 2016
(*) Կ՚արժէ իմանալ, թէ որո՞նք են «հրեաների հետ երեւակայական առնչութիւն ունեցող անիրական պատմութիւններ»ը («Հայկականք»)։
No comments:
Post a Comment