21.6.16

Հրանուշ Խառատեան․ «Պատրաստուե՞նք 1936-37-ին, յատկապէս, որ այն ծեծում է մեր դուռը»

Յունիս 20, 2016ին Երեւանի մէջ ձերբակալուած է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումի առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլեանը։ Ըստ քննչական կոմիտէի հաղորդագրութեան, Մայիս 20ին Ծիծեռնակաբերդի խճուղիի սկզբնամասը տեղի ունեցած ինքնաշարժի արկածէ մը ետք, խնդրոյ առարկայ մեքենայէն յայտնաբերուած էին երկու ինքնաձիգ զէնքեր՝ 120 փամփուշտներով։ Վարորդն ու ուղեւորը ձերբակալուած են՝ ապօրինի զէնք փոխադրելու մեղադրանքով։ Հաղորդագրութիւնը այնուհետեւ յայտնած է.
«Մասնաւորապէս՝ քրէական գործի շրջանակներում համատեղ քննչական եւ օպերատիւ-հետախուզական մեծածաւալ միջոցառումների արդիւնքում պարզուել է, որ Ժիրայր Սեֆիլեանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբաւորումների միջոցով, զէնքի գործադրմամբ, զաւթել շէնքեր, շինութիւններ, հաղորդակցութեան եւ կապի միջոցներ, այդ թւում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զէնք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ յանցաւոր գործողութիւններ ծրագրել էին իրականացնել ապրիլեան պատերազմին յաջորդող ժամանակահատվածում»։ Ըստ հաղորդագրութեան, ութը հոգի ձերբակալուած է. «Առաջադրուած մեղադրանքները հիմնաւորուել են ինչպէս գործով ձեռք բերուած բազմաթիւ ապացոյցնելով, այնպէս էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով: Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զէնք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. Յունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլեանը ձերբակալուել է»:
Նոյն օրը, Սեֆիլեան առերեսուած է իր դէմ ցուցմունք տուած անձին հետ, որ անոր գործով կալանաւորուածներէն մէկն էր։ Ըստ պաշտպան փաստաբան Արա Զաքարեանի, «նա այն անձնաւորութիւնն է, ով որ քննչական մարմնի պատուէրն է կատարում։ Նա ցուցմունք է տուել Սեֆիլեանի դէմ, ընդ որում, անհեթեթ՝ ըստ մեր պաշտպանեալի գնահատման եւ մեր, որի նպատակը մէկն էր՝ ձեւականօրէն արհեստական ապացոյց ձեռք բերուի Ժիրայր Սեֆիլեանին կալանաւորելու համար։ Սեֆիլեանը յայտարարել է, որ էս ամբողջը բացայայտօրէն իրականութեանը չի համապատասխանում, անհեթեթութիւն է եւ իշխանութեան կողմից նախապէս մշակուած հերթական ծրագիրը՝ քաղաքական հայեացքների համար իր նկատմամբ քրէական հետապնդում իրականացնելու համար»։
«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումի անդամ Վարուժան Աւետիսեանի պնդումով, իրեն յայտնի որեւէ այլ անդամ կալանաւորուած չէ: Ավետիսյան անհեթեթ համարած զինուած խումբերով շէնքեր գրաւելու մտադրութեան մասին տեղեկութիւնը. «Գրաւէր, որ ի՞նչ նպատակ հետապնդէր դրանով, ուղղակի շէնքեր գրաւէ՞ր»։
Ազգագրագէտ Հրանուշ Խառատեանը Դիմագիրքի իր էջին մէջ անդրադարձած է ձերբակալութեան. 

1936-ի Մայիսի 22-ին, ուղիղ 80 տարի առաջ, ՀՀ ՆԳԺԿ-ն, Բերիայի դրածոյ տխրահռչակ Մուղդուսու գլխաւորութեամբ, ձերբակալեց Ներսիկ Ստեփանեանին: Այսօր այս անունը շատ քչերին է յայտնի, իսկ 1936-ին շատերը գիտէին նրան: Ներսիկի ջանքերով էր, որ Մոսկուայում գտնուող Հայկական Մշակույթի Տունը (Լազարեան ինստիտուտի շէնքը, ներկայիս Հայաստանի դեսպանատունը ՌԴ-ում) Բերիան չկարողացաւ խլել Հայաստանից: Ներսիկ Ստեփանեանն էր, որ դիմադրում էր Անդրֆեդերացիայի երկու շնագայլերի՝ Բերիայի և Միրջաֆար Բաղիրովի՝ Հայաստանին տնտեսական մեկուսացման մղելու ջանքերին, Ներսիկ Ստեփանեանն էր, որ դեռեւս փորձում էր հայկական մշակութային որոշ արժէքներ պահպանել (օրինակ՝ «Ծիծեռնակ» եւ «Կռունկ» երգերը, որոնք յայտարարուել էին ազգայնական եւ արգելուել էին դրանց կատարումները, ուսուցումը եւ առհասարակ յիշատակումը), նպաստել էր Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի հրատարակութեանը եւ այլն: Նրա տանը գտել էին գրառումներ, որոնցում Ներսիկը փորձում էր վիճարկել Անդրֆեդերացիայի ընդհանուր բիւջէի անհամամասն բաշխման խնդիրները եւ ապացուցում էին, որ նա տեղեակ է, թէ ինչպէս է ընդհանուր բիւջէն իւրացւում Վրաստանում: Ներսիկ Ստեփանեանը Բաղիրովի եւ Բերիայի «անձնական թշնամին էր»:
Ներսիկի ձերբակալութիւնից մէկ ու կէս ամիս անց՝ Յուլիսի 9-ին, Բերիան Թիֆլիսի իր առանձնասենեակում սպաննեց ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջեանին: Խանջեանի թաղման օրուայ կուսակցական ակտիւի ժողովում նրան մեղադրեցին «տնտեսական նացիոնալիզմում», քանի որ Խանջեանը նախաձեռնել էր, օրինակ՝ «Ժողտան» կառուցումը Երեւանում կամ Երեւան-Աղստաֆա երկաթգծի կառուցումը, որով Հայաստանը դուրս էր գալիս վրացական երկաթգծի կախուածութիւնից: Օգոստոսին սկսուեցին զանգուածային ձերբակալութիւնները: Բերիան ԽՍՀՄ ռեպրեսիաների խօսափող «Պրաւդա»-ում յօդուած տպագրեց Ներսիկ Ստեփանեանի կողմից Հայաստանում ստեղծուած նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպութեան եւ «հայ ժողովրդի թշնամիների մասին»:
Ձերբակալուածներից շատերը, ինչպէս Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմէնը, Դրաստամատ Տէր-Սիմոնեանը եւ շատ ուրիշներ «խոստովանեցին», որ Ներսիկ Ստեփանեանը ստեղծել էր նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպութիւն, եւ իրենց մոլորութեան մէջ գցելով՝ ներգրաւել այդ կազմակերպութեան մէջ: Երկար դիմադրելուց յետոյ «խոստովանեց» նաեւ Ներսիկ Ստեփանեանը: Շատերը գնդակահարուեցին: Ներսիկ Ստեփանեանի գնդակահարութեանը յաջորդեցին իր երկու եղբայրների գնդակահարութիւնները:
Ի դէպ, ձերբակալուեցին եւ գնդակահարուեցին նաեւ Ներսիկ Ստեփանեանի ձերբակալութեան հրամանը ստորագրած Հայաստանի գլխաւոր դատախազ Պետիկ Թորոսեանը, ինքը՝ Մուղդուսին, նաեւ Խանջեանին փոխարինած, նոյնպէս Բերիայի դրածոյ Ամատունին, բոլորն էլ նոյն՝ նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպութեան անդամակցութեան մեղադրանքներով: Ձերբակալուեցին եւ գնդակահարուեցին Սարդարապատի ճակատամարտի հերոս սպաները, նաեւ շարքային կամաւորները, Ցեղասպանութիւնից փրկուած բոլոր ֆիդայական առաջնորդները: Ստալինը եւ Բերիան Հայաստանը բեռնաթափում էին կամքից: Թերթերը փողհարում էին հայ ժողովրդի թշնամիներից ազատուելու մասին եւ հայ ժողովրդին կոչ էին անում շնորհակալ լինել «հարազատ պարտիայից» եւ անձամբ «բոլոր ժամանակների հանճարեղ հայր Ստալինից»: Անցել է ութսուն տարի: ՆԳԺԿ-ն այդպէս էլ որեւէ առարկայական ապացոյց չգտաւ «Հայաստանում ստեղծուած նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության» մասին:
Այսօր՝ Յունիսի 20-ին ձերբակալուել է Ժիրայր Սեֆիլեանը: Հանրութեան կարծիքով՝ որովհետեւ փորձել է մի փոքր բարձրացնել ապրիլեան պատերազմի վարագոյրը: Քննչական կոմիտէի յայտարարութեամբ՝ տեռորիզմի մտադրութիւններով ցանց ստեղծելու եւ զէնք ու զինամթերք կուտակելու մեղադրանքով: «Ժիրայր Սեֆիլեանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինուած խմբաւորումների միջոցով, զէնքի գործադրմամբ, զաւթել հաղորդակցութեան եւ կապի միջոցներ, այդ թւում՝ Երեւանի հեռուստաաշտարակը.......»:
Ապացոյցը՝ ճանապարհային ոստիկանութեան կողմից անյայտ մեքենայում յայտնաբերուած երկու ինքնաձիգ եւ «բազմաթիվ խոստովանական ցուցմունքներ»: Խոստովանական ցուցմունքներով այսօր կոռուպցիայի դէմ չեն պայքարում, ապացոյցներ են ուզում, այն ապացոյցները, որոնք հանրութեան մօտ չեն, իշխանութիւնների մօտ են: Առանց ապացոյցների «խոստովանական ցուցմունքներ»ը միայն քաղաքական հետապնդումների դէպքում են լինում:
«Խոստովանական ցուցմունքներ»ի ձեռք բերման պրակտիկան, դրանց վրայ կառուցուած արդարադատութեան համը եւ հետեւանքները յայտնի են, եւ դրանք լուրջ սպառնալիք են հասարակութեան համար: Պատրաստուե՞նք 1936-37ին, յատկապէս, որ այն ծեծում է մեր դուռը: Բացե՞նք դուռը, դիմադրե՞նք, փախչե՞նք...»:

No comments:

Post a Comment