16.1.16

Հայերս եւ նարինջը. յետամանորեայ «պատմա-բանասիրական» ուրուագիծ

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
Տարաշխարհիկ մրգերն այսօր հայ մարդու համար՝ Հայաստանում թէ այլուր, բարեբախտաբար աւելի քան սովորական, առօրեայ երեւոյթ են: Մինչդեռ ոչ վաղ անցեալում հայաստանցու համար դրանք հազուագիւտ էին: Անգամ ցիտրուսային պտուղները դժուար գտանելի, բաղձալի համադամներ էին, յատկապէս չքաւոր եւ սահմանափակ կենցաղով ապրող խորհրդահայի համար, որի աչքին ոչ միայն անանասն ու բանանը, այլեւ նարինջը լիութեան, փարթամ կեանքի էանիշ էր (յիշենք, թէ ինչպէս 1990-ականների սկզբին ՀՀ առաջին նախագահի «նարինջ ուտողներ» արտայայտութիւնը վրդովմունք առաջացրեց սփիւռքահայերի եւ շատ հայաստանցիների մէջ):
Նարինջը համարւում է չինական մրգատեսակ (գիտական անուանումըՙ citrus sinensis` չինական ցիտրուս, իսկ ռուսերեն apelsin բառն առաջացել է գերմաներէն apfel sin՝ չինական խնձոր բառից): Բառը հայոց լեզու մուտք է գործել արաբերէնից (naranj): Պատմութեան ընթացքում այն քիչ թէ շատ ծանօթ կուլտուրա է եղել Կիլիկիայի հայութեան համար, իսկ մերձարեւադարձից հեռու ապրող լեռնաբնակ հայութեան մեծ մասի համար եղել է անմատչելի մի բան: Այս առումով յիշենք մի ուշագրաւ դէպք հայոց պատմութիւնից: Յայտնի է, որ Մեծ Եղեռնից յետոյ հայրենասիրութեամբ տոգորուած արեւմտահայ մնացորդացն իր հարսանիքների ժամանակ սկսել է հանգանակութիւններ կատարել եւ դրանք նուիրաբերել հայ որբերին, Կարմիր Խաչին եւ հայոց բանակին։ 1920 թուականին Ադաբազար քաղաքում Պետրոս Աֆէեանի հարսանիքին եւս աճուրդ է կազմակերպուել, որից գոյացել է 40 ոսկի գումար` «հազիւ վերջացեր էր աճուրդը, երբ հանդիսականներէն մէկը նարինջ մը նուիրեց Հայ բանակին. ժողովուրդը սիրով ընդունեց սիրազեղ այդ նուէրը եւ աճուրդի դրաւ» (տես Սօս Վանի, «Նարինջ մը նուէր` Զանգեզուրի հայ առիւծներուն», Ճակատամարտ թերթ, 29.01.1920)։
Խորհրդային տարիներին եւս տասնամեակներ շարունակ նարինջը եղել է ապրանքային դեֆիցիտ (անգամ շփացած Մոսկուայի համար, էլ ուր մնաց՝ փոքրիկ ծայրագաւառ Հայաստանի): Եթէ հարեւան Վրաստանից պակաս յարգի մանդարինը հասնում էր Հայաստան, ապա նարինջը մնում էր հազուագիւտ դելիկատես, որը յաճախ Մոսկուայում կամ Լենինգրադում գտնուող կամ այցելող հայաստանցիները ծանրոցով ուղարկում էին Հայաստանի իրենց հարազատներին: Եւ տարօրինակ էր թւում, որ թէեւ նարնջի հազուագիւտ լինելուն՝ Խորհրդային Հայաստանում արտադրւում էր նարնջի ծամոն (որի անուանումը տպւում էր վրիպակովՙ Նարնզի…): Եւ մեր խնայող ու հնարամիտ տնտեսուհիները անգամ նարնջի կեղեւներն էին օգտագործում՝ դրանից մուրաբա պատրաստելով, ինչը այսօր ոչ հայաստանցիներին ու նաեւ մեր նոր սերունդներին չափազանց տարօրինակ է թւում…
Խորհրդահայ իրականութեան մէջ նարնջի հազուագիւտ բնոյթն արտացոլուել է Իւրի Երզնկեանի «Մեր թաղի ձայները» ֆիլմից (1959-1960) դուրս մնացած մի տեսարանում: Ֆիլմի պատանի հերոսն իր առաջին աշխատավարձով նարինջ է գնում: Նա մենակ նստած է բարում եւ շփման կարիք ունի: Հարեւան սեղանի մօտ նստած ծերուկի հետ (դերակատարՙ Հրաչեայ Ներսիսեան) նա խօսք է բացում դժուար գտանելի նարնջի մասին, որից հիմա իր գրպանում կայ: Ծերուկն ընթացք չի տալիս խօսակցութեանը, սակայն որոշ ժամանակ անց ժպտալով մօտենում է նրան եւ ասում. «նարի՛նջ տուր» (տես С.Г.Асмикян, Тесный кадр, Ереван, 1992, էջ 38-39): Չի բացառւում, որ այս տեսարանը կինոնկարից դուրս է մնացել հէնց նարնջի՝ դեֆիցիտ լինելու փաստը խորհրդահայ էկրանից բարձրաձայնելու պատճառով…
Հետաքրքրական է, որ տարիներ անց նարինջը՝ որպէս խորհրդային իրականութեան դեֆիցիտ ապրանք, իր էկրանային արտայայտութիւնն է գտել նաեւ Կիրա Մուրատովայի «Կարճ հանդիպումներէ (1967) ֆիլմում. այս կինոնկարն էլ, ի դէպ, Մուրատովայի այլ աշխատանքների պէս, կինովարձոյթ չի մտել եւ կոնսերվացուել է։
Շառլ Ազնաւուրի քոյրը՝ Այդա Ազնաւուր-Կառվարենցն իր յուշագրքում մի սրտաճմլիկ վկայութիւն է թողել 1960-ականներին Խորհրդային Հայաստանում նարնջի դեֆիցիտի վերաբերեալ: Երբ 1965 թուականին նրա մայրը յանկարծամահ է եղել Մոսկուայի օդակայանում, եւ Այդան ամուսնու հետ մեկնել է Մոսկուա, նրանք Փարիզից պատուիրել են յատուկ ինքնաթիռ՝ տիկին Ազնաւուրեանի մարմինը Ֆրանսիա վերադարձնելու համար: Ֆրանսիայից ժամանած օդանաւն իր հետ բերել է մի արկղ նարինջ: «Մայրիկի բարեկամուհին մեզ պատմել էր, թէ ինչպէս իրենք Հայաստանում այցելել են մի ծեր կնոջ, որը 1946 թուականին է Մարսէլից «մայր հայրենիք» ներգաղթած եղել եւ մահուան մահճում միայն մի բան՝ գոնէ մի հատ նարինջ է ուզել: Տիկին Գայանէն խոստացել է ուղարկել, բայց ողջ Մոսկուան տակնուվրայ անելով՝ ոչինչ չէր կարողացել գտնել: Ամէն տեղ նրան նոյն պատասխանն էին տուել.
- Նարի՞նջ, ի հարկէ, լինում է, մի՛շտ, հէնց նոր վերջացաւ:
Երբ նա մեզ ասաց այդ մասին, մենք Բրունոյին խնդրեցինք Կարաւելով նարինջ ուղարկել: Բայց ոչ, պարզուեց, որ դրանով մենք ծանր վիրաւորանք ենք հասցնում ընկերվարական երկրին։
- Մեզ մօտ ամէն ինչ կայ,- ասացին ոստիկանները,- մեր ժողովուրդը ոչ մի բանի կարիք չունի, ե՛տ տարէք նարինջները։
- Բայց գուցէ Հայաստանի որեւէ, մի շատ հեռաւոր գիւղում միշտ չի՞ ճարւում ...
- Ո՛չ, ո՛չ,- չոր-չոր ընդհատեց ոստիկանապետը,- ամէն տեղ էլ կայ: Որքան որ սրտներդ ուզի։
Նարինջները մեզ հետ Ֆրանսիա վերադարձան: Մեր Սվետլանան դատարկաձեռն էր գնացել ծեր կնոջ մօտ: Նրան թոյլ չտուին մահամերձ հիւանդի համար գոնէ մէկ հատ նարինջ վերցնել» (Այդա Ազնաւուր-Կառվարենց, Ափարիկս, Երեւան, 2012, ֆրանսերէնից թարգմանեց Գրիգոր Ջանիկեանը, էջ 220):
Գոհ լինենք, որ անցել են նման անհեթեթ ժամանակները, եւ վառ գոյնով, հիւթալի, դրախտաբոյր-դրախտահամ նարնջապտուղն այլեւս հեռաւոր երազանք չէ հայաստանցիներիս համար… Ասում են, որ նոյնիսկ մի ժամանակ գրեթէ մերձարեւադարձային Մեղրիում (Կարճեւան գիւղում), ի թիւս այլ ցիտրուսային կուլտուրաների, նաեւ նարինջ են աճեցրել… Մնում է մաղթել, որ մեր գիւղատնտեսութիւնն այնքան զարգանայ, որ մի օր մեր տեսականիում «նարինջ դեղձի» հետ մէկտեղ լինի նաեւ իսկական նարինջ: «Հայաստանեան նարինջ»: Խոստովանենք, որ լաւ է հնչում…

«Ազգ», 15 Յունուար 2016

No comments:

Post a Comment