23.6.15

Բաղրամեան պողոտայում կատարուածը շարժման վերջը չէր

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Բաղրամեան պողոտայում կատարուածը կանխատեսելի էր: Պողոտայի սկզբնամաս հասնելուց յետոյ ցուցարարները միայն գիտէին, թէ ինչու են գնում նախագահական, նրանց նպատակն էր նախագահին ստիպել կասեցնելու ՀԾԿՀի կայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը: Եթէ ցուցարարներն աւելի հասուն գտնուէին եւ առաջնորդուէին սթափ բանականութեամբ, այլ ոչ թէ զգացմունքներով, թերեւս, հաշուի կ՚առնէին, որ իրաւական առումով նախագահը ՀԾԿՀի կայացրած որոշումը կասեցնելու իրաւասութիւն չունի, եւ այդ պահանջի հասցէատէրը նա չէ: Եթէ նա նոյնիսկ նման հրահանգ իջեցնէր, գործելու էր Սահմանադրութիւնից դուրս: Չի կարող տրամաբանական լինել, որ մի դէպքում նախագահի կողմից պետական իշխանութեան մարմինների գործունէութեանը միջամտելը, ուղղորդելը լինի դատապարտելի, մէկ այլ դէպքում՝ ողջունելի:
Սա չի նշանակում, թէ ցուցարարներն իրենց պայքարում ու պահանջներում սխալ էին: Սա նշանակում է, որ նրանք ընտրել էին այդ պայքարն առաջ մղելու, յաջողութեան հասնելու՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհ: Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը փոխելու համար նախագահին պահանջներ ներկայացնելն աւելի շատ վկայում էր խնդիրը քաղաքականացնելու եւ այն հակաիշխանական կամ յեղափոխական պրոցեսի վերածելու տրամադրութիւնների մասին: Որքան էլ պարզ է, որ դրա ենթատեքստը ՀԷՑի նման լկտի գործունէութիւնը դադարեցնելու հարցում իշխանութեան անգործութիւնն ու իրական պատասխանատուութիւնն ընդգծելն է, նման շեշտադրումը հանրութեանը դրդում է զգուշաւորութեան: Առաւել եւս, երբ այդ տրամադրութիւնները գեներացւում են ԵՄ դրօշների ներքոյ:
Եթէ նոյնիսկ խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացման դէմ պայքարը իշխանափոխութեան քաղաքական պրոցեսի վերածելն էր, միանգամից նախագահին պահանջներ ներկայացնելը սխալ էր տակտիկապէս: Որովհետեւ դա տանում է փակուղի, քանի այդ դէպքում իշխանութիւնը կոմպրոմիսի գնալու աւելի քիչ հակուածութիւն էր ցուցաբերելու:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Ոստիկանական պատնէշին բախուելուց յետոյ ցուցարարներն այլեւս չգիտէին իրենց յետագայ անելիքները: Ոմանք պնդում էին կատարել Ազատութեան հրապարակ վերադառնալու եւ այդպիսով ոստիկանութեանն ոյժ կիրառելու հնարաւորութիւնից զրկելու տարբերակը, միւսները՝ մինչեւ վերջ տեղից չշարժուելու: Ցուցարարների պատուիրակութեանն ընդունելու եւ խնդիրը նրանց հետ քննարկելու առաջարկը մերժելուց յետոյ Ազատութեան հրապարակ վերադառնալը լինելու էր նահանջ՝ յանգեցնելով հանրային հերթական հիասթափութեան: Բայց դա առաջացած իրավիճակից նուազագոյն կորուստներով դուրս գալու միակ տարբերակն էր: Տեղում մնալը անկասելիօրէն յանգեցնելու էր ոստիկանութեան կողմից ոյժի կիրառման, ինչը եւ տեղի ունեցաւ՝ առանց պահանջատէր հանրութեան համար որեւէ շօշափելի արդիւնքի: Բաղրամեան փողոցում մնալու որոշումը տրամաբանական կը լինէր այն դէպքում, եթէ գիշերը մարդկանց թիւը ոչ թէ նուազէր, այլ աւելանար: Դա հնարաւոր էր միայն հանրութեանը փողոցում պահելու մեթոդաբանութիւն կիրառելու դէպքում: Այդ հմտութեանը, սակայն, ցուցարարները չէին տիրապետում: Պատահական չէ, որ ոստիկանութիւնը վճռական գործողութիւնների դիմեց հէնց այն ժամանակ, երբ փողոցում ամենաքիչ թուով մարդիկ էին մնացել:
Բայց ոյժի կիրառման հիմնական շարժառիթը ոչ այնքան դա էր, որքան բացուող օրուայ հեռանկարից երկիւղը: Գիշերային իրենց սխրանքով այդ մի խումբ երիտասարդները ոգի էին տալիս հանրութեանը, եւ չէր բացառւում, որ այսօր արդէն Բաղրամեան փողոցում տասնեակ հազարաւոր մարդիկ հաւաքուէին հանրապետութեան ողջ տարածքից: Այդ դէպքում ոյժի ցանկացած կիրառում անկանխատեսելի հետեւանքներ էր ունենալու: Ջրցան մեքենաները հէնց այդ հեռանկարը խափանեցին:
Ի՞նչ էր լինելու, եթէ երթի մասնակիցներն ընդունէին հանդիպելու՝ նախագահի առաջարկը: Դատելով նախկին նմանատիպ փորձից՝ այդ հանդիպումը ոչնչի էլ չէր կարող յանգեցնել: Սերժ Սարգսեանի հետ բանակցութիւնների մէջ մտած բոլոր սուբյեկտները, լիդերները ձախողուել են: Դատելով երթի մասնակիցների յամառութիւնից ու նպատակասլացութիւնից՝ դրանից յետոյ նրանք աւելի ուժեղ էին շարունակելու պայքարը: Բացի դրանից՝ ընդունել նման առաջարկ, նշանակելու էր համաձայնել բանակցել կոմպրոմիսային ինչ որ լուծումների շուրջ: Իսկ հանրութեան պահանջը միանշանակ էր: Ընդառաջ գնալը նշանակելու էր նահանջ սկզբունքային կէտից, ինչը տանելու էր ձախողման:

Ի՞ՆՉ ԵՂԱՒ
Այս ակցիայի տապալման հիմնական պատճառը երիտասարդութեան անփորձութիւնն էր, տարերայնութիւնը եւ զգացմունքայնութիւնը: Բայց սա բացարձակապէս չի նուազեցնում նրանց արածի հասարակական-քաղաքական, հոգեբանական արժէքը: Երիտասարդները չնահանջեցին, անգամ ջրի շիթերի ուժեղ ճնշման տակ՝ ցոյց տալով իշխանութեան ուժից չվախենալու յեղափոխական ոգին: Միաժամանակ, չկատարեցին որեւէ լուրջ իրաւախախտում, ամբողջ գիշերուայ ընթացքում ոչ մի սադրանքի չտրուեցին՝ ցոյց տալով, թէ ինչպէս կարելի է պայքարել առանց ատելութեան, առանց ոչնչացնելու տրամադրուածութեան, առանց մաղձի: Եւ այս որակը միակ երաշխիքն է, որը կարող է շարունակութիւն հաղորդել սկսուած պայքարին եւ հայաստանցուն, ի վերջոյ, դարձնել Հայաստանի քաղաքացի:
Բաղրամեան փողոցում կատարուածը շարժման վերջը չէր: Այլ կարող է դառնալ դրա ծաւալման ջրբաժանային կէտը: Սա մտածողութեան յեղափոխութիւն է:
Կանխատեսելի էր նաեւ իրավիճակը հանգուցալուծելու՝ ոստիկանութեան ընտրած տարբերակը: Նման հանգուցալուծումներ անցած 23 տարուայ ընթացքում հասարակութիւնը տեսել է բազմիցս: Բայց այս անգամ ոստիկանութեան գործողութիւնները շատ աւելի սառնասիրտ էին, ինչ որ տեղ աւելի համբերատար՝ անկախ ներկայումս նրա գործողութիւնների նկատմամբ խիստ զգացմունքային վերաբերմունքից: Ոստիկանութիւնն արեց այն, ինչ սպասում են նրանից նման իրավիճակներում: Որքան էլ փորձ արուեց հանդէս գալ հրեշտակի կերպարով, ի վերջոյ, ոստիկանութիւնն ի յայտ բերեց բոլոր հիմնական արատները՝ քաղաքացիական հագուստով անձանց ներգրաւում, ցոյցը ցրելու ժամանակ դրսեւորած անհամաչափ դաժանութիւն, քաղաքացու նկատմամբ անթաքոյց ատելութիւն, արհեստական իրեղէն ապացոյցներով ցուցարարների գործողութիւններում յանցակազմի որոնում ու սեփական քայլերի ու որոշումների արդարացում:
Եւ, այնուամենայնիւ, Բաղրամեան պողոտայում տեղի ունեցածի հիմնական մեղաւորը ոստիկանութիւնը չէր: Իշխանութիւնը չպէտք է թոյլ տար, որ բանը հասնէր ոստիկանութեան գործողութեանը: Երեք օր իշխանութիւնը տեղեակ էր նստացոյցի մասնակիցների, ընդհանուր առմամբ ողջ հասարակութեան պահանջին՝ վերանայել թանկացման որոշումը: Սակայն իրեն պահում էր այնպէս, կարծես ո՛չ այդ հանրային պահանջը կար, ո՛չ Ազատութեան հրապարակի նստացոյցը, ո՛չ էլ Բաղրամեան փողոցով նախագահական շարժուելու «սպառնալիքը»: Նախագահը ցուցարարներին ընդունելու պատրաստակամութիւն է յայտնում միայն այն ժամանակ, երբ երթն արդէն շարժւում էր Մաշտոցի պողոտայով:
Որեւէ կոմպրոմիս իշխանութիւնը հասարակութեանը չառաջարկեց:
Մինչդեռ՝ այս շարժումը արժանապատուութիւն, ինքնիշխանութիւն դրսեւորելու հնարաւորութիւն էր: Եթէ իշխանութիւնը բաւարար խոհեմութիւն ու համարձակութիւն ունենար, այս շարժումը կարող էր օգտագործել՝ ռուսական կողմին զիջումների մղելու համար: Բայց դրա փոխարէն, ինչպէս միշտ, նախընտրութիւնը տրուեց սեփական հասարակութեան բերանը ամենակոշտ միջոցներով փակելու, հասարակութեան կամքը կոտրելու միջոցով ռուսական շահերը սպասարկելուն, Եւգենի Բիբինի ապահովութիւնն ու անարգել ցինիզմի շարունակումը երաշխաւորելուն:
Երեւի պէտք էր, որ հասարակութիւնն իրեն նոյնքան նուաստացած զգայ բիբինների կողքին, որքան իշխանութիւնն է ինքն իրեն զգում:

«Երկիր» (www.yerkir.am), 23 Յունիս 2015

No comments:

Post a Comment