ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
«Ազգ»ի Մարտի 20-ի համարում տեղ գտած «Մեծ Եղեռնը վերապրած Աւրորա Մարդիգանեանի պատմութիւնը՝ Մարտ ամսուայ գիրք» նիւթում նշուած է. «Նոյն թուականին (1918-ին - Ա. Բ.) էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանուած «Յօշոտուած Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Աւրորային վիճակուած էր մարմնաւորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ կինօդերասանուհին է»
Այս փաստը շրջանառւում է Համացանցի տարբեր էջերում եւս:
Իրականում առաջին հայ կինօդերասանուհին Աւրորա Մարտիկանեանը չէր (հայերէնով ճիշդ է նրա անունն այսպէս գրելը, ոչ թէ արեւմտահայերէնից անգլերէն տառադարձուած ձեւը պատճէնելը):
1912-ին կինօ մուտք է գործել ռուսական նախախորհրդային կինոյի հայազգի աստղ Մարիա Գորիչեւան (Կազանջիեւա, 1887-1967), որ յետագայում նկարահանուել է 60-ից աւելի ֆիլմերում:
1913 թուականին հայ թատրոնի դերասանուհի Ժասմէնը (Մարիամ Գրիգորեան, 1894-1978) Կիեւում նկարահանուել է Եակով Պրոտազանովի եւ Վ. Գարդինի «Երջանկութեան բանալիները» ֆիլմում՝ Սոնիա Գոռլենկոյի դերում:
1914 թուականին առաջին անգամ կինոյում նկարահանուել է ամերիկեան թատրոնի ժամանակի սիրուած դերասանուհիներից մէկը՝ Ֆլորա Զաբէլը (Իզաբէլ Մանգասարեան, 1880-1968), որ ամուսնու՝ Ռայմոնդ Հիչքոքի հետ մասնակցել է մի քանի կինօկատակերգութիւնների:
1914-ին ռուսական «Փախստականը» եւ «Իսմայիլ բէյ» ֆիլմերում նկարահանուել է հայ թատրոնի ճանաչուած դերասանուհի Եկատերինա Դուրեան-Արմէնեանը (1885-1971):
Հաւանաբար հայուհի է եղել նաեւ ռուսական գաւառական թատրոնների դերասանուհի Մարգարիտա Խալատովան (Խալաթեան), որ կինոյում հանդէս է եկել 1914-1915 թթ.՝ խաղալով հիմնականում մայրերի դերեր:
1916-ին իտալական կինոյումՙ Վիտալէ դէ Ստեֆանոյի «Սէր՝ որ լռում է» ֆիլմում նկարահանուել է երգչուհի-դերասանուհի Մարուսկա Սիրվարդը (Սիրվարդ Տէր-Մկրտչեան), որ մինչեւ 1920-ը համագործակցել է իտալական «Տեսպի», «Տիբեր» եւ «Կարեն» կինօստուդիաների հետ:
Նոյն 1916-ին Կոստանդնուպոլսում նկարահանուած ռեժիսորներ Ֆուաթ Ուզքինայի եւ Զիգմունդ Վայնբերգի «Հիմմեթ աղայի ամուսնութիւնը» կինօնկարում գլխաւոր դերերը կատարել են պոլսահայ թատրոնի դերասանուհիներ Լիւսի Գարագաշը եւ Արուսեակ Պալթազարը:
1917-ին թուրք բեմադրիչ Սեդաթ Սիմաւիի «Ճիրանը» կինօնկարի դերակատարուհին էր Պոլսի հայ եւ թուրքական թատերախմբերի համբաւաւոր դերասանուհի Էլիզ Պիննեմեճեանը (Գովան, 1890-1981):
1918-ին ամերիկեան «Էդիսոն» ֆիրմայի երկու ֆիլմում նկարահանուել է ծնունդով թիֆլիսեցի Մարգարիտ Սարգսեանը (Շաքարեան), ծնուած 1892-ին:
Նոյն թուականին Աւստրիայում Ֆրից Ֆրայզլերի «Մանդարին» ֆիլմում նկարահանուել է հայազգի երգչուհի Նեկտար Ֆլոնդորը (1890-1985):
Ինչպէս տեսնում ենք, Աւրորա Մարտիկանեանից առաջ եւ նրա հետ միեւնոյն թուականին տարբեր երկրների կինեմատոգրաֆում հանդէս էին եկել արդէն առնուազն տասներկու հայ եւ հայազգի դերասանուհիներ: Ուստի եւ սխալ է նրան առաջին հայ կինօդերասանուհին անուանելը, եթէ անգամ նա, ի տարբերութիւն բոլոր վերոնշեալ դերասանուհիների, էկրանին հանդէս է եկել հայուհու դերով...
«Ազգ-Մշակոյթ», 3 Ապրիլ 2015
No comments:
Post a Comment