16.1.15

Ների՛ր, Հայաստան

ՍԵՐԳԷՅ ԳԱՊՈՆՈՎ

Հայաստանի խոշորագոյն քաղաքներում` Երեւանում ու Գիւմրիում մի քանի օր շարունակ տեղի են ունենում ցոյցեր` պահանջով 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմեակովին յանձնել տեղի արդարադատութեանը:
Պերմեակովին կասկածում են Աւետիսեանների ընտանիքի սպանութեան իրականացման մէջ: Դրա հետեւանքով զոհուել են Աւետիսեանների ընտանիքի 6 անդամները: Եօթերորդ զոհը 6 ամսական երեխայ է, որին ենթադրեալ յանցագործը հարուածել է դանակով կրծքին: Նա գտնւում է ծանր վիճակում: Ընդ որում` «ենթադրեալ» բառը այստեղ կատարում է ֆորմալ գործառոյթ: Մարդն, ի հարկէ, անմեղ է, քանի դեռ դատարանում չի ապացուցուել հակառակը, իսկ հետաքննութիւնը պաշտօնապէս դեռ չի աւարտուել, ու դժուար թէ դա վաղը տեղի ունենայ: Սակայն բոլորին, ով գտնւում են դէպքի վայրում, այդ թւում` քննիչներին, պարզ է, որ մարդասպանը հէնց Վալերի Պերմեակովն է:
Չգիտեմ` արդեօք Մոսկուայում Հայաստանի դեսպանատան պատերի մօտ կա՞ն ծաղիկներ, վառուո՞ւմ են մոմեր: Լաւ է, եթէ դա այդպէս է: Իսկ եթէ ո՞չ: Պարզապէս ոչ ոք, ոչ մի ռուսական ԶԼՄ չի յայտնում այդ փաստի մասին: Ինչ-որ սուր անարդարութիւն է: Երբ ահաբեկիչները 12 մարդու սպաննեցին Փարիզում, Մոսկուայում ֆրանսիական դեսպանատան մօտ գնացին մարդիկ` անկեղծօրէն ցաւակցելով զոհուածների ընտանիքներին ու ամբողջ Ֆրանսիային, նրանց շարունակ ցոյց էին տալիս հեռուստատեսութեամբ: Իսկ այստեղ… կարծես թէ ոչ ոք Ռուսաստանում չգիտի Գիւմրիի մասին: Կամ` հարցն այն է, որ սպանուել են ոչ թէ ֆրանսիացիներ, այլ հայե՞ր: Ափսոս, Մոսկուայից հեռու եմ այս պահին, այլապէս ինքս ծաղիկներ կը տանէի` անպայման:
Գիւմրիում սպանութիւնը պատմութիւն է` կապուած երկու երկրների` Ռուսաստանի ու Հայաստանի հետ: Եթէ ինչ-որ մէկը տեղեակ չէ` Հայաստանը ԽՍՀՄ նախկին երկրներից միակն է, որը շարունակում է անկեղծ ձգուել դէպի Ռուսաստանը… Ու միայն Հայաստանն է մինչ օրս մեզ հաւատարիմ ընկեր մնում: Փաստացի, ռուսական ռազմաբազան Գիւմրիում է գտնւում հէնց այդ պատճառով: Հնարաւոր է միայն այն, որ հայ հասարակութեան ճնշման տակ յանցագործին կը յանձնեն տեղի արդարադատութեան ձեռքը, ու եթէ դա տեղի ունենայ, դա ոչ մի վայրկեան չի վկայի Ռուսաստանի թուլութեան մասին, այլ ընդհակառակը:
Ես կարծում եմ, որ «մեր» այդպիսի մարդկանց կարելի է յանձնել: Անգամ հարկաւոր է: Մանաւանդ` խօսքը եղբայրական ժողովրդի ու դաշնակից պետութեան մասին է: Այդ իսկ պատճառով, եթէ դա չարուի, ապա Ռուսաստանը կարող է կորցնել ոչ թէ մարդասպանի, այլ բարեկամ երկրի: Հայաստանում տաք գլուխներն արդէն դուրս են գալիս միտինգների հակառուսական կարգախօսներով, ինչ-որ մէկը անգամ փորձել է այրել Ռուսաստանի դրօշը: Ու այդ մարդկանց կարելի է հասկանալ: Նրանք չեն ցանկանում, որ իրենց երկրում թափուի իրենց անմեղ համաքաղաքացիների արիւնը: Դժուարին իրավիճակում է յայտնուել նաեւ տեղի ռուսամէտ իշխանութիւնը, որը կարող է կորցնել ժողովրդի վստահութիւնը:
Սակայն Պերմեակովին քննութեան ու դատի համար Հայաստանին յանձնելը, կարծում եմ, քիչ է: Հայաստան պէտք է թռչեն ու ներողութիւն խնդրեն աստիճանով աւելի բարձր մարդիկ, քան նախարարի տեղակալը` մանաւանդ, որ նա լիազօրուած չէ դա անել երկրի անունից: Մեր բարձրաստիճան պաշտօնեաները պէտք է հանդիպեն թէ՛ Հայաստանի նախագահի, թէ՛ մարդկանց հետ: Բառեր գտնեն: Ու ոչ միայն: Եւ վերջապէս դեսպանութիւն պէտք է գնան, այնտեղ պէտք է դրուած լինեն ծաղիկներ, ու վառուեն մոմեր: Սա արդէն ոչ թէ պետութեանը, այլ մեզ բոլորիս է ուղղուած:
Ահա այդ ժամանակ մենք կը դադարենք կորցնել ընկերների, մարդկանց ու պետութիւններ: Ու ես այդ ժամանակ կը տեսնեմ, որ իմ Ռուսաստանն իսկապէս մեծ կայսրութիւն է: Իսկ մինչ այդ ես անձամբ եմ հայերից ներողութիւն խնդրում: Ներեցէք ինձ, եղբայրներ…

«Մոսկովսկի կոմսոմոլեց» (www.mitk.am, Յունուար 16, 2015)

No comments:

Post a Comment