10.11.14

Հայկական սոցիալական դարվինիզմը. կամ՝ իշխանութեան «ներքին» վերաբաշխում, փշրանքները` ժողովրդի

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Եթէ ՀՀԿ-ԲՀԿ բանակցութիւններ սկսուեն, ապա տեղի կ'ունենայ այն էֆեկտը (*), ինչին Հայաստանում սովորաբար սպասում են ընդդիմադիրները հանրահաւաքներ գումարելով` իշխանութեան վերաբաշխում (եւ ոչ թէ ինչպէս ժողովուրդն է կարծում` իր վիճակի բարելաւում) պարտադրելու: Անցեալում դա չի ստացուել Րաֆֆու դէպքում, Տէր-Պետրոսեանի պարագայում մի անգամ դա ստացուել է մասամբ` խորհրդարանական խմբակցութիւն ունենալու տեսքով, իսկ թէ այս անգամ ԲՀԿ-ի ու Ծառուկեանի պարագայում կը ստացուի՞. առաւել հաւանական ենք համարում, որ` այո: Որքան էլ ոչ իշխանական եռեակի առանձին անդամներ ասում են` բանակցութիւններ չկան, դրանց մասին կարող են իմանալ ոչ իշխանականների ոչ բոլոր ուժերը կամ անդամները:
Բայց տեսէք իրավիճակի ընդհանուր հանրագումարը. ինչո՞վ փոփոխութիւններ չեն` վարչապետ փոխուեց, ոչ իշխանականների կարծիքով` իրենց ճնշմամբ, այժմ նախարարութիւններ են միացնում` բիւջէ խնայելով, կամ ինտեգրման նոր նախարարութիւն են ստեղծում` հարկաւոր դէմքերով, որտեղ ներկայացուած կը լինեն ոչ միայն նախորդ վարչապետին մօտիկ կանգնած մարդիկ, այլ նաեւ ոչ իշխանականները: Ով համաձայն չէ, որ ֆորմալ առումով գոնէ սրանք փոփոխութիւններ են` թող քար նետի դրանք փոփոխութիւններ անուանողների ուղղութեամբ: Եւ առհասարակ` չէ՞ որ մեր կեանքը Յունուարի մէկից 360 աստիճանով փոխուելու է, ուզենք, թէ չուզենք, սա հօ գլոբալ փոփոխութի՞ւն է` ոչ իշխանականների հանրահաւաքների «ներքոյ»:
Իսկ ահա եթէ ոչ իշխանականների հետ մեր իշխանութիւնները բանակցութիւններ սկսեն (եթէ ժամանակին ընդհանրապէս երկխօսելու հակուած Սերժ Սարգսեանը երկխօսում էր իրեն ինչ որակում ասես տուած ՀԱԿ-ի հետ, ապա ինչո՞ւ պիտի չբանակցի, օրինակ, իր կուսակցութեան նախկին կոալիցիոն գործընկերոջ հետ, որն անգամ նրա հրաժարականը չի պահանջել առաջին դէմքի մակարդակով):
Կամ եթէ ժամանակին վարչապետութիւնը ներկայացւում էր որպէս կոմպրոմիս իշխանութեան եւ ոչ իշխանութեան միջեւ, ապա ինչո՞ւ հիմա չեն կարող կոմպրոմիս դիտուել ԲՀԿ-ի ցանկութեամբ հարիւր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումն ու արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները: Մամուլում արդէն հէնց իշխանութեան կողմից այդպիսի արտահոսք արուել է` նախապատրաստելով հանրութեանը, այլապէս ինչո՞ւ պիտի ընդդիմութիւնն իր կառոյցներին հրահանգեր նորից հաշուառել ընտրական յանձնաժողովներում աւելի վաղ ներկայացուած իր անդամներին` լրացնելու համար պակաս-պռատը, իսկ ըստ «Ժողովուրդ» թերթի` նոյնն անում են նաեւ իշխանական թեւում:
Այնպէս որ փոփոխութիւնների բեմադրման հերթական փուլը մօտենում է աւարտին, եւ արդէն Նոյեմբերի վերջին-Դեկտեմբերի կէսերին մենք ինչ-որ նոր գործընթացի ստարտի ականատեսն ենք դառնալու, ինչի գործնական էտապը յարեհաս նոր տարու պատճառով մնալու է արդէն 2015 թուականի առաջին ամիսներին: Իսկ թէ ինչպէ՞ս է դրան վերաբերում հանրահաւաք գնացող զանգուածի ոչ ԲՀԿ-ամերձ, սոցիալական հատուածը, սա որեւէ մէկին հազիւ թէ անհանգստացնի, քանի որ այդ հատուածը երբեք եւ ոչ մի ժամանակ Հայաստանում կրիտիկական զանգուածի չի ձգել, նրանք եղել են բոլորի հանրահաւաքաւորների մի ինչ-որ տոկոսը, իսկ ԲՀԿ-ամերձ զանգուածը հրաշալի ուղղաձիգ կառավարման է ենթակայ:
Այնպէս որ` հերթական անգամ Հայաստանի բողոքաւոր զանգուածը ստիպուած է բաւարարուելու փոփոխութիւնների այն փշրանքներով, որ առաջարկում է բուրժուազիան` զոհելով մենաշնորհի եւ քուոտաւորուած բիզնեսի արդիւնքում վաստակած միլիարդներից որոշ մաս` սոցիալական փոխհատուցումների տեսքով: Իսկ որ ԲՀԿ-ն մարդաշատ երկու հանրահաւաքով կարողացաւ մկաններ ցոյց տալ իշխանութեանը եւ ստիպել նրան որոշ բան զիջել, դրանում համոզուելու համար շատ ժամանակ չի պահանջուի: Որ բանակցութիւններ կարող են լինել իշխանութեան եւ ոչ իշխանականների միջեւ` այդ մասին են խօսում որոշ ՀՀԿ-ականների` այս օրերին արտայայտուող կարծիքներն «առողջ բանակցել»ու մասին: Իսկ այդ բոլորի արդիւնքում սահմանադրական փոփոխութիւնները կը մերժուե՞ն կամ կ՚ընդունուե՞ն, որպէս հետեւանք` նախագահին Ազգային Ժողովում ընտրելով, սա արդէն էական չի լինի, որովհետեւ վաղուց ապացուցուած բան է` մեզ մօտ Ազգային Ժողովը երբեք չի ընտրում, այլ դակում է կուլիսային համաձայնութիւնների արդիւնք թեկնածուին: Որպէս ասուածի ապացոյց բաւական է դիտարկել Ազգային Ժողովի պահուածքն, ասենք, գլխաւոր դատախազի կամ այլ «անկախ» պաշտօնեաների նշանակումը հաստատելիս: Ու կարեւոր չի լինի, թէ նոր, համամասնական ընտրակարգով ձեւաւորուած Ազգային Ժողովում ի՞նչ յարաբերակցութիւն է լինելու դէ ֆակտօ` 45-45 տոկո՞ս ԲՀԿ-ՀԿկ-ին, 10 տոկոս` բոլոր այլ կուսակցութիւնների ներկայացուցիչների՞ն, որոնք անգամ խմբակցութիւն չեն կարողանայ կազմել, թէ՞ այդ պահի համար մի այլ նպատակայարմար տոկոսային յարաբերութիւն:
Հետաքրքրական է, որոշ թաքնուած ակնարկներ կային նաեւ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակեանի` երկու օր առաջ մի քանի լրատուամիջոցի, այդ թւում «Ազգ»ին տուած հարցազրոյցում, երբ նա ասում էր, թէ ընդդիմութիւնը ծրագրել է բուրժուա-դեմոկրատական յեղափոխութիւն, որը դեռեւս ժողովրդին հասկանալի չէ, եւ նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում ու մեր ժամանակներում բուրժուական աւանդոյթներով են ապրում, ուզում են, որ իշխանութիւնը բուրժուազիայի ձեռքն ընկնի: Մինչդեռ ըստ Գ. Սահակեանի` սահմանադրական փոփոխութիւններով էլ, միեւնոյն է, մեր երկիրը սոցիալական պետութիւն է լինելու: Ասել է, թէ` անգամ երկխօսելու դէպքում ՀՀԿ-ն շատ չի զիջելու, քանզի «մենք ամենալաւը չենք, բայց մեզանից լաւը չկայ». իսկ ոչ իշխանականները ո՛չ ճանապարհային քարտէզ ունեն, ո՛չ ծրագիր:
Ամէն դէպքում Գ. Սահակեանն էլ էր ակնարկում, որ եթէ հանդիպման խնդիր յառաջանայ, Ծառուկեանը հազիւ թէ մերժում ստանայ, եւ որ` կառավարութիւնում յատուկ յանձնախումբ կայ` սահմանադրական փոփոխութիւնների ֆոնին ընտրական օրէնսգրքի ֆորմատն ընտրելու առումով, եւ այդ յանձնախմբի նիստերին բոլոր կուսակցութիւններն էլ մասնակցել են:
Ճիշդն ասած` վերնագրի տերմինի բովանդակութիւնն անուղղակի շարադրեցինք մինչեւ այժմ` վերացարկելով այն իշխանութիւն-ոչ իշխանութիւն համատեքստում: Բայց երեւում է` բացատրելու հարկ կայ:
Աշխարհում քաղաքականութիւն սոցիալական դարվինիզմի փոխադրումից եւ ժամանակի ընթացքում դրանից հրաժարուելուց մէկ դար յետոյ Հայաստանում ղեկավարւում են սոցիալական դարվինիզմի պրիմիտիւ ձեւերով: Այո, արդէն շատ տարիներ մալթուսականութիւնը վառ է Հայաստանում` ովքեր կը կարողանան մկաններ ցոյց տալ, ընդ որում` խօսքը կենսաբանական վիճակի, կենսաբանական սոցիալական դարվինիզմի կամ կոպիտ ասած` փողի եւ ուժի իշխանութեան մասին է, եւ ոչ թէ ինտելեկտին կամ մակարդակին է վերաբերում, նրանք էլ կը ստանան իշխանութիւն, այն է` առաւելութիւն ամէն ինչում միւսների համեմատ: Կամ լաւագոյն դէպքում` իշխանութեան մի մասը, այն էլ այն պատճառով, որ ինչպէս Ազգային Ժողովի նախագահն էլ էր ասում` ժողովրդին բուրժուական էութիւնն անհասկանալի է (նա վատ է ապրում): Բայց դրանից Հայաստանի քաղաքական դաշտի սոցիալական դարվինիզմի էութիւնը չի փոխւում` մեր քաղաքական դաշտը վաղուց է դարձել փողի, ֆիզիկական ուժի եւ մկանների ցուցադրման էկուիվալենտ, քանի որ մեր կեանքը նոյնպէս վաղուց սոցիալական դարվինիզմի գռեհիկ դրսեւորման մշտական բեմ է: Իսկ սոցիալապէս անապահով զանգուածներին, ցածր աշխատավարձ ունեցողներին կը մնայ ոչ թէ սպասումներ ունենալ սահմանադրական փոփոխութիւններից, ընտրական օրէնսգրքից, կառավարման կարգից, այլ` սոցիալական դարվինիզմը կրողների ողորմածութիւնից:

«Ազգ», Նոյեմբեր 7, 2014

------------------------------------
(*) Մեզի քաջ ծանօթ է արեւելահայերէնի վերապահութիւնը՝ հայերէն ընդունուած բառեր գործածելու, որոնք հարիւր տարիէ ի վեր շրջանառութեան մէջ են, յատկապէս արեւմտահայերէնի ճամբով։ Եթէ «բուրժուական»ը երբեք քաղքենիական պիտի չդառնայ, ըստ երեւոյթին, ոչ ալ «սոցիալական»ը՝ ընկերային, չկրցանք հասկնալ, թէ ինչո՞ւ արդի արեւելահայերէնի գիւտը հանդիսացող ձեւաչափը պէտք է վերադառնար ֆորմատի... ձեւաչափին, կամ թէ ի՞նչ մեղք գործած է հայերէն համազօր բառը, որպէսզի ցարդ երբեք չհանդիպած «էկուիվալենտ»ը հրապարակ նետուէր...։ («Հայկականք») 

No comments:

Post a Comment