24.11.14

Աղքատ է Հայաստանի բնակչութեան 32 տոկոսը, բայց իրեն աղքատ է համարում՝ 18 տոկոսը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ազգային Վիճակագրական Ծառայութեան հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատութիւնը» զեկոյցի շուրջ
2013-ին նախորդ տարուայ համեմատ Հայաստանում արձանագրուել է աղքատութեան մակարդակի աննշան` 0,4 տոկոսով նուազում, ինչի արդիւնքում անցեալ տարի աղքատութեան մակարդակը կազմել է 32 տոկոս` նախորդ տարուայ 32,4 տոկոսի դիմաց: Զեկոյցը պատրաստուել է ըստ տնային տնտեսութիւնների կենսապայմանների ամբողջացուած հետազօտութեան արդիւնքների: Բնական է, որ նախ եւ առաջ պէտք է յստակեցնել, թէ ի՞նչ ասել է աղքատ:


Աղքատներ` ներառեալ շատ եւ ծայրայեղ աղքատներ
Սահմանուել են աղքատութեան ընդհանուր՝ վերին եւ ստորին, ինչպէս նաեւ ծայրայեղ աղքատութեան գծերը, արտայայտուած մէկ չափահաս անձի հաշուով` մէկ ամսուայ համար: Վերին գիծը 39193 դրամ (կամ 95,7 դոլար) է, ստորինը` 32318 դրամ (կամ 78,9 դոլար), ծայրայեղ աղքատութեանը` 22993 դրամ (կամ 56,1 դոլար): Աղքատ գնահատուել են նրանք, ում սպառումը (հետազոտութիւնը կատարուել է սպառման, այլ ոչ թէ եկամուտների ցուցանիշների հիման վրա) մէկ չափահաս անձի հաշուով ցածր է եղել աղքատութեան վերին ընդհանուր գծից, շատ աղքատ գնահատուել են նրանք, ում սպառումը մէկ չափահաս անձի հաշուով ցածր է եղել աղքատութեան ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրայեղ աղքատ գնահատուել են նրանք, ում սպառումը մէկ չափահաս անձի հաշուով ցածր է եղել աղքատութեան պարէնային գծից:
Ըստ այդմ, 2013-ին 32 տոկոս աղքատներից 13,3 տոկոսը եղել է շատ աղքատ, իսկ 2,7 տոկոսը` ծայրայեղ աղքատ: Չնայած որ 2011-ից աղքատութեան մակարդակն անընդմէջ նուազել է, սակայն դրա խորութիւնն ու սրութիւնը դեռեւս գերազանցում են նախաճգնաժամային 2008 թուականի մակարդակը: Թուային առումով, աղքատ են համարւում 967 հազար մարդ, որոնց թւում 402 հազարը շատ աղքատներն են, իսկ նրանցից էլ 82 հազարը` ծայրայեղ աղքատները:

Քաղաքներում աղքատներն աւելի շատ են
Ազգային Վիճակագրական Ծառայութեան հետազօտութեան արդիւնքներով, 2013-ին աղքատութիւնը շատ չի տարբերուել ըստ քաղաքային (32,2 տոկոս) եւ գիւղական (31,7 տոկոս) բնակավայրերի: 2008-2013 թթ. ժամանակահատուածում աղքատութեան մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր աւելի արագ է ընթացել, քան գիւղական բնակավայրերում (4,6 տոկոսային կէտ` 4,2 տոկոսային կէտի դիմաց): Երբ բնակչութեան կենսամակարդակը դիտարկւում է ըստ քաղաք-գիւղ բաշխուածութեան, աղքատների մեծ մասը (63,8 տոկոս) քաղաքաբնակներ են : Սակայն մայրաքաղաք Երեւանում աղքատութեան մակարդակն ամենացածրն է (25,5 տոկոս), ինչը 1,5 անգամ ցածր է, քան Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թուականի համեմատ աղքատութեան աճը 2013 թուականին Երեւանում կազմել է 5,4 տոկոսային կէտ, Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում` 3,5 տոկոսային կէտ:
Հետաքրքրական են ըստ մարզերի աղքատութեան ցուցանիշները: Աղքատութեան ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը` 21 տոկոս եւ Արագածոտնի մարզը` 22,7 տոկոս, ամենաբարձրը` Շիրակի մարզը` 45,9 տոկոս եւ Կոտայքի մարզը` 42,5 տոկոս: Որքան էլ զարմանալի է Տաւուշի սահմանամերձ մարզում աղքատութիւնն ավելի ցածր է` 27,7 տոկոս, քան ամենահարուստ համարուող Արարատեան դաշտի երկու մարզերում` Արմաւիրի մարզում` 31,3 տոկոս եւ Արարատի մարզում` 32,4 տոկոս: Ըստ մարզերի աղքատութեան ցուցանիշները եւ աղքատութեան ընկալման սուբյեկտիւ պատասխանները աղքատութեան ընդհանուր ցուցանիշի օբյեկտիւութեան վերաբերեալ որոշակի կասկածների տեղիք են տալիս: Խօսքը ոչ թէ ուսումնասիրութեան հեղինակների կատարած աշխատանքի, այլ հարցուողների պատասխանների ազնուութեան մասին է:

Աղքա՞տ են իրենց համարել, թէ՞ աղքատ լինելու պատասխաններ են տուել
Ինչպես արդեն նշուեց, ըստ սպառման ցուցանիշների, աղքատ է համարուել բնակչութեան 32 տոկոսը: Այսինքն, եթէ մեկ ամսուայ ընթացքում մէկ անձը սպառել է մօտ 39 հազար դրամից աւելի քիչ, ըստ այս մեթոդաբանութեան նա համարւում է աղքատ: Դժուար է ասել, թէ որքանով են անկեղծ հարցուողների պատասխանները, որովհետեւ դժուար է հաւատալ, որ օրինակ` նույն Տաւուշի, Արագածոտնի կամ Վայոց Ձորի մարզերում աղքատութիւնն աւելի ցածր է, քան գիւղամթերքների հիմնական շտեմարան Արմաւիրի եւ Արարատի մարզերում, կամ քան թէ Կոտայքի մարզում` նրա զբօսաշրջային, արդիւնաբերական եւ գիւղատնտեսական ռեսուրներով : Ակնհայտ է, որ խնդիրը պատասխանողների հոգեբանութեան մէջ է: Տաւուշում, Արագածոտնում եւ Վայոց Ձորում պատասխանողներն աւելի անկեղծ են եղել, քան Արմաւիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում:
Հարցուողների անկեղծ չլինելու վերաբերեալ անուղղակի վկայութիւն է նաեւ նրանց անձնական դատողութիւնները իրենց աղքատ լինելու մասին: Հետազօտութեան ընթացքում տնային տնտեսութիւնների 16 եւ բարձր տարիքի անդամներին տրուել են հարցեր իրենց բարեկեցութեան եւ կենսամակարդակի վերաբերեալ: Պատասխանելով դրանց, հարցուածների միայն 18 տոկոսն են իրենց համարել աղքատ, ծայրայեղ աղքատ` 3,3 տոկոսը: Այսինքն, երբ հարցումը վերաբերում է սպառմանը, պատասխանողները ձգտում են հնարաւորինս աղքատ ներկայանալ եւ սպառման աւելի ցածր ցուցանիշներ ասել: Երբ հարցն ուղղակիօրէն վերաբերւում է նրան, թէ իրենց աղքա՞տ են համարում, պատասխանը լինում է աւելի անկեղծ: Ասուածի եւս մէկ վկայութիւն: 2008-ին 27,6 տոկոս աղքատութեան ցուցանիշի ժամանակ, իրենց աղքատ են համարել հարցուողների 17 տոկոսը, իսկ 2013-ին` 32 տոկոս աղքատութեան ցուցանիշի ժամանակ` 18 տոկոսը: Այդ տարիների աղքատութեան ցուցանիշի 4,4 տոկոս տարբերութեան պարագայում, իրենց աղքատ համարողների տոկոսային տարբերութիւնը ընդամէնը 1 տոկոս է կազմել:
Այս ամենով հանդերձ, անգամ 18 տոկոս աղքատութեան եւ յատկապէս 3,3 տոկոս ծայրայեղ աղքատութեան սուբիեկտիւ գնահատականները իրականութեանն աւելի մօտ լինելու պարագայում մխիթարական չեն կարող լինել: Ըստ այդ գնահատականների, եթէ 500-600 հազար մարդ իրեն համարում է աղքատ, իսկ դրանց մի մասն էլ` ծայրայեղ աղքատ, դա մտահոգութեան բաւականին լուրջ պատճառ է իշխանութիւնների համար: Քիչ թէ շատ բարեկեցիկ եւ ամենակարեւորը՝ սոցիալական երկիր համարուելու համար աղքատութեան ցուցանիշը գոնէ չպէտք է լինի երկնիշ թիւ, իսկ շատ աղքատութիւնը եւ ծայրայեղ աղքատութիւնը պէտք է յաղթահարուեն հնարաւորինս շուտ` առնուազն յառաջիկայ 1-2 տարիների ընթացքում:

«Ազգ», Նոյեմբեր 21, 2014

No comments:

Post a Comment