15.8.14

Ամենահին գիրը հայերէ՞նն է. բառարան հայերէնի ու շումերերէնի առնչութիւնների վերաբերեալ

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ
Միջազգային գիտնականների մի խումբ ապացուցում է, որ հնդեւրոպացիների մայր հայրենիքը Անատոլիան է, որի մի հատուածը Արեւմտեան Հայաստանի մէջ է, հայերէնը հնդեւրոպական մայր լեզուից տրոհուած ամենահին կենդանի լեզուն է, այն տրոհուել է  հինգ-վեց հազար տարի առաջ:
Ըստ այս ուսումնասիրութեան դուրս է գալիս, որ հնդեւրոպացիների մայր հայրենիքը ու նաեւ պատմական Հայաստանը սահմանակից են եղել շումերներին: Շումերները ստեղծել են սեպագրերը,  նրանց լեզուն` շումերերէնը ամենահին վերծանուած գրաւոր լեզուն է:
Արմէն Դաւթեանը իր նոր հրատարակած գրքում ներկայացնում է հայերէնում ու շումերերէնում ընդհանուր 2013 բառ: Գիրքը դեռեւս մասնագէտների գնահատականին չի արժանացել:
Sumerische daher eigentlich Armenisch ist. գերմաներեն այս նախադասութեամբ, որ նշանակում է` շումերերէնը փաստօրէն հայերէնն է, աւարտւում է Արմէն Դաւթեանի յօդուածը` Vom Ursprung des Sumerischen – Ein Vergleich der sumerischen und armenischen Sprache («Շումերերէնի ծագումը. շումերերէն եւ հայերէն լեզուների համեմատութիւն») հրատարակուած գերմանական գիտական անթոլոգիայում`  RAUM DER BEGEGNUNG: Perspektiven der Bildung, Forschung und Lehre im Spannungsfeld multikultureller und multireligiփser Gesellschaft. Gesellschaft Dobberahn, Friedrich Erich; Schierz, Peter via verbis, 2011 («Հանդիպման վայր. Բազմամշակութային եւ բազմակրօն հասարակութեան լարուած իրականութեան մէջ կրթութեան, հետազօտութիւնների եւ դասաւանդման հեռանկարները.Դոբերահն, Ֆրիդրիխ Էրիխ; Շիրց, 2011): Իսկ հայկական ակադեմիական պարբերական «Պատմա-բանասիրական հանդէս»ը միայն այդ նախադասութիւնը կարդալով` շումերերէնը հայերէնն է, կը մերժէր յօդուածը:
Անցած շաբաթ հրատարակուեց Արմէն Դաւթեանի «Հայերեն-շումերերեն ընդհանրութիւնների բառարան» 490 էջանոց գիրքը 500 տպաքանակով (կարելի է ձեռք բերել «Արտբրիջ» գրախանութում): Հեղինակային հրատարակութիւն է, եթէ Հայաստանում գիտական որեւէ հրատարակութիւն չի ստանձնում հրատարակել այն, հեղինակը ստիպուած ինքն է դառնում հրատարակիչը:
Նրա ներկայացրած 2013 հայերեն բառերի մի մասը բնիկ հայերեն բառեր են` հնդեւրոպական արմատներ, մի մասը` անյայտ ծագման բառեր, մի մասն էլ բառեր, որոնք աւանդապէս համարուել են պահլաւական փոխառութիւններ, սակայն պահլաւերէնում դրանք գտնուած չեն (այդպէս է ասում հեղինակը):
Շումերերէն բառերը վերցուած են Pennsylvania Sumerian Dictionary (PSD)-ից:
Երկու լեզուներում, եթէ իրօք այսքան ընդհանուր բառեր կան, ուրեմն, գուցէ շումերերէնը հայերե՞նն է, մանաւանդ, որ հեղինակը` Արմէն Դաւթեանը, դեռեւս չի հրատարակել եւս մօտ 2000 բառերի ընդհանրութիւնը ու նաեւ քերականական ընդհանրութիւններ:
Շումերերէնը, ինչպէս յայտնի է, ամենահին վերծանուած գրաւոր լեզուն է, եւ եթէ Արմէն Դաւթեանի ուսումնասիրութիւնը ճիշդ է, ապա դուրս է գալիս որ ամենահին գրով գրուել է հայերէ՞նը: Ինչքանո՞վ է գիտական Արմէնի ուսումնասիրութիւնը: Չգիտեմ: Բայց փորձեմ մի քանի հարցի պատասխանել, թէ հնարաւո՞ր էր արդեօք շումերերէնի ու հայերէնի առնչութիւնը:
Շումերները  բնակուել են մօտ վեց հազար տարի առաջ Միջագետքում, այսօրուայ Իրաքի հարաւում: Գիտութիւնը շումերերէնը համարում է անյայտ ծագման, այսինքն դեռեւս պարզուած չի թէ ինչ լեզուաընտանքի է այն պատկանում: Եթէ հայերէնը առնչուել է շումերերէնին, ապա առնուազն պիտի հայերէնն էլ վեց հազար տարեկան լինի:
Արմէնը առաջաբանում մէջբերում է գիտական վերջին մի ուսումնասիրութեան տուեալներ, որով հայերէնը  հնդեւրոպական մայր լեզուից տրոհուել է 7000-5000 տարի առաջ (ընդ որում նոյն ուսումասիրութեան առաջին տարբերակով` 7000 տարի առաջ, միւսով` 5200 տարի առաջ):
Ըհը, ուրեմն, լրիւ հնարաւոր է որ շումերերէնը ու հայերենը առնչուէին, իսկ եթէ նկատենք, որ շումերական արձանագրութիւններում ասւում է, որ իրենք` շումերները, իջել են լեռներից, ուրեմն, Միջագետքին ամենամօտ լեռները Փոքր Ասիական եւ Հայկական լեռնաշխարհն է, որոնք, ըստ այդ ուսումնասիրութեան, հնդեւրոպացիների նախահայրենիքն են եղել:
Բայց վերադառնամ հնդեւրոպական մայր լեզուի վերաբերեալ այդ ուսումնասիրութեանը:
Սա մի նոր բացայայտում է, որի մասին հայկական մամուլը տեղեակ չի: Գիտնականների խումբը Օկլանդի (Նոր Զելանդիա) համալսարանի պրոֆեսոր Քուենթին Աթքինսոնի(Quentin Atkinson)  ղեկավարութեամբ լեզուաբանական ու բիոլոգիական մեթոդաբանութեամբ որոշել է հնդեւրոպացիների մայր հայրենիքը, որ ըստ ուսումնասիրութեան գտնւում է Անատոլիայում, այսօրուայ Թուրքիայի տարածքում, կարելի է ասել`  պատմական Հայաստանում: Նաեւ կազմել են հնդեւրոպական մայր լեզուի տրոհման ծառը, որով հնդեւրոպական մայր լեզուից ամենահին բաժանուած կենդանի լեզուն հայերէնն է, մի փոքր աւելի ուշ է տրոհուել յունարէնը: Վերջին յօդուածը հասանելի է միայն բաժանորդներին այստեղ` http://www.sciencemag.org/content/337/6097/957.full.pdf
Իսկ բոլորին հասանելի տարբերակներն են այստեղ`  Science եւ Nature ժուրնալներում (ուսումնասիրութեան մասին անգիալեզու հանրամատչելի պարբերականներում այստեղ եւ այստեղ):
Յաջորդը, շումերերէն-հայերէն առնչութիւնների մասին առաջինը Արմէն Դաւթեանը չի ասում: Գերմանացի Եոզէֆ Կարստը (1871-1942) 300 ընդհանուր բառեր է գտել հայերէնում ու շումերերէնում. Արմէնը առաջաբանում գրում է այդ մասին ու նաեւ ներկայացնում մինչ իրեն արուած հայերէնի ու շումերերէնի առնչութիւնների վերաբերեալ այլ ուսումնասիրութիւններ:
Արմէն Դաւթեանը բանաստեղծ է, ուսանող տարիներին նրա բանաստեղծութիւնները շատ էի սիրում, ինտերնետում չկայ, որ ներկայացնեմ, մի քանի տող յիշում եմ, օրինակ սա` «Երկնքի մանկասայլակներում Կայէններն են վաղուայ / ովքեր իրենց ծնողներին չեն ներելու դրախտից վտարուելը»:
Նա արդէն 15 տարի ՀՀ նախագահի օգնականն է, առաւօտ հինգից աշխատում է, յետոյ գործի, ազատ պահերին էլի գիտութեան մէջ է, տուն է գալիս նորից աշխատում: Այսուհանդերձ տիտղոսով գիտնական չի, գիտական թեզ չի պաշտպանել, ինքնուրոյն, առանց գիտական հաստատութեան կամ գիտնականների աջակցութեան է այս աշխատանքը կատարում:
Էս տարիների ընթացքում Արմէնը մի քանի անգամ ինձ սրճարանում բացատրել է շումերերէնի ու հայերէնի ընդհանրութիւնները, շումերերէն բառերի հայերէն ստուգաբանութիւնները: Սկզբում քմծիծաղով էի լսում, յետոյ ուղղակի թերահաւատ էի, յետոյ աւելի ուշադիր ու հետաքրքրութեամբ` լսում էի ինձ ծանօթ տառադարձութիւններ, այսուհանդերձ, էլի անհաւանական եմ համարել, բայց ոչ մի կերպ չէի կարողանում բանավիճել, հակափաստարկ բերել մի պարզ պատճառով` մասնագէտ չեմ, չգիտեմ` որտե՞ղ կարող էր նա վրիպել, որքա՞նն է նրա ցանկութիւնը` շումերերէնը հայերէն տեսնել, որքանը գիտական պրպտումը, որքանը գիտական հիմնաւորումը: Աւելի լուրջ վերաբերուեցի Արմէնի աշխատանքին, երբ նրա յօդուածը տպուեց գերմանական գիտական տարեգրքում:
Միակ բանը որ ասում էի` աշխատանքդ մասնագէտի ցոյց տուր, որ ինքդ քեզ ստուգես, ասում է` շատ եմ ուզում, իսկապէս ուզում եմ մի մասնագէտ կարդայ ու քննադատի, ցոյց տայ սխալները, բայց Երեւանում մասնագէտ չկայ:
Եթէ Արմէնի ստուգաբանութեան նոյնիսկ հինգ տոկոսն էլ հիմնաւորուի, ուրեմն, աշխատանքը յայտնագործութիւն կարելի է համարել:
Հիմա ի՞նչ արձագանք կ'ունենայ հայերէն-շումերերէն բառարանը. Սպասում եմ երկու տիպի, երկու ծայրայեղ արձագանգ, մէկը` մալադեց Արմէն Դաւթեան, որ ցոյց տուիր թէ հայերը ինչ զիլ ժողովուրդ են, հարց չկայ, քաղաքակրթութիւնը մենք ենք ստեղծել եւ այլն, միւսը` էս ի՞նչ հեքիաթներ են, զզուըցրիք էլի, չեմիչէ, մնաց ասէք առաջի մարդը հայերէն ա խօսել: Երկու արձագանգն էլ ինչքան էլ իրարից տարբեր են, բայց մի ընդհանրութիւն ունեն` նախատրամադրութիւն են` ուստանովկա, մէկը ազգային սնապարծութեան, միւսը ազգային… ինչի՞, թերարժէքութեա՞ն, թէ՞ անվստահութեան ազգութեամբ հայի էն աշխատանքի նկատմամբ, ուր հայերը առանձնայատուկ են դիտւում:

http://www.tert.am/blog/?p=9645#more-9645, Փետրուար 12, 2014

No comments:

Post a Comment