22.6.14

Անաստաս Միկոյեանի թոռը կը խօսի մեծ հօր կերպարին եւ անոր արձանին մասին

Չեխիա լոյս տեսնող «Օրեր» ամսագիրը Մայիս 25-ին հարցազրոյց կատարած է Եւրապայի մէջ Ռուսաստանի առեւտրական առաքելութեան ղեկավար, Անաստաս Միկոյեանի թոռան՝ Սերգօ Միկոյեանի որդի Վլադիմիր Միկոյեանի հետ: Յայտնի լրագրող եւ «Օրեր»ու կայքէջի խմբագիր Աննա Կարապետեանի ընդարձակ հարցազրոյցը, որուն ամբողջական բնագրին կարելի է ծանօթանալ ամսագրի կայքէջին մէջ (www.orer.eu), տեղի ունեցած է բանավիճային «տաք» մթնոլորտի մէջ՝ Ա. Միկոյեանի գործունէութեան պաշտպանութեան (անշուշտՙ թոռան կողմէ) եւ անոր համաշխարհային մեծութեան պետական գործիչ ըլլալու համապատկերին մէջ: Ըստ «Ազգ» շաբաթաթերթի հաղորդումին, որ տուած է հարցազրոյցին վերջին հատուածը Յունիս 6ի թիւով, Վլադիմիր Միկոյեանը Երեւանի աւագանիի որոշումով տեղադրուելիք արձանի կառուցման հիմնական նախաձեռնողն է:

ՕՐԵՐ. - Ստացւում է, որ Միկոյեանը կապ չունի՞ ոչնչի հետ:
ՎԼ.ՄԻԿՈՅԵԱՆ. - Ոչ ոք չի փորձում եւ չի կարող Միկոյեանից հեռացնել քաղաքական պատասխանատուութեան բեռը լռութեան համար, ստալինեան ահաբեկչութեանը հարկադիր միջնորդութեան համար: Նա էլ երբեք իր վրայից չհանեց այդ բեռը ու ողջ կեանքում կքած մնաց ամենաթողութեանը մասնակից լինելու եւ հարկադրուած սեփական խղճի հետ գործարքի մէջ մտնելու համար: Յայտնի է նրա հրապարակային արտասանած արտայայտութիւնը «Все мы тогда были мерзавцами !»՝«Մենք այն ժամանակ բոլորս սրիկաներ էինք»: Ստալինի մահից յետոյ այն ժամանակուայ բոլոր ղեկավարների համար ընտրութեան հնարաւորութիւն ընձեռուեց՝ ինչ փիլիսոփայութեամբ ապրել եւ ով լինել քաղաքական դաշտում։ Միկոյեանն ընտրեց զղջումը, արդարութիւնն ու մարդկայնութիւնը: Նա հակաստալինեան ողջ արշաւի հիմնական դէմքը դարձաւ:
Միկոյեանը շատ բարդ կերպար է, նա ապրեց շատ դժուար, անկանխատեսելի ու վտանգաւոր ժամանակ: Այնպէս որ, պէտք չէ պարզեցնել ու նրա քաղաքական դիմանկարը գծել բացառապէս սեւ գոյներով: Ելակէտն այն է, որ Միկոյեանը չի եղել բռնութիւնների, ռեպրեսիաների նախաձեռնող, բայց եւ հրապարակաւ դրանց դէմ հանդէս չի եկել: Նման բանաձեւ նա իր համար ձեւաւորել էր անելանելիութիւնից:
Միկոյեանին յաջողուել է ոմանց փրկել, սեփական երեխաները սակայն բանտարկուեցին ու աքսորուեցին։
Միկոյեանն ընտրեց աշխատանքով ծանրաբեռնուելու ուղին՝ փորձելով հեռու մնալ բռնութիւններից: Դա Միկոյեանից հսկայական զգացական լարուածութիւն էր պահանջում, երկաթէ ինքնատիրապետում, խորամանկութիւն, կանխատեսման կարողութիւն, քաղաքական հոտառութիւն, իրադրութիւնից օգտուելու կարողութիւն, որպէսզի եզակի փորձեր կատարի փրկելու առանձին մարդկանց: Այդպէս եղաւ 1937 թուականին մարշալ Բաղրամեանի պարագայում, որի դէմ նրա դաշնակցական անցեալի համար ՆԿՎԴ-ն արդէն թղթածրար էր պատրաստել: Նա փրկուեց Միկոյեանի միջնորդութեամբ: Նման պատմութիւն էլ կայ նաւաշինութեան նախարար, յետագայում Խորհրդային Միութեան ծանր մետալուրգիայի նախարար Թեւոսեանի պարագայում: Յաջողուել է փրկել նաեւ Մոսկուայի գլխաւոր ճարտարապետ Կարօ Հալաբեանին, նրան Երեւան ուղարկելով: Աւետիք Իսահակեանի ընտանիքում հիմա էլ պատմում են, թէ ինչպէս լինելով Երեւանում Միկոյեանը կարողացել է նրբօրէն հեռացնել վտանգն Իսահակեանից:

- Մինչդեռ ո՛չ Չարենցը, ո՛չ Բակունցը, ո՛չ Թումանեանի որդիները չփրկուեցին նրա կողմից:
- Իսկ ինչպէ՞ս պէտք է նրանց փրկէր: Նա մարդկանց դատապարտելու եւ ազատելու իշխանութիւն չունէր: Նա զբաղւում էր բացառապէս տնտեսավարման ու տնտեսական հարցերով: Դա ակնյայտ է նրա պարտականութիւնների շրջանակից: Կար անգամ Քաղբիւրոյի յատուկ որոշումը, որով դրա անդամներին արգելւում էր խառնուել ՆԿՎԴ-ի գործերի մէջ: Ինչպէս պէտք է Միկոյեանը փրկէր ուրիշների որդիներին, երբ սեփական պատանի տղաներին չկարողացաւ ազատել: Վանոն՝ 16 տարեկան եւ Սերգօն՝ 14 տարեկան, վեց ամսով բանտ նետուեցին Լիւբլիանկայում, ապա նաեւ աքսորուեցին Տաջիկստան ֆանտաստիկ մի մեղադրանքով՝ «անդամութիւն մանկական հակախորհրդային կազմակերպութեան, որ ծրագրում էր պետական յեղաշրջում»: Ըստ որում, նրանց ստիպել էին ստորագրել մեղադրանքը: Միկոյեանը հասկանում էր, որ դա իրեն ուղղուած նախազգուշացում էր, ու որ երեխաները չէին թիրախը: (Առանց Ստալինի թոյլատրութեան Քաղբիւրոյի անդամի երեխային չէին համարձակուի աքսորել):
Լաւ է՝ 37 թիւը չէ. «Օրեր»-ը կարող էր բռնադատուել սադրելու մեղադրանքով։

- Յայտնի է, որ Միկոյեանը Հայաստանի կոմունիստական վերնախաւից պահանջել է հրաժարուել Հայոց ցեղասպանութեան 50-ամեակը նշելու ծրագրից:
 - Որտեղի՞ց է դա յայտնի: Ինչ է, ինչ-որ փաստաթուղթ կա՞յ, թէ դրա աղբիւրը ՄԿԱ-ն է (Մի կին ասաց):
 
- Ոչ, մի կին չասաց, Զարուբեանի որդին է պատմել: Ուստի օրինաչափ չէ՞ արդեօք, որ ցեղասպանութեան ու բռնութիւնների զոհերի ժառանգներն այժմ սպառնում են պղծել Միկոյեանի այս նկարում պատկերուած յուշարձանը, եթէ այն դրուի Երեւանում:
- Անձամբ ես փաստական որեւէ նման վկայութիւն չեմ տեսել: 1965 թուականին Միկոյեանը դեռեւս ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի նախագահ էր, ու Հայաստանի կոմկուսին Մոսկուայից չէր ղեկավարում ու չէր ուղղորդում: Եւ ընդհանրապէս, դա այն ժամանակն էր, երբ նա որոշեց արդէն հեռանալ, ու այդպէս էլ արեց նոյն տարի:
Յուշարձանների պղծումը բոլոր նորմալ պետութիւններում, ներառեալ Հայաստանում, համարւում է նողկալի ու պատժելի իրաւախախտում: Վաղը որեւէ մէկը կ՚որոշի պղծել Երեւանի բոլշեւիկների արձաններըՙ Ստեփան Շահումեանի, Միասնիկեանի, կամ օրինակ, Բաղրամեանի, որ իր զինուորական փայլուն կարիերայի սկզբին դաշնակցականների հետ է եղել, կամ Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հակառակորդներին կարող է դուր չգալ Սողոյեանի «Միասնական խաչ» երկու ժողովուրդների բարեկամութեան արձանը: Եթէ այս դիրքերից ելնենք, ապա Եւրոպայի բոլոր պետութիւնների բնակիչներին կ'արտօնուի պղծել Նապոլէոնի դամբարանը: Ձեր թափանցիկ ակնարկից (կամ գուցէ խորհրդից) բարբարոսութեան, ամենաթողութեան ու վատ բարքերի անվերահսկելիութեան քամի է փչում: Մեղմ ասած, Հայաստանի՝ իբրեւ զարգացած ու հանդուրժող պետութեան, ոչ այնքան գրաւիչ կերպար է յառնում արտասահմանում ու մասնաւորաբար Սփիւռքում:

- Լաւ է, որ 37 թիւը չէ, այլապէս «Օրեր»-ի դէմ գործ կը յարուցէիք: Ես չեմ ակնարկում ու խորհուրդ չեմ տալիս: Ես Ձեզ փոխանցում եմ Երեւանում տիրող տրամադրութիւնները, ինչից Դուք շատ հեռու էք: Ասացէք խնդրեմ, աւելի լաւ չէ՞ հիմա գոնէ որոշ ժամանակով սառեցնել յուշարձանի տեղադրումը: Մի՞թէ Դուք ցանկանում էք այսքան աղմուկից ու սկանդալներից յետոյ այդուհանդերձ տեղադրել Երեւանում Ձեր պապի արձանը, որը ժողովուրդը չի ուզում տեսնել կամ ունենալ իր քաղաքում:
- Ո՜չ, չեմ մտածել: Ինչո՞ւ: Ո՞վ յետոյ հանդէս կը գայ նման նախաձեռնութեամբ, ասենք 5 տարի անց: Հայրս արդէն չկայ, ես էլ կարող եմ չլինել:

- Գուցէ տարիներ անց ժողովուրդը հանդէս գայ նման նախաձեռնութեամբ: Չէ՞ որ Սարոյեանի թոռները չէ, որ իրենց պապի արձանը տեղադրեցին Երեւանում:
- Հայ ժողովուրդը գործնականում ոչինչ չգիտի այն ժամանակների մասին, երբ ապրել է Միկոյեանը, չի հասկանում նրա դերը: Հինգ տարուց աւելի վատ կը լինի, ուստի քանի դեռ ես ողջ եմ, չպէտք է կորցնել ժամանակը:

- Մեր ողջ հարցազրոյցի ժամանակ Դուք արդարացնում էք Միկոյեանին. այն ժամանակ շատ երիտասարդ էր ու անփորձ, այն տարիներին ղեկավարում էր Ստալինը, ու Միկոյեանը ոչինչ չէր կարող անել: Ուրեմն, ինչո՞ւ է դրւում յուշարձան, եթէ նա քուէարկել է անելանելիութիւնից, կամ ուրիշներն են նրա անունից ելոյթ ունեցել, ինչո՞ւ, եթէ նա չի՛ կարողացել ու չի՛ արել:
- Իսկ ինչ է, այլ մէկը պաշտպանե՞ց Արեւմտեան Հայաստանը:

- Բայց այլ մէկի արձանը չի դրւում հիմա: Մարդիկ, ովքեր մեղադրում են Միկոյեանին, իրենց տեսակէտը փաստում են նաեւ շատ պարզ փաստարկներով: Շատ հայորդիներ իրենց արիւնով նուաճեցին Արցախի ազատ ապրելու իրաւունքը: Նրանք յուշարձան չունեն Երեւանում, իսկ Դուք ուզում էք մռայլ օրերի ոչ միանշանակ մի քաղաքական գործչի բրոնզաձոյլը դնել:- Սա յուշարձան է ոչ թէ քաղաքական գործչին, այլ անհատին, ով հեռաւոր Սանահին գիւղից իր աշխատանքի ու տաղանդի շնորհիւ հասաւ ամէն ինչի:
Իսկ ինչո՞ւ Ղարաբաղեան պատերազմի հերոսների յուշարձաններ չեն դրւում:

- Գուցէ, որովհետեւ Ձեր նման ակտիւ նախաձեռնողներ չունեն: Ասացէք խնդրեմ, ինչո՞ւ Դուք հանդէս չեկաք գոնէ Միկոյեան եղբայրներին Երեւանում անմահացնելու նախաձեռնութեամբ: Արտեմ Միկոյեանը մեծ յարգանք է վայելում, ու հաւանաբար աղմուկն ու հակադարձումն այսքան հզօր չէր լինի:
- Դուք ճիշդ էք: Մեր շատ մեծ ընտանիքում դժուար թէ որեւէ մէկը դէմ լինէր դրան: Հաւանաբար չմտածեցինք, քանի որ Արտեմ Միկոյեանի յիշատակն ինչ-որ կերպ արդէն իսկ յաւերժացուել է Հայաստանում, իսկ Անաստասինը՝ ոչ: (*)

- Ի՞նչ էք կարծում, եթէ Անաստաս Միկոյեանը ողջ լինէր, կը համաձայնէր արդեօք յուշարձան ունենալ Երեւանում:
- Անմիջապէս երեւում է, որ Դուք խեղուած պատկերացում ունէք Միկոյեանի կեանքի փիլիսոփայութեան ու ներքնաշխարհի մասին:

- Այսինքն, չէ՞ր համաձայնի:
- Նա մարդ էր բացառիկ անձնական համեստութեամբ: Յիշում եմ, երբ մեր բարեկամներից մէկը, որ Հայաստանից հիւր էր եկել, սեղանի շուրջ կենաց սկսեց ասել գովերգելով Միկոյեանին, ի պատասխան կտրուկ լսուեց «սո՛ւս»: Նա հաճոյախօսութիւններ տանել չէր կարողանում: Նկատէք, նրան երբեք չէք տեսնի շքանշանների ողջ հաւաքածուով, իսկ նա միայն Լենինեան 6 շքանշան ունէր: Միակ պարգեւը, որ կրում էր, սոցիալիստական հերոսի շքանշանն էր: Նա այն շատ էր գնահատում, քանի որ պարգեւատրուել էր Կուրսկի ճակատում 1943 թուականի յաղթանակից յետոյ՝ ռազմաճակատին մատակարարումների համար: Դա տիտանական աշխատանք էր: Բրոնզէ մարմինը մարդ-անհատի յիշողութեան խորհրդանիշն է, ոչ թէ նրան փառաբանելու միջոց:

(*) Ճիշդ չէ, ասենք, որ Անաստաս Միկոյեանի արձան Հայաստանում եւս կայ (Խմբ.)։

No comments:

Post a Comment