ՆԱՅԻՐ ԵԱՆ
1907-08 թուականներին Կոմիտասն ազգային պարերի ութ նմոյշ է գրառել. նոտագրել է երաժշտութիւնն ու բառերով նկարագրել ամբողջ պարը: Քանի որ գրառման այլ համակարգ չի եղել, Կոմիտասն ասել է. «Սա թողնենք աւելի լաւ ժամանակներին»:
Նրանից յետոյ Սրբուհի Լիսիցեանը քառասուն թուականին Մոսկուայում հրատարակել է «Запись движения» գիրքը, որը պարերի գրառման համակարգի եզակի նմուշ է: Մասնագիտական ոլորտում յայտնի է նաեւ Լաբանի համակարգը, բայց այն մատչելիութեամբ զիջում է Սրբուհի Լիսիցեանի մշակած համակարգին: Հայ ազգագրագէտ-բանահաւաքի գրառման ձեւով են առաջնորդուել նաեւ Մոսկուայի Մեծ ու Մարիինեան թատրոնները՝ թղթին յանձնելով բալետներ եւ ամբողջական միզանսցէններ: Այնպէս որ, Սրբուհի Լիսիցեանը պարերի գրառման համակարգի առաջին լուրջ փորձն է արել, որի հիման վրայ կարող են իրենց պարերը գրառել նաեւ այլ ժողովուրդները: Լիսիցեանի համակարգը զուտ ազգային չէ, բայց բխում է ազգայինից: Լիսիցեանի աշակերտները՝ ազգագրագէտներ Էմմա Պետրոսեանն ու Ժենիա Խաչատրեանը, հաւաստիացնում են, որ իրենց ուսուցիչը գրի է առել շուրջ երեք հազար պար՝ մեծ մասամբ Արեւմտեան Հայաստանից գաղթածներից. ահռելի ու նուիրական աշխատանք, որի շնորհիւ արեւմտահայոց պարարուեստը պահպանուել ու փոխանցուել է սերունդներին: Ի տարբերութիւն նրանց պարերի՝ արեւելահայերինը խառնածին է. պարունակում է կովկասեան տարբեր ժողովուրդների պարային տարրեր՝ «ուզունդարա», «թարաքեամա». անգամ անունները հայերէն չեն: Իսկ Արեւմտեան Հայաստանն ունեցել է խիստ ազգային խորհրդանիշներով, նկարագրով, պատմութեամբ ու նշանակութեամբ պարեր:
Կարնեցիները, որ մեծ մասամբ հաստատուել են Ջաւախքում ու Ախալցխայում, ազգային աւանդոյթների շարքում պահպանել են նաեւ աւանդական պարերը: «Կարին» աւանդական երգի ու պարի խմբի հիմնադիր ու ղեկավար Գագիկ Գինոսեանը պատմում է. «Իմ պապերը Կարինից են գաղթել Ախալցխա: Այնտեղ մի անգամ պարելիս ինձ տեսան իմ համաքաղաքացիներն ու ասացին՝ պապիդ նման լաւ ես պարում: Գիտէի, որ քսաներորդ դարասկզբին Ախալցխայում բեմադրուել է "Վարդանանց ցուցք" թատերապարը, որ կարնեցիները հարուստ պարարուեստ են ունեցել, պահպանել ու փոխանցել սերունդներին: Լինելով կարնեցու թոռ՝ շատ հետաքրքրուած էի այդ պարերի պատմութեամբ, ծագումնաբանութեամբ ու նշանակութեամբ: Գնացի ազգագրագէտ Ժենիա Խաչատրեանի մօտ, որը Սրբուհի Լիսիցեանի օրինակով Ջաւախքի պարեր էր գրառել: Նրա գրառած պարերը վերականգնեցի, ինքս էլ փնտռեցի ու գրառեցի Ախալցխայի ու Ջաւախքի այլ պարեր: Կարնոյ պարանմոյշների հարուստ գանձարան ունէի: 2001-ին հիմնադրեցի «Կարին» աւանդական երգի ու պարի խումբը, որը շատ շուտով բացի Կարնոյ պարերից, երկացանկում ընդգրկեց նաեւ ամբողջ Հայկական լեռնաշխարհի պարերից»:
Սրբուհի Լիսիցեանի մշակած համակարգի շնորհիւ այսօր հնարաւոր է գրառել ու պահպանել ցանկացած պար: Գագիկ Գինոսեանը դեռ տասը տարի առաջ էր մտայղացել Լիսիցեանի համակարգը իւրաքանչիւրի, անգամ սկսնակի համար ընթեռնելի ու հասկանալի դարձնել: Պատմում է, որ առաջին փորձը յաջողութեամբ չի պսակուել. տեխնոլոգիաներն այսօրուայ պէս հզօր չէին: Երկու տարի առաջ «ԻնստիգԷյթ» կազմակերպութեան ղեկավար Վահագն Պօղոսեանը, որ պատրաստել է «Կարին», «Լէոնիդ Ազգալդեան», «Հայրիկ Մուրադեան» կայքերը, յանձն է առնում կինետոգրաֆիայի՝ պարանշումների գրառման կայքը նոյնպէս պատրաստել: Կինետոգրաֆիա բառի ստուգաբանութիւնը եւս Սրբուհի Լիսիցեանն է տալիս: Կինետօ նշանակում է շարժում, գրաֆիա՝ գրառում: Գագիկ Գինոսեանը կինետոգրաֆիան փոխարինել է գրաբարեան բառով՝ կաքաւագրութիւն: Կաքաւել նշանակում է պարել: Ընդհանրապէս պարել բառը, բացի կաքաւելուց, այլ հոմանիշ էլ ունի՝ թեւել: Ինչպէս տեսնում ենք, կաքաւելն ու թեւելը թռչնի հետ են նոյնացւում: Պարի ակունքները նախաքրիստոնէական են, աւելին՝ բազմաստուածութիւնից էլ անդին: Հին հայերի համար թռչունը եղել է այն արարածը, որը կարող էր մարդուն վեր հանելՙ դէպի աստուածներ: Մենք ունեցել ենք թռչնի պաշտամունք ու խորհրդանշաբար նաեւ փորձել ենք մօտենալ թռչնի կերպարին: Ի զուր չէ, որ ասում ենքՙ թեւաթափ եղայ, թեւատարած մօտեցայ: Այս արտայայտութիւններում չենք օգտագործում ձեռք բառը (*): Ասում ենք նաեւ՝ թեւ թեւի պարել. այսինքն՝ թեւերը միացրած պարել՝ թռչուն պատկերացնելով, թռչնի պէս: Բանն այն է, որ հնում պարերը համարուել են թռչունների պաշտամունքին ուղղուած ծէսեր: Գագիկ Գինոսեանը նշում է. «Մեր առաջին պարանմոյշները թռչնակերպ պարերն են: Կաքաւել՝ կաքաւի նման պարել, ունենք նաեւ "Շորոր" պարը, որն առաջացել է սորոր թռչնի անունից, «Կռնկաւէն» պարը, որ նշանակում է՝ կռունկի նման: Գրառուած պարերի որոշ շարժումների կրկնութիւններ կամ նմանութիւններ ենք տեսնում մեր գորգերում, խաչքարերի վրայ, ասեղնագործութեան, ձեռագործութեան, սափորագործութեան մէջ: Թող սա զարմանալի չթուայ: Ոչ թէ մեր մշակոյթի տարբեր ոլորտներն են միմեանց վրայ ազդել, այլ եղել է ընդհանուր հաւատալիք, որը ճառագայթաձեւ ազդել է մշակոյթի տարբեր ոլորտների վրայ ու ամէն տեղ արտայայտման ձեւ ստացել»:
Գրառուած պարերի նիշերը կոչւում են կաքաւանիշեր: Դրանք պարի նոտաներն են: Կաքաւագրերի կայքում համակարգչով գրառուած է հայկական 18 պար: Դրանցից առայժմ երեքը Գագիկ Գինոսեանն ու իր համախոհներն ուզում են վերջնական, կատարեալ տեսքի բերել: Թէեւ հիմա էլ իւրաքանչիւր ոք կարող է կաքաւագրերի միջոցով կարդալ 18 պարերից իւրաքանչիւրը: «Աստուածածնայ պար», «Ճօճք», «Գորանի», «Կարնոյ քոչարի» եւ այլ. այս պարերը գրառուած են: Գագիկ Գինոսեանը մտադիր է նոյն սկզբունքով մատուցել ամենայայտնի 50 պարեր:
Կաքաւագրերը հնարաւորութիւն են տալիս առանց պարուսոյցի պարել սովորել: Երաժշտութիւնը հնչում է. ոտքի, ծնկի, ոտնաթաթի, ուսի, գլխի իւրաքանչիւր շարժում հերթականութեամբ նշուած է: Հարկաւոր է միայն սկզբում մի քիչ ուշադիր լինել ու գետնին դրուած ոտնաթաթի նշանը չշփոթել բարձր պահած ոտնաթաթի նշանի հետ, կամ ծնկածալը չշփոթել ուղղուած ոտքի հետ եւ այլն: Իսկ որ ամենակարեւորն է՝ այս պարերը կը փոխանցուեն սերնդէ սերունդ, չեն կորչի ու կը բեմադրուեն: Նոյն սկզբունքով Գագիկ Գինոսեանը մտադիր է ազգային միւս պարերն էլ գրառել ու հանրութեան սեփականութիւնը դարձնել: Միայն թէ կայքն ու կաքաւագրերը պաշտպանութեան կարիք ունեն: Պէտք է դրանք հնարաւորինս անվտանգ դարձնել, որովհետեւ չի բացառւում, որ թուրքերն ու ադրբեջանցիները քիթները խոթեն այստեղ ու գողանան մեր պարերը: Գագիկ Գինոսեանն ասում է, որ հարկաւոր է ամենաանվտանգ համակարգը ներդնել, որպէսզի հնարաւոր չլինի կաքաւագրերը ներբեռնել: Միեւնոյն ժամանակ նա նպատակային է համարում այդ պարերը տարածել նաեւ Սփիւռքում, որպէսզի այնտեղ եւս ուսուցանուեն ու բեմադրուեն: Չէ՞ որ դրանց մեծ մասը սփիւռքահայերի նախապապերից է մեզ հասել:
Պարերի գրառման համակարգը հասանելի ու հասկանալի է բոլորին, մասնագէտներին՝ առաւել եւս: Կոմիտասն ասել է. «Պարն արտայայտում է իւրաքանչիւր ազգի բնորոշ գծերը, մանաւանդ բարքն ու քաղաքակրթութեան աստիճանը»: Մեր պարերն արտացոլում են ու վկայում մեր հինաւուրց մշակոյթը, պատմութիւնը, ծագումնաբանութիւնը, ծէսերը, հաւատալիքները: Որեւէ ազգ այդպիսի արժէքներն առանց յապաղելու, մերօրեայ ձեւակերպմամբ՝ բրենդ կը դարձնէր ու դեռ մանկապարտէզից կ'ուսուցանէր երեխաներին:
Գագիկ Գինոսեանի մեծագոյն ցանկութիւնն է, որ հայոց լեզուի, պատմութեան, մաթեմատիկայի ու այլ առարկաների նման հայ աւանդական պարն էլ մտնի հանրակրթական դպրոց՝ որպէս առանձին ու պարտադիր առարկայ:
«Ազգ-Մշակոյթ», Յունիս 6, 2014
(*) Սակայն, հայերէն կ՚ըսուի «ձեռնթափ ըլլալ», «ձեռնթափութիւն» («Հայկականք»)։
No comments:
Post a Comment