10.4.14

Պատասխան բարեւաժպիտ

ՅԱՍՄԻԿ ԻՍՈՅԵԱՆ

Վերջերս լոյս տեսաւ հայագէտ, պատմաբան, կինոգէտ, թարգմանիչ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Արծուի Բախչինեանի «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում›› պատմութիւնների ժողովածուն (Արծուի ստորագրութեամբ): Ինչպէս հասկանալի դարձաւ վերը թուարկուած երկար (ու թերեւս դարձեալ ոչ լրիւ) ցանկից, հեղինակի հետաքրքրութիւնների շրջանակը շատ լայն է եւ ընդգրկուն, ընդ որում ամենայն խորութեամբ ու իմացութեամբ, պրոֆեսիոնալիզմի բացարձակ դրսեւորմամբ: Ինչպէս գրքի առաջաբանում նշում է Էլդա Գրինը, ‹‹բարեբախտաբար նա չի դասւում այն մարդկանց շարքին, ովքեր հակուած են խորանալու միայն մէկ, չափազանց նեղ ոլորտում: Նա զարմացնում է իր քաջատեղեակութեամբ …››:
Գրքում տեղ գտած երկու տասնեակից աւելի պատմութիւնները, ինչպէս հեղինակն է անուանում իր փոքրիկ, բայց, կոլորիտային գրուածքները, կարդացւում են իրական հետաքրքրութեամբ եւ սրընթաց թեթեւութեամբ: Եւ թերեւս պատճառներից մէկն էլ այն է, որ ‹‹պատմութիւններում նկարագրուած դէպքերը, անունները եւ գործողութիւնները տեղի են ունենում իրական եւ հաւաստի միջավայրում, ուստիեւ ոչ մի հերոս մտացածին չէ››. իրավիճակները ապրուած են, այնքան ծանօթ եւ հին ու միաժամանակ մերօրեայ եւ արդիական: Այո, նկարագրուածը մեր կեանքն է` առանց չափազանցութիւնների, անպաճոյճ մերկութեամբ, լաւ ու վատ կողմերով: Հերոսներն էլ մենք ենք, մեզ ծանօթ մարդիկ մեր սովորական իրավիճակներում:
Դա ի հարկէ նոր ոճ էր հեղինակի բազմապրոֆիլ գործունէութեան մէջ, մտաւորական, ում աշխատանքին ծանօթ էի Վարդան Մատթէոսէանի համահեղինակութեամբ գրուած ‹‹Շամախեցի պարուհին›› (2007 թ.) աշխատութիւնից: Աշխատութիւնը Արմէն Օհանեանի կեանքին ու գործին նուիրուած ուսումնասիրութիւնն էր, որտեղ հեղինակները հանդէս էին գալիս որպէս գիտնական-բացայայտողներ` կատարելով հետազօտական խոր եւ բազմաշերտ վերլուծութիւններ: Դա հսկայական, յարգանքի եւ գնահատանքի արժանի աշխատանք էր, քանզի մենք բոլորս գիտենք Այսեդորա Դունկանին, Աննա Պաւլովային, իսկ Արմէն-Սոֆիա Օհանեանին (ով չի զիջել իր տաղանդով եւ համբաւով, ով նոյնիսկ մեր օրերում զարմացնում է իր արկածային, բուռն կեանքով, իր ազատ եւ պայմանականութիւններից զերծ որոշումներով, ով գայթակղել ու հմայել է ոչ միայն մարմնի պլաստիկութեամբ, այլեւ մտքի ճկունութեամբ, ով անսահման հայրենասէր էր եւ միշտ ունեցել է իր քաղաքացիական դիրքորոշումն ու վճռականութիւնը), նրան` այդ կին-առասպելին, քչերը գիտէին: Եւ շնորհիւ այդ գրքի` ընթերցողը իմացաւ նրան: Ու եթէ ‹‹Շամախեցի պարուհին›› աշխատութեան մէջ մենք տեսնում ենք զգայական տպաւորութիւններով չառաջնորդուող գիտնական վերլուծողին, ‹‹Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում›› ժողովածուն ասես բոլորովին այլ Արծուի Բախչինեան է հեղինակել: Երկու գրքերը` անհամեմատելիներն իրար հետ համեմատելուս պատճառն էլ հէնց այն էր, որ ցանկանում էի ակնառու ներկայացնել Արծուի Բախչինեան մտաւորականի իմացութիւնների եւ մտահորիզոնի լայն, երբեմն նաեւ անսպասելի դրսեւորումները, որոնցում թերեւս ընդհանուրը մի բան է` շնորհալի ու խորաթափանց մարդու ձեռագիրը… ‹‹Ուզում եմ բարեւս տալ եւ ժպտալ այս գիրքս բացող ամէն մէկին››, գրում է հեղինակը ‹‹բարեւաժպիտ›› վերնագրուած նախաբանի մէջ: Ի պատասխան ես էլ առնում եմ Արծուիի բարեւն ու ժպտում: Իսկապէս ժպտում եմ, քանի որ լոյս կայ այս գրքում, ջերմութիւն եւ սեր, վերամբարձ` ոչինչ, վերեւից նայողի խրատաբանութիւն` բացարձակ: Գեղեցիկ, բազմազան ու լուսաւոր պատումներ, որ հրապուրում են իրենց թեթեւասահ պարզութեամբ, երանգային բազմազանութեամբ: Հեղինակը չպարտադրող նրբանկատութեամբ գլխի է գցում, որ ինչ-որ ջերմ, կարեւոր բան է պակասել մարդկային յարաբերութիւններում, որ ֆուտբոլի դաշտը պատած ձնծաղիկներին տրորուելու բախտին արժանացնելը տարբերակներից լաւագոյնը չէր: Նոյնիսկ այն դէպքերում, երբ չզայրանալը, չարհամարհելը անհնարին է թւում (օրինակ կնոջը ծեծող Գրիշին, քաղքենի Լիլիկին կամ Լի՛լիին կամ թաղի ‹‹օրէնքները պահող գողական›› տղաներին), ատելութիւն չէ, որ ծնւում էր ներսումս, այլ` խղճահարութիւն տգիտութեան եւ դրանից բխող բոլոր թշուառութիւնների հանդէպ: ‹‹Ներիր նրանց, հայր, քանզի չգիտեն թէ ինչ են անում››: Երեւոյթի այս մեծահոգի ընկալումն է մեզ հրամցնում Արծուին ու նաեւ լաւատես, կառուցողական այն մղումը, որ բուռն ցանկութիւն է ծնում փոխել, լաւացնել, ներել… Ու ես ցանկացայ, որ երկիրս բուժուի այդ ախտերից, դառնա առողջ ու լուսաւոր, այնպիսին, որ ժպիտով բարեւող մարդը չըկալուի որպէս շեղում նորմայից: Լայնաժպիտ կեանքը դառնայ բնական ապրելաոճ, ինչպէս բնական ենք համարում ‹‹հացլետներն›› ու վերմիշելը քրոջը հասցնել շտապող կնոջը. վեհագոյն մի քայլ, մարդու մի տեսակ, որի գոյութեամբ երկրի վրայ արդարացւում է մեր ապրելու իրաւունքը: Ահա նաեւ իր ուրոյն ձեւով աշխարհի անարդարութեան դէմ բողոքող, Լոռուայ համուհոտով բուրող Սիրամարգ հօքիրը, քանի-քանի մարդ կարդալով նրա մասին կը ժպտայ, մտածելով, որ ինչ-որ տեղ էլ կայ իրենց հօրաքրոջ նմանակը: Ահա տեսնում եմ ազգային թասիբ ունեցող, այն պարսկահայ տղաներին, ովքեր իրենց համար դժուար, անչափ դժուար, կռիւ անելուց դժուար, բայց միակ սրտացաւ ու խելացի որոշումն են կայացնում, գնել դա, այդ Իրը` հայ բակընկերուհու արժանապատուութիւնը անաղարտ պահելու համար: Կերպարներ` այնքան ծանօթ ու հայկական, սիրելի ու ջերմ, չյօրինուած եւ այս դէպքում նոյնպէս` չգունազարդուած: Տեսայ նաեւ հեղինակի կերպարը` անչար, աննախանձ, լուսաւոր, աշխոյժ հումորով եւ ճկուն մտքով, ինչպիսին լինում է իրական մտաւորականը…
Այսքանը: Շնորհաւորելով ‹‹Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում›› ժողովածուի ծնունդը, հեղինակին մաղթում եմ նոր յաջողողութիւններ: Տայ Աստուած, շարունակենք անակնկալի գալ նրա հետաքրքրութիւնների, պրպտումների նորանոր դրսեւորումներով, նրա ձեռքբերումներով, որոնք արդիւնքում դառնում են մերը, մեր կեանքի այն պտղունց աղը, որ անհրաժեշտ է նոյնիսկ ամենաշքեղ ուտեստին:

«Գրական թերթ», Մարտ 28, 2014

No comments:

Post a Comment