12.11.13

Պետական Եկամուտների Կոմիտէի նոր անակնկալը, կամ ինչքան շատ անուադողերի պայթիւն, այնքան մեծ եկամուտ

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
 
Ջաւախքից դէպի Հայաստանի Հանրապետութիւն անցնելիս` Բաւրայի մաքսային կէտի շէնքի պատուհաններին կը տեսնենք հետեւեալ յայտարարութիւնը. «Օգտագործուած անուադողերի ներբերումը ՀՀ արգելւում է»: Այս տողերը կարող էին ուրախացնել իւրաքանչիւր քաղաքացու` կապուած այն հանգամանքի հետ, որ օգտագործուած անուադողերը [used tires] կարող են նպաստել շրջակայ միջավայրի աղտոտմանը: Այդ դէպքում էլ բնական հարց կարող էր առաջանալ` ինչու հէնց միայն անուադողեր, եւ ոչ թէ, օրինակ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր կամ այլ իրեր:
Խնդիրն իրականում բոլորովին այլ է, եւ օգտագործուած անուադողերի ներբերման արգելումն ամենեւին էլ կապ չունի հայրենական իշխանութիւնների բնապահպանական վեհ ու հայրենանուէր ծրագրերի հետ: Գաղտնիք չէ, որ, ելնելով Հայաստանի Հանրապետութիւնում առկայ եւ չհիմնաւորուած բարձր գներից, ՀՀ հազարաւոր քաղաքացիներ իրենց անուադողերը փոխում են Վրաստանում, իսկ հին անուադողերից նրանք, որոնք հնարաւոր է օգտագործել եւս մի որոշ ժամանակ, քաղաքացիները վերցնում են իրենց հետ` բերելով Հայաստանի Հանրապետութիւն: ՀՀ ՊԵԿ-ը [Պետական Եկամուտների Կոմիտէ], բնականաբար, երկար է մտածել, թէ ինչպէս կարելի է քաղաքացիների այս հնարքի դէմն առնել եւ ստիպել վերջիններիս` անուադողերը գնել ոչ թէ Վրաստանից, այլ` Հայաստանի Հանրապետութիւնից (*):  Հարցն այնքան էլ հեշտ լուծուողներից չէ, եւ ՊԵԿ-ը, երկար մտածելուց յետոյ, որոշել է արգելել հին անուադողերի ներբերումը: Հասկանալի է` շատ քաղաքացիներ, ափսոսալով դէն նետել դեռեւս օգտագործուող անուադողերը, կը ձգձգեն Վրաստան այցելութիւնը եւ կը սպասեն վերջիններիս իսպառ մաշուելուն, իսկ եթէ այդ զառամեալ անուադողերի հետ մի չար դէպք պատահի, օրինակի համար` յանկարծակի պայթեն, ապա քաղաքացին ստիպուած կը լինի դրանք փոխել նորերով ոչ թէ Վրաստանում, այլ Հայաստանի Հանրապետութեան տարածքում: Երկար ու մանրակրկիտ հաշուարկների արդիւնքում ՊԵԿ-ի աշխատակիցները, փաստօրէն, գտել են «հարց»ին մասնակի լուծում տալու ելքը. ինչքան շատ անուադողերի պայթիւն, այնքան մեծ եկամուտ:
Թէ ով է անուադողերի Հայաստանի Հանրապետութիւն ներմուծման հեղինակը, անկեղծ ասած, չգիտեմ: Դատելով անհասկանալի բարձր գներից` այս մենաշնորհը պատկանում է ոչ անյայտ մէկին, եւ հայրենի իշխանութիւնները, փոխանակ զսպեն այս ներկրողի նկրտումներն ու ապահովելով մրցակցութիւն` իջեցնեն աստղաբաշխական գները, գործում են ճիշդ հակառակ կերպ, ինչպէս դա տեղի է ունենում ՊԵԿ-ի պարագայում:
 
«Լրագիր», Նոյեմբեր 1, 2013
 
(*) Ի դէպ, աշխարհի որեւէ երկրի մէջ, նման մաքսային արգելքներ կը հաստատուին, երբ տուեալ ապրանքի մը մուտքը՝ աւելի ցած գիներով, կրնայ վնասակար ըլլալ այդ նոյն ապրանքի տեղական արտադրութեան, ո՛չ թէ ներածողի մը շահերուն («Հայկականք»)։

No comments:

Post a Comment