ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ
Ցեղասպանութեան հետեւանք հանդիսացող հայկական սփիւռքը տասնամեակների ընթացքում ենթարկուել է որոշակի փոխակերպման` կապուած նրա ներսում տեղի ունեցող «ժողովրդագրական» տեղաշարժերի հետ: Այդ փոխակերպման ըմբռնումը կարեւոր նշանակութիւն ունի ինչպէս մարտահրաւէրներին դիմագրաւելու, այնպէս էլ ընձեռուած հնարաւորութիւններից առաւելագոյնս օգտուելու տեսանկիւնից:
ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԷՈՒԹԻՒՆԸ
Ցեղասպանութեան հետեւանքով Սփիւռքի հայկական համայնքներ ձեւաւորուեցին Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներում` Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Եգիպտոսում եւ այլն: Եղեռնից փրկուած հայերի խմբերը հաստատուեցին նաեւ եւրոպական երկրներում` Յունաստան, Բուլղարիայ, Ռումինիա, Ֆրանսիա եւ այլուր, ինչպէս նաեւ Ամերիկայում` ԱՄՆ, Կանադա եւ այլն:
Յետագայում, սակայն, նկատուեց հայերի գաղթ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներից դէպի Արեւմուտք` ԱՄՆ, Կանադա, արեւմտաեւրոպական զարգացած երկրներ: Այդ մասին է վկայում Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրների հայ համայնքների թուաքանակի շարունակական նուազումը` արեւմտեան երկրների հայ համայնքների թուաքանակի շարունակական մեծացման յետնապատկերին:
Այսպէս, եթէ 1960-ական թթ. սկզբին ԱՄՆ հայութեան թուաքանակը կազմում էր մօտ 250 հազ(1), ապա 21-րդ դարի սկզբին այն կազմում է մօտ 1.2 մլն(2): Փոխարէնը, Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներից, օրինակ, Սիրիայում, եթէ նոյն 1960-ական թթ. սկզբին հայերի թուաքանակը կազմում էր մօտ 150 հազ.(3), ապա նախքան սիրիական վերջին ճգնաժամի սկիզբը այդ թիւը կազմում էր 65-70 հազ.(4):
Պատկերն առաւել յստակ եւ առարկայնօրէն ցոյց տալու համար ստորեւ բերուած աղիւսակներում ներկայացուած է Մերձաւոր եւ Միջին Արեւելքի ու արեւմտեան առաւել հայահոծ երկրներում (Թուրքիա, Իրան, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ֆրանսիա) հայերի թուաքանակի դինամիկան 1960-ական թթ. սկզբի համեմատ: (*)
Աղիւսակ 1
Հայերի թուաքանակը Մերձաւոր եւ Միջին Արեւելքի առաւել հայահոծ երկրներում(5)
Աղիւսակ 2
Հայերի թուաքանակն արեւմտեան առաւել հայահոծ երկրներում
Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայութեան` դէպի ԱՄՆ, Կանադա, եւրոպական երկրներ արտագաղթին նպաստում են հետեւեալ հիմնական գործօնները.
1. Կեանքի որակի աւելի բարձր մակարդակն արեւմտեան երկրներում: Աւելի ապահով կեանքի եւ բարեկեցութեան ակնկալիքով 20-րդ դարի կէսից Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայութիւնը սկսեց արտագաղթել դէպի Արեւմուտքի զարգացած երկրներ:
2. Արեւմտեան սոցիալ-մշակութային միջավայրի նկատմամբ հեշտ յարմարուողականութիւնը: Հայերը, լինելով քրիստոնեայ, աւելի հեշտ են իւրացնում եւրոպական եւ ամերիկեան սոցիալ-մշակութային բարքերը եւ, հետեւաբար, աւելի հեշտութեամբ են ինտեգրւում այդ հասարակութիւններում, քան մուսուլման ժողովուրդները: Արդ, իրենց աւելի հոգեհարազատ եւրոպական եւ ամերիկեան սոցիալ-մշակութային միջավայրերը խթան էին հանդիսանում Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրների հայութեան` դէպի Արեւմուտք արտագաղթի համար:
3. Տիրապետող իսլամական միջավայրը: Այն որոշակիօրէն խորթ է հայերի համար: Չնայած հիմնականում աշխարհիկ պետութեան նկարագրին եւ հայերի նկատմամբ ցուցաբերուող հանդուրժողականութեանը, այնուամենայնիւ, Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներում չեն եղել քաղաքական եւ քաղաքացիական լայն ազատութիւններ, որոնք ինքնադրսեւորման լայն հնարաւորութիւններ ընձեռեն հայութեանը: Այս հանգամանքով է բացատրւում այդ երկրների հայ համայնքների քաղաքական պասիւութիւնը:
Իսկ վերջին տասնամեակներին նկատւում է իսլամի վերելք տարածաշրջանում: Դրա ապացոյցներն են.
• 1979թ. իսլամական յեղափոխութիւնն Իրանում, որի արդիւնքում այդ երկիրը շահական աշխարհիկ միապետութիւնից վերածուեց կրօնապետութեան (Իրանի Իսլամական Հանրապետութեան),
• իսլամիստական կողմնորոշում ունեցող Արդարութիւն եւ Զարգացում կուսակցութեան գտնուելը Թուրքիայի իշխանութեան ղեկին 2002 թուականից,
• 2011-ից սկիզբ առած «արաբական գարուն»ը, որի արդիւնքում «…ազգայնական քաղաքական ուժերը կորցնում են իշխանութիւնը եւ փոխարինւում իսլամիստ ծայրահեղականներով»(6):
4. Ներքին եւ արտաքին ցնցումները: Մերձաւոր եւ Միջին Արեւելքը փոթորկայոյզ տարածաշրջան է, որի երկրները մշտապէս գտնւում են արտաքին եւ ներքին ցնցումների մէջ: Արտաքին ցնցումները դրսեւորւում են պատերազմների ձեւով` արաբա-իսրայէլական հակամարտութիւն, իրաք-իրանական պատերազմ (1980-88 թթ.), Ծոցի պատերազմ (1990 թ.), իրաք-ամերիկեան պատերազմ (2003 թ.) եւ այլն: Իսկ ներքին ցնցումները դրսեւորւում են այդ երկրներում յեղափոխութիւնների, քաղաքացիական պատերազմների, յեղաշրջումների եւ անկայունութեան ձեւերով: Այս առումով նշանաւոր են 1975-90 թթ. լիբանանեան քաղաքացիական պատերազմը, 1979 թ. իսլամական յեղափոխութիւնն Իրանում: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա «1949-էն մինչեւ 1970 Սուրիոյ մէջ տեղի ունեցած են մօտաւորապէս 15 յեղաշրջումներ …»(7): Իսկ մեր օրերում ծաւալուող «արաբական գարուն»ը Մերձաւոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանի անկայունութեան ամենաթարմ ապացոյցն է: Այսպիսի փոթորկայոյզ իրավիճակը մշտական սպառնալիքի տակ է պահում հայ համայնքների անվտանգութիւնը եւ նորմալ կենսագործունէութիւնը:
Ինչեւէ, Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքներից հայերի մեծամասշտաբ գաղթը դէպի արեւմտեան երկրներ էականօրէն ազդում է Սփիւռքի ներքին կառուցուածքի վրայ: Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքներն աստիճանաբար փոքրանում են, փոխարէնը` մեծանում եւ աւելի ու աւելի ազդեցիկ են դառնում արեւմտեան որոշ երկրների հայ համայնքներ:
Այսպիսով, Սփիւռքի ներքին փոխակերպման արդիւնքում աշխարհով մէկ տարածուած հայկական համեմատաբար փոքրաթիւ համայնքների կողքին հետզհետէ հզօրանում են մի քանի երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի(8), Ֆրանսիայի առանցքային հայ համայնքները:
ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ ԵՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Սփիւռքի` վերը նկարագրուած փոխակերպումն ունի ինչպէս բացասական, այնպէս էլ դրական կողմեր:
Գլխաւոր մարտահրաւէրն այս առնչութեամբ հայապահպանութեան խնդրի սրումն է: Յայտնի է, որ հայերն արեւմտեան երկրներում, սերտօրէն ինտեգրուելով իրենց երկրների հասարակութիւններին, աւելի հեշտ եւ արագ են կորցնում ազգային ինքնութեան այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են մայրենի լեզուն, հաղորդակցութիւնը ազգային մշակոյթին եւ պատմութեանը, ազգային ինքնագիտակցութիւնը եւ այլն: Յատկապէս սուր է լեզուի խնդիրը, քանի որ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ քրիստոնեայ աշխարհիկ երկրների հայերի շրջանում սերնդէ-սերունդ աւելի է նուազում մայրենի լեզուին տիրապետողների թիւը: Իսկ նման իրավիճակում «…նրանց յետագայ ազգային պատկանելութիւնը դառնում է անյայտ ու մշուշապատ: Կորցնելով լեզուն եւ ազգային բնաւորութեան ու հոգեբանութեան հիմնական գծերը, հետզհետէ մթագնւում են ազգային ինքնագիտակցութիւնն ու ազգային շահի գիտակցումը»(9):
Հայերի ուծացմանը նպաստող մէկ այլ կարեւոր գործօն են խառն ամուսնութիւնները, որոնք աւելի ու աւելի են տարածւում արեւմտեան երկրների եւ Ռուսաստանի հայերի շրջանում:
Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրներում հայերը որոշակիօրէն առանձնացուած են եւ տարբերւում են տիրապետող իսլամական միջավայրից, ինչը զգալիօրէն նպաստում է ազգային ինքնութեան յատկանիշների (լեզու, կրօն, մշակոյթ, ազգային ինքնագիտակցութիւն) պահպանմանը եւ նուազագոյնի հասցնում այլազգիների հետ ամուսնութեան դէպքերը, ինչը չի կարելի ասել արեւմտեան երկրների եւ Ռուսաստանի հայութեան մասին: Այս երկրներում հայերին հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական, արժեհամակարգային միջավայրը, ինչպէս նաեւ քաղաքացիական ազատութիւնները միմեանց նկատմամբ բաց են պահում հայ համայնքներին եւ տուեալ երկրների հասարակութիւններին, ինչը լուրջ հիմք է փոխներթափանցման համար, սակայն, միաժամանակ լուրջ սպառնալիք է ստեղծում ազգային ինքնութեան պահպանմանը:
Առկայ իրավիճակը, սակայն, մարտահրաւէրների հետ մէկտեղ ենթադրում է նաեւ որոշակի հնարաւորութիւններ, որոնցից օգտուելը զգալի օգուտներ կբերի Հայաստանին եւ Սփիւռքին: Այդպիսի հնարաւորութիւններից կարելի է առանձնացնել երեքը.
1. Հայկական լուրջ կապիտալի ձեւաւորում: Արեւմտեան երկրները, ինչպէս նաեւ Ռուսաստանը, դասւում են տնտեսապէս զարգացած երկրների շարքին: Այդ երկրներում տիրում է ներքին կայունութիւնը: Այդ հանգամանքը, ինչպէս նաեւ տնտեսական գործունէութեամբ զբաղուելու լայն հնարաւորութիւնները թոյլ են տալիս տեղի հայերին ծաւալել ակտիւ տնտեսական գործունէութիւն, ձեռք բերել տնտեսական կարողութիւննէր, ինչի արդիւնքում էլ ձեւաւորւում է հայկական սփիւռքի կապիտալի հիմնական մասը: Պատահական չէ, որ սփիւռքահայ նշանաւոր գործարարները, մեծահարուստները հիմնականում արեւմտեան երկրներից ու Ռուսաստանից են (Ք. Քրքորեան, Վ. Յովնանեան, Ա. Աբրահամեան եւ այլք): Թէեւ կապիտալ ասելով հիմնականում հասկացւում է ֆինանսա-տնտեսական կարողութիւնը, սակայն դրա կողքին աւելորդ չի լինի որպէս հնարաւորութիւն դիտարկել նաեւ արեւմտեան երկրների եւ Ռուսաստանի կառավարող կառոյցներում, ֆինանսական եւ այլ հաստատութիւններում ընդգրկուած եւ բարձր դիրքերի հասած հայերին:
2. Լոբբիստական գործունէութեան ծաւալում: Արեւմտեան երկրներն իրենց քաղաքացիներին օժտում են հասարակական-քաղաքական գործունէութիւն ծաւալելու ժողովրդավարական եւ քաղաքացիական լայն իրաւունքներով եւ ազատութիւններով: Սոյն հանգամանքը, լաւ ինքնակազմակերպուելու դէպքում, հնարաւորութիւն է տալիս հայ համայնքներին ծաւալելու յաջող լոբբիստական գործունէութիւն` ի շահ թե՛ Հայաստանի, թե՛ Սփիւռքի: Այստեղ կարեւոր գործօն է նաեւ այն հանգամանքը, որ Արեւմտեան երկրները (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա), ինչպէս նաեւ Ռուսաստանը ժամանակակից աշխարհի «ծանրքաշային» երկրներն են թէ՛ տնտեսապէս եւ թէ՛ ռազմա-քաղաքական ազդեցութեան իմաստով: Ուստի, յատկապէս այդ երկրներում իրականացուող լոբբիստական գործունէութիւնն ունի կարեւոր նշանակութիւն:
3. Մտաւոր ներուժի մեծացում: Արեւմտեան երկրների եւ Ռուսաստանի առաւելութիւնը միւս երկրների նկատմամբ, բացի տնտեսական եւ ռազմա-քաղաքական ազդեցութիւնից, նաեւ զարգացած գիտա-տեխնիկական ենթակառուցուածքներ ունենալն է: Հետեւաբար, այդ երկրներում կրթութիւն ստացած եւ գիտա-տեխնիկական հաստատութիւնների գործունէութեան մէջ ընդգրկուած հայերը կազմում են Սփիւռքի` բարձր չափանիշներին համապատասխանող մտաւոր ներուժը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայ համայնքները հնարաւորութիւն ունեն տալու բարձրորակ կադրեր` գիտութեան ամենատարբեր բնագաւառներում: Իսկ այդ ներուժի ճիշդ գնահատումը եւ արդիւնաւէտ օգտագործումը կարող է զգալիօրէն նպաստել Հայաստանի զարգացմանը:
Այսպիսով, Սփիւռքում տեղի ունեցող «ժողովրդագրական» տեղաշարժերի հետեւանքով այսօր, մի կողմից, աւելի սուր է դրուած ազգային ինքնութեան պահպանման հարցը: Միւս կողմից, սակայն, «…հայկական սփիւռքի հիմնական մասը կենտրոնացած է զարգացած արդիւնաբերական երկրներում` արդիւնաւէտ գործառող ժողովրդավարական ինստիտուտներով»(10), ինչը, զուգորդուելով բարձր մտաւոր ներուժի հետ, նոր հնարաւորութիւններ է բացում համազգային նպատակների իրականացման ճանապարհին:
---------------------------
1 Գասպարեան Ս., Սփիւռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային կեանքի ուրուագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչութիւն, 1962, էջ 246:
2 «Հայ սփիւռք» հանրագիտարան, Եր., 2003, էջ 33:
3 Գասպարեան Ս., նշ. աշխ., էջ 246:
4 «Հայ սփիւռք» հանրագիտարան, էջ 508:
5 Աղիւսակների աղբիւրները` Գասպարեան Ս., Սփիւռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային կեանքի ուրուագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչութիւն, 1962, էջ 246 եւ «Հայ սփիւռք» հանրագիտարան, Եր., Հայկ. հանրագիտարան. հրատ., 2003
6 Syria Surge: Expert says toppling Assad's regime would endanger the Armenian community http://armenianow.com/news/politics/34004/middle_east_politics_impact_armenia
7 Սագօ Արեան, «Արաբական գարուն»-ը եւ Միջին Արեւելքի հայութիւնը, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6888
8 Աւանդաբար հայահոծ Ռուսաստանում, կապուած յետխորհրդային շրջանում Հայաստանից դէպի այդ երկիր արտագաղթի հետ, հայերի թիւը էլ աւելի է մեծացել` կազմելով 2.2 մլն մարդ, «Հայ Սփիւռք» հանրագիտարան, էջ 457:
9 Յակոբեան Ս., Փիլիսոփայութեան հիմունքներ, Եր., Երեւանի համալս. հրատ., 1994, էջ 284:
10 Енгоян А.П., Идеологические основы социально-политических трансформаций в постсоветской Армении, Ер., Изд-во РАУ.
«Գլոբուս» վերլուծական հանդէս, 5, 2013
(*) Ընթերցողին ներողամտութիւնը կը հայցենք, որ չենք կարողացած լուսանկարուած աղիւսակները վերարտադրել («Հայկականք»)։
No comments:
Post a Comment