ԼԻԼՒԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Ամիսներ առաջ, երբ Հանրային Հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահն
Ազգային Ժողովի բարձր ամբիոնից խոստացաւ, որ մաքրելու է եթերը, ու
որակապէս նոր հանրային հեռուստաընկերութիւն ենք ունենալու, գուցէ եւ մատների
վրայ հաշուուող որոշ միամիտներ կամ հանրապետութիւնում մնացած վերջին
լաւատեսները հաւատացին: Իսկ մի քանի օր առաջ, ինչպէս հարկ է մեզանում,
«աստղային» համերգով, շամպայնով ու թիթեռնիկաֆրակաւոր յայտնի «էլիտա»յի
ոսկէ ներկայութեամբ ազդարարուեց Հանրայինի նոր եթերաշրջանը:
Դէ մենք «աստղային» համերգ ու հրավառութիւններից լաւ ենք, ու բոլորովին
էլ կարեւոր չէ, որ բեմի երկու կողմերում էլ նոյն մարդիկ են, ու տարիներ
շարունակ նոյն, անփոփոխ ու տաղտկալի, նոյնալար ու անբովանդակ երգերն են
հնչում: Գրեթէ անիմաստ է դարձել նաեւ բարձրաձայնելը, թէ այդ ֆոնոգրամայով
«մշակութային տօները» որքան ծանր են նստում մեզ` հարկատուներիս վրայ: Հէնց
այն հարկատուների վրայ, ում փողերով գործում է Հանրայինը, եւ որն օրէնքով
ամրագրուած սրբազան պարտաւորութիւն ունի` հեռուստատեսութեան ճանապարհով
բաւարարել հանրութեան տեղեկատուական, մշակութային, կրթական ու այլ
պահանջները, այդ թւում անաչառ ու անկողմնակալ տեղեկատուութիւնն ու
իրազեկումը:
Հանրային հեռուստաընկերութիւնը, այնուամենայնիւ, նոր իմիջով (նրանք
հաստատ այս բառը կ’օգտագործէին) սկսեց. Հանրայինի տարբերանշանից անհետացել
էր «Հ» տառը, ու արդարացիօրէն ես ու շատ-շատերը Հանրայինի էկրանի աջ
անկիւնում ճանաչեցինք ռուսական առաջին ալիքից մեզ քաջածանօթ 1-ը: Ինձ պէս
հազարներ, վստահաբար, նոյն ընդվզումն ունեցան. էս ո՞ր անհայրենիք արարածի
ձեռքն է գնացել հանել Հ1-ի «Հ»-ն: Վստահաբար, այսպէս պիտի մտածէր
իւրաքանչիւրը, ում համար եթերի աջ անկիւնից մեզ նայող «Հ»-ն սոսկ հայոց
այբուբենի տառը վայելելու հաճոյք չէր, այլ հաճոյքից անդին`
Հայրենիք-Հայաստանի խորհուրդ, գուցէ եւ մեր ենթագիտակցական շերտերում
պատկանելութեան ու հպարտութեան զգացողութիւն: Ինչո՞ւ ենք օտարում մեզնից
մեր գիրը, ու՞մ ենք քծնում կամ հաւասարւում, չեմ կարողանում զսպել
վրդովմունքս ու փաստում եմ, որ ռուսական ալիքներում նոյնիսկ բարձրախօսները
«ռ» տարբերանշանն ունեն: Ու այդ նոյն պահին Ֆրանսիայում գտնուող ՀՀ
նախագահից հարցազրոյց վերցնող Հանրայինի լրագրողի բարձրախօսին մերկ ու
մենակ «1» թիւն է` ոչինչ չասող ու անհասցէ:
Գուցէ եւ մեծ պետութիւնների ու ազգերի համար սա ոչ էական մանրուք է,
ուշադրութեան անարժան: Բայց մեզ պէս խոցելի, փոքր ածուների համար, որ
օբյեկտիւօրէն եւ ոչ, յայտնուել ենք արժէքների չքացման, սահմանների
ոչնչացման ու տրոհման, անխուսափելի ու անդիմադրելի քաղաքակրթական
հողմապտոյտի մէջ, հայրենիքը լեզուով ու գրով է հայրենիք, մեր զինուոր-գրով,
որ մեր գոյութեան կոդն է, ինքնապաշտպանութիւնը: Կարող էի եւ այստեղ
աւարտել զայրոյթս` յուսալով, որ Հանրայինը կառավարման խորհուրդ ունի, եւ
խօսքս տեղ կը հասնի, բայց պարզուեց, որ բարեփոխումներն ու որակապէս նոր
իմիջ ունենալու Հանրայինի ղեկավարութեան խոստումը շարունակական է. գլխաւոր
պրոդիւսեր է նշանակուել ռուսական հեռուստաընկերութիւններից հրաւիրուած ոմն
Կիսելեով: Ես իսկապէս խօսքեր չունեմ (մանաւանդ, որ հանդուրժող եմ,
հումանիստ եւ ժողովրդավար), եւ ինձ մնում է ներշնչուել ու միանալ մատների
վրայ հաշուուող մի քանի միամիտներին կամ հանրապետութիւնում մնացած վերջին
լաւատեսներին ու հաւատալ, որ պրն. Կիսելեովն արագօրէն կ’իւրացնի ոսկեղէնիկ
հայերէնը, չի խախտի «Լեզուի մասին» ՀՀ օրէնքը (Հայաստանի պետական եւ
պաշտօնական լեզուն հայերէնն է) եւ, որ ամենակարեւորն է, «Հեռուստատեսութեան
մասին» ՀՀ օրէնքի համաձայն, կ’ապահովի քաղաքական, տնտեսական, կրթական,
մշակութային, մանկա-պատանեկան, գիտա-լուսաւորչական, հայոց լեզուի եւ
պատմութեան մասին հաղորդումներ ունենալու ՀՀ քաղաքացիների օրինական
պահանջը:
Կարող էի նաեւ այստեղ աւարտել խօսքս, բայց անյաջողութիւններն ինձ
հետապնդում են` տունդարձի ճանապարհին, Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանի վրայ աչքիս է ընկնում ՀՀ Մշակոյթի նախարարութեան միայն ռուսերէն
լեզուով մեծադիր գովազդը (ՀՀ-ում գովազդի լեզուն հայերէնն է):
Հարց-ընդվզումս նոյնն է` ինչո՞ւ ենք օտարում մեզանից մեր գիրը, մեր
լոյսը, իսկ հայրենիքը սոսկ ձեւային արժէք չէ, այն զգացական, հոգեւոր
տարածքների ամբողջականութիւն է: Կարիք չկայ մեր տեսողութեան եւ իմացութեան
սահմաններն այդքան անփառունակ քծնանքով ուրիշի հետ ճշդել. մեր ներքին
հարստութեան սահմաններն աւելի խորն են, մեր ներսը հարուստ է, մեր շերտերը`
շատ, մեր բեռը` ծանր…. բայց նախ պիտի իմանալ այդ ամէնի մասին: Կարող էի
նաեւ այստեղ աւարտել, բայց գնալով համոզւում եմ. մարդիկ արտագաղթում են ու
հեշտօրէն հեռանում հայրենիքից, երբ գիտակցուած կամ ոչ խաթարում ենք նաեւ
մեր հոգեւոր տարածքները:
«Հրապարակ», Հոկտեմբեր 5, 2013
No comments:
Post a Comment