5.9.13

Պատմաբաններ եւ հիստերիկներ

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ
ՎԼԱԴԻՄԻՐ ԶԱԽԱՐՈՎ

Հետեւեալ յօդուածը լոյս տեսած է մոսկովեան «Լիտերատունայա գազետա» շաբաթաթերթի Յուլիս 24ի թիւին մէջ, իսկ ամբողջական թարգմանութիւնը (Պ. Ք.ի կողմէ)՝ «Ազգ»ի մէջ։ Ան կ՚ընդդիմախօսէ ռուսաստանեան նորֆաշական շրջանակներուն, որոնց համար Հիթլէրի վայրագութիւնները եւ Երիտասարդ Թուրքերու ու Քեմալ Աթաթիւրքի ցեղասպանական արարքները դատապարտելի չեն։ Կու տանք գլխաւոր հատուածները, յապաւելով հայ ընթերցողին արդէն յայտնի պատմական փաստերը։

Ինչպէս յայտնի է դարձել, Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետդումայի քննարկմանը ներկայացուել է օրինագիծ, որը քրէական պատասխանատուութիւն է նախատեսում նացիզմի արդարացման համար: Անվտանգութեան եւ կաշառակերութեան հակազդման կոմիտէի նախագահ Իրինա Եարովայի ներկայացրած օրինագծի համաձայն, Միջազգային Ռազմական Դատարանի (Նիւրնբերգեան դատարանի) կայացրած դատավճռի ժխտումը, ինչպէս նաեւ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ հակահիտլէրեան կոալիցիայի երկրների բանակների՝ միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան պահպանմանն ուղղուած գործունէութեան ժխտումը կամ ստայօդ տեղեկութիւնների տարածումը քրէապէս պատժելի են տուգանքի եւ մինչեւ երեք տարուայ բանտարկութեան ձեւով: Զանգուածային լրատուական միջոցների օգտագործմամբ ձեռնարկուող համանման արարքները կը յանգեցնեն մինչեւ հինգ տարուայ պատժի:
Զարմանալի չէ, որ նմանօրինակ օրէնսդրական փոփոխութիւնների լոկ հնարաւորութեանը վերաբերող տեղեկատուութիւնը Ռուսաստանում նացիզմը վերականգնողների որոշ խաւերի գցել է գրեթէ հիստերիկ վիճակի մէջ: Օրէնքը դեռ չի ընդունուել, բայց արդէն հիմա Իրինա Եարովայի եւ ամբողջ պատգամաւորական կորպուսի դէմ ուղղւում են ամբողջական գրաքննութիւն եւ ստեղծագործական ինքնարտայայտման ճնշում իրականացնելու մեղադրանքների հեղեղ: Չենք մէջբերի «պատմութեան ազատ մեկնիչներ»ի զայրացկոտ արձագանքները, ովքեր տարօրինակ զուգադիպութեամբ նախընտրում են յամառօրէն չնկատել, օրինակ, «Մեր մայրերը, մեր հայրերը» գերմանական խայտառակ ֆիլմը, որը գերմանա-ֆաշիստական զաւթիչներին ներկայացնում է որպէս սկզբունքօրէն բաւական լաւ տղաների, որոնք ազնուօրէն կատարում էին հրամանը՝ ի տարբերութիւն խորհրդային զինուորների եւ խորհրդային ժողովրդի՝ անխիղճ անասունի, որը չգիտես ինչու յանդգնել էր դիմադրել քաղաքակիրթ «ազատարարներին»: Սրանից յետոյ արդէն չենք զարմանում, երբ, օրինակ, Մոսկուայի մետրոպոլիտէնի կենտրոնական կայարանների մուտքերի մօտ ոմանք կոչ են անում ուսումնասիրել «ազատարար» Հիտլէրի «Իմ պայքարը» գիրքը կամ դաշնային զինուորական գերեզմանատունը «ընտանի կենդանիների գերեզմանոց» անուանող գերազատական լրագրողուհու անձնական կայքէջի գրառումները:
Եկէք համաձայնենք, որ ամենաթողութեան վերածուող ներկայիս բացարձակ ազատութեան պայմաններում չէր կարելի բացառել, որ Ռուսաստանի դաշնային ալիքները եւս վերջ ի վերջոյ հայրենական հեռուստադիտողին կը ցուցադրէին թէկուզ «մեղմ», բայց շատ բացայայտ նացիստամէտ քարոզչութեան ռուսերեն կրկնօրինակուած տարբերակը:
Այդ կարգի ռեւիզիոնիստական փորձերից են նաեւ ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում նացիստների վայրագութիւնները եւ, ասենք, հրեայ ժողովրդի ողջակիզումը ժխտելու, այլեւ Հայոց Ցեղասպանութիւնըՙ 20-րդ դարում մարդկանց խմբի առաջին զանգուածային բնաջնջումը ուրանալու փորձերը: Այդ եղեռնագործութեան հեղինակների (փոքր բացառութեամբ) հէնց անպատժելիութիւնն էր ոգեշնչում նացիստ յանցագործներին: «Հիմա ո՞վ է յիշում Հայոց ցեղասպանութիւնը» արտայայտութիւնը տարածում գտաւ հէնց Երկրորդ Աշխարհամարտի օրերին հրեաների եւ միւս ժողովուրդների դէմ նացիստների զանգուածային յանցագործութիւնների ժամանակ:
(...)
Օսմանեան կայսրութեան եւ «նոր», քեմալական Թուրքիայի տարածքում հայ բնակչութեան ոչնչացման բազմաթիւ փաստերը յետագայում իրենց արտացոլումը գտան Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետդումայի 1995 թ. Ապրիլի 14-ի որոշման մէջ: Տեքստում նշւում է.
«Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի Պետական դուման, հիմնուելով Արեւմտահայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի վրայ, հետեւելով Ցեղասպանութեան ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու Մակ-ի կոնուենցիայի (9 դեկտեմբերի, 1948 թ.) եւ Պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտի անկիրառելիութեան կոնվենցիայի (26 նոյեմբերի, 1968 թ.) ոգուն ու տառին, ձգտելով վերածնել Ռուսական պետութեան մարդասիրական աւանդոյթները, յիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնութեամբ եւրոպական մեծ տէրութիւնները դեռ 1915 թ. հայ ժողովրդի նկատմամբ թուրքական կայսրութեան ձեռնարկած գործողութիւնները որակեցին որպէս «մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնէ, նշելով, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը իր պատմական հայրենիքում կատարուել է Ռուսաստանի քայքայման պայմանների ստեղծման նպատակով, դատապարտում է հայերի 1915-1922 թթ. բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքը յայտնում հայ ժողովրդին եւ ապրիլի 24-ը համարում ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր»:
(...)
Եւ այն, որ Թուրքիայում նախընտրում են չյիշել այդ եւ շատ ուրիշ հանրայայտ փաստերը (թէեւ այնտեղ եւս իրավիճակն աստիճանաբար փոխւում է), բնաւ չի նշանակում, թէ դա պէտք է մոռանան «քննարկումների ազատութեան» վկայակոչումներով քօղարկուող «օսմանեան ոգու» կամ «արիական ռասա»յի երկրպագուները:
Աթաթուրքի անձի պաշտամունքից եւ իրենց կուռքին սրբացրած քեմալականներից հեռանալու Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանի քաղաքականութիւնը յանգեցրեց այն անկարգութիւններին, որոնք սկսուեցին Ստամբուլում 2013 թ. Յունիսի 1-ին եւ (ընդհատ) շարունակւում են մինչեւ օրս:
Եւ այս համատեքստում (նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնութեան եւ աշխարհի այլ երկրների պաշտօնական դիրքորոշումը) առնուազն տարակուսանք է յարուցում Հայոց Ցեղասպանութեան փաստի կապակցութեամբ Յունիսի 11-ին պրոֆեսոր Մ. Ս. Մեյէրի ելոյթը «Կուլտուրա» հեռուստաալիքի «Փաստի իշխանութիւնը» հաղորդման ընթացքում: Հաղորդավարի «Ինչո՞ւ է այդքան ուժգնօրէն արգելուած Հայոց ցեղասպանութեան թեման» հարցին պարոն Մեյէրը պատասխանում է բառացիօրէն հետեւեալը.
- Ես կարծում եմ՝ դա պայմանաւորուած է նրանով, որ Անտանտը փորձել է շահարկել այդ թեման: Ասում են, թէ ամէն ինչում իբր մեղաւոր են մահմեդականները, իսկ անմեղները հայ քրիստոնեաներն են: Թէպէտ իրականում, ի հարկէ, այնտեղ եղել է ջարդ երկու կողմերից:
Հաղորդավարի «Իսկ որքանո՞վ են արդարացուած թուերը, որ լսում ենք» հարցին հետեւում է այս պատասխանը.
- Սա մեր ընդհանուր խնդիրն է: Ըստ հաշուարկների՝ այնտեղ եղել է ընդամէնը մէկուկէս միլիոն հայ, եւ քանի որ ինչ-որ մասը պահպանուել է, չի կարելի ասել, թէ այդ մէկուկէս միլիոնը տուժել է: Կարծում եմ նոյնիսկ, որ վերջ ի վերջոյ եղել են ամէն տեսակ կորուստներ ոչ միայն կրակելու, սպաննելու պատճառով. շատ-շատերը մահացան սովից...
Մինչդեռ տակաւին 2006 թ. Երեւանում, «Ժողովրդավարութեան կովկասեան ինստիտուտ»ի զարգացման հիմնադրամի մամլոյ ասուլիսում Միխայիլ Մեյէրը ասում էր բառացիօրէն հակառակը. «Օսմանեան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանութեան ճանաչման տարբերակներից մէկը կարող է դառնալ Հաագայի դատարանին դիմելը...»: Հէնց այն ժամանակ էլ նա ընդգծեց, որ «ոչնչացուեց հայ բնակչութեան կէսը, ինչով էլ լուրջ հարուած հասցուեց հայերի գենոֆոնդին»:
Նրա խօսքերով, 20-րդ դարասկզբին երիտթուրքերի դատավարութեան ընթացքում ընդունուեց, որ իրականացուել է հայերի զանգուածային բնաջնջում. «Առաջին աշխարհամարտի ժամանակ "ցեղասպանութիւն" եզրոյթը չկար, բայց դրանից ոչինչ չփոխուեց»: Նրա այն ժամանակուայ կարծիքով՝ «Թուրքիային սարսափեցնում է ոչ այնքան Հայաստանի տարածքային պահանջը, որքան նիւթական ու բարոյական վնասի փոխհատուցումը»:
Ի՞նչ կատարուեց 6 տարում: Ինչո՞ւ այդ մարդու կարծիքը կտրուկ փոխուեց: Ինչո՞ւ նա ցեղասպանութեան զոհերի թիւը կէսից իջեցրեց 1/3-ի ու նաեւ սկսեց ասել, թէ Թուրքիայում «եղել է ջարդ երկու կողմերից»: Այս հարցերը պատասխան չունեն: Մի՞թէ փաստերը (ինչպէս նաեւ կատարուածի իրաւական գնահատականները) կարող են ենթարկուել ինչ-ինչ արմատական փոփոխութիւնների:
Մենք գտնում ենք, որ ինչպէս Հայոց Ցեղասպանութիւնը, այնպէս էլ Երկրորդ Աշխարհամարտի ընթացքում իրականացուած Հոլոքոսթը եւ նացիստների կողմից նախկին ԽՍՀՄ-ի եւ այլ երկրների խաղաղ բնակչութեան զանգուածային ոչնչացումը կասկածի տակ առնելու փորձերը մեծ հաշուով կատարուած չարագործութիւնների արդարացումն են: Եւ, ցաւօք, ստիպուած ենք խոստովանել. պատմական ճշմարտութիւնը կարօտ է իրաւական պաշտպանութեան, ներառեալ պատժի ոչ միայն վարչական, այլեւ քրէական միջոցները: Եւ սա որեւէ կապ չունի ստեղծագործական ինքնարտայայտման ազատութեան հետ:
Պատմութեան թուրք եւ միւս կեղծարարները գուցէ որոշ ժամանակ յարաբերական անպատժելիութիւնից օգտուեն սեփական ազգային տարածքներում: Սակայն դա նրանց բնաւ իրաւունք չի տալիս, արդի միջպետական տեղեկատուական հոսքերից օգտուելով, խեղելու բազմազգ ռուսական պետութեան հանրային գիտակցութիւնը, մեր ժողովուրդներին թերարժէքութեան բարդոյթ պատուաստելու, քաղաքացիական հակամարտութիւնների սերմեր ցանելու, ազգամիջեան երկպառակութիւն յարուցելու:
Կասկածից վեր է, որ պատգամաւոր Իրինա Եարովայի նախաձեռնութիւնը պահանջում է ամենայն աջակցութիւն: Մեզ թւում է՝ տուեալ օրինագիծը կարօտ է լրացումների ու ճշգրտումների, այդ թւում՝ նաեւ նախորդ գումարումներից Պետդումայի ընդունած մի շարք փաստաթղթերի համատեքստում: Մենք անհրաժեշտ ենք համարում թուարկումների ցանկը համալրել հետեւեալ բառերով. «... եւ Օսմանեան կայսրութիւնում հայերի 1915-1922 թթ. ցեղասպանութեան ժխտման համար»:
Մի խօսքով, անհրաժեշտ է օրէնքը ընդլայնել, լրացնել (այնտեղ կոնկրէտ պատմական իրադարձութիւնների յիշատակման առումով), ճշգրտել ենթադրուող պատժամիջոցների տեսակէտից: Նախաձեռնութեան քննարկումը կ՚՚իրականացուի՝ յենուելով քաղաքացիական հասարակութեան ուժերի վրայ եւ բնաւ ուշադրութիւն չդարձնելով ազատական աղիողորմ ճիչերին, որոնք աւելի ու աւելի սերտօրէն միահիւսւում են նացիստների, հետեւաբա՝ՙ նաեւ նրանց նախորդների յանցագործութիւնների ուղղակի արդարացման գծին: Չէ որ, վերջին հաշուով, հիստերիկան թուլութեան եւ պակասաւորութեան հաւաստի նշան է:

«Ազգ», Սեպտեմբեր 3, 2013

No comments:

Post a Comment