6.9.13

Հայկ Դեմոյեան. Ցեղասպանութեան թանգարանի կայքի ամենաշատ այցելուները թուրքերն են

Հայոց ցեղասպանութեան ինստիտուտ–թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանը Tert.am–ի հետ զրոյցում անդրադառնում է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ իր ղեկավարած կառոյց կողմից կատարուող աշխատանքին: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործին` Հայկ Դեմոյեանը նշում է, որ պէտք է անընդհատ նոր եղանակներ գտնել, որպէսզի ճնշումը, յատկապէս հոգեբանական դաշտում, աւելի մեծացուի, քանի որ ամէն մի ճանաչում, նրանց այլեւս բերում է ակնյայտ ցնցումների:

- Պարոն Դեմոյեան, տեղեկութիւններ կան, որ Թուրքիան եւս շատ ակտիւ նախապատրաստւում է Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, ինչպէս եւ մենք, ոչ պակաս: Ինչ-որ ֆիլմեր են նկարահանում:
- Թուրքերը առաջին տարին չէ, որ նախապատրաստւում են, նրանք պատրաստւում են ամէն Ապրիլից առաջ, բայց քաջ գիտակցելով, որ 2015–ին լինելու է աւելի մեծ ծաւալի ճնշում, լինելու են բազմաթիւ ձեռնարկներ եւ նախաձեռնութիւններ, նրանք այսպէս ասած` կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել: Ո՞րն է այդ կանխարգելիչ միջոցառումների իմաստը. աւելի մեծ ֆինանսներ են տրւում տարբեր ձեռնարկների, այդ թւում` Ձեր յիշատակած ֆիլմերի, որոնք գեղարուեստական են, բայց իրենց գեղարուեստականութեան մէջ նաեւ քարոզչական իմաստ ունեն: Խօսուն օրինակ է «Սարիղամիշ» ֆիլմը: Կան մի քանի այլ ֆիլմեր եւս: Ասեմ նաեւ, որ մեզ առաջարկ է եղել, թարգմանուած սցենար են ներկայացրել, որ նիւթեր տրամադրենք ֆիլմ նկարահանելու համար: Նպատակը մէկն էր` նյութեր հաւաքել մեզնից, շօշափել` ինչ ունենք, բայց դա մատուցուեց իբր կոտորածների մասին ֆիլմ:

- Եւ ի՞նչ էր ասում սցենարը, թուրքերի ի՞նչ ճշմարտութիւն:
- Շատ հակիրճ եմ ասում. թուրք որբի պատմութիւնն էր, որը վերջում հայ է դառնում եւ սպանւում է ֆաշիստների կողմից եւ որը, ի վերջոյ, շատ մեծ սիմպատիա պէտք է առաջացնէր այդ նոյն թուրք որբի նկատմամբ, որը ճանապարհին տեսել էր կոտորածի ենթարկուած հայերի, եւ այս սիւժէն ներկայացւում էր յընթացս, ի միջի այլոց: Լաւ արուած էր եւ նոյնիսկ չէին զլացել թարգմանելու: Մենք ուղղակի չպատասխանեցինք, քանի որ ծանօթացանք, հասկացանք, որ թուրքական կողմի այս սցենարը, մեղմ ասած, ծուղակ է, եւ այդ սցենարի անուան տակ նրանք ցանկանում էին ստանալ թանգարանի ողջ պարունակութիւնը` ֆիլմեր, լուսանկարներ, փաստաթղթեր: Ասեմ, որ առաջին տարին չէ, որ գործ ունենք թրքական քարոզչութեան հնարքների հետ, ուստի այս տարբերակով մեզնից ինչ-որ բան կորզել չի ստացուի: Ինչ վերաբերում է յետագայ անելիքներին, ապա թուրքերն այս պահին աւելի շատ շեշտը դնում են 2015 –ին նախատեսուած խոշոր քարոզչական ձեռնարկների, այդ թւում` տարբեր երկրների առաջին դէմքերի կամ բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ այսպէս կոչուած` Դարդանելի հերոսամարտի քարոզչական բեմականացման արարողութեանը մասնակցութիւն ապահովելու վրայ: Դա արւում է ամէն տարի, եւ սակայն 2015 թ. պէտք է սպասել, որ այն առանձնայատուկ շուքով կ'անցկացուի, որին կը փորձեն մասնակից դարձնել խոշոր տէրութիւնների ղեկավարների:
Կարծում եմ` շքեղ մի շոու կը լինի, որին, ցաւօք սրտի, կարող ենք ասել, որ արդէն իրենց համաձայնութիւնը տուել են մի քանի երկրների բարձրաստիճան պաշտօնեաներ: Սա, թերեւս, խօսում է մի բանի մասին, որ Թուրքիան ունի կշիռ համաշխարհային քաղաքականութեան մէջ եւ դա փորձում է օգտագործել: Դա յաջողւում է զուտ այն պատճառով, որ նոյն այդ երկրների բարձրաստիճան պաշտօնեաները հեշտօրէն տրւում են թուրքական ճնշումներին: Եւ թուրքերը աշխատանքները սկսուել են մի քանի տարի առաջ, որպէսզի հարիւրամեայ տարելիցին հայկական կողմից ակնկալուող հուժկու ալիքը կարողանան կասեցնել: Կարծում եմ` հրապարակ կը հանուեն նաեւ կեղծ գիտական աշխատութիւններ`վարձու հեղինակների կողմից պատրաստուած: Բայց այստեղ մի հետաքրքիր նրբութիւն կայ: Բանն այն է, որ թուրքական քարոզչութիւնը մի փոքր փոխել է իր ռազմավարութիւնը: Եթէ նախկինում դա արտայայտւում էր որպէս կտրականապէս ժխտում եւ հայերի նկատմամբ մեղադրանք, ապա այժմ` Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ընթացող գործընթացի եւ առկայ գիտահետազօտական աշխատանքների ծաւալի ճնշման տակ Թուրքիան այլեւս հասկացել է, որ այդ քարոզչութիւնն ուղղակի յաջողութիւն չունի: Այսինքն` լիակատար ժխտման քաղաքականութիւնը պարտութիւն է բերում: Այդ գիտակցումն է, որ նրանց հանգիստ չի թողնում եւ բերում է նոր ջղաձգումների եւ փորձում են իրենց յայտնի դիւանագիտական միջոցներով նոր մարտավարութիւն որդեգրել: Եւ այժմ փորձում են շեշտը դնել տարբեր երկրների հետ Թուրքիայի երկկողմանի առեւտրային ու տնտեսական յարաբերութիւններում ցուցանիշների բարձրացմանը: Ասում են, որ ապագայում փոխադարձ ներմուծումն ու արտահանումն աւելացնենք, քան խօսենք պատմութեան դէպքերի մասին: Ուշադրութիւն դարձրէ՛ք, որ չեն ասում` «չի եղել», այլ շեշտում են այսպէս ասած` «առաջնայինը» եւ «ոչ կարեւորը» թեմաներով:
Եւ այս ամէնն ամփոփելով, կարող եմ նշել, որ Թուրքիան, գոնէ վերնախաւային մակարդակով, լինեն այսօրուայ չափաւոր իսլամիստները, թէ ազգայնականները, դեռեւս պատրաստ չեն եւ մօտակայ մի քանի տասնամեակներում էլ պատրաստ չեն լինի առերեսուելու սեփական պատմութեանը եւ թրքական պետութեան կողմից իրականացուած յանցագործութեանը: Սա մեզ չպէտք է վհատեցնի կամ հիասթափութեան դատապարտի: Մենք պէտք է անընդհատ նոր եղանակներ կարողանանք գտնել, որպէսզի ճնշումը, յատկապէս հոգեբանական դաշտում, աւելի մեծացնենք, որտեղ այլեւս թրքական դիրքերը խիստ խոցելի են, քանի որ ամէն մի ճանաչում, նրանց այլեւս բերում է ակնյայտ ցնցումների: Եւ եթէ թուրքական կողմն այն մատուցում է որպէս Թուրքիայի եւ թուրք ժողովրդի պատուի հարց, մենք պէտք է գիտակցենք, որ սա այլեւս թրքական պետութեան եւ այդ ժողովրդի անվտանգութեան հարցերից մէկն է դառնում. Հայոց Ցեղասպանութեան հարցը վերածուել է մի կատալիզատորի, որն էլ աւելի է արագացնում Թուրքիայի ներսում պետութեան եւ հասարակութեան բեւեռացման գործընթացները: Սա չի արւում միտումնաւոր, ուղղակի թեման ինքնին յայտնուելով այդ փխրուն միջավայրում, ինչպիսին թրքական պետականութիւնն ու ազգային ինքնութիւնն է, որը արհեստականօրէն է ձեւակերպուել վաղ քեմալական շրջանում, Հայոց Ցեղասպանութեան թեման լրացուցիչ քայքայիչ գործօնի դեր է կատարում:

- Իսկ տեղեա՞կ էք` թուրքերը հանդէս են գալու գիտական ձեռնարկներով:
- Այս պահին տուեալներ չունենք, սակայն ակնյայտ է թուրքական կողմի հետեւողական աշխատանքը Հայոց Ցեղասպանութեան նոր սերնդի ուսումնասիրողներ պատրաստելու գործում: Մենք հետեւում ենք այն ցուցանիշներին, թէ նրանք ինչպէս են ուշի ուշով հետեւում մեր կայքին. իւրաքանչիւր օր ունենք 300-400 այցելու, ստանդարտ` անկախ նրանից` կը լինի՞ կայքում թարմացում, թէ ոչ: Եւ ասեմ, որ ամենաշատ այցելուները հէնց թուրքերն են: Ինչի՞ մասին է սա խօսում. պատրաստի ռեսուրսների եւ ներգործող միջոցների առկայութեան կարեւորութեան մասին: Եւ յաջորդ հարցը` ո՞րն է Հայաստանում կամ Սփիւռքում այն ռեսուրսը, որը կարող է ներազդել, թուրք հասարակութեան վրայ, որպէսզի նրանք հետաքրքրուեն: Նոր նիւթերի յայտնաբերումն ու դրա հրատապ մատուցումը, Հայոց Ցեղասպանութեան հարցը պէտք է փաթեթաւորուի եւ մատուցուի որպէս թուրք ժողովրդի եւ Թուրքիայի պատմութեան բաղադրիչ: Ցաւօք սրտի, շատ ուշ ենք յանգում այս պարզ գիտակցմանը: Մատուցման ձեւերն ու միջոցները խիստ կարեւոր են, որովհետեւ եթէ մենք հակադարձում ենք եւ փորձում ենք ուժի դիրքից հանդէս գալ, հակահարուած ենք ստանում: Այնպէս որ, պէտք է փնտրել ասիմետրիկ հակազդեցութեան ու ներգործութեան այլ եղանակներ` թրքական հասարակութեան ներսը ներթափանցելու համար: Սա, անկասկած, կը յանգեցնի ցանկալի արդիւնքի, որը միմիայն հետեւողական աշխատանքի արդիւնքում է լինում: Պարզ յայտարարութիւնների, ճառերի արդիւնքում ոչինչ չի լինում: Ես նորից եմ հարցնում` կայ՞ նոր քարոզչական ռեսուրս: Ես լեզուների քանակը չեմ ասում, որովհետեւ հինգ լեզուով կայք պահելը մարդկային սուղ ռեսուրսների պայմաններում ահռելի ու ժամանակատար գործ է: Բայց մենք հասել ենք այդ հանգրուանին եւ այսօր ունենք այդ գործիքը, որի վրայ ուշի ուշով կենտրոնացուած են թուրքերը եւ ոչ միայն նրանք: Բացի նուիրատուութիւնների, դրամական աջակցութիւնների մասին անընդհատ թմբկահարելուց, պէտք է մտածել նաեւ արդիւնաւէտ գործիքներ ստեղծելու մասին, որոնք, ցաւօք սրտի, այսօր չկան:

- Եւ ի՞նչ էք այդ առումով ակնկալում:
- Ես ակնկալում եմ ուժերի համադրում` թէ՛ ներհայաստանեան, թէ՛ Հայաստան-Սփիւռք հարթութիւնում եւ թէ՛ Սփիւռքի ներսում: Այժմ մենք դեռ կարող ենք խօսել համեստ ցանկութիւնների մասին: Ներուժ կայ, ուղղակի չկայ այդ կամքը, որը պէտք է ստեղծի այդ միջոցները, գործիքները: Այլ խօսքով ասած` կայ յստակ ռազմավարութեան տեսլական, բայց ոչ ոք չի ուզում կենտրոնանալ դրա վրայ: Սա կարեւոր եւ կենսական մի խնդիր է, որի լուծմանը ներգրաւուած պէտք է լինի Հայոց Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը:

- Վերադառնանք թուրքական քարոզչութեանը: Ասացիք` ուզում էին նիւթեր ստանալ այդ սցենարի պատրուակով: Իսկ լրտեսութեամբ` գիտական կամ այլ զբաղւո՞ւմ են: Եւ ինչպէ՞ս էք կարողանում դրա դէմն առնել:
- Նման դէպքերը լինում են ամէն շաբաթ: Մենք արդէն բնազդաբար ենք զգում` նամակ գրողի յետեւում իրակա՞ն ցանկութիւն է, քան այն, ինչ պէտք է թուրքական հետախուզութեանը: Օրինակ` մինչեւ վերջերս մենք ստանում էինք խայծի տեսքով նիւթեր կամ փորձում էին տեղեկանալ մեր ծրագրերի մասին, օրինակ` գեղարուեստական ֆիլմեր նկարահանելու առումով: Հասկանալի է, որ թուրքական կողմին շատ է անհանգստացնում ֆիլմ նկարահանելու գաղափարը եւ փորձում են ստանալ տեղեկութիւն: Ինչպէ՞ս ենք մենք դա հասկանում. եթէ մեզ ոմն Ջոն Սմիթ այդպիսի մի նամակ է գրում, ու դրանից յետոյ չի լինում միջնորդաւորում, ապա ամէն ինչ հասկանալի է: Մարդիկ էլ կան, որ պարբերաբար գալիս են թանգարանում կատարուող փոփոխութիւններն արձանագրելու համար: Ես չեմ ուզում բարձրաձայնել, թէ ինչ աշխատանք է տարւում, բայց եղել են նաեւ միջադէպեր: Ես անձամբ դուրս եմ հրաւիրել թուրք ֆոտոլրագրողին, որը նկարում էր Թուրքիայի քաղաքացիների կողմից արուած գրառումները այցելուների տպաւորութիւնների մատեանում: Այդ գրառումներում մարդիկ ցաւ էին յայտնում, ներողութիւն էին խնդրում: Անընդհատ ինձ հարցնում են թուրքերի այցելութիւնների քանակի մասին: Այսինքն` կայ մի յստակ հարցաշար, որն իրենց հետաքրքրում է: Թուրքերին շատ է տխրեցնում թանգարանի տարածքում իրականացուող լայնածաւալ շինարարական աշխատանքները: Ուղղակի շփոթահար են լինում թուրքական պատուիրակութիւնները թանգարանի ընդարձակումը տեսնելով: Բանն այն է, որ հարիւրամեակին ընդառաջ թանգարանի ցուցադրութիւնները 2, 5 անգամ մեծանալու են: Ցաւօք սրտի, թանգարանի նկատմամբ անառողջ մօտեցումներ ունեն նաեւ մեր որոշ հայրենակիցնէր:

- Կրկին` հետախուզական նկատառումներո՞վ:
– Եւ, եւ: Ինչ-որ մարդկանց` ե՛ւ այստեղ, ե՛ւ Սփիւռքում, չգիտես ինչու խիստ անհանգստացնում են թանգարանի անընդհատ աշխատանքը եւ գրանցուած արդիւնքներն ու յաջողութիւնները … Չէի ցանկանայ մեկնաբանել այս տգեղ ու տգէտ վերաբերմունքը:

- Ասացիք` հարցնում են` ֆիլմ նկարահանւո՞ւմ է, թէ ոչ: Մամուլում էլ վերջերս կարծիք եղաւ, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայով համաշխարհային կինոարտադրութեան որեւէ կենտրոնի հետ մէկ համատեղ գեղարուեստական ֆիլմը` համաշխարհային որեւէ աստղի մասնակցութեամբ, շատ աւելին կ'անէր, քան բազում գիտական աշխատութիւնները: Ձեր կարծիքը:
- Ես այդպիսի համեմատութիւն չէի անի, որովհետեւ դրանով կը նսեմացնէի մի քանի սերունդների կատարած գիտահետազօտական աշխատանքը: Բայց, եթէ այլ հարթութեան մէջ դիտարկենք` ֆիլմն ունի իր ազդեցութեան մեծ ներուժը: Բաւական է մէկ-երկու ֆիլմ, որոնցով կարելի է ասել ամէն ինչ: Այդպիսի բացառիկ ֆիլմ, որով մենք կարողանանք ներկայացնել Ցեղասպանութիւնը ողջ աշխարհին, ցաւօք, դեռ չունենք, իսկ նկարահանուածներն էլ ունեն տեղական նշանակութիւն:

- Հնարաւո՞ր է, որ թանգարանը Հայաստանի Հանրապետութեան ազգային կինոկենտրոնին ֆիլմի պատուէր իջեցնի:
- Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը գիտահետազօտական հիմնարկ է եւ գործում է Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի համակարգում` որպէս ե՛ւ ցուցադրութիւն ներկայացնող, ե՛ւ գիտական հիմնարկ: Այնուամենայնիւ, աւելի շատ մեր գործունէութեան բաղադրիչը գիտական ցուցադրութիւններ կազմակերպելն ու դրանք սպասարկելն է, որքան էլ շատ են պահանջում մեզանից: Եւ ունենք այն, ինչ ունենք մարդկային ռեսուրսների տեսանկիւնից, չնայած թիւր կարծիք կայ, թէ ահռելի ռեսուրսների ենք տիրապետում, այն դէպքում, որ ունենք 15 գիտաշխատող: Եւ այս պահին ես կարող եմ ընդամէնը խօսել թանգարանի գործունէութեանը աջակցող մի քանի` երեք-չորս սփիւռքահայ անհատների մասին, որոնց իմ խորին երախտիքն եմ յայտնում, եւ նաեւ` Հայաստանի կառավարութեանը, որոնք թանգարանի ցանկացած կարիքի պարագայում դրական է արձագանքում:

- Ի՞ նչ ցուցադրութիւն է պատրաստում թանգարանը 2015–ին:
- Միայն մշտական գիտական ցուցադրութիւնը լինելու է 1/100 յարաբերակցութեամբ: Լինելու է բացարձակապէս նոր տեխնոլոգիաներով յագեցած թանգարան: Եւ 2015 թ. ապրիլի 24 –ին կը լինի նոր թանգարանային ցուցադրութեան բացումը, որն իր տարածքով, ինչպէս ասացի` 2,5 անգամ մեծ է լինելու: Դա ամբողջը չի, ունենալու ենք 15 շարժական ցուցադրութիւններ, որոնք տարբեր խորագրեր են ունենալու եւ աշխարհի տարբեր երակներում մենք պատրաստ ենք դրանք ներկայացնել:

- Նոր նիւթեր ցուցադրութեանը հանելո՞ւ էք, նաեւ ինչ-որ 3D ձեւաչափի մասին էր խօսւում:
- Մենք Հայաստան ենք բերելու թանգարանային նոր մշակոյթ: Լինելու են նոր ու ժամանակակից ցուցադրական հնարքներ, լինելու է նաեւ Ձեր մատնանշածը, լինելու են նաեւ touch screen –ներ, երբ մէկ հպումով կարող էք լուսանկարներ դիտել, այլ նիւթերի ծանօթանալ եւ այն: Պատկերացնո՞ւմ էք դա ինչ է նշանակում: Ասեմ նաեւ, որ վերջին տարիներին թանգարանն իրականացրել է նաեւ ահռելի գիտահաւաքչական աշխատանք, որի արդիւնքում թանգարանի ֆոնդերը կրկնապատկուել են. դրանք տասնեակ հազարաւոր բնօրինակ նիւթեր են, որոնք պահւում են թանգարանում:
Ի հարկէ, թանգարանը դա անում է ուժերի գերագոյն լարման պարագայում: Բայց մենք գիտակցում ենք, որ միայն Ծիծեռնակաբերդով պէտք չէ սահմանափակուել: Հիմա կարող եմ ասել, որ կը յայտնուեն շատ ուժեղ հայրենասէրներ, որոնք կ'ասեն` «բայ ցուցադրութիւնից յետո՞յ», ես նոյն հարցը կարող եմ տալ իրենց` իսկ իրե՞նք ինչ կարող են անել: Գոնէ մի բան կարո՞ղ են անել, որովհետեւ, ցաւօք սրտի, այսօր դաշտում յայտնուել են խօսողներ ու քննադատողներ, որոնք պատրաստ չեն որեւէ լուրջ բան անելու:

-Կայ կարծիք, որ Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցից յետոյ  եթէ անգամ ԱՄՆ նախագահը արտասանի «հայոց ցեղասպանութիւնը», ամէն ինչ գնալու է զրոյացման:
- Նրանք, ովքեր հաւատում են այդ թէզին, հաւատում են թուրքական երազանքին: Ես այն մարդկանցից եմ, ովքեր գտնում են, որ 2015–ին պէտք է վերանայել մեր ռազմավարութիւնը: Եւ աւելի մեծ թափով տանել աշխատանք Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման ուղղութեամբ: Իսկ գլխաւոր հետեւանքը դա հայ ժողովրդի հայրենիքի մի մասի բռնազաւթումն է Թուրքիայի կողմից: Սրա վերացումը հայերի բոլոր սերունդների գլխաւոր նպատակն է հանդիսանալու: Հակառակ պարագայում թուրքական երազանքը ինքներս ենք դարձնելու իրականութիւն:

Tert.am, Օգոստոս 20, 2013

No comments:

Post a Comment