9.9.13

Եւրասիական Միութեանն անդամակցելու հեռանկարը դարձաւ իրական

ԱՐԱՄ ՍԱՖԱՐԵԱՆ

Աշնանային քաղաքական սէզոնը սկսուեց մեծ նորութեամբ: Մոսկուայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային Միութեանը եւ ապագայ Եւրասիական Տնտեսական Միութեանը եւ խստօրէն հետեւելու նրա ռեգլամենտներին: Այս նորութիւնը մէկ երեկոյի ընթացքում ռումբի պէս պայթեց ամառային շոգից ընդարմացած հայաստանեան հասարակութեան մէջ եւ միանգամից վերջ դրեց այն տարակուսանքին, թէ ինչպէս է Հայաստանը պատկերացնում իր ինտեգրման հեռանկարը:
Հետաքրքրական է, որ Արեւմուտքի մամուլը երբեք այնքան շատ եւ հանգամանօրէն չի քննարկել նախագահ Վլադիմիր Պուտինի աւելի մեծ Եւրոպա ունենալու տեսլականը, որքան վերջին օրերի ընթացքում: Դա տեղի է ունենում G20 գագաթաժողովի նախօրէին, որտեղ սպասւում է, որ Ռուսաստանը հանդէս կը գայ Եւրոպայի հետ ազատ առեւտրի շուկայ ձեւաւորելու մի նոր առաջարկութեամբ: Թէ ինչ տեսք կ'ընդունի այդ առաջարկութիւնը եւ ինչ զարգացումներ կարելի է ակնկալել, առայժմ միայն վերլուծութիւնների եւ կանխատեսումների առարկայ է: Փաստ է, որ ապագայ Եւրասիական Տնտեսական Միութեանը Հայաստանի մասնակցութեան բարձր մակարդակով երաշխիք ստանալուց յետոյ Ռուսաստանն իր տեղեկատուական-քարոզչական մեքենայի սլաքն ուղղել է Ուկրաինայի կողմը, որի Մաքսային Միութեանը անդամակցելու հեռանկարը սկսում է ռազմավարական նշանակութիւն ստանալ:
Այս վերլուծականը գրելու նպատակը պարզելն է, թէ ինչպէս է դիրքաւորուելու Հայաստանը Մաքսային Միութեան գծով իր դաշնակիցների եւ մինչ այս պահը գործընկեր համարուող Եւրոպական Միութեան հետ: Չէ՞ որ այս դիրքաւորումից, մեր պետութեան միջազգային դերակատարութիւնից կախուած է լինելու Հարաւային Կովկասի քաղաքական եւ տնտեսական անվտանգութեան հեռանկարը: Առանց չափազանցելու այս հարցերն իրականում անվտանգային նշանակութեան հարցեր են, որովհետեւ սիրիական ճգնաժամի պատճառով մեր հարաւային սահմաններից ոչ հեռու կրկին պայթիւնավտանգ իրավիճակ է ստեղծւում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆԸ
ՈՐՊԷՍ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ
Մաքսային միութեանը Հայաստանի անդամակցութեան մասին մեր երկրի ընդունած որոշումը խոշոր հաշուով պէտք է որ հասկանալի եւ համոզիչ լինի Հայաստանի բոլոր գործընկերների համար: Քաղաքական գործընթացները մի փոքր առաջ անցան զուտ տնտեսագիտական ակադեմիական եւ հասարակական քննարկումներից, չնայած արդէն պարզ է, որ Եւրասիական Տնտեսական Միութեանը անդամակցութիւնը միայն դրական հետեւանքներ է խոստանում: Ինչպէս արդէն գրել ենք, տնտեսագիտական հաշուարկները հանրութեանը կը ներկայացուեն Սեպտեմբերի վերջին, եւ բոլորը, այդ թւում եւ յոռետեսները, հնարաւորութիւն կ'ունենան մանրամասնօրէն ծանօթանալու տնտեսագիտական կանխատեսումներին: Այսօր հարցը տեղափոխուել է քաղաքական դաշտ, եւ Հայաստանը պէտք է լոկ բացատրի եւ մեկնաբանի իր դիրքորոշումները բոլոր նրանց, ովքեր «անակնկալ»ի են եկել նախագահ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնից:
Եւրոպայում սկսել են քննարկել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Եւրոպա ձեւաւորելու տեսլականը, որը երբեւէ տարածուելու է Դուբլինից եւ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: G20 գագաթաժողովից առաջ Հայաստանի անդամակցութեան մասին տեղեկութիւնը եւ մէկ օր անց Վլադիմիր Պուտինի հարցազրոյցը ռուսական Առաջին ալիքին եւ ամերիկեան «Ասոշիէյթէդ պրէս» գործակալութեանը, Ուկրաինայի՝ դէպի Եւրասիական Միութիւն ուղորդելու վերաբերեալ ստիպում է Արեւմուտքի քաղաքական ու հասարակական շրջանակներին նոր, աւելի թարմ ու աւելի իրատեսական դիրքերից քննարկել Ռուսաստանի Դաշնութեան եւ նրա դաշնակիցների հետ յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու հարցը:
Նոր քաղաքական իրողութիւններն աշխարհում նոր որոշումների եւ աշխարհը գլոբալ ցնցումներից հեռու պահելուն ուղղուած քաղաքական քայլերի անհրաժեշտութիւն են առաջ բերում: Քսան տարի առաջ, երբ յետխորհրդային պետութիւնները փորձում էին կառուցել իրենց նոր տնտեսական եւ քաղաքական համակարգերը, ստեղծուեց մի վիճակ, երբ նոյնիսկ հսկայ Ռուսաստանը չէր դիտարկւում որեւէ այլ կերպ, քան իբրեւ տնտեսապէս հզօր Արեւմուտքի հումքային կցորդ եւ ապրանքների սպառման շուկայ: Ռուսաստանի Դաշնութեան աճող միջազգային դերը նկատելի դարձաւ միայն վերջին տարիներին, երբ պաշտօնական Մոսկուան սկսեց բացէ ի բաց յայտարարել բազմաբեւեռ աշխարհի ինքնուրոյն բեւեռ լինելու լուրջ յաւակնութեան մասին: Մաքսային Միութեան՝ որպէս Ռուսաստանի գլխաւորութեամբ տնտեսական միջազգային (նոյնիսկ վերազգային) կազմակերպութեան եւ ինքնուրոյն շուկայի մասին քննարկումները Եւրոպայում եւ Ամերիկայում նոր-նոր են սկսւում, եւ դա հնարաւոր է դառնում միայն այն պարագայում, երբ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցները, այդ թւում եւ Հայաստանի Հանրապետութիւնը, յայտարարում են նախագահ Պուտինին իր տեսլականի իրականացման գործում գործնական աջակցութեան եւ համատեղ հանդէս գալու պատրաստակամութեան մասին:
Եկէք լինենք մինչեւ վերջ անկեղծ: Որ Հայաստանը Ռուսաստանի սերտ ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ արժանապատուօրէն ու պարտաճանաչօրէն անցած բոլոր տարիներին կատարել է իր գործընկերային եւ դաշնակցային պարտաւորութիւնները, աշխարհում քաջ յայտնի է բոլորին: Եթէ վերջին ամիսների քաղաքական ինտրիգը փորձենք վերլուծել յետադարձ հայեացքով, ապա պէտք է ընդունենք, որ հարցը ներկայանում էր այլ կերպ: Կը յաջողուի՞ արդեօք Հայաստանն ընդգրկել այն աշխարհաքաղաքական ճեղքուածքում, որը բաժանում է Եւրոպական Միութիւնը Եւրասիական Միութիւնից եւ կոչւում է Եւրոպայի նոր հարեւանութիւն: Այնյայտ է, որ այս հարցը մեր՝ Մաքսային Միութիւն մտնելով ամբողջութեամբ չի փակւում: Այն մղելու է Եւրոպական Միութեանը յարաբերութիւնների նոր ձեւաչափեր փնտրելու թէ իր նոր հարեւանների հետ, որոնք կողմնորոշուել են դէպի Եւրասիական Միութիւն, եւ թէ բուն Ռուսաստանի հետ, որը ցանկանում է ռազմավարական գործընկերային յարաբերութիւններ հաստել Եւրոպական Միութեան հետ: Մենք պէտք է հասկանանք, որ մինչեւ ԱՄՆ-ի, Եւրոպական Միութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ չկարգաւորուեն գլոբալ երկխօսութիւնն ու փոխգործակցութիւնը, միջազգային ասպարէզի փոքր խաղացողները մշտական լարուածութեան եւ դիսկոմֆորտի զգացումներ են ունենալու: Հայաստանն ապացուցեց, որ հաւատարիմ է իր դաշնակցային պարտքին եւ ի վիճակի է ապացուցելու եւրոպական գործընկերներին, որ կարող է կառուցողական եւս մէկ հարթակ դառնալ Եւրոպա-Ռուսաստան համագործակցութեան համար: Մեր բնական վիճակը իրականում դա է յուշում: Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Ղազախստանում միասին վերցրած ապրում է ճիշդ այնքան հայ, որքան Հայաստանի Հանրապետութիւնում: Եւրոպական Միութիւնում հայերի այսօրուայ թիւը գնահատւում է մօտաւորապէս 900 հազար, սակայն այդ սփիւռքի տնտեսական պոտենցիալը առայժմ շատ թոյլ է, իսկ հասարակական, այդ թւում՝ քաղաքական ինքնակազմակերպուածութեան դրսեւորումները առայժմ զգալի են միայն այսպէս կոչուած հին համայնքներում, որպիսիք են Ֆրանսիան, Յունաստանը, մասամբ՝ Բուլղարիան: Այսուհանդերձ այս սփիւռքը ի վիճակի է խաղալու դրական դեր Հայաստան-Եւրոպա յարաբերութիւնները զարգացնելու համար: Այդ մասին գիտեն նաեւ Եւրոպայում, եւ անկախ այն զգացական մօտեցումից, որը կարող է առաջանալ Եւրասիական Տնտեսական Միութեանն անդամակցելու վերաբերեալ Հայաստանի արած յայտարարութիւնից, յաղթելու է համագործակցելու եւ երկխօսելու միանգամայն բանական ձգտումը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ
ՈՐՊԷՍ ՆԱԽԱՇԵՄ ԳԼՈԲԱԼ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
Ամերիկեան քաղաքագէտներից մէկը գրել է, որ Ռուսաստանը պատմական առաքելութիւն ունի գլոբալիզացիան փրկելու գործում: Ռուսաստանը կարող է ստեղծել տարանցիկ յարաբերութիւններ Արեւմուտքի եւ հզօրացող Չինաստանի միջեւ: Բացի դրանից՝ Ռուսաստանը կարող է ձեռնտու ընդհանուր շուկայ լինել իր բոլոր դաշնակիցների համար, ովքեր յոյս ունեն աւելի մատչելի գներով գազ եւ նաւթ ստանալ Ռուսաստանից եւ այնտեղ իրացնել իրենց ապրանքները:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իւանիշվիլին բառացիօրէն երկու օր առաջ յայտարարեց, որ Վրաստանը չի պատրաստւում անդամակցել Եւրասիական Տնտեսական Միութեանը, որովհետեւ դեռ չի տեսնում այնտեղ իր օգուտները: Բայց այդ հարցազրոյցից ընդհանուր տպաւորութիւնն այն էր, որ Վրաստանի նոր ղեկավարը չի բացառում եւրասիական ինտեգրացիոն գործընթացներին աւելի սերտ մասնակցելու հնարաւորութիւնը: Նա ասել է, որ հետեւում է եւրասիական ինտեգրացիայի ծաւալմանը, եւ եթէ որեւէ փոփոխութիւն լինի, ապա կ՚արտայայտի այլ որոշում: Ռուսաստանի հետ յարաբերութիւնները լաւացնելու մասին Վրաստանում խօսում եւ մտածում են շատերը: Նորից ստիպուած ենք կրկնել. գլոբալ ինտեգրացիոն գործընթացների մէջ մասնակցելու առաջին ամենապարզ դրսեւորումը կարող էր լինել հայ-վրացական ինտեգրացիան, այսպէս կոչուած հայ-վրացական ընդհանուր շուկան ընդհանուր հարկային եւ մաքսային օրէնքներով: Մի շուկայ, որն ամբողջովին համահունչ կը լինէր ապագայ Եւրասիական Տնտեսական Միութեան ռեգլամենտներին, իսկ աւելի խոշոր հաշուով՝ Եւրոպական Միութեան ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերի պահանջներին: Ահա այսպէս փոքր ինտեգրացիայից կարելի էր շարժուել դէպի աւելի մեծ մասշտաբների ինտեգրացիա:
Հայաստանի Հանրապետութեան նախագահը նաեւ յայտարարեց, որ Մաքսային Միութեանն անդամակցելու որոշումը չի ազդում Եւրոպայի հետ մեր յարաբերութիւնները զարգացնելու ցանկութեան վրայ: Սա ճշմարտութիւն է եւ Հայաստանի հասարակական կարծիքի համար միանգամայն ընդունելի դիրքորոշում: Այդ դիրքորոշումը պէտք է ընկալուի Եւրոպական Միութեան կողմից եւս: Վերջին հաշուով՝ Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ անկախութիւնը կարող են պահպանուել միայն այն դէպքում, երբ մենք ունենանք զարգացող տնտեսութիւն եւ տարածաշրջանային անվտանգութեան ճարտարապետութեան մէջ կարողանանք խաղալ կառուցողական դեր: Իմ ղազախ գործընկերներից մէկը, յայտնի տնտեսագէտ Բերենտաեւը, մի առիթով շատ դիպուկ ասել է, որ մեր օրերում փոքր պետութիւնները կարող են պահպանել իրենց ինքնիշխանութիւնը միմիայն մեծ շուկաներում ինտեգրուելու դէպքում: Մենք ընտրել ենք այն շուկան, որտեղ Հայաստանը գտնուել է վերջին 200 տարին եւ որի տնտեսական օգուտները տեսանելի հեռանկարում միանգամայն շօշափելի են լինելու: Ինչ վերաբերում է մեր քաղաքակրթական կողմնորոշմանը, ապա մենք ուզում ենք ապրել այնպիսի մեծ Եւրոպայում, որտեղ հատւում եւ հաշտւում են Ռուսաստանից, Եւրոպական Միութիւնից եւ ԱՄՆ-ից մեզ հասնող իմպուլսների վեկտորները: Մեր այս վիճակում մեր դիրքորոշումներն ու տեսակէտները աւելի ազնիւ են հնչելու, եւ մենք խօսելու ենք աւելի համարձակ ու ընդունելի, քան այն դէպքում, երբ մենք ուղղակի բուֆեր լինէինք երկու մեծ քաղաքակրթութիւնների միջեւ: Նորից ուզում եմ համոզուած ասել, որ Հայաստանը պէտք է դառնա մի հարթակ, որտեղ քննարկուեն թէ քաղաքակրթական-աշխարհայեացքային մակարդակի, թէ կոնկրէտ քաղաքական-տնտեսական մակարդակի հարցեր ռուսների ու նրանց դաշնակիցների՝ մի կողմից, եւ եւրոպացիների՝ միւս կողմից, միջեւ:
Մաքսային Միութեանը մեր անդամակցութեան որոշումը գալիս է լրացնելու ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական դաշինքին եւ սկսում է դառնալ անվտանգային մակարդակի փաստարկ մեր տարածաշրջանային քաղաքականութեան մէջ: Եթէ Վրաստանում (ինչ որ այժմ քննարկւում է) սկսեն գերիշխել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրաւուելու տրամադրութիւնները, ապա մտածելու հերթը լինելու է Ադրբեջանինը: Նորից պէտք է կրկնենք, որ երբ ասում ենք Հայաստան, մեր մտքում եւ լեզուին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն է՝ անվտանգութեան իր երաշխիքներով: Թւում է, թէ դա հասկանալի է նաեւ բոլոր նրանց համար, ում հետ ինտեգրուելու տրամադրութիւններ ու մտադրութիւններ ունի մեր երկիրը: Պարզից էլ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան հաշուին որեւէ որոշում չի ընդունուելու եւ որեւէ նման որոշում որեւէ մէկը չի էլ ակնկալելու: Այս իրողութեան վրայ էլ կառուցուելու են բանակցութիւնները աւելի մեծ ընդհանուր շուկաներին մաս կազմելու համար: Սա էլ բոլոր մակարդակներում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի Հանրապետութեան կառուցողական մասնակցութեան շատ պարզ ու հասկանալի բանաձեւն է:

«Ազգ», Սեպտեմբեր 6, 2013

No comments:

Post a Comment