ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Հասարակութեան մէջ հակոտնեայ տրամադրութիւնները Մաքսային Միութեանը Հայաստանի միացման վերաբերեալ ակնյայտ տեսանելի են: Տնտեսագիտական վերլուծութիւններ, այո, ի վերջոյ կատարուեցին, թէ Մաքսային Միութեան տարածքում Հայաստանին սպասւում է եւս չորս տոկոս յաւելեալ աճ, իսկ եւրոինտեգրման դէպքում` երկուս ու կէս տոկոս: Սակայն բանն անգամ թուերը չեն, ի վերջոյ հայ հանրութիւնը բոլոր տեսակի թուերի հանդէպ անվստահութիւն ունի, բացի դրանից՝ ի՞նչ է մէկ ու կէս տոկոսը, որը ցանկութեան դէպքում թուային աճպարարները, իսկ լաւ խնդրելու կամ շահագրգռելու դէպքում՝ միջազգային փորձագէտնոերը կարող են ստանալ արեւածաղիկ չրթելու պէս: Ու չնայած՝ տնտեսագիտական հիմնաւորումները որեւէ որոշման հիմքում ունենալու կարեւորմանը՝ առաւել կարեւոր ենք համարում որոշման հոգեբանական անդրադարձը հայ հանրութեան վրայ՝ սկսելով Անկախութեան օրուայ մասին դիտարկումներով:
ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐԸ
22 տարի առաջ տեղի ունեցաւ անկախութեան հանրաքուէն: Մի սպիտակ թերթիկ` վրան հաստ «այո» եւ ջնջուած «ոչ», մինչ այդ բաժանւում էր որպէս թռուցիկ, որպէս օրինակ, թէ ինչպէս պէտք է ջնջել Անկախութեան հանրաքուէի թերթիկը: Իսկ արդէն Հայաստանի քաղաքացու նշան արած թերթիկը այդ օրը պէտք է վճռորոշ գործիք դառնար` Խորհրդային Միութիւնից դէ ֆակտօ պոկուած-իրաւաբանօրէն անկախութիւնը չձեւակերպած, Արցախի ազատագրման համար կռիւները մասամբ յետեւում թողած Հայաստանի նոր քաղաքացին: Ի հարկէ, ամենայն անկեղծութեամբ վստահ չեմ, որ տրցակներ չեն լցուել հանրաքուէի տուփերը, ու Արամ Մանուկեանի նման համոզուած չեմ Հայաստանի բնակչութեան 95 տոկոս մասնակցութեան, իսկ 99 տոկոս` «այո»-ի օգտին քուէին, քանի որ այն ժամանակ իշխանութեան մաս չեմ կազմել, որ այդպէս խօսեմ, եւ աշխատելով «Լրաբեր» հեռուստածրագրում, շփուելով մարդկանց հետ՝ յաճախ էի լսում մեղադրանքներ, այդ թւումՙ հեռուստացոյցով անկախութեան «այո»-ն քարոզող տողերիս հեղինակի հասցէին, թէ չի կարելի հզօր Սովետից դուրս գալ եւ մենակ մնալ աշխարհի դէմ: Սակայն նաեւ նոյնքան համոզուած եմ, որ երկրով մտահոգ ու գրագէտ մարդիկ, մտաւորականութեան զգալի շերտը եւ Արցախի ազատագրման ջատագով շատ մեծ թուով մարդիկ «այո» ասել էին հանրաքուէի տուփի մօտ գնալով, 99 տոկոս չգիտեմ, բայց որ կէսից զգալի աւելին անկախութեան օգտին էին քուէարկել՝ դա հաստատ: Այսինքն՝ անկախ պետութիւն ունենալու եւ հզօր կայսրութեան մէջ անվտանգութեան նկատառումներով ապրելու ձգտումն այդ պահին հակամարտում էին մեր ժողովրդի մէջ եւ լաւ է, որ առաջինն էր ուժեղ, եւ ունեցանք անկախ Հայաստան: Սակայն հոգեբանութիւն կոտրելը յետագայ տարիների անկախութեան ջատագովներիս բաժին ճակատագիրն էր, ու դա դժուար ճակատագիր էր, քանի որ խորհրդային կենսակերպը նստած էր շատերի մէջ, ու փաստը ցոյց է տալիս, որ մինչեւ հիմա էլ նստած է: Դէ ֆակտօ անկախութիւնը քիչը է, պէտք է հոգեվիճակդ անկախի լինի, պէտք է, որ ամէն մարդ հասկանայ` երկիր կը դառնաս, եթէ ազատուես կայսրութիւնից մի բան թռցնելու, աչքակապութեամբ ու կաշառուելով խորհրդային ղեկավարութեանը խաբելու բարքերից: Այնպէս որ, այո, խանգարողները, խորհրդային խտրական երանութիւնից օգտուող առանձնայատուկների դիմադրութիւնը մեծ էր: Խանգարում էր նաեւ աղքատութիւնը, անարդարութունը, զօռբաների ու աչքի սուրմա թռցնողների արագ հարստանալը, որն անշուշտ անկախ պետութեան շահերը պաշտպանելու մղումով չէր արւում, այլ ի վերջոյ գործի էր դրւում խորհրդային բարքերից ժառանգուած կեղծ ճարպկութիւնը` ժողովրդի խօսքով` «շուստրիութիւնը»: Այդպէս անկախութիւնը հռչակելուց յետոյ այն դէ ֆակտօ կար, պետականօրէն սնւում էր, բայց հէնց նոյն պետութիւնում տիրող բարքերի պատճառով հոգեբանօրէն խեղճանում-խեղճանում էր՝ արտագաղթով, բարքերի դեգրադացմամբ ուղեկցուելով: Հիմա 22 տարին քի՞չ էր, թէ շատ` յետխորհրդային նիհիլիզմը յաղթահարելու եւ անկախ երկրի քաղաքացու հոգի պատուաստելու համար, չգիտենք, բայց նոր՝ 22 տարեկան սերունդը տեսել է հէնց այս, ինչ կայ՝ անկախ, բայց՝ ամէն տեսակ վայրիվերումներով երկիր, որի ներսում այնքան էլ յարմարաւէտ չէ ու համեմատելի չէ արդէն վաղուց անկախութիւնը կայացրած երկրների հետ: Բայց եւ երիտասարդ մարդը չի ծռում մէջքը՝ հոգեբանօրէն անկախական սերունդն է, չնայած նրան էլ նեղում է օլիգարխա-թիկնապահա-սերիալաժամանակը, որտեղ զարգացած մարդը տառասխալներով ստատուսներ գրողն է, որտեղ ազգի հերոսը Գագիկ Շամշեանն է, որտեղ գողական հոգեբանութիւնը խոցի նման միահիւսուել է մեր կեանքին, որտեղ գողական գրականութիւն կայ անգամ ու օրէնքով գողերի մասին լուրերն ամենավարկանշայինն են, որտեղ լրագրողը բամբասանքներ գրողն է, իսկ նորմալ մարդն իր ամէնօրեայ փոքրիկ քայլերի համար պէտք է պայքարի: Միաժամանակ՝ նոր սերունդը չգիտէ՝ ի՞նչ է մեծ կայսրութեան մաս լինելը ու ամենատարբեր առիթներով համոզւում է, թէ ինչ մեծ բան է անկախ Հայաստանի քաղաքացի լինելը, դժուար, երբեմն սրտնեղող երեւոյթներով խեղճացնող, բայց միեւնոյն է՝ շոյող, սիրտ խտխտացնող: Օրինակներ չենք բերի, միայն մէկը` անգամ ֆուտբոլի հանդէպ անտարբեր մարդու սիրտն է արագ բաբախում, երբ Հենրիխ Մխիթարեանը գոլ է խփում ու Գերմանիաներում անընդհատ յիշատակում իր փոքրիկ, բայց անկախ հայրենիք Հայաստանի մասին:
Այս ֆոնին` Մաքսային Միութեանը միանալու որոշման մասին:
Մաքսային Միութեանը միանալու անսպասելիութիւնը պարզ է, որ երկրով մտահոգ մարդկանց ներսում պէտք է ծնէր անհանգստութիւններ: Երբ զաւակիդ ամուսնացնում ես կամ ուղարկում ես հեռու երկիր՝ բնականաբար միայն լաւատեսական զգացումներով չես պատւում, քեզ տիրում են նաեւ անհանգստութիւնները`անյաջողութեան, նրա կեանքի չստացուելու եւ կամ վտանգների վերաբերեալ կասկածներով: Ու դա բնական է: Ինչքան անսպասելի` այնքան անհանգստութիւնները շատ: Հիմա, երբ պարզւում է, որ, հա, մենք Մաքսային Միութեանն անդամակցելն ենք առաջնային համարում, նախ մարդկանց, հանրութեան լայն շերտին պատում է վիրաւորանքը. իսկ ո՞վ է հարցրել իրենց այդ մասին: Ու միայն դրանից յետոյ, երբ անցնում է առաջին վիրաւորանքի պահը, մարդիկ ունակ են դառնում մտածելու երկրի փայփայուած ինքնիշխանութեանը գուցէ յետագայում սպառնացող ինչ-որ վտանգի մասին ու յետոյ միայն, երրորդ անգամից գալիս են մտքերը, թէ հա, մի գուցէ, անվտանգութեան խնդիր ունի երկիրը, տնտեսութիւնը որեւէ ձեւով կարգի բերելու: Իսկ թէ ինչու անկախութեան 22 տարիներին մեր վերնախաւերը չսովորեցին ժողովրդից հարցնել իրենց գնալիք քայլերը եւ նեղ շրջապատում են սիրում որոշումներ կայացնել, կարծում ենք՝ նոյնպէս հոգեբանութեան խնդիր է. երեւում է` վերջնականապէս չենք ազատագրուել անցեալի տխուր բարքերից, ու գուցէ մեր վերնախաւերն էլ մտածում են, թէ հնարաւոր չէ լիովին ազատ լինել ռուսական պարտադրանքից, որը գալիս է նախ ռուսական տարածաշրջանային ամբիցիաներից, ու յետոյ միայն տնտեսական կամ ռազմական նպատակայարմարութիւնից: Այլապէս` որոշումը չէր պահուի այսքան (ամէն ինչից երեւում է, որ այն աւելի վաղ է կայացուել), եւ եւրոպացիներին ու սեփական ժողովրդին սա կը բացատրուէր առանց բարդոյթների, հէնց ԵՄ տարածաշրջանային համանման ամբիցիաների մատնացոյցով եւ հաւասարակշռումով: Ու ոչ միայն նրանց: Հէնց երէկ, բոլոր միւսներից առաջ անցնելով ու տարածաշրջանի առումով ամերիկեան ամբիցիաները մատնելով` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էր շնորհաւորել հայ ժողովրդին անկախութեան տոնի առիթով` ջերմօրէն ու յուզիչ ու մի շարք ակնարկներով... Հայաստանի համար մրցակցութիւնը, երեւում է, նոր է սկսւում, Աստուած պահի Հայաստանը:
Բոլոր դէպքերում` անկախութեան օրն է, մենք՝ հայերս, սիրում ենք այդ օրը` անկախ ամէն տեսակ ապակողմնորոշիչներից, անկախ մեր ոխերիմ բարեկամների եւ բարեկամ հակառակորդների նաւսից: Երկիր ենք, անկախ ենք, ու Մաքսային Միութիւն, թէ ԵՄ, ԱՄՆ թէ Ռուսաստան, թող չերազեն, որ կը սահմանափակեն մեր անկախութիւնը, դա մենք թոյլ չենք տալու:
«Ազգ», Սեպտեմբեր 21, 2013
No comments:
Post a Comment