ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
Մեր զրուցակիցն է Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճիւղի Հայագիտական հետազօտութիւնների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանջեանը։
-- Պարոն Սանջեան, մեկնարկեց Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցութեան յայտ է ներկայացրել 96 երիտասարդ աշխարհի 10 երկրից: Մի կողմից`արտագաղթի տեմպերն են մեծանում, միւս կողմից` նմանատիպ ծրագրերը կարծես կենսունակ չեն, եւ հայրենադարձութեան նպատակ չեն հետապնդում: Ինչո՞ւ:
-- Սփիւռքի նախարարութեան հովանաւորած «Արի տուն» ծրագիրը հետապնդում է շատ յստակ, բայց սահմանափակ նպատակ` Հայաստանից դուրս` Սփիւռքի մէջ բնակուող հայազգի երիտասարդներին ծանօթացնել Հայաստանի հետ: Սա 1960-ական թթ. խորհրդահայ կառավարութեան ձեռնարկած սփիւռքահայ աշակերտներին Հայաստանի ամառնային պիոներական ճամբարներ հրաւիրելու ծրագրի բարեփոխուած տարբերակն է: «Արի տուն» ծրագրի արդիւնաւէտութիւնը հնարաւոր կը լինի ստուգել միայն տարիներ անց, երբ այս պատանիները մտնեն կեանքի ասպարէզ: Տեսնենք այդ ժամանակ նրանք ինչքանո՞վ կառչած կը լինեն Հայաստանից եւ պատրաստ` նրան օգտակար լինելու, համեմատած այս ծրագրին չմասնակցած իրենց սերնդակիցներին: Հայաստանի մամուլում կամ սոցիալական ցանցերում շատ եմ հանդիպում «Արի տուն» ծրագրի նկատմամբ քննադատական, նոյնիսկ հեգնական արտայայտութիւնների: Հնարաւոր է, որ ծրագրի անունը ճիշտ չի ընտրուած, ինչի համար էլ ներկայ կառավարութեան ընդդիմադիրներն այս անունը հեշտութեամբ հակադրում են ներկայիս տագնապալի չափերի հասած Հայաստանից արտագաղթին: Մինչդեռ, որքան հասկանում եմ, «Արի տուն» ծրագիրն անմիջական ներգաղթ կամ հայրենադարձութիւն ապահովելու նպատակ չի հետապնդում, եւ նրան այդ չափանիշով պէտք չի դատել:
Կասկած չկայ, որ շարունակուող արտագաղթն այսօր Հայաստանի ամենամեծ մարտահրաւէրն է: Նրա առաջն առնելուց աւելի կարեւոր բան չի կարող լինել: Բնականաբար, գործադիր իշխանութիւնն ու նրան պաշտպանող խորհրդարանական մեծամասնութիւնը գլխաւոր (թէեւ ոչ միակ) պատասխանատուն են այս ողբերգութեան: Իրենք են ստանձնել պետութեան ղեկը, իշխանութեան գլուխ մնալու համար ամէն միջոցի դիմում են, եւ իրենք էլ պարտաւոր են լուծումներ առաջարկել ու դրանք կենսագործել: Բայց գործադիր իշխանութեան կառոյցից ներս պէտք չէ անհարկի գերարժեւորել Սփիւռքի նախարարութիւնն ու «Արի տուն» ծրագիրը:
-- Ի՞նչն այսօր Սփիւռքին կարող է կապել հայրենիքի հետ:
-- Խորհրդային Միութեան տրոհումից յետոյ եւ վերջին տարիներին Հայաստանից արտագաղթի մեծ չափերի հետեւանքով, «Սփիւռք» հասկացութիւնն այսօր տարբեր իմաստներ ունի, քան երբ այդ եզրը քաղաքացիութիւն ստացաւ խորհրդային ժամանակահատուածում: Այսօրուայ Սփիւռքը շատ բազմազան է: Քիչ ընդհանուր բան կայ 1 կամ 2 տարի առաջ «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստանի տափաստաններ փոխադրուած հայաստանցի մի գիւղացու եւ արդէն իսկ սփիւռքահայ չորրորդ սերունդ համարուող, Հայաստան երբեք չայցելած իսպանախօս հայի միջեւ, որն ապրում է Բուէնոս Այրէսում կամ Մոնտեվիդէոյում: Տարբեր տիպի սփիւռքահայեր տարբեր ակնկալիքներ ունեն Հայաստանից: Տարբեր են նաեւ Հայաստանի կառավարութեան եւ ոչ կառավարական շրջանակների ակնկալիքները Սփիւռքից: Կարելի է ուսումնասիրել ու դասակարգել առկայ տարբեր ակնկալիքներն ու պահանջները եւ Հայաստանի, եւ Սփիւռքի մէջ: Բայց այդ տարաբնոյթ ակնկալիքներն անհնար է լինելու բաւարարել մէկ կամ երկու կենտրոններից: Փոխարէնը նախընտրելի է մտածել այնպիսի իրավիճակ ստեղծելու մասին, ուր Հայաստանի եւ արտասահմանի մէջ անհատներ կամ կազմակերպութիւններ կարողանան իրենց նախընտրութիւններին ու պահանջներին համապատասխան գործընկերներ գտնել:
-- Պարոն Սանջեան, որպէս կառոյց, ինչո՞ւ այդպէս էլ Սփիւռքի նախարարութիւնը չկարողացաւ դուրս գալ միջոցառումներ կազմակերպելու հոգեբանութիւնից եւ իրական գործեր անել: Մենք տեսնում ենք, որ սիրիահայերն էլ իրենց տեղը չեն գտնում Հայաստանում:
-- Ես, իհարկէ, շատ քիչ բան գիտեմ Սփիւռքի նախարարութեան ներքին կառոյցի եւ այնտեղ կատարուող երկարաժամկէտ աշխատանքների մասին, եթէ այդպիսիք կան, քանի որ զանգուածային լրատուամիջոցների ուշադրութիւնն այդ գործունէութեան վրայ չի կենտրոնացած: Մինչեւ 2011 թուականի վերջը, իբրեւ Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճիւղի Հայագիտական Հետազօտութիւնների Կենտրոնի վարիչ, յաճախ նախարարութիւնից ստանում էի նամակներ, գրականութիւն, բայց վերջին մէկուկէս տարուայ մէջ, ինձ անյայտ պատճառով, այդ կապը դադարել է: Գիտեմ, որ վերջին տարիներին նախարարութեան ցածրաստիճան պաշտօնեաներ մի քանի շաբաթով եւ աւելի քան մէկ անգամ այցելել են Լիբանան` տեղում ծանօթանալու հայ համայնքին: Բայց եօթ տարի է գտնւում եմ Դիտրոյտում, որը ԱՄՆ չորրորդ ամենամեծ հայ գաղութն ունի, եւ այնտեղ, ինչքան գիտեմ, նախարարութեան որեւէ պաշտօնեայ ոտք չի դրել հիմնադրման պահից: Ճիշդ է ձեր մատնանշումը, թէ այսօր արտասահմանի մէջ նախարարութեան դիմագիծը (իմիջ) առաւելապէս առնչւում է մեծ հաւաքների, ինչպէս նաեւ` մեդալների ու պատուոգրերի «տեղատարափ»ի հետ: Հաւաքների պարագային էլ, յետագայում երբեք չենք իմանում դրանց շարունակական, դրական արդիւնքների մասին: Չմոռանանք, սակայն, որ նախարարութիւնը միաժամանակ ունի արդէն իսկ հաստատուած ծրագրեր, որոնք հետեւողականօրէն իրականացւում են ամէն տարի: Այսուհանդերձ, նախարարութիւնը պէտք է գիտակցի, որ արտասահմանում ունի «իմիջ»ի պրոբլեմ, եւ պէտք է աշխատի բարելաւել այդ «իմիջ»ը` իր յետագայ նպատակներն աւելի արդիւնաւէտ իրագործելու համար:
Սիրիահայութեան հոսքը Հայաստան վերջին մէկ տարուայ ընթացքում չպլանաւորուած իրադրութիւն էր, որին, սակայն, պէտք է պատրաստ լինի որեւէ պետութիւն կամ հասարակութիւն: Ես երբեք չեմ թերագնահատել այն ամէնը, ինչ Հայաստանի կառավարութիւնն արեց եւ անում է Հայաստան փոխադրուած սիրիահայութեան համար այս վերջին մէկ տարուայ ընթացքում: Պատկերացրէք` ինչքան աւելին հնարաւոր կը լինէր իրագործել, եթէ Հայաստանն առհասարակ ունենար աւելի կենսունակ տնտեսութիւն եւ իրենց կոչումին հարազատ մնացած հարկային, իրաւապահ եւ դատական համակարգեր: Սիրիահայերի փորձը պէտք է Հայաստանի կառավարութեանն ու առհասարակ հանրութեանը մղեն աւելի խորը ու համակողմանի ուսումնասիրելու լայնածաւալ հայրենադարձութեան հնարաւոր բոլոր խոչընդոտներն ու ծրագրաւորելու դրանց յաղթահարումը: Իսկ Սփիւռքի վերնախաւի համար էլ Հայաստանում ապաստանած սիրիահայերի դէպքը պէտք է խթան հանդիսանայ, որ Հայաստանի պետական կառոյցների հետ իրենց ամէնօրեայ շփումների ժամանակ նրանք աւելի հետեւողական ու պահանջկոտ լինեն Հայաստանում իրաւական պետութիւն ունենալու ուղղութեամբ, եւ իրենք եւս աւելի շատ մասնակից դառնան այդ գործընթացին:
-- Ի՞նչ էք կարծում, Սփիւռքի նախարարութիւն որպէս այդպիսին, արդեօք պէ՞տք է:
Սփիւռքի նախարարութիւնն, ինչքան գիտեմ, բաւական փոքր բիւջէ ունի: Շատ աւելի մեծ խնայողութիւններ կարելի է անել այլ ոլորտներում փտածութիւնը (կոռուպցիա), մսխումները եւ այսպէս կոչուած «ատկատներ»ը վերահսկելով: Ես չեմ կարծում, որ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններն այսօր աւելի վատ վիճակում են, քան մինչեւ այս նախարարութեան ստեղծումը: Թէեւ վերջին մէկ տարուայ ընթացքում Հայաստանում չեմ եղել, բայց ինձ հասած տեղեկութիւնների համաձայն, նախարարութիւնն այս ընթացքում սիրիահայերի խնդիրները դիմագրաւելու ուղղութեամբ համադրող շտաբի դեր է կատարում: Գուցէ սա առաջին քայլը լինի յետագայում այն պաշտօնապէս Սփիւռքի եւ Հայրենադարձութեան նախարարութեան վերածելու: Սա ի հարկէ չի նշանակում, թէ իւրաքանչիւր նախարարութիւն չպէտք է ձգտի, եւ այն էլ`անընդհատ, աւելի արդիւնաւէտ գործող մարմին դառնալու:
-- Դուք վերջերս անդրադարձաք արեւմտահայերենի կամ իրանահայերի առոգանութեանը, որը Հայաստանում ոմանք գեղջկական բարբառի համազօր են դասում եւ հեգնում: Այս հարցը ի՞նչ լուծում է պահանջում:
Այդ երեւոյթին ականատես եղայ ելեկտրոնային մամուլում ընթերցողների մեկնաբանութիւնների մէջ, ինչպէս նաեւ «Ֆէյսբուք» սոցիալական ցանցում, ընդ որում` ասպիրանտների եւ համալսարանական երիտասարդ դասախօսների գրառումների մէջ: Ակնյայտ է, որ Երեւանի, Գիւմրիի եւ թերեւս այլ մեծ քաղաքների մտաւորական խաւի ներսում այսօր կան մարդիկ, որոնք հայերէն ասելով միայն գրական արեւելահայերէնը եւ Հայաստանի դպրոցներում դասաւանդուող արեւելահայերէնի առոգանութիւնն են հասկանում: Սա հայ ժողովրդի բազմադարեան մշակոյթի կարեւոր մէկ մասի անտեսումն է: Մէկն անտրամաբանական էր համարում, որ Երեւանի ամերիկեան դեսպանատան հեռախօսի պատասխանող սարքը ձայնագրուած է իրանահայերի առոգանութեամբ, իսկ ուրիշ մէկն էլ հեգնում էր Երեւանի մէջ արեւմտահայերէնով ուսուցանող դպրոց բանալու առաջարկը, թէ «վաղն էլ մի դպրոց բացենք Շամշադինի բարբառով…»: Ի դէպ, Շամշադինի բարբառն էլ, ինչպէս բոլոր բարբառները, պէտք է գուրգուրանքի առարկայ լինի, բայց այս դէպքում արեւմտահայերէնի հանդէպ արհամարհական շեշտն ակնյայտ է:
Այս երեւոյթի արծարծումը կարեւոր է երկու հարթութեան վրայ: Առաջինը` հայրենադարձութեան կոչերն են, որ անընդհատ լսում ենք Հայաստանից: Հայրենադարձութեան հրաւիրողը պէտք է յարգալից լինի նաեւ արեւմտահայերէնի ու իրանահայերի արեւելահայերէն առոգանութեան հանդէպ: Այս հարցը շատ տարողունակ է: Նշեմ, որ երբ ի վերջոյ մի օր քննարկման դրուի «Հայրենադարձութեան մասին» օրէնքի նախագիծը, որի մասին արդէն քանի՜ տարի է խօսում են, լեզուական խնդիրներն էլ այստեղ տեղ պէտք է գտնեն: Ես անգլերէն եմ սովորել Լիբանանում` նախքան Անգլիա ուսումնառութեան համար մեկնելս: Անգլերէնի առոգանութիւնս ոչ անգլիական է եւ ոչ էլ ամերիկեան: Բայց դա արգելք չեղաւ, որ 2005-ին դասախօսական աշխատանքի ընդունուեմ Ամերիկայում: Իսկ եթէ մի օր ցանկանամ Հայաստանում հաստատուել ու դասախօսական աշխատանքի անցնել որեւէ բուհում, ի՞նչ վերաբերմունքի պիտի հանդիպեն իմ արեւմտահայերէն լեզուն եւ առոգանութիւնը:
Արեւմտահայերին նեղացնում է նաեւ իրենց անուն-ազգանունների ըստ արեւելահայ հնչիւնաբանութեան տառադարձումը հայաստանեան պետական փաստաթղթերում, ինչպէս օրինակ` Անդրանիկ-Անտրանիգ, Կարապետ-Գարաբեդ, Աւետիքեան-Աւեդիկյան, Պօղոսեան-Բոգհոսսյան եւ այլ «չնաշխարհիկ» տառադարձութիւններ: Նոյն սկզբունքը եթէ հակառակ ուղղութեամբ կիրարկենք արեւմտահայ մամուլում, ձեր ազգանունը պէտք է գրենք այսպէս` «Փափեան»: Հաճելի՞ է:
Երկրորդ հարթութիւնն առհասարակ արեւմտահայ լեզուի, գրականութեան ու մշակոյթի (ներառեալ 1991-ից առաջ գոյացած Սփիւռքի պատմութեան ու ներքին կեանքի) վերաբերեալ անբաւարար հետաքրքրութիւնն է Հայաստանի կրթական ծրագրերի մէջ, զանգուածային լրատուամիջոցների մօտ, ներառեալ` Հանրային Հեռուստատեսութեան արտասահմանի համար հաղորդումներում: Այստեղ էլ ելեկտրոնային լրատուամիջոցի հարցազրոյցի սահմանները նեղ են հարցը լիարժէք քննարկելու համար: Բայց այս թեման շուտով իր հրատապութիւնը չի կորցնի, եւ դրան թերեւս վերստին ու վերստին պէտք է անդրադառնալ` մինչեւ իրավիճակի բարելաւումը:
«Լրագիր», Յուլիս 11, 2013
No comments:
Post a Comment