ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Երկու տարի շարունակ ԶԼՄ-ներն ու ճարտարապետներն անընդհատ բարձրաձայնում էին «Փակ շուկայ»ի խնդրի մասին: Երկու տարի շարունակ ասուլիսներ, բողոքի ակցիաներ, հարիւրաւոր յօդուածներ: Երկու տարի շարունակ կառոյցի ճակատագրով պատասխանատուները՝ Մշակոյթի նախարարութիւնն ու քաղաքապետարանը, կա՛մ խուսափում էին «Փակ շուկայ»ի վերաբերեալ խօսելուց, կա՛մ էլ հաւաստիացնում, որ ամէն ինչ լաւ է լինելու:
Գրեթէ միշտ լուռ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը երկու անգամ հաւաստիացրել է, որ «Փակ շուկան» վերադարձուելու է նախկին տեսքին: Մի անգամ Տարօն Մարգարեանը նման խոստում տուել է աւագանու անդամների հետ հանդիպմանը, մէկ անգամ էլ՝ երդմնակալութեան արարողութիւնից յետոյ, երբ լրագրողներն ուղղակի «ստիպեցին», որ Մարգարեանը խօսի:
«Հաւաստիացնում եմ, որ "փակ շուկա"ն կը վերադառնայ իր նախկին տեսքին:
Քաղաքապետարանն այժմ քայլեր է ձեռնարկում այդ ուղղութեամբ»:
Սա Տարօն Մարգարեանի խօսքն է աւագանու անդամների հետ հանդիպման ժամանակ, որը յետագայում հարցազրոյցներից մէկի ժամանակ մէջբերել է աւագանու անդամ Աստղիկ Գէորգեանըՙ հաւաստիացնելով, որ կառոյցը անպայման պահպանուելու է, եւ խնդրել է երեւանցիներին հետեւել իր օրինակին ու հաւատալ քաղաքապետի խօսքին:
«Ես ոնց ասեմ, էդպէս էլ լինելու է», քաղաքապետի երդմնակալութեան արարողութիւնից յետոյ «Ազգ»-ին կարճ-կոնկրէտ պատասխան տուեց Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը: Փաստօրէն դէպքերի յետագայ ընթացքն ապացուցում է, որ տիկին նախարարն ուզում էր, որ 60-ականների շինութիւնը «սեւ ապակիներով եւրոռեմոնտ» կառոյց դառնայ:
Տարիներ շարունակ «Փակ շուկայ»-ի հարցով երկու կառոյցները խնդիրն իրար վրայ էին գցում: Քաղաքապետարանից ասում էին, որ տարածքում շինարարութիւն իրականացնելու թոյլտուութեան համար դրական եզրակացութիւն տուել է Մշակոյթի նախարարութիւնը, իրենք ընդամէնը կատարել են իրենց գործը:
Յետոյ էլ յայտարարում էին, որ մի քանի տասնեակ հազար դրամի տուգանք են սահմանել սեփականատիրոջ, պետութեան ամենայայտնի օլիգարխի, մենաշնորհի եւ լցնովի կասկածելի որակի ապրանքների խորհրդանիշ Սամուէլ Ալեքսանեանի (Լֆիկի) դէմ, որովհետեւ նա քանդում է յուշարձան: Քաղաքապետարանի «միամիտ» աշխատակիցները յոյս էին փայփայում, որ սեփականատէրն էլ խախտումներ չի անի: Ամենայն հաւանականութեամբ, նրանք «Երեւան-Սիթի»ից առեւտուր չեն անում եւ տեղեակ չեն, որ Լֆիկը միշտ է խախտում անում՝ կեղծում շատ բան՝ օղիներից մինչեւ ատամի մածուկ, մանկական կեր ու դեղ: Շուկայի հարցում էլ Լֆիկը մնաց իր բարձունքին, եւ շինարարութեան հետեւանքով 4 կամար փլուեց: Իւրաքանչիւր բարձրացուած աղմուկից յետոյ շինարարութիւնը կանգ էր առնում, սակայն որոշ ժամանակ անց բուլդոզէրները մտնում էին տարածք, ու շինարարութիւնը նորից շարունակւում էր: Յաճախ Ալեքսանեանին էլ կարելի էր տեսնել շինհրապարակումՙ շինարարներին ուղղութիւն տալիս:
Այս ընթացքում ճարտարապետները մի քանի անգամ նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին. նամակներն այդպէս էլ մնացել են անպատասխան: Ու մինչ պետութիւնն ինքն իրեն մատնել էր անգործութեան ու մինչ քաղաքապետարանն ու մշակոյթի նախարարն իրար վրայ ցեխ էին շպրտում, «Փակ շուկայ»ի «եւրոռեմոնտ»ն աւարտուեց, ու ամենայն հաւանականութեամբ Սեպտեմբերի 15-ից հին հասցէով, բայց արդէն այլանդակուած շէնքում կը գործի «Երեւան-Սիթի» սուպերմարկետը:
Շուկայի վերաբերեալ երէկ հերթական ցնցող յայտարարութիւնն է արել ՀՀ կառավարութեանն առընթեր Ճարտարապետութեան պետական կոմիտէի նախագահ Նարեկ Սարգսեանը: Նոր պաշտօնում Սարգսեանը քննադատել է շուկայի շինարարութիւնը՝ յաւելելով, որ յարկերի կառուցումն անթոյլատրելի է եղել: Սարգսեանը մոռացել էր, որ վերջին 3 տարին, երբ «Փակ շուկան» քանդւում էր, մայրաքաղաքի գլխաւոր ճարտարապետն ինքն էր, ու իր նստավայրից մէկ կանգառ ներքեւ տեղի էր ունենում, իր խօսքերով, «յուշարձանի աղճատում»: Երկու տարուայ ընթացքում Նարեկ Սարգսեանն այդպէս էլ ոչ մի յայտարարութիւն, ոչ մի քննադատութիւն չներկայացրեց ու հիմա նոր պաշտօնում իրեն դնում է անհեթեթ վիճակում՝ իր անգործութիւնը որակելով օրէնքի խախտում:
«"Փակ շուկայ" յուշարձանն աղճատուած է, այսինքն՝ բազմաթիւ ջանքերը օգուտ չտուեցին», ասել է Նարեկ Սարգսեանը՝ յաւելելով, որ Երեւանի քաղաքապետարանը ոչ մի նախագիծ չի հաստատել, նման նախագիծ բերուել է, սակայն մերժուել է, մերժուել է նաեւ այլ ատեանների, այդ թւում՝ Մշակոյթի նախարարութեան կողմից: «Ինչ վերաբերում է նոր յարկերի կառուցմանը, ապա նշեմ, որ կամարների 50 տոկոսը մնացել է, իսկ մնացած 50 տոկոս կամարները քանդուած են»:
Հարցին, իշխանութիւններն արդեօ՞ք անզօր են օլիգարխի առջեւ, Նարեկ Սարգսեանն ասաց. «Դա էնպիսի խնդիր է, որտեղ ես որեւէ պատասխան կամ արդարացում չեմ կարող ասել: Այս հարցով ես շատ բան եմ արել, բայց ոչինչ չի յաջողուել»:
Փաստօրէն առանց որեւէ թոյլտուութեան քաղաքի կենտրոնում երկու տարի շարունակ յուշարձան է քանդուել, ու ոչ ոք չի նկատել կամ չի ցանկացել նկատել:
Այս տարի ճարտարապետները դիմել էին գլխաւոր դատախազութեանը՝ յանցագործութեան մասին հաղորդում ներկայացրել, սակայն եւս մէկ ցնցող պատասխան էլ դատախազութիւնից էր եկել. «Շուկայի առնչութեամբ խախտում չի կատարւում»:
Փաստօրէն, մեր երկրում պետական համակարգը, գերատեսչութիւնները, իրաւապահ մարմինները, դատախազութիւնն ու օրէնքը անզօր են, երբ հարցը վերաբերում է օլիգարխի շահերին:
«Ազգ», Օգոստոս 30, 2013
No comments:
Post a Comment