17.7.13

Վարչապետի զուգարաններն ու գիտութիւնը

ԱՐԱՄ ՊԱՊԱՅԵԱՆ
 
Թող ինձ ներեն մեր շատ յարգելի գիտնականները. խօսքս պիտի սկսեմ (ներողութիւն արտայայտութեանս) զուգարաններից, չնայած որ գիտութեան մասին եմ հիմա գրելու:
Ո՞վ, ո՞ր իրեն յարգող հայ չի լսել վարչապետի դրած զուգարանների «բիզնես»ի մասին: Այն, որ մեր երկրի վաղուայ օրուայ մասին մտածող մեր վարչապետը նորից ինքն իրեն ձեռառնոց դարձրեց` առնելով 2 բիոզուգարան, ու դրանց տալով 124 մլն դրամ` 340 հազար դոլար, դա գիտի ամէն հայ:
Զուգահեռաբար ասեմ, որ վերջերս շախով-շուխով հրապարակեցին 97 գիտնականի անուն, որոնք առաւել արդիւնաւէտ են աշխատել վերջին 10 տարում, եւ նրանց պետութիւնը տալիս է յաւելավճար ամսական 100 հազարական դրամ` մէկ տարով (*): Այսինքն` իւրաքանչիւր գիտնականին տարեկան նա տալիս է 1 միլիոն 200 հազար դրամ: Եթէ դա բազմապատկում ենք նոյնիսկ ոչ թէ 97-ով, այլ կլորացրած, աւելի մեծացրած 100-ով, ապա ստացւում է 120 միլիոն դրամ, 124 միլիոնից պակաս:
Ասելիքս էն է, որ երկրի առաւել արդիւնաւէտ աշխատող 100 գիտնականի խրախուսման այս ծրագիրը 2 բիոզուգարանի գին էլ չէ: Պատկերացնո՞ւմ էք... Առաւել եւս, որ պարզւում է, որ բիոզուգարաններն էլ իրականում բիոզուգարան չէին այլ սովորական զուգարաններ…
Տնտեսագէտները, որոնք մեր երկրում սովորաբար արտադրւում են բարձր պաշտօններ զբաղեցնելու համար, ի դէմս «զուգարանների գործ»ի, տուել են տնտեսագիտական մտքի թռիչք:
Դէ բանասէր մարդ եմ, մտածում եմ` տնտեսագէտ մարդիկ են, մի բան գիտեն ուրեմն էլի, որ ասում են, թէ ինտերնետով–բանով մակարդակով բիոզուգարանները շուտով իրենց բերած եկամտով երկրի բիւջէի սաղ ծակուծուկը փակելու են:
Ես, օրինակ, որ հէչ էլ միամիտ մարդ չեմ, սկզբում հաւատացի մեր վարչապետին, բայց երիտասարդ գիտնականները, բնականաբար, արագ հաշուելուց լաւ են… Նրանք արագօրէն բազմապատկեցին հետեւեալը` եթէ օրը 20 ժամ աշխատի բիոզուգարանն ամբողջ իր թափով, այսինքն` մարդիկ չեն քնում, երկիրը զուգարան գնալու ուղի է բռնում, ժամում 10 հոգի մտնում է զուգարան, վճարն էլ 100-ի փոխարէն 200 դրամ է, 365 օր, բազմապատկենք, տարեկան անում է մի 70 000 այցելու ու ստանում ենք տարեկան 14.5 միլիոն դրամ: 8.5 տարի անց, էդ տեմպով աշխատելու դէպքում, եւ եթէ այդ 8.5 տարին նա աշխատի անխափան, ու ոչի մի շահագործման ծախս չլինի, ջուրը-բանը` ձրի, հարկեր չմուծուի, նա նո՜ր-նոր իր գինը կը հանի միայն:
Երիտասարդ գիտնականներին` շնորհակալութիւն` արագ եւ որակով հաշուելու համար, հիմա պիտի վերլուծական ու ամփոփիչ խօսքովս հանդէս գամ եւ ես` Արամս`
1. Էդ ո՞նց անխափան կ'աշխատէին, որ բերած–չբերած արդէն խափանուել էին:
2. Չէմի եսիմ ինչ` օրը` 20 x 10=200 հոգի… Տաթեւում օրը, էն էլ ձմեռուայ ամիսներին, սկի 20 հոգի տարածքում չի յայտնւում ուր մնաց թէ զուգարանում (**): Միջինում օրը մի 10 հոգի` մաքսիմում: Էլ չասենք, որ մեր ժողովուրդն էլ աւելի շատ բնութեան գրկում, ծառութփի յետեւներում «ծաղիկ կը հաւաքի», քան զուգարանում, քանի որ, նախ` սովորոյթի ուժ կայ-բան կայ, երկրորդ` 200 դրամի խնայողութեան հասկանալի ցանկութիւն:
3. Մի մոռացէք, որ մենք Հայաստանում ենք, ու էդ մարդայ 200 դրամի մի մասն էլ կը գրպանի աշխատողը:
4. Գիտնականներին էդ, համընդհանուր հնչեղութիւն ստացած, բիզնէսն ընդհանրապէս չի էլ վերաբերում, քանի որ նրանք իրենց աշխատավարձի սահմաններում ի՞նչ են ուտում, որ մի հատ էլ զուգարան գնան:
Ամփոփում–Ա.` Հայաստանը, որն իր ապագան կապում է գիտնականների հետ, իր լաւագոյն 100 գիտնականին յատկացրել է 2 զուգարանի գին, երբ իւրաքանչիւր գիտնական ԱՄՆ-ում միջինը 10 միլիոն դոլար եկամուտ է ապահովում երկրին, եթէ նրան կերակրում են, սնունդ են տալիս: Գիտնականին կերակրել ու պայմաններ ստեղծել է պէտք, որ նա աշխատի: Պիտի կերակրել մարդկանց, որ մարդիկ էլ կարողանան իրենց ներդրումն ունենան զուգարաններում:
Ամփոփում–Բ.` Ի՞նչ ասեմ… Հարցեր կան, որ նոյնիսկ ես եմ դժուարանում պատասխան տալ. չեմ ուզում հիասթափեցնել ժողովրդիս, բայց զուգարանի գործը Հայաստանում վայ թէ արդիւնաւէտ չլինի: Ուրիշ բան կը լինէր եթէ ի հարկէ, վարչապետս յայտարարէր, որ երկիրը բռնել է զուգարանային մշակոյթի ուղին, այսինքն հիմա արդէն դարձել ենք ոչ թէ գիտելիքահէնք տնտեսութիւն, այլ զուգարանակոնք (վա՜յ, ներողութիւն, պիտի ասէի` զուգարանահէնք :)) , եւ այդ դէպքում մեր շատ պաշտօնեաներ էլ առաջինն իրենք իրենց ներդրումն ունենային զուգարաններում` օրինակ ծառայելով հասարակ ժողովրդին, էդ ժամանակ միգուցէ էդ բիզնէսից էլ մի բան դուրս գար… թէ չէ սենց ի՞նչ…
Վերադառնալով բուն ասելիքիս, յիշեցում անեմ, որ օրերս մեծ փառքով յայտարարուեց 97 գիտնականի անուն, որոնք վերջին 10 տարում աշխատել են մեծ արդիւնաւէտութեամբ, ու նրանց յատկացուեց մարդայ 100 հազարական ամսական, մէկ տարի ժամկէտով: Դա չտեսնուած-չլսուած բան էր, չափազանց ոգեւորիչ, բայց միւս կողմից էլ… Բա լաւ, էդ մեր գիտական սերուցքը` մեր գիտութեան դոկտորներն ու ակադեմիկոսները, բա էդ մարդիկ բոլորն իրար հետ վերցրած 2 զուգարան է՞լ լրիւով չարժեն, էն էլ գիտութիւնը գերակայ ոլորտ յայտարարած երկրում:
Յ.Գ. Հատուած նորանշանակ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աւանեսեանի զուգարանների հետ կապուած հարցազրոյցից` «Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պէտք չեն: Եթէ այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշդ են համարել» (***):
Բա՞, փողն էլ է իրենց ձեռը, օրէնքն էլ: Հէնց այդպէս էլ ապրում ենք մեր անկախ երկրում: Այ դրա համար էլ, ինչպէս կ'ասէր մեր նախագահը, խիյարները թարս են աճում: Ասենք, ո՞վ է մեր երկրի ու գիտութեան տէրը, որ գիտութեան մասին էլ մտածի: Այ էստեղ են ասում` տէրդ մեռնի, գիտութի՜ւն…

«Հայկական վարկած» (armversion.am), Յուլիս 15, 2013

--------------------------------------------
Ծանօթագրութիւններ («Հայկականք»)
(*) Ըստ Գիտութեան Պետութեան Կոմիտէի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան ծրագրերում եւ թեմաներում ընդգրկուած բարձր արդիւնաւէտութեամբ աշխատող գիտաշխատողների յավելավճարի» մրցոյթին արդիւնքներուն, յաղթող հանդիսացած են 97 գիտնականներ (63՝ բնական գիտութիւններ, 13՝ ճարտարագիտութիւն եւ արհեստագիտութիւն, 3՝ բժշկական գիտութիւններ, 3՝ գիւղատնտեսական գիտութիւններ, 1՝ հասարակական գիտութիւններ, 14՝ հայագիտութիւն եւ հումանիտար գիտութիւններ), որոնցմէ 27 Երեւանի Պետական համալսարանէն են, 17՝ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի չորս հիմնարկներէ, 16՝ Ալիխանեանի անուան Երեւանի բնագիտութեան հիմնարկէն, 5՝ Հայկական Պետական Ճարտարագիտական համալսարանէն։ Մրցոյթին յաղթող գիտնականները ամսական 100.000ական դրամի յաւելավճար պիտի ստանան։ Ցուցակը պիտի վերանայուի ամէն տարի (armscoop.com, Յունիս 26, 2013)։
(**՚) «Տարիներ առաջ ՀՀ կառավարութեան որոշմամբ Հայաստան ներկրուեց 2 բիոզուգարան։ Այդ զուգարանների համար պետական բիւջէից յատկացուեց 124 մլն դրամ (մօտ 340 հազար դոլար)։ Զուգարաններից մէկը տեղադրուել է Տաթեւի ճոպանուղու մօտ, միւսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու յարակից տարածքում» (lurer.com, Մայիս 29, 2013):
(***) «Զուգարանների խնդրին կառավարութեան վերջին նիստի ժամանակ անդրադարձել են նաեւ վարչապետն ու Էկոնոմիկայի նախարարը։
ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Աւանէսեանն այսօր, կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ ճեպազրոյցում խօսելով զուգարանների անսարքութեան մասին, նշեց, որ դրանով զբաղւում է Ազգային Մրցունակութեան Հիմնադրամը։
"Կարող եմ ասել, որ դրանք երկուսն են, եւ բիոզուգարաններ չեն, այլ զուգարաններ են։ Մէկն աշխատում է, միւսի մէկ կաբինան աշխատում է, մյուսը՝ ոչ։ 
Գնումից յետոյ այն երեք տարուայ պատմութիւն ունի։ Ես հիմա, ճիշդն ասած, չէի ասի, որ ամբողջ օրը զբաղւում եմ դրանով։ Յանձնարարականները տրուած են»,-ասաց Աւանէսեանը» (անդ

No comments:

Post a Comment