17.7.13

Դառնացած ժողովուրդ. խոհեր Յովհաննէս Թումանեանի հետ` թոշակառու գիտնականների մասին

ՆԱՅԻՐԱ ՎԱՐԴԱՊԵՏԵԱՆ

«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտուած էք մտածելու, չէք կարող փախչել նրանցից»:
Մեծ Լոռեցին այս խօսքերն ասել է 100 տարի առաջ` նկատի ունենալով երկրի խնդիրները: Այսօր շարունակում ենք մնալ այդ նոյն մտածմունքների մէջ. խնդիրները շարունակում են կուտակուել, նրանց աւելանում ու աւելանում են նորերը:
Այդ 1000 ու մի խնդիրներից ահա մէկը։
2000 թ. Դեկտեմբերի 26-ից` ստորագրման պահից, ուժի մէջ է մտել օրէնքը` ըստ որի «պետութիւնը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է յաւելավճար, որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարութիւնը» («Գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան մասին» ՀՀ օրէնք, 19-րդ յօդուած, 3-րդ կէտ): 13 տարի անց կարող ենք փաստել, որ ոչ մի նման բան տեղի չի ունեցել, չնայած բազմաթիւ դիմումներին ու բողոքներին. «Անցած տասը տարիների կառավարութիւնների յանցաւոր անգործութեան պատճառով կենսաթոշակի անցած մեր բազմաթիւ վաստակաշատ գիտնականներ սոցիալապէս անպաշտպան վիճակում են, եւ, իրենց խնդիրների նկատմամբ իշխանութեան անտարբերութիւնից խորապէս վրդովուած ու վիրաւորուած, հանդէս են գալիս տարբեր հրապարակումներով ու դիմումներով, սակայն` ձայն բարբառոյ յանապատի» (Անահիտ Բախշեան, 01.11.2010):
Տիգրան Սարգսեանի կառավարութեան սկզբում հարցը կրկին բարձրացուեց, աղմուկ հանուեց: Այն ժամանակ վարչապետն ասաց, որ իրենց պէտք է 2 տարի… եւ քանի՞ 2 տարի է անցել այդ ժամանակից… Եթէ խնդրին լուծում տալու համար կառավարութիւնը յանձնաժողով է ստեղծել ու յանձնաժողովն իր գործը չի կատարել, ապա այդ յանձնաժողովի անդամները ենթակայ են պատասխանատուութեան, իսկ եթէ ոչ, ապա հէնց ինքը, վարչապետն է ենթակայ պատասխանատուութեան, եւ պէտք է ասել` ծանր պատասխանատուութեան:
«Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջութիւնը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիւանդութիւններով»:
Մի՞թէ խորը բարոյական հիւանդութեան նշան չէ թոշակառուին իր թոշակի կոպէկներից զրկելը: ՀՀ-ի գործող գիտնականի միջին տարիքն է 63, իսկ այս 13 տարիների ընթացքում նրանք 1000-ներով հեռացել են… հեռացել են ոչ թէ Հայաստան երկրից, այլ կեանքից: Ի՞նչ պատասխան է տալու մոլեռանդ քրիստոնեայ մեր վարչապետը նրանց` վերերկրային հանդիպումում: «Յարգելի» Կառավարութիւն, տարբեր գիտական աստիճան ունեցող` կենսաթոշակի անցած մեր գիտնականներն արդէն այն տարիքում են, որ պարզապէս չեն կարող սպասել, թէ երբ է Կառավարութիւնը բարեհաճելու անդրադառնալ իրենց վաստակած հանապազօրեայ հացի խնդրի լուծմանը: Նրանք երբեմն` լուռ, երբեմն Սահմանադրական Դատարանում պաշտպանելով 65 տարեկանից յետոյ աշխատելու իրենց իրաւունքը` հեռանում են կեանքից, որովհետեւ մեր իշխանութիւնները նրանց գնահատելու փոխարէն ամէն գնով կարճացնում են նրանց կեանքը:
Կառավարութեան գործելակերպը կարծես դրուած լինի` «չկայ մարդը, չկայ նրա հետ կապուած խնդիրը սկզբունքի վրայ … Նրանք կոչ են անում բոլոր քրիստոնեայ պաշտօնեաներին` անյապաղ ընդունել անհրաժեշտ ենթաօրէնսդրական այն կարգերը, որոնցով կ'ապահովուի նրանց վաստակած արժանապատիւ ծերութիւնը» (Անահիտ Բախշեան, 01.11.2010):
Ուստի, ամէն ինչին` ե՛ւ խաբուածութեանն ու արհամարհուածութեանը, ե՛ւ յիշուած, գնահատուած ու մեծարուած չլինելուն գումարուել է նաեւ այն ծայրայեղութիւնը, որ նաեւ սոված են եղել այդ մարդիկ: Լա՜ւ սովորել են շահարկել թոշակառուի անունը, այնինչ մշտապէս կտրել են թոշակառուից, եւ շարունակում են նոյնաբար` առանց ամօթի եւ կամ խղճի խայթի:
«… Ո՛չ մի մեղմութիւն, ո՛չ մի ներողամտութիւն, ո՛չ մի սահման չարութեանը»:
Այսօր, որպէս քաւութեան նոխազ, բանտում է Վազգէն Խաչիկեանը` թոշակառուների թոշակներից ուտելու մեղադրանքով: Իսկ չէ՞ որ Խաչիկեանի եւ իր «գործընկերներ»ի կերածն ընդամէնը մի կաթիլ է այս 13 տարիների ընթացքում կերուածի ովկիանոսում: Իսկ որտե՞ղ, ո՞ր բանտում, ի՞նչ պատժով պիտի պատժուեն մարդիկ, ովքեր դա արել են եւ շարունակում են անել տարիներ շարունակ: Ինչո՞ւ թոշակառուին հացից անգամ զրկած ղեկավարները ոչ միայն բանտերում չեն, այլեւ զբաղուած են` հրաշքով իրենց հաշուի վրայ միլիոնաւոր դոլարներ փոխանցած «բարերար»ի «փնտռտուքով»:
Երիտասարդները բողոքում են, որ թոշակառուն չի ուզում զիջել իր տեղը երիտասարդ կադրին: Ինչո՞ւ… Քանի որ նա թոշակ չի ստանալու, քանի որ նրա ստացած թոշակը չեղածի հաշիւ է: Այսպիսով, արժանաւոր, բազմավաստակ, յայտնի գիտնականը դառնում է քննադատութիւնների թիրախ: Մարդիկ մինչեւ խորը ծերութիւն կառչում ու կառչած են մնում իրենց տեղից, քանի որ գիտեն, որ եթէ մնան միայն թոշակի յոյսին, սոված են անցկացնելու մնացած օրերը կամ էլ` կախուած իրենց զաւակների բարեացակամութիւնից: Ո՞վ է այս ամէնի իրական մեղաւորը: Նա, ով զրկել է մարդուն իր տարիների վաստակով անգամ գոյատեւելո՛ւ հնարաւորութիւնից:
«Ուրիշ ճանապարհ չկայ. ներսից է լինելու հաստատ փրկութիւնը, որովհետեւ ներսից ենք փչացած»:
Ինչ կ'ասէիք, վարպե՛տ, եթէ իմանայիք, որ 100 տարի անց ոչ միայն չենք մաքրուել, այլեւ աւելի ենք փչացել:
Նրանք, ովքեր կոչուած են իրենց ժողովրդի համար մարդուն վայել կեանք ապահովելու, գողանում են գիտնականի գրպանից, եւ այն էլ թոշակառո՛ւ գիտնականի գրպանից… Եւ ոչ մի պատասխանատուութիւն չեն կրում ո՛չ իրենց խղճի առաջ, ո՛չ օրէնքի:
«Արդ` եթէ մենք ունենք ազգային իմաստութիւն, հոգու արիութիւն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիւանդութեան առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դէմ կռուելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը»:

«Հայկական վարկած» (armversion.am), Յուլիս 13, 2013

No comments:

Post a Comment