6.4.13

Մեր օրերի պօէտական սղագիրը

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
 
Իմաստուն պօէտներ,
Աստուածային ժառանգների ժամանակներից…
Գրուածքները նրանց քրմերն են դարձել,
Գրելու թղթերը նրանց որդին են,
Նրանց բուրգերը գրքերն են խրատների,
Նրանց երեխան՝ գրիչը եղէգնեայ:
Ահա այսպէս՝ Հին Եգիպտոսում, Քրիստոսից XIV-XV դար առաջ փառաբանում էին պօէտներին, աստուածավայել՝ գրեթէ այնպէս, ինչպէս կը փառաբանէին արարչին:
Առաջին բանաստեղծութիւններն աղօթքներ ու հիմներ էին: Նրանք ծնուել էին տիեզերքի առեղծուածը ճանաչելու որոնում-փնտռտուքներում, աշխարհի անեզրն ու անընդգրկելին, յաւէրժն ու այլագոյութիւնը, սէրն ու ատելութիւնը, զոհաբերութիւնն ու նուիրումը, յաղթանակն ու պարտութիւնը բացայայտելու եւ հասկանալու ճանապարհին:
Ու թէեւ աշխարհի պէս հին է բանաստեղծութիւնը, միեւնոյն է՝ այս էլ քանի-քանի դար ամենակարող ժամանակն անզօր է բացայայտել թէ բուրգերի, թէ պօէզիայի առեղծուածը:
Առաջուայ պէս անհասկանալի է աշխարհը, խաղաղ չենք մենք, առաջուայ պէս կեղծ մարգարէներն ու չաստուածները ծանրացել են հորիզոնին, ցորենն ու որոմն ապրում են կողք կողքի, չապրելու չափ դժուար է ապրելը, եւ անդինի եզրին ու նրանից էլ անց, պօէտները փորձում են աղմուկի ու անստոյգի մէջ զանազանել թացը չորից, կեղծն անկեղծից, ցաւը վրէժից, դաւադրութիւնը զոհաբերումից, բարեկամը թշնամուց, անցողիկն անանցից…
Մեր ծանր, աննահանջօրէն ծանր օրերի շարանում «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութիւնը օրերս հրատարակել ու ընթերցողին է ներկայացրել «18-33 արդի պօէզիայի անթոլոգիան»:
Վահէ Արսէն, Աշոտ Գաբրիէլեան, Տաթեւիկ Խուրշուդեան, Էդուարդ Յարենց, Անահիտ Հայրապետեան, Կարէն Անտաշեան, Աննա Դաւթեան, Նարէ Յովհաննիսեան, Յասմիկ Սիմոնեան, Մարիամ Կարապետեան, Մանէ Գրիգորեան, Ռուզաննա Ոսկանեան, Տաթեւ Չախչախեան. նրանք են մեզ ժամանակակից այն տասներեք երիտասարդ բանաստեղծները, որ ընտրուել են մեր օրերում ստեղծագործող շատերի միջից:
Նրանց ստեղծագործութիւններն առաջին անգամ են մէկտեղուել մէկ ժողովածուում, եւ ընթերցողն առիթ ունի կարդալու ու արժեւորելու մեր օրերի պօէտական հունձքը, զգալու նրա նորացման շունչը:
Որպէս բանաստեղծ, նրանք անկախութեան ծնունդ են, նրանք ունեն կիրք, շնորհք, առերեւոյթից այնկողմ տեսնելու կարողութիւն:
Անշուշտ, անցեալի ժառանգութեան բեռը նրանք չեն կարող չտեսնել, չճանաչել ու չզգալ, բայց, հաստատ, բանաստեղծութիւն ծնելիս նրանց ազատութիւնը կաշկանդուած չէ ո՛չ այդ թանկ բեռով, ո՛չ էլ երկարատեւ յիշողութեան տեսիլքով: Նրանց չի կաշկանդում նաեւ ժամանակի ու տարածութեան անսահմանը:
Հիասթափութիւնների, աղմուկի ու անորոշի մեր օրերում նրանց չի անհանգստացնում նաեւ այն, որ գրելն ու գրելով ապրելը շքեղութիւն է, եթէ ոչ՝ զոհողութիւն:
Նրանք, ինչպէս բոլոր ժամանակներում, բանաստեղծներին կրքով ու յամառութեամբ երգում են սէրը, հայրենիքը, լսում ու գրում են լռութիւնը, տեսնում են բառերից ու պատկերներից անդին, նոյնանում են աշխարհի հետ ու դառնում նոյնքան էլ տարբեր:
Մշակներդ՝ անդաստական
Մեծամեծերդ՝ անլուայ Պիղատոս,
Իմ Սուրբ հայրենիք
Ինձ երեսուն արծաթը բաւական է քեզանից հեռանալու համար:
Հայաստանի Հանրապետութիւն,
Սուրէնաւան,
Չորացած պարտէզների փողոց,
Աշոտ Գաբրիէլեան
։
Ահա այսպէս՝ անկեղծ, գրեթէ կնիքի վաւերութեամբ մեր օրերի դառը բանաստեղծական սղագիրն է ներկայացնում պօէտներից մէկը՝ Աշոտը:
Ու մենք տալիս ենք յաւերժական հարցը՝ «որտե՞ղ է ծնւում բանաստեղծութիւնը կամ ինչո՞ւ», անշուշտ իմանալով, որ բանաստեղծութիւնը ծնւում է, երբ չգրելը օդի ու ջրի պէս անհնարինութիւն է ու նաեւ օդի ու ջրի պէս անհրաժեշտ փախուստ, հանգրուան՝ ինքնաճանաչողութեան ու ինքնաազատագրման ճանապարհին:
Կա՛յ կեանքը, կա՛յ բանաստեղծութիւնը
Մենք դատաւոր չենք ու ոչ էլ գնահատական չենք տալիս, իսկ, թէ կը գրուեն եւ կ՛երգուեն նրանց մասին փառաբանութեան հիմներ՝ ինչպէս հին աշխարհում, կ՛որոշի ժամանակը:
Բայց, նախ նրանք ապրելու իրաւունք ունեն: Իսկ մենք յիշենք նրանց անուններն ու հետեւենք նրանց գրչին:

«Ասպարէզ», Ապրիլ 4, 2013

No comments:

Post a Comment