Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

17.12.12

Հակագիտական, հակաակադեմիական յայտարարութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
 
Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի յայտարարութիւնը, թէ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների համար վերջերս հրատարակուած «Հայոց պատմութիւն» բուհական դասագրքում (խմբագիր` Հր. Սիմոնեան) որեւէ բառ չի փոխուելու, հակագիտական է, հակաակադեմիական, հակահայկական եւ անխիղճ:
Ակադեմիական իւրաքանչիւր աշխատութիւն, յատկապէս, երբ այն վերաբերում է պատմութեանը, յատկապէս` հայոց պատմութեանը եւ առաւել եւս` ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչեւ Մարտի 1-ի արիւնալի ողբերգութիւն ու հայ-թուրքական «ֆուտբոլային դիւանագիտութիւն» ընկած շուրջ 3-4 հազարամեայ ժամանակաշրջանը, պարտաւոր է իւրաքանչիւր նոր հրատարակութեան հետ ենթարկուել փոփոխութիւնների, լրամշակման: Յատկապէս, երբ փաստերն են կեղծւում` միտումնաւոր կամ թիւրիմացաբար:
Անհնար է շարադրել չորս հազար տարուայ պատմութիւն եւ չսխալուել: Ձեռնարկի վերջին հատուածներում, որոնք վերաբերում են 1985-2012-ին` մեր ապրած ու տեսած օրերին, կարելի է հեշտութեամբ գտնել մի շարք փաստական (միտումնաւոր կամ ոչ) եւ մեթոդաբանական սխալներ, որոնք անպայման կարիք ունեն փոփոխութեան, եթէ նպատակը հայոց նորօրեայ պատմութիւնը կեղծելը չէ:
Դասագրքում, չգիտես ինչու, այդքան երկար է անդրադարձ կատարուել (էջ 834-838) Մարտի 1-ին` գրեթէ տասն անգամ աւելի երկար, քան Հոկտեմբերի 27-ին: Բայց այդ երկար շարադրանքի մէջ փորձ է արուել ոչ թէ իրադարձութիւնները ներկայացնել նոր լոյսի ներքոյ, պատմաբանի հայեացքով ու խղճով, այլ պարզապէս կրկնուել է այդ դէպքերի պաշտօնական տեսակէտը: Մարտի 1-ը այնքան մօտ, ցաւալի, հակասական, դեռեւս ամբողջովին չպարզուած պատմութիւն է, որ կարելի էր դրան անդրադառնալ աւելի սեղմ եւ ամենակարեւորը` աղ չցանել զոհուածների մայրերի վիրաւոր սրտերին:
Հոկտեմբերի 27-ը (էջ 796) չափազանց միակողմանի է ներկայացուած: Նախ շարադրանքից անհնար է հասկանալ, թէ ովքեր էին ահաբեկիչները: Երկրորդ, կրկին մէջտեղ են բերուել «ՀՀՇ-ական եւ նրան յարող ընդդիմադիր ուժերը», որոնք «իրենց առջեւ խնդիր էին դրել` օգտագործելով խառը կացութիւնը` յետ բերել իշխանութիւնը»: Հակառակը, յատուկ չի յիշատակուել այն փաստը, որ այդ ծանրագոյն օրերին Տէր-Պետրոսեանը իր հրապարակային յայտարարութեամբ աջակցութիւն յայտնեց Ռոբերտ Քոչարեանին:
Խօսելով 1988-ին Ստեփանակերտում ձեւաւորուած «Կռունկ» կոմիտէի մասին (էջ 712), դասագրքում ասւում է, որ նրա «խորհրդի նախագահ ընտրուեց Արկադի Մանուչարեանը, տեղակալ` Վարդան Յակոբեանը»: Ապա ասւում է. «Հէնց առաջին նիստում ստեղծուեց 10 յանձնաժողով, որում ընդգրկուեցին մօտ 50 հոգի: Կոմիտէի քաղաքական գծով յանձնաժողովի կազմի մէջ ընդգրկուեցին Ռոբերտ Քոչարեանը (նախագահ), Սերժ Սարգսեանը եւ ուրիշներ»:
Պարոն Աշոտեանն ասում է, որ դասագրքում ոչ մի բառ չի փոխուելու: Թո՛ղ ասի: Թո՛ղ չփոխեն: Ներկայացնեմ վերեւում մէջբերուած մէկ նախադասութեան մէջ տեղ գտած սխալները: Այո, ճիշդ է, որ «Կռունկ»ի նախագահ է եղել Արկադի Մանուչարովը (ոչ թէ` Մանուչարեանը), բայց ճիշդ չէ, որ նրա տեղակալը Վարդան Յակոբեանն էր: Նրա տեղակալը Ռոբերտ Բաղդասարեանն էր: «Կռունկ»ն ունէր նախագահութեան 9 անդամներ` Արկադի Կարապետեան, Ռոբերտ Քոչարեան, Վարդան Յակոբեան, Ժաննա Գալստեան, Համլետ Գրիգորեան, Ռազմիկ Պետրոսեան, Ռոլես Աղաջանեան, Մաքսիմ Միրզոյեան, Բորիս Առուշանեան: Ինչպէս տեսնում էք, այս ցանկում չկայ Սերժ Սարգսեանի անունը: Եթէ խօսքը մեր իմացած Սերժ Սարգսեանի մասին է, ապա նա այդ ժամանակ դեռեւս ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի մօտ էր աշխատում: Հետեւաբար, եթէ այս դասագիրքը ունենայ նոր հրատարակութիւն, ապա պիտի կատարել սխալների ուղղում, այն է` Վարդան Յակոբեանին չհամարել «Կռունկ»ի փոխնախագահ, իսկ Սերժ Սարգսեանին ընդհանրապէս չյիշատակել այս հատուածում:
Դասագրքում (էջ 711) սխալ է գրուել խորհրդային միջին օղակի մի պաշտօնեայի` Միխայլովի անունը: Գրուած է Միխալկով: Ի՞նչ կ'ասէք, պարոն Աշոտեան, գոնէ այս ազգանունը չարժէ՞ ճշդել, թէ՞ եթէ Մանուչարովին դարձնում ենք Մանուչարեան, ապա Միխայլովին էլ կարելի է Միխալկով դարձնել:
Դասագրքում ասւում է (էջ 729), որ 1989-ի Դեկտեմբերին «թուրքերն աւերեցին Իրանի եւ Թուրքիայի հետ ունեցած պետական սահմանային կառոյցները` դրսից Նախիջեւան առատօրէն զէնք եւ զինամթերք ներկրելու համար»։ Այո, ճիշդ է, որ 1989-ի Դեկտեմբերին մասամբ աւերուել է ԽՍՀՄ պետական սահմանի Նախիջեւան-Իրան հատուածը, բայց դա աւերել են ոչ թէ թուրքերը, այլ ադրբեջանցիները, աւելի ճիշտ` Ժողճակատի անդամները: Հեղինակները ՀԱԷԿ-ի [Հայկական Ատոմա-Էլելկտրական Կայան] փակումը կապում են «Ղարաբաղ» կոմիտէի հետ, ինչը կեղծիք է: Ատոմակայանը փակուեց երկրաշարժից մօտ մէկ ամիս անց` 1989-ի Յունուարին, Խորհրդային Հայաստանի ղեկավարութեան առաջարկով, քանի որ մտավախութիւն կար, որ նոր երկրաշարժի դէպքում կարող է վնասուել նաեւ ՀԱԷԿ-ը` աղէտալի հետեւանքներ թողնելով Արարատեան դաշտավայրի ու ողջ տարածաշրջանի վրայ:
Դասագրքում (էջ 734) ասւում, որ «երկար վիճաբանութիւնների, պատգամաւորների զգալի մասի անհամաձայնութեան եւ հոգեբանական ճնշումների պայմաններում Գերագոյն Խորհրդի նոր նախագահ ընտրուեց ՀՀՇ վարչութեան նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը»: Դասագրքում ՀՀՇ-ն եւ «Ղարաբաղ» կոմիտէն ներկայացւում են բացառապէս բացասական լոյսի ներքոյ: Նրանց դերը Արցախեան շարժման, պատերազմի մէջ զրոյացուել է, փոխարէնը` Հայաստանի գրեթէ բոլոր անյաջողութիւնների մէջ գրեթէ բացառապէս մեղաւոր է հռչակուել ՀՀՇ-ն: Այսպիսով, 1988-1998 թթ. գրանցուած բոլոր անյաջողութիւնները վերագրուել են ՀՀՇ-ին ու Տէր-Պետրոսեանին, իսկ հերոսական էջերը` անհատների: Յատուկ կերպով չի նշուել, որ ՀՀՇ-ի կամ այդ օրուայ իշխանութեան մաս են եղել նաեւ Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը: Սա արդէն մեթոդաբանական ու հակագիտական մօտեցում է: Գրքի հեղինակների ատելութիւնը ՀՀՇ-ի ու Տէր-Պետրոսեանի հանդէպ այնքան ակնյայտ է, որ 1990-ի Օգոստոսի 23-ի Անկախութեան Հռչակագրի հատուածում անգամ չի նշուել, թէ ում ստորագրութիւնն է դրուած պատմական կարեւորագոյն այդ փաստաթղթի տակ:
Կամ, դասագրքում միայն 1996-ի նախագահական ընտրութիւններին է տրուել կոշտ գնահատական. «Դժգոհելով նախագահական ընտրութիւնների արդիւնքների բացայայտ կեղծումից` ժողովուրդը դուրս եկաւ հանրահաւաքների ու ցոյցերի»: Ըստ այս դասագրքի` միայն Տէր-Պետրոսեանն է համարւում ընտրակեղծիքներով ընտրուած նախագահ: Անշուշտ, իրականութեանը մօտ գնահատական է, երբ ասւում է, որ 96-ին Տէր-Պետրոսեանը կեղծիքներով է ընտրուել, սակայն նման գնահատական չկայ ո՛չ Ռոբերտ Քոչարեանի, ո՛չ էլ Սերժ Սարգսեանի նախագահ դառնալու վերաբերեալ: Ոչ մի տող չկայ 2003-ի ընտրութիւններին յաջորդած զանգուածային ցոյցերի, 2004-ի ապրիլեան բռնարարքների մասին այն դէպքում, երբ դասագրքում մի շարք տասներորդական դէպքեր եւ դէմքեր են կարեւորուել:
Շատ հակիրճ անդրադարձ է կատարուել հայ-թուրքական «ֆուտբոլային դիւանագիտութեանը»: Ոչ մի խօսք չկայ Սերժ Սարգսեանի դէմ կազմակերպուած բողոքի ցոյցերի մասին Հայաստանում եւ Սփիւռքում:
Կան նաեւ բազմաթիւ վիճելի, խիստ կասկածելի պնդումներ, մեթոդաբանական սխալներ, որոնց սակայն անկարելի է անդրադառնալ լրագրային կարճ յօդուածում: Սխալներն ընդունելը ամօթ բան չէ: Ամօթալին հրապարակաւ յայտարարելն է, թէ ոչ մի բառ չի փոխուի:

«Սիվիլնեթ», Դեկտեմբեր 16, 2012

No comments:

Post a Comment