12.8.12

«Հարսնաքար»ի գազանութեանը նախորդել էին Նեմեցի գազանութիւնները

ԱՐԹՈՒՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Հարսնաքար» (այսուհետ` «Յանցաքար») ռեստորանային համալիրում բուժծառայութեան մայոր Վահէ Աւետեանին եւ նրա ընկերներին դաժանօրէն ծեծած, Վահէին նոյնիսկ մահուան դուռը հասցրած գազանները Հ[այաստանի] Հ[անրապետութեան] Ա[զգային] Ժ[ողովի] պատգամաւոր, Հ[այաստանի] Հ[անրապետական] Կ[ուսակցութեան] խորհրդի անդամ եւ Հ[այաստանի] Ֆ[ուտբոլի] Ֆ[եդերացիայի] նախագահ Ռուբէն Հայրապետեանի (Նեմեց Ռուբօ) հարազատ հոգեզաւակներն են կամ նեմեցիկներ: Ռուբէն Հայրապետեանը մէկ անգամ չի ապացուցել, որ անձամբ ինքը բռնութեան «մշակոյթի» կրողն է, ինքնադատաստանի կողմնակիցն ու իրականացնողը. «Չգիտէ՞ք` ես ինչ պիտի անեմ` պիտի պատժեմ, ծեծեմ, որ ասեն` ջութակ է նուագել, ա՛յ, էդ ժամանակ զարմացեք»,- 2011 թ. Սեպտեմբերի 23-ին հրաւիրուած մամուլի ասուլիսում թմրամոլների վերաբերեալ ասել է Ռուբէն Հայրապետեանը:
Նոյն ասուլիսում նա ասել է նաեւ. «Հիմա ես անկախ մարդ չեմ: Ա՛յ, երբ ես պատգամաւոր չեմ լինի, կը խնդրեմ նաեւ կուսակցութիւնից դուրս գալ ժամանակաւոր, որ իմ արարքներն իմ կուսակցութեանն ու իմ գործընկերներին չվարկաբեկեն, այդ ժամանակ կը տեսնենք հլը` ո՞վ է իմ դէմ բաներ անում»: Facebook-ում իր հասցէին վիրաւորանքներ գրողներին էլ հրապարակայնօրէն սպառնացել է. «Մի հատ նայէք` ինչեր են անում, ի՞նչ վիրաւորանք ասես` գրուած է: Հիմա որ ես գտնեմ էդ մարդուն, իսկ ես հաստատ գտնելու եմ, էլի ասելու են` Հայրապետեան Ռուբէնը նորից պատժել է, իսկ ես պատժելու եմ» («Ազգ», 24.09.2011 թ.):
Եթէ իշխող կուսակցութեան վերնախաւում գտնուող պատգամաւոր օլիգարխն այդ գազաններին ուղղակիօրէն թէ անուղղակիօրէն վստահութիւն տուած չլինէր, որ ինքը նրանց համար ցանկացած դէպքում յուսալի «կռիշ» է, նրանք այդ աստիճան կը հաբռգէի՞ն… Ռ. Հայրապետեանը եթէ նոյնիսկ անձամբ չի խրախուսել «Յանցաքար»ի ստահակներին, ուղղակիօրէն չի հրահանգել կամ թոյլատրել նրանց` բռնութիւն կիրառել զինուորական բժշկի, նրա ընկերների եւ, ընդհանրապէս, ռեստորան այցելած իւրաքանչիւրի նկատմամբ, ով իրենց աւելորդ հարց կը տայ, կը բարկացնի կամ ծուռ կը նայի, ապա իր վերը մէջբերուած եւ այլ խօսքերով, նոյնիսկ լրագրողին ուղղուած փողոցայինի հայհոյանքներով, վարքով, միեւնոյն է, տուել է այդ թոյլտուութիւնը, հետեւաբար բարոյական ու քաղաքական առումով պատասխանատու է:
Աւելին. «Ազգային Միաբանութիւն» կուսակցութեան առաջնորդ եւ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամաւոր դարձած Արտաշէս Գեղամեանի կողմից օրերս ցինիկաբար «շատ բարձր տղայ» որակուած Ռուբէն Հայրապետեանը եթէ նոյնիսկ ոչ այս, ապա մէկ այլ միջադէպի կապակցութեամբ պատասխանատու է նաեւ իրաւական առումով: Այդ առումով պատասխանատու են նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների եւ վերջինիս վերադաս դատախազութիւնները, այդ դատախազութիւնների համապատասխան պաշտօնեաները, որոնք 2002 թ. Ռուբէն Հայրապետեանի կատարած բռնութեանն ու դրա վերաբերեալ մամուլում հրապարակուած հաղորդմանը համապատասխան ընթացք չտուեցին, ամենայն հաւանականութեամբ, Հայաստանը մինչեւ ողնուծուծն ախտահարած քաղաքական կոռուպցիայի պատճառով: Բոլոր դէպքերում, թող ոմանց չթուայ, թէ յանցագործութիւնը վաղեմութեան ժամկէտ ունի: Իսկ տեղի էր ունեցել հետեւեալը…
«Օր» թերթի 28.05.2002 թ. համարում հրապարակուած «Պատգամաւորներ ծեծողը. հերթական "բեսպրեդելը" ըստ Նեմեց Ռուբոյի» եւ 30.05.2002 թ. համարում հրապարակուած «Կը կանչուի՞ պատասխանատուութեան Նեմեց Ռուբոն» յօդուածների համաձայն` Աւանի նախկին թաղապետ, «Գրանդ տոբակօ» ձեռնարկութեան բաժնետէր Ռուբէն Հայրապետեանը մի խումբ անձանց հետ 2002 թ. Մայիսի 27-ին մտել էր այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, գործարար Մարտին Յովհաննիսեանի գրասենեակ (Մաշտոցի պողոտայի հարեւանութեամբ) եւ դաժանօրէն ծեծել նրան: Մարտին Յովհաննիսեանին, որն, ի դէպ, «Կրեդիտ Երեւան» բանկի նախկին նախագահն էր, վնասուածքներով տեղափոխել էին Պռօշեան փողոցի հարեւանութեամբ գտնուող շտապօգնութեան (3-րդ կլինիկական) հիւանդանոց: Այստեղ նրան առաջին բուժօգնութիւն էր ցուցաբերուել, վնասուածքաբանից բացի, զննել էր նաեւ նեարդավիրաբոյժը (կամ ուղեղի թոյլ ցնցում էր ստացել, կամ դրա կասկածն էր եղել):
Ի վերջոյ, Մ. Յովհաննիսեանին նշուած հիւանդանոցից ուղարկել էին Աջափնեակում գտնուող հանրապետական հիւանդանոց, «Ախտորոշում» կենտրոն` ուլտրաձայնով հետազօտուելու: Շտապօգնութեան հիւանդանոցի տեղեկացմամբ, տուժածը մինչ այդ դատաբժշկի չէր դիմել: Կատարուած յանցագործութեանը կարճ ժամանակ անց տեղեակ են եղել դատախազութեան քննիչները եւ այն ժամանակ Ն[երքին] Գ[ործերի] աշխատակիցները: Մարտին Յովհաննիսեանը յօդուածագրին տեղեկացրել էր, թէ ինչպէս է դա տեղի ունեցել.
«Դէ, որովհետեւ էս երկրում Նեմեց Ռուբոյի նման մարդիկ հաբռգում են, իրենց թւում է, թէ իրենց ամէն ինչ կարող է թոյլատրուել, եւ նոյնիսկ հաշուի չառնելով, թէ դիմացինն ով է, կարող են 10 հոգով թափուել անմեղ մարդու վրա…»:
Ինչ-ինչ, բայց Մ. Յովհաննիսեանն այս հարցում սխալւում էր, այսինքն` Ռուբէն Հայրապետեանին եւ նրա նմաններին չէր թւում, թէ իրենց ամէն ինչ կարող է թոյլատրուել: Իրականում հէնց թոյլատրուած էլ էր ու թոյլատրուած է Հայաստանն առ այսօր տիրող քրէա-օլիգարխիկ համակարգի կողմից, որի առանցքային ներկայացուցիչներից մէկն էլ ինքն է: Ո՞վ կամ պետական ո՞ր ինստիտուտը պէտք է Ռուբէն Հայրապետեանին թոյլատրէր կամ չթոյլատրէր: ՆԳ համակարգի կամ ոստիկանութեան կոռումպացուած աշխատակիցնե՞րը, նրանցից չտարբերուող դատախազութեան քննիչնե՞րը, մեր «օրինապաշտ», «անկախ», «արդար» դատարաննե՞րը, ի վերջոյ, պետութի՞ւնը, որը Ռ. Հայրապետեանը, նրանից մեծ ու նրանից փոքր նեմեցները կարողացել են իրենց շահերին ծառայեցուող գործիք դարձնել:
Պատասխանելով լրագրողի հարցին, թէ ի՞նչն էր յարձակման պատճառը, պատգամաւորն ասել է.
«Բացատրելու բան չունեմ, ով որ ճանաչում է Նեմեց Ռուբոյին, գիտի… Պետութիւնը պիտի թոյլ չտայ, որ այդպիսի «իդիոտները» իրենց ամէն ինչ թոյլ տան»:
Ի պատասխան լրագրողի միւս հարցի` կատարուածը յանկարծակի՞ է եղել, թէ՞ Մ. Յովհաննիսեանը սպասել է, վերջինս հետեւեալ պատասխանն է տուել.
«Ինքը գալիս էր ինձ մօտ, ինչ-որ հարց կար քննարկելու: Միանգամից մտան, առանց մի բան ասելու, տասը հոգով լցուեցին վրէս: Ուրիշ հարց կայ, ֆինանսական, բիզնեսի հետ կապուած…»
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազութիւնում 2002 թ. Մայիսի 29-ին փաստի առթիւ յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 109-րդ յօդուածի 1-ին մասի յատկանիշներով (դիտաւորութեամբ մարմնական վնասուածք պատճառել): Թէ ինչ է տեղի ունեցել դրանից յետոյ, կարող ենք արդէն ենթադրել. կամ որոշ ժամանակ անց քրէական գործը կարճուել է յանցակազմի բացակայութեան սարքուած պատճառաբանութեամբ, կամ Ռ. Հայրապետեանի թիկնազօրի թէ հրոսակախմբի անդամներից մէկ-երկուսն ամբողջութեամբ իրենց վրայ են վերցրել կատարուած յանցանքը: Մարտին Յովհաննիսեանին էլ համոզել կամ ահաբեկել են, որ լռի կամ էլ ցուցմունք տայ, թէ Ռուբէն Հայրապետեանն իրեն չի հարուածել` անտեսելով, սակայն, որ պատգամաւորը թերթին ճշմարտութիւնն արդէն պատմել է, վերջինս էլ այդ յանցագործութեան մասին հրապարակային հաղորդմամբ հանդէս եկել: Այսպիսով Ռ. Հայրապետեանն ու միւսները խոյս են տուել քրէական պատասխանատուութիւնից: Յամենայն դէպս, անժխտելի է, որ Նեմեցն այս անգամ էլ կարողացաւ, ինչպէս ասում են, ջրից չոր դուրս գալ, կարճ ժամանակ անց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ դարձաւ նոյնիսկ, իսկ Մ. Յովհաննիսեանը թերեւս լաւ հասկանալով, թէ ինչ ճակատագիր է իրեն սպասւում Հայաստանում, հեռացաւ երկրից, եւ առ այսօր հանրութիւնը նոյնիսկ տեղեակ էլ չէ, թէ որտեղ է գտնւում ԱԺ նախկին պատգամաւորը:
Եթէ ՀՀ գլխաւոր դատախազութիւնն ու յատուկ քննչական ծառայութիւնն ուզում են նորմալ երկիր ունենանք, Վահէ Աւետեանի նման նորանոր զոհեր չլինեն, թող ծառայողական քննութիւն սկսեն, արխիւից հանեն վերոնշեալ քրէական գործը ու պարզեն, թէ Ռ. Հայրապետեանն ինչու քրէական պատասխանատուութեան չի կանչուել: Եթէ Սերժ Սարգսեանը ցանկանում է, որ անյուսութեան դատապարտուած բազմահազար մարդիկ` շարքային քաղաքացիներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ եւ այլք, չհեռանան Հայաստանից, առաջին իսկ հնարաւորութեան դէպքում չլքեն երկիրը, եւ ինքն իր իշխանական թիմով աւերակների վրայ չթագաւորի, թող վերոնշեալ իրաւապահ մարմիններին հրահանգի սկսել եւ օբյեկտիւօրէն իրականացնել այդ ծառայողական քննութիւնը, քանզի դատելով ամէնից, նրանք առանց նախագահի «դաբրոյի», ինքնակամ, սոսկ այս հրապարակումից դրդուած, դժուար թէ դա անեն:
Նոյն յօդուածներից առաջինում նշուած է նաեւ, որ ըստ տարածուած տեղեկատուութեան, Ռուբեն Հայրապետեանը ՀՀ ազգային անվտանգութեան նախարար Կառլոս Պետրոսեանի մերձաւորներից մէկի յուղարկաւորութեան կապակցութեամբ գտնուելով Սեւանայ լճի մօտ, ոչ մեկուսի մի վայրում ծեծել է այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամաւոր, իսկ յօդուածի հրապարակման պահին բնապահպանութեան նախարար Վարդան Այվազեանին: Պատգամաւոր ծեծելու թերեւս առաջին փորձը յաջողուել էր, ու քանի որ այն ժամանակ թոյլ տուած բռնութեան համար պատասխանատուութեան չենթարկուեց` չնայած կատարուածի վերաբերեալ մամուլի հրապարակումներին, իրեն չի զսպել ու ձեռք է բարձրացրել մէկ այլ անձնաւորութեան` Մարտին Յովհաննիսեանի վրայ, որը դարձեալ ԱԺ պատգամաւոր է:
Ինչպէս վերոնշեալ յօդուածներից երկրորդում է նշուած, «ըստ մամուլի հրապարակման, 1999 թ. ԱԺ պատգամաւորների ընտրութիւնների ժամանակ, այդ «մարաթոնում» Ռ. Հայրապետեանի մի խումբ «թիմակիցներ» բախուել կամ ֆիզիկական բռնութիւն են գործադրել նոյն ընտրատարածքում առաջադրուած պատգամաւորութեան թեկնածու, այժմ ԱԺ պատգամաւոր Գագիկ Կոստանդեանի համախոհների, մտերիմների նկատմամբ: Եթէ չենք սխալւում, այն ժամանակ ներկայիս պատգամաւորի տղան մօտ մէկ օր անհետացած էր. ըստ շրջանառուող լուրերի, պատանդ էին վերցրել: Մի խօսքով, առկայ է արդէն քրէական ոլորտին առնչուող երեք միջադէպ»:
Ընդգծենք, որ ոչ Ռուբեն Հայրապետեանի, նրա թիմակիցների եւ ներկայացուցիչների, ոչ Վարդան Այվազեանի, ոչ Գագիկ Կոնստանդեանի, ոչ իրաւապահ մարմինների կողմից վերոնշեալ հրապարակումների կապակցութեամբ որեւէ հերքում չի եղել, բոլորը լռել են:
Առնուազն ամօթ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը նաեւ Ռուբէն Հայրապետեանի ու նրա նմանների վրայ է յենուել ու յենւում… նոյնիսկ հանրայայտ ողբերգութիւնից յետոյ (Ռ. Հայրապետեանը շարունակում է հանդիսանալ ՀՀԿ խորհրդի անդամ): Մի՞թէ այս իրողութիւնը նոյնպէս` չպէտք է դիտել հէնց նոյն քաղաքական կոռուպցիայի, դրա բաղկացուցիչը հանդիսացող հովանաւորչութեան, փոխադարձ շահերով միմեանց կապուած լինելու (ես քեզ հիմա կը պահեմ, դու էլ ընտրութիւններին ինձ կ'օգնես) շրջանակում: Այս նոյն Ռուբէն Հայրապետեանին էր իր խամրած հեղինակութեամբ վերջերս փորձում պաշտպանել Արտաշէս Գեղամեանը` յայտարարելով «…ես իմ համերաշխութիւնն եմ յայտնում Ռուբէն Հայրապետեանին», թէ՞ չգիտէր ԱԺ իր գործընկերոջ ու նրա հաստավիզների «քաջագործութիւնների» մասին:
Հայաստանում ձեւաւորուած իշխանական համակարգին վերջերս տրուած դիպուկ բնորոշման համաձայն` «…այն առաջնորդւում է ժողովրդավարական պետականութեան արդի ընկալումների եւ օրինականութեան հետ անհամատեղելի, յանցաւոր կամայականութեան եւ անպատիժ ինքնադատաստանի սկզբունքների վրայ հիմնուած բռնութեան` քրէական մշակոյթի արժեհամակարգով»:
Դէ, պարոնայք իրաւապահները թող ոչ թէ սնամէջ յայտարարութիւններով հանդէս գան, թէ պայքարում է երեւոյթների, եւ ոչ թէ անձանց դէմ, եւ թէ ինչ անձինք են կանգնած այդ երեւոյթների հետեւում, իրենց համար որեւէ նշանակութիւն չունի, այլ իրենց գործով ապացուցեն, որ Յուլիսի 1-ին ՀՀ նախագահի նստավայրի եւ գլխաւոր դատախազութեան շէնքերի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից Հ[այ] Ա[զգային] Կ[ոնգրէսի] խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրաբեանի ասածը` «Ռուբէն Հայրապետեանն անպատիժ է մնում, որովհետեւ նա ծառայում է Սերժ Սարգսեանի շահերին», սուտ է:
«Յանցագործութիւնների բացայայտման, դրանց քննութեան ընթացքում պէտք է բացառուեն այնպիսի երեւոյթներն ու գործելակերպը, որոնք ստուերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրաւունքները, ազատութիւնները, պատիւն ու արժանապատուութիւնը յարգելու, օրէնքի առջեւ բոլորի հաւասարութեան, պատասխանատուութեան անխուսափելիութեան համաիրաւական սկզբունքների պատշաճ իրականացումը:
Ուզում եմ, որպէսզի բոլորդ մէկ անգամ եւս լսէք հէնց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյութիւն չունի: Եւ բոլոր այն հեքիաթները, որ այս մէկը այն մէկին է պաշտպանում, որ այս մէկին չի կարելի մօտենալ, որ այն մէկն անձեռնմխելի է, իրօք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թոյլ ոստիկանները, որպէսզի արդարացնեն իրենց անգործութիւնը: Չկան այդպիսի մարդիկ: Ով յանցագործութիւն է կատարում` պէտք է պատժուի: Սա՛ է մեր մօտեցումը», վերջերս ՀՀ ոստիկանութեան կոլեգիայի նիստում յայտարարել է ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ:
Նախագահը շատ ճիշտ է ասել`«ով յանցագործութիւն է կատարում` պէտք է պատժուի», բայց հիմա, թէկուզ այս օրինակով կ'երեւայ` նախագահի ասած «այդպիսի մարդիկ» չկա՞ն, թէ կան, եւ «բոլոր այն հեքիաթները» իրականում հեքիաթնե՞ր են արդեօք, թէ դառը եւ խայտառակ իրողութիւններ:

«Լրագիր», 6 Օգոստոս 2012

No comments:

Post a Comment