30.3.12

«Ուվալնեատի օրն» ու արդիականացումը

ԼԵՒՈՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Արձակագիր Յովհաննէս Իշխանեանի «Ուվալնեատի օրը» գրքի հետ կապուած մեծ աղմուկ է բարձրացել «Ֆէյսբուք» սոցիալական ցանցում: Գիրքը բանակային կեանքի մասին է, գրուած դասական լեզուի սահմաններից դուրս, առօրէական լեզուով: Գրքի հեղինակին օրերս հրաւիրել են ոստիկանութիւն պարզաբանումների համար: Փորձ է արւում նրան մեղադրել գրքում պոռնկագրութեան համար: Հեղինակն ու նրա ընկերները փաստում են, որ սա ընդամէնը վրէժ է, որ փորձում են լուծել ուժային կառոյցները, յատկապէս ԶՈՒ–ն [Զինուած Ուժեր]: Բանակային փակ թեմաների մասին բաց ու գրականութեան լեզուով պատմուածքները հէնց հանդիսանում են այդ վրէժի հիմքը:
Իրենց նախորդ մեկնաբանութիւններում, կապուած գրքի հետ, ռազմական ոստիկանութեան աշխատակիցները շեշտում էին նաեւ բանակի վարկաբեկման, հայ մայրերին ու կանանց վիրաւորելու մասին: Նախ ի հարկէ բանակի վարկաբեկման խնդրից, կարծում եմ, գոնէ այժմ բանակի ադմինիստրացիան խօսելու բաւարար կոմպետենտութիւն չունի: Միգուցէ բանակում, ըստ ՊՆ [Պաշտպանութեան նախարարութիւն] հաւաստիացումների, մահուան դէպքերը տարէցտարի նուազում են, բայց բանակի հանդէպ սոցիալական դժգոհութիւնը տարէցտարի աճում է: Աւելին, գաղտնիք չէ բանակի հանդէպ սոցիալական այն անվստահութիւնը, որ կայ հասարակութեան լայն շրջանակներում, ու խիստ կասկածելի է, որ այդ շրջանակները բանակի հանդէպ կասկածով ու անվստահութեամբ լցւում են Յովհաննէս Իշխանեանի ընդամէնը երեք հարիւր տպաքանակով տպուած գիրքը կարդալով: Ուստի նախ եւ առաջ շատ կասկածելի է այն, արդեօք այսօր ուժային ադմինիստրացիան կարող է իրեն բանակի վարկաբեկման մասին խօսելու բարոյական իրաւունք վերապահել:
Միւս կողմից, սա ուժային փակ համակարգերին բնորոշ մի բան է դարձել Հայաստանում: Դժուար չէ յիշել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսեանի` էմոների ձերբակալութեան հետ կապուած մեկնաբանութիւնը, իբր էմոներին ձերբակալում են ազգանուէր նկրտումներից ելնելով: Յետագայում արդէն ոստիկանութեան վետերանների կազմակերպութեան երիտասարդները էմոների դէմ ակցիաներ արեցին, հասարակական մի մեծ խմբի ակնյայտօրէն ուղղորդելով էմոների դէմ, հիմնաւորելով, որ էմոները խաթարում են ազգային միասնութիւնը: Երբ, ասենք եկեղեցին է սկսում նման ակցիաներ անել, հասկանալի ու բացատրելի է դառնում. եկեղեցին հոգեւոր կառոյց է, ու ինքնին նաեւ կոլեկտիւ բարոյականութեան սեփական, ոչ աշխարհիկ մեկնութիւններն ունի: Բայց, երբ ուժային կառոյցները, նախ ոստիկանութիւնն, այսօր էլ արդէն ՌՈ-ն [Ռազմական Ոստիկանութիւնը] սկսում են գրական ցենզուրայով զբաղուել, ուրեմն ակնյայտ ճգնաժամ կայ հէնց նոյն ուժային կառոյցներում:
Վերջին մի քանի ամիսներին ուժային կառոյցները գտնւում էին նախագահի ուշադրութեան ներքոյ: Աւելին, Վովա Գասպարեանի ու Սէյրան Օհանեանի նշանակումները կարծես նախագահի արդիականացման շարքի մի մաս էին ներկայացւում, քայլեր, որոնք միտուած են ուժային կառոյցներում փոփոխութիւններ կատարելու: Մի դէպքում խօսւում էր ոստիկանի նոր կերպարի, համազգեստի եւ այլնի, մէկ այլ դէպքում պրոֆեսիոնալ, ժամանակակից բանակ ունենալու մասին: Բայց, ինչպէս երեւում է, իշխանութիւնը դեռեւս արդիականացման միայն քաղաքական ու տնտեսական ոլորտներն է պատկերացնում ու ըստ երեւոյթին հէնց իր, այսպէս ասած պարզ վերարտադրման նպատակներով: Արդիականացման մշակութային կողմը դեռեւս կարծես անհասկանալի է իշխանութեան համար: Այդ է վկայում նախագահի ակնյայտ հովանաւորութիւնը վայելող ուժային կառոյցների գրաքննադատական ու բարոյախրատական գործունէութիւնը: Բանակը փորձում են սակրացնել եկեղեցու ու Աւարայրի հերոսների հետ անուղղակի կապի միջոցով, հիմա էլ գրական գեղարուեստական ներթափանցումների դէմ են պայքարում:
Ի հարկէ, պարզ ու ակնյայտ է, որ Հայաստանում այսօր գոյութիւն ունեցող պաշտօնական մշակոյթը, որը ագրեսիւ է նորոյթների ու օրինաչափութիւններից շեղումների հանդէպ, գործող իշխանութեան լեգիտիմանալու հիմքերից է: Ու այս պարագայում պարզ է նաեւ, որ հէնց այդ հիմքով է իշխանութիւնը հալածում «Ուվալնեատի օրը» գիրքը: Անուղղակի վստահութիւն, ամէն դէպքում կայ, որ, օրինակ տեղն եկած պահին հասարակութեան «ադաթապաշտ» մասսաները կը պաշտպանեն պաշտօնական դիրքորոշումը «հակազգային» գրքի հանդէպ:
Ուրեմն, եթէ Սերժ Սարգսեանը կամ մէկ այլ ոք խօսում է Հայաստանում արդիականացման կամ նման որեւէ բանի մասին, ուրեմն պէտք է նկատի ունենայ նաեւ այդ ամէնի մշակութային կողմը: Առայժմ տեսնում ենք, որ այդ կողմը դեռեւս նկատի չի առնուել, քանի որ գիրքը յայտնուել է ՌՈ ուշադրութեան կենտրոնում: Գրական շրջանակներում ակտիւ քննարկւում է այս հարցը, ստորագրութիւններ են հաւաքւում ի պաշտպանութիւն հեղինակի ու ընդդէմ ոստիկանական գրաքննութեան: Աւելին, հեռանկար կայ, որ շուտով այս հարցը կը քննարկուի աւելի լայն սոցիալական պլատֆորմի` Մաշտոցի այգու մակարդակով: Ու եթէ նոյնիսկ այս հարցն անձամբ նախագահին կամ այլ բարձրաստիճան պաշտօնեաների չհասնի, ամէն դէպքում սա նրանց համար մտածելու տեղիք պէտք է տա:
Ի հարկէ, Յովհաննէս Իշխանեանի գրքի պատմութիւնը հնարաւոր է նաեւ «թեթեւ» վերջաբան ունենա: Բայց այստեղ արդէն կոնկրէտ հեղինակի ու գրքի հարցը դուրս է գալիս, ընդ որում, երկու կողմի համար էլ` թէ իշխանութեան, թէ Յովհաննէսին աջակցողների: Մի կողմից «ազգային բարոյականութիւնն» է սակրալացուած ուժային կառոյցներով, փակ կոլեկտիւիստական բարոյականութեամբ, միւս կողմից ակտիւ հասարակական շրջանակները, որոնց համար հիմնականն ազատ ինքնարտայայտումն է: Ու այս հարցի հանդէպ վերաբերմունքներից էլ պարզ կը դառնայ, թէ որ քաղաքական ուժն է իրականում արդիականացման պատրաստ:
Սերժ Սարգսեանը (քանի որ վերջինս է ամենաշատը սիրում խօսել արդիականացումից) իր տեքստերի տրամաբանութեան շրջանակում պէտք է որ մտորի կոլեկտիւ բարոյականութեան ստերէոտիպերը պետական կառավարման համակարգում արագ յաղթահարելու մասին, քանի դեռ այդ ստերէոտիպերը չեն խժռել այդ համակարգերը ներսից: Դրանք ժամանակավրէպ համակարգեր են, յետսովետական տրամաբանութեան շարքում, որոնց նման գոյութիւնը առաջին հերթին հէնց նախագահի պատասխանատուութեան տակ են ու վնասում են հէնց իր հեղինակութեանը: Յատկապէս հաշուի առնելով, որ իր ելոյթներում նա փորձում է յաւակնութիւններ յայտնել հասարակութեան ակտիւ, ինքնորոշուած խմբերին իր էլեկտորատի մէջ ներգրաւելու, նրան կամ նրա թիմին պէտք է որ յուզեն նմանատիպ խնդիրները: Այլապէս ուժային կառոյցների գործունէութեան անհերքելի թերութիւնները ամէն անգամ ջրի երես հանելով կարելի կը լինի կասկածի տակ առնել արդիականացման մասին ցանկացած միտք:

«Լրագիր», Մարտ 23, 2012

No comments:

Post a Comment