28.3.12

Փոխկապակցուած ագռաւականչ

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Առաւօտեան զարթնում ես ու փոխանակ լսես թռչունների դայլայլը, լսում ես ագռաւների կռկռոցը: Երեկոյեան զբօսնում ես քաղաքում, փոխանակ հիանաս աստղազարդ երկնքով, տեսնում ես ագռաւների հզօր կոյտերը, յատկապէս փոքր կենտրոնի ծառերի վրայ: Ի՞նչ էՙ, Երեւանը դարձել է ագռաւների հայրենի՞ք:
Հայաստանում կան ագռաւների երկու տեսակ` սեւ եւ մոխրագոյն: Քննարկենք մոխրագոյնի ապրելակեպը, քանի որ Երեւանն ուղղակի փթթում է այս տեսակի թռչուններով:
Մոխրագոյն ագռաւները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբօսայգիներում, շէնքերի տանիքներում: Աղմկարար վարքով (յատկապէս ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում: Որպէս ամենակեր (յատկապէս մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափօններով սնուողներ)ՙ, շրջակայ միջավայրի աղտոտուածութեան ցուցիչ են: Մեծ վնաս կարող են պատճառել մանր (յատկապէս ջրլող) թռչունների ձագերին ու ձուերին:
Սրանից հետեւութիւն` որքան աղտոտուած է քաղաքը, որքան աղբը շատ է, այնքան շատ են նաեւ ագռաւները: Առաջանում է եւս մէկ խնդիր` քաղաքից իսպառ վերանում են երգեցիկ թռչունները` սոխակները: Պատճառը կրկին նոյնն է` աղտոտուած, քիչ զբօսայգիներով քաղաք: Սակայն կարելի է հակադարձել: Ինչպէ՞ս թէ քիչ զբօսայգիներ:
Ըստ պաշտօնական տուեալներիՙ 2007 թուականի գոյքագրմամբ Երեւան քաղաքի կանաչ մակերեսը 6738.5 հա է, որից ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը 832.3 հա է: Ընդ որում Երեւան քաղաքում կան բազմաթիւ զբօսայգիներ, որոնք, անկախ իրենց բարեկարգուած եւ չբարեկարգուած դրութիւնից, անցնում են 14-ը: Օրինակՙ Կոմիտասի անուան զբօսայգի եւ պանթէոն, Թումանեանի անուան այգի, Վահան Զատիկեանի անուան այգի, Դաւիթ Անյաղթի անուան զբօսայգի, Անգլիական այգի, Շահումեանի անուան պուրակ, Մանկական այգի, «Յաղթանակ» զբօսայգի, Սիրահարների այգի, Բուսաբանական այգի, Կենդանաբանական այգի, Մանկական երկաթուղի, Ընտանիքի այգի, Նանսենի անուան այգի եւ այլն: Հարց է առաջանում: Եթէ Երեւանում կան այսքան այգիներ, թուացեալ կանաչ տարածքներ, ապա ինչո՞ւ է օդն այսքան աղտոտուած, ագռաւներնՙ այսքան շատ: Ու այս հարցից յետոյ էլ դեռ կայ խնդիր, որ որոշ այգիների տեղում իրականացւում էին եւ ցանկանում են իրականացնել շինարարութիւն: Յիշենք Վիշապների այգին, որը փրկուեց ակտիւիստական խմբերի պայքարի շնորհիւ: Այժմ արդէն Մաշտոցի այգին, որը ցանկանում են բուտիկաւորել: Ի՞նչ են մտածում այս ամէնի մասին բնապահպանութեան նախարարութիւնը եւ Երեւանի քաղաքապետարանը:
Կազմուել է 2012 թուականի Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսուած կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ` մայրաքաղաքի զբօսայգիներում, պուրակներում եւ միւս կանաչ տարածքներում նախատեսուած են բարեկարգման եւ կանաչապատման լայնածաւալ աշխատանքներ: Տարբեր լրատուական աղբիւրներում նշուած է, որ այս տարի 3 անգամ կ'աւելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Միգուցէ իրականում Երեւանն ունի էկոլոգիական ոստիկանութեան կարիք, որ հետեւի քաղաքապետարանի եւ Բնապահպանութեան նախարարութեան .խոստումներին եւ այգիների մաքրութեանը։

«Ազգ», Մարտ 14, 2012

No comments:

Post a Comment