ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Նորութիւն
չէ, որ մեր որոշ հայրենակիցներ, նկատի ունենալով հայերի սփռուածութիւնը,
սիրում են անլուրջ, կիսալուրջ կամ միանգամայն լրջօրէն լեգենդներ ստեղծել
այս կամ այն նշանաւոր անձնաւորութեան իբրեւ թէ հայկական ծագման մասին:
Վաղուց ի վեր ազգային պարապ վախտի խաղալիքներից մէկը դարձած այս
հայացումները տեղեկատուական մերօրեայ մատչելիութեան մէջ նոր թափ են ստացել՝
մուտք գործելով նորանոր գրքեր, Համացանցի ամենատարբեր կայքէջեր, նաեւ
հեռուստահաղորդումներ, նաեւ կինօ...
ԹԱՋ ՄԱՀԱԼՈՒՄ ԹԱՂՈՒԱԾՆԵՐԸ
«Արմենիան
ստանդարտ» ընկերութիւնը 2015-ին նկարահանեց «Թաջ Մահալ. հայուհին եւ
Հնդկաստանի խորհրդանիշը» վաւերագրական ֆիլմը: Այստեղ, ցաւօք, կրկին
շրջանառւում է այն սխալ տեղեկութիւնը, որ Հնդկաստանի թագուհի Մումթազ
Մահալը, որի պատուին կառուցված է Թաջ Մահալը, եղել է հայուհի...
Ո՞րն
է եղել մեր ազգային ինքնասիրութիւնը շոյող, սակայն թիւրիմացութեան
արդիւնք այդ վկայութեան աղբիւրը: Աշոտ Աբրահամեանի «Համառօտ ուրուագիծ հայ
գաղթավայրերի պատմութեան» աշխատության առաջին հատորում (Երեւան, 1964, էջ 447)
Հնդկաստանի հայերի մասին գլխում յիշուած է Մոնղոլական կայսրութեան տիրակալ
Ջելալ ադ դին Աքբարի կանանցից Մարիամ Զամանի Բեգումը, որի աճիւնն ամփոփուած
է Թաջ Մահալ տաճարում: Եվ ահա այս իրողությունն է շատերին շփոթութեան մէջ
գցել՝ կարծելու, թէ իբր հայազգի է եղել թագուհի Մումթազ Մահալը՝ Թաջ Մահալի
«գլխավոր հերոսուհի»ն:
Եվ սխալը Համացանցի մեր
դարում դժբախտաբար շարունակելու է իր յաղթարշաւը, քանի որ «Թաջ Մահալ.
հայուհին եւ Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը կայ youtube-ում, մինչդեռ այս յօդուածը քանի՞ հոգի կը կարդայ...
ԷՍ ՄԻ ԽՈԽԷՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ ՉԷՐ
Ահա
արդէն մէկ դարից աւելի է, ինչ մեր ժողովուրդը վստահ պնդում է, որ
Նապոլէոնի փեսայ եւ Նէապոլի թագաւոր մարշալ Ժոաշէն Միւրատը եղել է հայ, այն
էլ՝ ղարաբաղցի: Ախր 1899-ին հրատարակված Մագդա Նէյմանի «Հայերը» գրքում
(որը երկու անգամ վերահրատարակուեց 1990-ականներին) այնքան մանրամասն է
գրուել արցախցի պատանի Յովակիմ Մուրադեանի կեանքի ոդիսականը... Սրան
աւելացել են արդէն ժողովրդի կողմից լեգենդի ճոխացումներ, որ իբր Միւրատը
եղել է Կրկժան գիւղից, որ իբր հանդիպելով Նապոլէոնի մօտ ծառայութեան անցած
հայազգի մամլուքներ Ռուստամին եւ Պետրոսին՝ Մյուրատը Արցախի բարբառով
նրանց հարցրել է. «Ա խոխէք, տիւք ղարաբաղցի է՞ք»... Ցաւելով ցաւում եմ, որ
19-ամեայ հասակում, դեռեւս չունենալով քննադատական մօտեցում
սկզբնաղբիւրների հանդէպ, Նէյմանի գրքի այդ հատուածը հայերէն թարգմանութեամբ
հրատարակել եմ «Գարուն» ամսագրում, այնուհետեւ Միւրատին ընդգրկել իմ
կազմած նշանաւոր հայազգիների կենսագրական բառարանումՙ նպաստելով լեգենդի
առաւել տարածմանը եւ յայտնուելով Ադրբեջանի կազմած պատմութիւնը կեղծողների
ցուցակում (ի դէպ, Աճառեանի, Լէոյի եւ այլ մեծերի կողքին): Սակայն
հետագայում, ծանօթանալով պատմաբան Վարուժան Պօղոսեանի՝ Միւրատի
«հայութիւն»ը հիմնաւորապէս հերքող յօդուածներին, որքան էլ հակառակն ենք
գրել (մասնաւորապէս՝ 2003-ին հրատարակուած մեր «Նապոլէոնը եւ հայերը»
գրքում), միեւնոյն է, իներցիայի ուժը զօրեղ է: Վկա՜յ Վիկիպեդիայում
«ղարաբաղցի» Միւրատի մասին ընդարձակ յօդուածը, վկա՜յ Միւրատի նկարը Արցախի
պետական պատմաերկրագիտական թանգարանի ցուցադրութեան մէջ (թէեւ թանգարանի
տնօրէն Մելանիա Բալայեանը մեզ հետ զրոյցում ասաց, որ տեղեակ է Միւրատի հայ
լինելու վարկածի մտացածին լինելու մասին եւ յոյս յայտնեց, որ թանգարանի
նոր ցուցադրութիւնում այն այլեւս տեղ չի գտնի):
ՍԵՒԱՀԵ՞Ր ԿԻՆՈԱՍՏՂ. ՈՒՐԵՄՆ ՀԱ՛Յ Է
Հռչակաւոր
մահկանացուներից որո՞նց մէջ աւելի հաճելի կը լինի հայրենակիցներ տեսնել, եթէ
ոչ կինոէկրանի թագաւորների ու թագուհիների... Եւ ահա 1940-1950-ական թթ.
սփիւռքահայ մամուլի մի քանի օրգաններ բռնկուեցին սնապարծ մի ախտով: Գրչի մի
հարուածով հայկական ծագում էին վերագրում գրեթէ բոլոր այն նշանաւոր
կինոդերասաններին, ովքեր թխահեր էին ու թխաչ: Այդպես Եւրոպայի եւ ԱՄՆ-ի
հայկական թերթերից մի քանիսը սերունդներին մոլորութեան մեջ գցեցին՝ հայացնելով յունական ծագումով կինոբեմադրիչ Էլիա Կազանին (իբր Կազանջեան),
դերասաններ Շառլ Բուայէին (իբր Բոյաջեան), Հերի Ջէյմսին, Վերոնիկա Լէյքին,
Ջին Իգըլզին (իբր Տարդակեան) եւ այլոց: Այս պախարակելի գործում մեծ դեր է
խաղացել բելգիաբնակ Արման Մասիսը 1950-ականների սկզբին Փարիզի
«Այսօր-Ապագայ» թերթի ֆրանսերէն էջում կատարած իր հրապարակումներով: Թէեւ
Մասիսի ազգանունը եղել է Ճշմարտախօս(եան), սակայն նա իրականում ամբողջովին յօրինել է այս կամ այն կինոաստղի հայազգի լինելըՙ իր թեթեւ ձեռքով
«հայացնելով» կինոդերասաններ Գրեգորի Փեքին (իբրեւ Փէքմէզեան կամ Իփէկեան),
ֆրանս-հրեայ Դանիէլ Ժելէնին, լեհ-իտալուհի Իրազեմա Դիլեանին, ամերիկուհի
Ջոան Քրօֆորդին, Ջին Սիմոնսին, նաեւ հրէական ծագումով ֆրանսիացի
կինոօպերատոր Անրի Ալըկանին: Նրան հետեւելովՙ ուրիշներ էլ գրել են, որ
հայեր են Ռիչարդ Բարթելմեսը, Քլարք Գէյբլը (իբր բալուցի), Սթիւ Մաք Քուինը
(իբր խարբերդցի)... Յատկապէս շատերն են կուլ տուել Գրեգորի Փեքի հայորդի
լինելու խայծը, մասնաւորապէս բելգիահայերը: Ինքը՝ Փեքը, կեանքի վերջում իր
հայազգի բժշկուհի Բեթի Ներսէսեանին պատմել է, որ երբ այցելել է Բելգիա,
նրան դիմաւորել են տեղացի հայերը՝ ձեռքներին պահած «Բարի գալուստ, մեր
սիրելի հայրենակից Գրիգոր Իփէկեան» մակագրութեամբ մի հսկայ ցուցանակ: Իսկ
լիբանանահայ գրականագէտ Գրիգոր Շահինեանն իր յուշագրքում վկայել է, որ
Բելգիայում «Հայ երեւելի մը կը հանդիպի անոր (Փեքին - Ա. Բ.) Անվերսի մէջ,
ամբողջ օր մը կը զբաղի իրմով եւ իրիկունը կ՚ըսէ. -Գիշերն ալ Պրիւքսէլ
կ՚երթանք, մեր հայերուն տարեկան պարահանդէսն է: -Մե՞ր հայերուն... -Է հա՛,
ծագումով հայ չէ՞ք դուք: -Չէ՛, սիրելիս, հայ բարեկամներ ունիմ, Ուիլիըմ
Սարոյեանը կը ճանչնամ, բայց հայ չեմ» (տես Գրիգոր Շահինեան, «Վերաքաղ
(հատընտիր յուշեր)», Պէյրութ, 2004, էջ 229):
Արման
Մասիսի նման հայացնելու մարմաջով տարուած մի «ուսումնասիրող» էլ եղել է
Հայաստանում: 1986-1990 թթ. տեխնիկական գիտութիւնների թեկնածու Ս. Գ. Յարութիւնեանը «Ֆիլմ» (այնուհետեւՙ «Գեղարուեստ») թերթում վարել է
«Սփիւռքահայ կինոգործիչներ» խորագրով յօդուածաշար ԽՍՀՄ-ից դուրս գործած
հայազգի կինոգործիչների մասին՝ լեցուն մտացածին եւ անստոյգ
տեղեկութիւններով, մոլորութեան մէջ գցելով բազմաթիւ ընթերցողների, այդ
թւում տողերիս հեղինակին, որն այդ շարքում տեղ գտած անձանցից ոմանց ցաւալի
անփորձութիւնն է ունեցել ընդգրկելու իր կազմած վերոյիշեալ կենսագրական
բառարանում: Այս հեղինակը հայ է ներկայացրել մասնաւորապէս հետեւեալ
կինոգործիչներինՙ Անիես Վարդա (իբրեւ Աղաւնի Վարդանեան, իրականում՝ Վարդաս, յոյն), Ժերմին Կերժան (իբրեւ Քերջեան, իրականումՙ Շապել), Ռոզին Դերեան
(իրականում՝ Շլոտերբեկ), Վերա Քորեն (իբրեւ Խորէնեան, իրականում՝ Կորեցկի,
ռուսական հրեայ), Ժան Միւրա (վերոյիշեալ Ժոաշէն Միւրատի թոռը), Լօրան
Թերզիեւ եւ Լիւդմիլա Չերինա (իբրեւ Չեմերզեան, իրականումՙ Շըմըրզեն,
չերքէզներ), Ջէյմի Ֆար (իբրեւ Ֆարհադեան, իրականում՝ Ֆարահ, լիբանանցի),
Թամարա Շայն (իբրեւ Շահինեան, իրականում՝ Նիկուլինա, ռուս), Թամարա Գեւա
(իբրեւ Գէորգեան, իրականումՙ Գեւերգիեւա, թաթարուհի), Ուոլթեր Ջէք Փալանս
(իբրեւ Յովհաննէս Փալանոյքեան, իրականում՝ Պալանիւկ, ուկրաինացի), Սիլվա
Կոշինա (իբրեւ Քոսչեան, իրականում՝ Կոսկինա, յոյն): Նոյն հեղինակը որպէս
ռուսալեզու «Ուրարտու» թերթի յաւելուած տպագրուած «Սա մենք ենք» խորագրով
ծաւալուն յօդուածում էլ գրել է, որ իբր յայտնի բեմադրիչներ Վինսենթ Մինելին
եւ Ալֆրեդ Հիչքոքն ունեցել են հայուհի մայրեր. կրկին «առաստաղից վերցուած»
տուեալներ... Թերեւս այս հեղինակն այսօր նման բան չհամարձակուէր անել, քանի
որ Համացանցի վստահելի աղբիւրներով (կրկնում եմ, վստահելի) միանգամայն
հնարաւոր կը լինէր անմիջապէս պարզել այդ գործիչների ազգութիւնը...
ՖԻՒՆԵՍԻ ԲԱԲՈՆ՝ ԸՍՏ ՍԿԼԵՐՈՏԻԿ ԽՈՀԱՐԱՐՈՒՀՈՒՆ...
Վերջին
կինոհայացումը վերաբերում է մեր սիրելի կատակերգու Լուի դը Ֆիւնեսին:
Համացանցի տարբեր կայքէջերում այսօր էլ շրջանառւում է 2004 թուականին
«Երրորդ ուժ» պարբերականում (Հոկտեմբերի 1-7) հրատարակուած ծաւալուն յօդուածի
տեղեկութիւններն առ այն, որ հռչակաւոր դերասան Լուի դը Ֆիւնեսն իբր
էրզրումցի հայուհու թոռ է եղել: Այս տեղեկութեան աղբիւրը եղել է մի...
իջեւանցի խոհարարուհի, որն, իր հաւաստիացմամբ, երեք տարի ապրել է Փարիզում,
աղախնութիւն արել Ֆիւնեսի տանը ու իր աչքով տեսել է ու իր ականջով լսել,
որ հռչակաւոր դերասանը շատ էր սիրում հայկական տոլմա, սպաս, գաթա, փախլաւա
եւ... զօրավար Անդրանիկի մասին երգերը, որ նա իբր ամէն տարի Ապրիլի 24-ին
գնում էր Անդրանիկի շիրիմին այցի եւ նրա տանը յաճախ էր շօշափւում 1915 թ. Եղեռնի թեման...
Երբ կապուեցինք յօդուածի հեղինակի
հետ՝ խնդրելով նրան տալ իջեւանցի խոհարարուհու հեռախօսահամարը, նա մեզ յայտնեց, որ այդ կինն այժմ սկլերոզով է տառապում ու չի կարողանայ պատասխանել
իմ հարցերին...
Ամէն ինչ պարզ դարձավ...
Լաւ,
ինչո՞ւ նման բաներով կերակրել դիւրահաւատ ընթերցողին, մի՞թէ քիչ ենք
ունեցել (եւ ունե՛նք) նշանաւոր հայրենակիցներ, մի՞թէ մեզ այսօր միայն Լուի
դը Ֆիւնեսի քառորդ հայկական արիւնն է պակասում...
«ՌԷՅԳԱՆԻ ՄԱՅՐԸ՝ ՆԱԽՇՈՒՆԸ»
Հայացման
ամենաթարմ դրսեւորումը գտայ 2014-ին հրատարակուած «Լոռի, իմ սէր, իմ
թախիծ... (արձակի ժողովածու (Գրական Թումանյան)» հատորում ընդգրկուած Արմէն
Տէր-Քառեանի «Մեծ իղձ» գրութեան մէջ: Նրա առաջաբանում հեղինակը գրել է.
«Տոհմը, որի օջախներում անցաւ իմ մանկութիւնը, լիավստահ էր, անբեկան
համոզուած, որ Ռէյգանը՝ ԱՄՆ-ի պատմութեան մեջ իր ուրոյն հետքը թողած
անհատը, Աթանի ծնունդ է, նրա մի մասնիկը: Ու թէ մէկը կասկածէր կամ փորձէր
հերքել այս անհաւատալի պատմութիւնը՝ շանթեր կը թափէին այդ մէկի գլխին» (էջ
289):
Հուսով եմ, որ իմ գլխին նոյնպէս շանթեր չեն
թափի, քանի որ հերքելով հերքելու եմ այս լեգենդը... Գիտենք, որ պատերազմի
ժամանակ անհետ կորած հարազատ ունեցող ընտանիքները յաճախ ինքնախաբէութեամբ
օրրել են իրենց յոյսերով, թէ իբր իրենց հարազատը ողջ է... Ծնունդ են առել
այլ լեգենդներ եւս, որ իբր մի օր Աթան է եկել մի ամերիկահայ ու ընտանիքին է
նուիրել մի ոսկէ ժամացույցՙ Ռոնալդ Ռէյգան-Մեջլումեան ստորագրութեամբ...
Բնական է, որ այդ ժամացոյցի հետքն այսօր չկայ...
Մեծ
աշխարհից կտրուած Խորհրդային Հայաստանում, որտեղ տեղեկատուական
անմատչելիութիւն էր, մի ընտանիք կարող էր իր կորած հարազատի ողջութեան
վերաբերեալ հեքիաթներով ապրել: Սակայն մեր օրերում տպագիր խօսքով շրջանառել
ընտանեկան այդ լեգենդը՝ փորձելով նոյնիսկ այն հիմնաւորել, արդէն
չափազանցութիւն է: Ընդ որում, հեղինակի առաջին հիմնաւորումը հետեւեալն է.
«Հանրագիտարաններում, ժամանակակից գերզինուած տեղեկատուներում չկան, կամ
խիստ կասկածելի, իրարամերժ եւ կցկտուր տեղեկութիւններ կան Ռէյգանի
կենսագրութեան մասին» (էջ 294):
Արդեօ՞ք այդպէս է:
Ռէյգանի վերաբերեալ ստեղծուած ծաւալուն գրականութիւնից քանի՞սն է կարդացել
հեղինակը, որ իրեն իրաւունք է տալիս յայտարարել, որ նրա կենսագրութեան
մասին տեղեկութիւնները «խիստ կասկածելի, իրարամերժ եւ կցկտուր» են: Մի՞թէ
անհնար էր բացել թէկուզ Վիքիպեդիան, որտեղ առանձին յօդուածներ կան անգամ
Ռէյգանի ծնողների ու եղբօր մասին, տեղեկանալ նրա պապ ու տատերի անունները,
տեսնել նրա տոհմածառը, մանկութեան լուսանկարները... եւ ոչ թէ հայ-հարայ
հրատարակել հայ գեղջկուհու լուսանկար ու տակը անվարան գրել. «Ռէյգանի
մայրը՝ Նախշունը»:
Ողորմի շոթլանդա-անգլուհի Նել Ուիլսոն Ռէյգանին (1883-1996)՝ Ռոնալդ Ռէյգանի մօրը...
«Ազգ», 10 Փետրուար 2017
No comments:
Post a Comment