17.10.14

Պատերազմի թոհուբոհից՝ դէպի հայաստանեան ԲՈՀ-ը(*)


ՆԱՏԱԼԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
 
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի դահլիճում կայացաւ Բէյրութում լոյս տեսնող «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի հերթական` 34-րդ համարի շնորհանդէսը: Ինչպէս միշտ, այն անցաւ շատ ջերմ եւ բարձր հայրենասիրական ներշնչումով: Ինչպէս յայտնի է, հանդէսը սկսել է գործել Բէյրութի Հայկազեան համալսարանի հիման վրայ 1970 թ. եւ մինչ օրս սերտօրէն համագործակցում է ներկայիս Սփիւռքի ամենահզօր գիտակրթական հաստատութեան հետ: Ներկայացնելով տարեգրքի բարձր մասնագիտական որակները եւ նրա հետեւողական հայանպաստ գործունէութիւնն անցած տարիների ընթացքում, պատմաբան Վարդան Մատթէոսեանը, բանասէր եւ կինոգէտ Արծուի Բախչինեանը եւ ազգագրագէտ Հրանուշ Խառատեանն անդրադարձան նաեւ ժամանակի նոր հրամայականներին եւ դրանց արձագանգելու անհրաժեշտութեանը: Մեծ ոգեւորութեամբ ընդունուեց «Հայկազեան Հանդէս»ի եւ համալսարանի ղեկավար Փոլ Հայտոսթեանի(**) ջերմ խօսքը` այդ օջախներում անընդմէջ կատարուող եւ իրար լրացնող աշխատանքների մասին` շեշտելով, որ ամենակարեւորը նրանցում ապրող հայրենասիրական ոգին է: Հարկ է նշել նաեւ, որ լինելով խստագոյն գիտական պահանջներին բաւարարող լուրջ ակադեմիական ուսումնասիրութիւնների շտեմարան, որտեղ տարին մէկ անգամ լոյս են տեսնում նիւթեր հայերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ արաբերէն լեզուներով` «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ը մեծապէս նպաստում է նաեւ Հայաստանի եւ սփիւռքահայ մտաւորականութեան մերձեցմանը եւ ճանաչում է բերում տաղանդաւոր երիտասարդ հետազօտողներին` միջազգային գիտական հանրութեան կողմից
Թւում է, որ կորցնելով Վենետիկի Մուրատ-Ռափայէլէան եւ Կիպրոսի Մելգոնեան վարժարանները, համայն հայութիւնը պէտք է աչքի լոյսի պէս պահէր Հայկազեան համալսարանը եւ նրա կողմից հրատարակուող հանդէսը` տարէցտարի ամրապնդելով նրա կապերը մայր հայրենիքի հետ: Սակայն այս տարի` որպէս լրացում լիբանանեան պատերազմի եւ մշտական ֆինանսական խնդիրների, հանդէսի խմբագրութիւնը մի նոր մարտահրաւէր ընդունեց, այս անգամ Հայաստանի ԲՈՅ-ի կողմից: Բանն այն է, որ այս տարուանից «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ը, ինչպէս նաեւ արտասահմանում հրատարակուող բոլոր պարբերականները դուրս են ընկել ԲՈՅ-ի կողմից հաստատուած գիտական պարբերականների ցուցակից: Հայաստանեան ամսագրերից ցուցակից եւս դուրս են մղուել որոշ պարբերականներ, մասնաւորապէս, «Էջմիածին» հանդէսը, որը 1944 թուից հրատարակուել է Մայր Աթոռի կողմից` նպաստելով հոգեւոր եւ աշխարհիկ մտաւորականութեան փոխըմբռնմանը: Ի՞նչն է դրա պատճառը: Եւ նշանակո՞ւմ է դա արդեօք, որ վերոյիշեալ պարբերականները հեղինակազրկուած են եւ դրանցում կատարուած հրապարակումները` որպէս գիտական պահանջներին չբաւարարող եւ այլեւս նշանակութիւն չունեն թեկնածուական եւ դոկտորական թեզերի պաշտպանութեան գործընթացներում: Եթէ դա այդպէս լինի, ապա այս «բարեփոխում»ը որքան անմիտ է, այնքան էլ չարագուշակ. չէ՞ որ յայտնի է, որ մեր Գիտութիւնների Ակադեմիայի հումանիտար ոլորտում հաստատւում են միմիայն հայագիտական ուսումնասիրութիւնները (ինչը առանց այն էլ սահմանափակում է գիտնականների մտահորիզոնը, սակայն դա առանձին խնդիր է): Միեւնոյն ժամանակ ատենախօսներից պահանջուած արտասահմանեան հրապարակումները` որպէս միջազգային հանրութեան ճանաչման նշան` սոյն որոշմամբ պարզապէս անիմաստ կը դառնային: Ասուածը յատկապէս ակներեւ է բանասիրութեան, պատմագիտութեան, ազգագրութեան եւ արուեստագիտութեան ոլորտներում, թէեւ, անշուշտ, դա իրեն զգացնել կը տայ ցանկացած ոլորտում: Մտորելով այն մասին, թէ ինչպիսի՞ն կը լինի Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի ապագան ԲՈՅ-ի հաստատած պարբերականների նոր ցուցակի պայմաններում, որտեղ ներկայացուած են միմիայն Հայաստանում յատուկ ինդեքսային ցուցիչներ ստացած պարբերականները` հակառակ ատենախօսութիւնների հեղինակների առջեւ դրուած պահանջների, ես եկայ այն համոզմանը, որ այդ ցուցակը չի կարող վերջնական լինել` եթէ, ի հարկէ, չեն փոխուել նաեւ այդ պահանջները: Եւ իսկապէս, ցուցակը յաւելող ծանօթագրութեան մէջ գտայ հետեւեալ դրոյթը. «Ի գիտութիւն. ցուցակը կը վերանայուի 2015թ. Յունուարին»: Ցաւօք, այնտեղ որեւէ ակնարկ չկայ առ այն, թէ ի՞նչ սկզբունքների հիման վրայ այն պէտք է վերանայուի եւ ինչպէ՞ս պիտի կայանան ընթացիկ տարուայ ատենախօսների պաշտպանութիւնները

Կարծում ենք, որ նշուած իրավիճակը չի վրիպել Հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում կայացած Հայագիտական Ուսումնասիրութիւնների Միջազգային Ընկերակցութեան (AIEA/ՀՈՒՄԸ) 13-րդ համաժողովի մասնակիցների ուշադրութիւնից եւ դա, անշուշտ, փառք չի բերել մեր գիտական հանրութեանը: (Ի դէպ, վատ չէր լինի, որ, օգտուելով այդ հայանպաստ գիտական իրադարձութիւնից` ԲՈՅ-ի աշխատակիցները հանդիպէին համաժողովին ժամանած Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Լիբանանի, Ռուսաստանի, Ուկրայինայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներին): Կարելի է ենթադրել, ի հարկէ, որ քանի որ ցուցակում չի մատնանշուած արտասահմանում լոյս տեսնող որեւէ պարբերական, ապա ցանկացած պարբերականում տպագրուած յօդուածը ընդունելի է, այսինքն` de facto դրանք բոլորն էլ դեռեւս հաւասար պայմաններում են: Այդ դէպքում ԲՈՅ-ի դիրքորոշումը հասկանալի կը լինէր, եթէ պարզապէս մէկ նշում արուած լինէր նման հաւասարեցման մասին` տիրող իրավիճակը օրինականացնելու համար: Սակայն, եթէ նման հաւասարութեան մասին խօսք անգամ լինել չի կարող, ապա հարկաւոր է, այնուամենայնիւ, որոշակի զատումներ անել: Այդ առումով, քանի որ այսօր աշխարհի հեղինակաւոր հայագիտական պարբերականներն արդէն իսկ սերտ գործնական կապեր են հաստատել Հայաստանի բոլոր հայագիտական կենտրոնների հետ` տրամաբանական կը լինէր, որպէսզի դրանք ճանաչուէին ԲՈՅ-ի կողմից առաջին հերթին` զետեղուելով հայաստանեան պարբերականների կողքին, թէեւ յատուկ ենթաբաժնում: «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ից բացի, այդ ենթաբաժնում իրենց արժանի տեղը կը գտնէին միջազգային գիտական հանրութեան ճանաչումը դարեր ի վեր վայելող Մխիթարեան Միաբանութէան «Բազմավէպ»ը (1843) եւ «Հանդէս Ամսօրեա»ն (1887), ինչպէս նաեւ աւելի երիտասարդ` Փարիզի համալսարանի "Revue des Etudes Arméniennes" (1920)(***) եւ Բելմոնտի ամերիկեան "Journal of Armenian Studies", որը 1975 թուից լոյս է տեսնում Մասաչուսէթս նահանգի National Association for Armenian Studies & Research ընկերութեան կողմից եւ Ֆրեզնոյում տպագրուող Կալիֆոռնիայի պետական համալսարանի "Journal of the Society for Armenian Studies" (1984)(****) պարբերականները: Հնարաւոր է նաեւ, որ վերոյիշեալ ցուցակը կազմելիս, ԲՈՅ-ի աշխատակիցները պարզապէս չեն մտածել կամ մոռացել են այդ մասին: Յոյս ունենք, սակայն, որ այս ցաւալի թիւրիմացութիւնը շուտով կը բացատրուի եւ կը շտկուի` չսպասելով Հայաստանի եւ Սփիւռքի հայագիտական ինստիտուտների եւ առհասարակ առողջամիտ մտաւորականութեան վրդովուած բողոքների: Այլապէս ոչ միայն մեր հայագէտ հիւրերը, այլեւ Հայաստանը ներկայացնող գիտնականները ստիպուած կը լինեն եզրակացնել, որ այսօրուայ մեր գիտական կեանքը կառավարւում է միմիայն ծայրայեղ լճացմանը բերող Պարկինսոնի օրէնքով: Պարզ է, որ դա ուղեղների նոր արտահոսքի առիթ կը դառնայ
Յամենայնդէպս, ցանկալի է լսել ԲՈՅ-ի մասնագէտների կարծիքները խնդրոյ առարկայ ցուցակի մասին, քանի դեռ հիասթափութեան ալիքը անդառնալի չի դարձել:

«
Առաւօտ», Հոկտեմբեր 17, 2014

------------------------------
(*) ԲՈՅ (խորհրդահայ ուղղագրութեամբ՝ ԲՈՀ, ուրկէ՝ թոհուբոհ-ԲՈՀ բառախաղը)՝ Բարձրագոյն Որակաւորման Յանձնաժողով։ Այս հաստատութիւնը կը վաւերացնէ Հայաստանի մէջ պաշտպանուած թեկնածուական եւ դոկտորական ատենախօսութիւնները։
(**) Վեր. Փօլ Հայտոսթեանը «Հայկազեան» համալսարանի նախագահն է։ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի խմբագիրը Անդրանիկ Ծ. վրդ. Կռանեանն է, իսկ պատասխանատու քարտուղարը՝ Անդրանիկ Տագէսեանը։
(**) "Revue des Etudes Arméniennes"
ը չի հրատարակուիր Փարիզի համալսարանի կողմէ, այլ՝ Association de la Revue des Etudes Arméniennes կազմակերպութեան կողմէ։
(***) "Journal of the Society for Armenian Studies"
ը չի հրատարակուիր «Կալիֆորնիոյ Պետական համալսարանի» կողմէ (University of Californiaն պետական համալսարան չէ), այլ Հայագիտական Ուսմանց Ընկերութեան (Society for Armenian Studies) կողմէ։

No comments:

Post a Comment