ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Այս տարի Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողութիւնները տեղի ունեցան այլ
հարթակում՝ համացանցում։ Պատճառները հասկանալի են։ Սակայն, դա չխանգարեց,
որպէսզի հազարաւոր հայեր իրենց յարգանքի տուրքը մատուցեն Հայոց
ցեղասպանութեան զոհերի յիշատակի առաջ։ Հայոց ցեղասպանութեան յիշողութիւնը
ոչ միայն գնալով էլ աւելի է ամրապնդւում ու բիւրեղանում, այլեւ էլ աւելի է
իմաստաւորւում սերունդների մէջ՝ այսօր ու ապագայում յիշելու, պայքարելու,
արդար հատուցման մասին գործուն քայլերի դիմելու առումներով։
«Զարթօնք» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանութեան թանգարան–Հիմնարկի տնօրէն Յարութիւն Մարութեանի հետ։
– Պարոն Մարութեան, այս տարի Հայոց ցեղասպանութեան յիշատակումը տեղի ունեցաւ առանձնայատուկ ձեւով՝ ընկերային համացանցի աշխուժութեամբ։ Թանգարան–Հիմնարկը կոչ էր արել օգտատէրերին իրենց էջերում տեղադրել Հայոց ցեղասպանութեանն առնչուող ընտանեկան լուսանկարներն ու պատմութիւնները, կիսելով «Ես յիշում եմ» կամ «Կը յիշեմ» կից գրութիւնները։ Կը ներկայացնէ՞ք, թէ կոչին ինչքան մարդ հետեւեց։ Աշխուժութիւնն ինչպէ՞ս էք գնահատում։ Նախաձեռնութիւնը նաեւ դժգոհութիւն էր առաջացրել հանրութեան շրջանում՝ այն պատճառաբանութեամբ, որ փորձ է արւում փոխել քաղաքական գիծը՝ ի դէմս համահայկական հռչակագրում տեղ գտած «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսին: Ո՞րն էր Ձեր առաջարկը եւ ինչո՞ւ նման արձագանք եղաւ հանրութեան կողմից։
– Իրականում առաջարկուել էր «օգտատէրերի լուսանկարները փոխարինել յատուկ
այդ նպատակով ստեղծուած յուշային շրջանակի մեջ առնուած իրենց
հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայութեան
պարագայում՝ անուն-ազգանունով, նաեւ մի փոքր պատմութեամբ նրա/նրանց մասին։
Եթէ չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրէք Ցեղասպանութեան զոհ
արեւմտահայ մտաւորականների, հասարակական-քաղաքական գործիչների,
ֆիտայիների, շարքային զինուորների ու զօրավարների լուսանկարները»։ Այսինքն,
խօսքը վերաբերում էր կեանքից հեռացած, մահացած մարդկանց. նման մարդկանց,
որպէս կանոն, յիշում են։ Ինչպէս գրուած է պարզաբանման մէջ՝ «Այսինքն՝
յիշում եմ կոնկրետ մարդու-մարդկանց։ Չեմ մոռացել նրանց»։ Բոլորիս յայտնի
1.5 միլիոնի մի հիւլէն է նրանցից ամեն մէկը, բայց արժանի է/են, որ
յիշուի/յիշուեն անուն առ անուն։
Մենք մտածում էինք, որ օգտատէրերի ու նրանց առաջարկած լուսանկարների,
այլ տուեալների պատմութիւնները հաւաքելով, ի մի բերելով, հետագայում կը
դիմէինք նրանց՝ խնդրելով լրացնել համապատասխան հարցաթերթիկները եւ այդ կերպ
մի կարեւոր քայլ կարուէր (Հայոց ցեղասպանութեան զոհերի ու վերապրողների)
շտեմարանի ձեւաւորման գործընթացում։ Սակայն, քանի որ հարցը մեկնաբանուեց
որպէս քաղաքական գծի փոփոխութեան դրսեւորում, թանգարան-հիմնարկում որոշեցինք
խուսափել հնարաւոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների
անհանգստութիւնները եւ փոխել յուշային շրջանակի գրութիւնը՝ որպէս
ձեւակերպում օգտագործելով 2015 թ. ընդունուած «Հայոց ցեղասպանութեան 100-րդ
տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշուած «Յիշում եմ եւ
պահանջում» կարգախօսը:
– Նոր նիւթեր, Ցեղասպանութիւնը վերապրածներից պատմութիւններ հաւաքուեցի՞ն այդ ընթացքում։
– Ոչ միայն վերապրածների պատմութիւններ, այլեւ Հայոց ցեղասպանութեան
նահատակների պատմութիւններ հաւաքուեցին: Մենք արդեն այդ առթիւ մեր խորին
շնորհակալութիւնն յայտնել ենք մեր հայրենակիցներին թանգարան-հիմնարկի
կայքէջում՝ մեր կոչին արձագանգելու, իրենց պապերի ու տատերի, հարազատների՝
Հայոց ցեղասպանութեանը վերաբերող պատմութիւնները տրամադրելու
պատրաստակամութեան համար: Թանգարան-հիմնարկի համապատասխան բաժնի
աշխատակիցներն (ներկայ պահին նրանք շատ քիչ են) զբաղւում են հենց զոհերի եւ
վերապրողների անձնական պատմութիւնների հաւաքագրմամբ՝ կազմուել են
համապատասխան լրամշակուած ձեւաթղթեր՝ լրացնելու համար։ Առհասարակ, մենք շատ
ենք կարեւորում իւրաքանչիւրի պատմութիւնը. դրանք Հայոց ցեղասպանութեան
մայքրոպատմութիւններ են, ամբողջի մասնիկն են եւ պէտք է մեծ
պատասխանատուութեամբ մօտենալ դրանց պահպանմանն ու փոխանցմանը:
–Հայոց ցեղասպանութեան թանգարան–հիմնարկը պահանջատիրութեան հարցով քաղաքական կարեւոր հարթակներից է: Ինչպէ՞ս էք գնահատում պահանջատիրութեան հարցում պետութեան կողմից կատարուած քայլերը։ Թանգարան–հիմնարկի գործունէութիւնն այս հարցում ինչպիսին է։ Կա՞ն քայլեր, ծրագրեր, որոնք պէտք է թանգարան–հիմնարկն իրականացնի։
-Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը պահանջատիրութեան հարցում
առաջնորդւում է «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական
հռչակագրի» դրոյթներով։ Այստեղ, մասնաւորապէս, յստակ նշուած է, որ
Հայաստանը «2. Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի յանձնառութիւնը՝
շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանութիւնների կանխարգելման,
ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդների իրաւունքների վերականգնման եւ
պատմական արդարութեան հաստատման համար: 5. Դիմում է ՄԱԿ-ի անդամ
պետութիւններին, միջազգային կազմակերպութիւններին, բարի կամքի տէր բոլոր
մարդկանց՝ անկախ ազգային եւ կրօնական պատկանելութիւնից, միաւորել իրենց
ջանքերը պատմական արդարութիւնը վերականգնելու եւ Հայոց ցեղասպանութեան
զոհերի յիշատակը յարգելու համար: 6. Արտայայտում է Հայաստանի եւ հայ
ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանութեան փաստի համաշխարհային
ճանաչման հասնելու եւ ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում,
ինչի համար մշակում է իրաւական պահանջների թղթածրար՝ դիտելով այն
անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի
վերականգնման գործընթացի մեկնարկ: 7. Դատապարտում է Թուրքիայի
Հանրապետութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան ապօրինի շրջափակումը,
միջազգային հարթակներում ցուցաբերուող հակահայկական կեցուածքը եւ
միջպետական յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմանների
առաջադրումը՝ դրանք գնահատելով որպէս Հայոց ցեղասպանութեան, Մեծ Եղեռնի
մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք: 8. Կոչ է անում Թուրքիայի
Հանրապետութեանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան կողմից
իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը եւ մարդկութեան դէմ իրագործուած այդ
սոսկալի ոճրի զոհերի յիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսուել սեփական
պատմութեան ու յիշողութեան հետ՝ հրաժարուելով կեղծարարութեան, անհերքելի
իրողութեան ժխտման եւ հարաբերականացման քաղաքականութիւնից»:
Ահա այս ծիրում, ու յատկապէս 6-րդ կէտի առաջին մասով Հայոց
ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը ձեռնարկում է գիտական
ուսումնասիրութիւններ, թանգարանի հիմնական ու ժամանակաւոր, նաեւ առցանցային
ցուցադրութիւնների միջոցով իրազեկում է լայն հանրութեանը Հայոց
ցեղասպանութեան, դրա նախապատրաստման, իրականացման ու հետեւանքների մասին,
ընդունում է պաշտօնական պատուիրակութիւններ, բազմահազար այցելուներ,
հրատարակում է պարբերականներ, տպագրում է գրքեր, հաւաքում ու մշակում է
նիւթեր եւ այլն։
Ծրագրեր շատ կան, դրանք դրուած են մեր կայքէջում, արտացոլուած են
բազմաթիւ հարցազրոյցներում։ Ձեր հարցի ու, մասնաւորապէս, վերոնշեալ 6-րդ
կէտի երկրորդ մասի համատեքստում վերջերս ես բարձրաձայնեցի մէկ այլ առաջարկ,
մատնանշելով, որ օրուայ հրամայականն է դարձել, որ թանգարան-հիմնարկին կից
ստեղծուի մի կառոյց, որտեղ կ՛աշխատէին հայկական պահանջների հետազօտման
ոլորտ տեղափոխելու որակաւորում ունեցող միջազգային իրաւունքի մասնագէտներ։
Կառոյց, որը ցանցային աշխատանքի ձեւաչափ որդեգրելով կը կարողանար գործի մէջ
ներգրաւել աշխարհի տարբեր ծագերում գործող հայ եւ օտարերկրացի
մասնագէտների։ Հարցն, ի հարկէ, միայն ցանկութիւններով կամ առաջարկութիւններ
հնչեցնելով չի որոշւում. վստահ եմ, որ այս հարցում անհրաժեշտ է հայաստանեան
եւ սփիւռքեան ուժերի համախմբում։
– Դուք մշտապէս համագործակցում էք Սփիւռքի մեր հայրենակիցների հետ։ Այս փուլում թանգարան–հիմնարկի աշխատանքներում ի՞նչ մասնակցութիւն ունեն Սփիւռքի հայկական գաղթօջախները։
– Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը իր աշխատանքային
գործունէութեան տարբեր բնագաւառներում որոշակի կապեր է պահպանում սփիւռքեան
կառոյցների եւ առանձին անհատների հետ։ Վերջերս աշխատանքային հանդիպում
եղաւ ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար պրն. Զարեհ Սինանեանի եւ
գրասենեակի ղեկավար տիկ. Սառա Անջարգոլեանի հետ, յուսով ենք, որ նշուած կապը
որոշակի ոլորտներում աստիճանաբար կը դառնայ աւելի համակարգուած։
Սփիւռքի հետ համագործակցութիւնը պլանաւորւում է, տեղ է գտնում մի քանի
ուղղութիւններով։ Դրանցի մէկը կրթական ասպարէզն է։ Այսպէս, այս տարի կը
փորձենք համագործակցութեան պայմանագիր կնքել ԱՄՆ Genocide Education
Project-ի հետ. 2019 թ. մենք հանդիպումներ եւ քննարկումներ ենք ունեցել
նշուած ծրագրի ղեկավար տիկ. Ռոքսանա Մաքասջեանի հետ, գուցէ թէ ժամանակ անց
կարողանանք կազմակերպել համատեղ ամառային դպրոցներ/դասընթացներ ամերիկացի
ուսուցիչների համար։ Մենք առաջարկել ենք մեր մասնակցութիւնը սփիւռքահայ
ուսուցիչների ամենամեայ այցելութիւնների ժամանակ նախատեսուող
դասընթացներին։ Տարիներ շարունակ Կանադայում գործող Զորեան կենտրոնում
վերապատրաստում էին անցնում թանգարան-հիմնարկի աշխատակիցներ. փորձելու ենք
շարունակել այդ աւանդոյթը։ Բարեկամական կապեր կան Բէյրութի Հայկազեան
համալսարանի հայագիտական ուսումնասիրութիւնների կենտրոնի հետ,
աշխատակիցներից մի քանիսը մասնակցել են նրանց կազմակերպած գիտաժողովներին, պրոֆ. Անդրանիկ Տագէսեանն էլ զեկուցել է թանգարանում կազմակերպուած
գիտաժողովին։
Անցեալ տարի մենք սկսեցինք մեթոդաբանական սեմինարների շարք. 19
զեկուցում-քննարկումներից վեցը անց են կացրել սփիւռքահայ պատմաբանները։
Ունեցել ենք հանդիպում-քննարկումներ եւ գրքերի շնորհանդէսներ, որոնցից
հինգին նոյնպէս ներգաւուած են եղել մեր սփիւռքահայ գործընկերները։
Բեռլինաբնակ ճարտարագէտ Եդուարդ Ֆըչըճըեանը Գերմանիայի արտաքին գործերի
նախարարութեան արխիւի նիւթերից ժամանակին պատճէնել էր 36 փաթեթ միկրոֆիլմ,
որոնք վերաբերում են 1911-1921 թթ. եւ անմիջապէս առնչւում են Հայկական
հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը: Աշխատանքը պրն. Ֆըչըճըեանը
կատարել է իր անձնական միջոցներով եւ միկրոֆիլմերի բնօրինակները տրամադրել է
ՀՑԹԻ-ին: Դա նշանակալի համալրում է թանգարան-հիմնարկի ֆոնդերի համար: Բեռլինից միքրոֆիլմերը տեղափոխելուն օժանդակեց Գերմանիայում Հայաստանի
դեսպան Աշոտ Սմբատեանը:
Թանգարան այցելող սփիւռքահայերը երբեմն կիսւում են իրենց Հայոց
ցեղասպանութեան զոհ կամ վերապրող իրենց հարազատների լուսանկարներով ու
փաստաթղթերով։
2019 թ. «Հայոց փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թթ.»
գիտաժողովի գլխաւոր բարերարն էր Ամերիկայի Հայ Աւետարանչական
Ընկերակցութիւնը (գործադիր տնօրէն՝ Զաւէն Խանճեան), այս տարուայ «Կիլիկիան
ու կիլիկիահայութիւնը Հայոց ցեղասպանութեան տարիներին» խորագրով գիտաժողովի
կազմակերպմանն օժանդակելու պատրաստակամութիւն է յայտնել Մեծի Տանն
Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը։ Յունիսին գումարուելիք «Երեխաները եւ ազգը.
երեխաների բռնի տեղափոխումը եւ ցեղասպանութեան կոնվենցիան. պատմութիւն եւ
արդիականութիւն» խորագրով գիտաժողովին օժանդակելու պատրաստակամութիւն էին
յայտնել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքը
եւ ՀԲԸՄ-ն (ցաւօք, երկու գիտաժողովներն էլ յետաձգուեցին համավարակի
պատճառով)։ Անցեալ տարի թանգարան-հիմնարկի գրադարանին արժէքաւոր
նուիրատուութիւն՝ շարժական գրադարակներ, արեց սանկտպետերբուրգցի բարերար
Հրաչեայ Պօղոսեանը, չորս համակարգիչներ նուիրեց «Արեւմտահայոց ազգային
համագումար» միջազգային հասարակական կազմակերպութեան ղեկավար Սուրէն
Սէրայտարեանը եւ այլն։
Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի գոյութեան 25 տարիների
ընթացքում սփիւռքահայերը մեծ օժանդակութիւն են ցուցաբերել
թանգարան-հիմնարկին, այդ թւում նաեւ նիւթական: Հայաստանցի բարերարների
նիւթական օժանդակութեան հնարաւորութիւնները, ի թիւս տարաբնոյթ գործօնների,
ինչ-որ չափով սահմանափակւում են հայաստանեան օրէնսդրութեամբ: ԱՄՆ-ում,
օրինակ գործում է մեկենասութեան մասին օրէնք, ինչը սահմանում է, որ
բարերարները զգալի չափով ազատւում են հարկերից: Հայաստանում նման օրէնք
չկայ, ինչն էլ ունենում է համապատասխան հետեւանքներ։
– Շնորհակալ եմ հարցազրոյցի համար։
No comments:
Post a Comment