29.8.18

Քոչարեանի քաղաքական վերադարձը կամ յանգած հրաբուխների ծուխը

ՀՐԱՆԴ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
 
Տեւական դադարից յետոյ նախկին առաջին դէմքերի վերադարձը քաղաքականութիւն հայկական քաղաքական կինոյի աւանդական սիւժէներից է: Նոյնիսկ դադարի տեւականութիւնն ու վերադարձի տարեթուերն են յստակ ամրագրուած: Ամէն տասնամեակի 8-րդ տարում տեղի է ունենում մէկ մեծ քաղաքական վերադարձ՝ 1998-ին՝ Կարէն Դեմիրճեանը, 2007/08-ին՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը և ահա 2018-ին իր վերադարձի մասին յայտարարում է Ռոբերտ Քոչարեանը: Որոշ կատակասէրներ արդէն պատրաստ են խաղադրոյքներ ընդունել 2028 թ.-ին՝ Սերժ Սարգսեանի եւ 2038 թ.-ին՝ Նիկոլ Փաշինեանի վերադարձների վրայ:
Սակայն կայ նաեւ էական տարբերութիւն ներկայ եւ նախորդ երկու վերադարձների միջեւ: Նախ՝ եթէ Դեմիրճեանի եւ Տէր-Պետրոսեանի դէպքում հիմնական դրոյքը ժողովրդական դժգոհութիւնն էր (եւ ի յաւելում դրա, ի հարկէ, էլիտայի որոշ հատուածների համախմբում՝ ընդդէմ իշխանութեան), ապա Քոչարեանի դէպքում առաջնային է դժգոհ էլիտաների համախմբումը: Երկրորդ՝ ի տարբերութիւն Դեմիրճեանի եւ Տէր-Պետրոսեանի, Քոչարեանը 2008-18 թթ.-ին երբեք չի հեռացել իսպառ, այլ միշտ պահպանել է մի տեսակ կիսաներկայութիւն մեր քաղաքական դաշտում: Այս՝ առաջին հայեացքից ոչ այնքան էական տարբերութիւններից, կարեւոր հետեւանքներ կարող են բխել:
Որոշ իմաստով Քոչարեանը երբեք էլ չի հեռացել քաղաքականութիւնից: Նրա ստուերային ներկայութեան մասին հայկական քաղաքական դաշտում միշտ էլ խօսուել է՝ սկսած հենց 2008-ից, եւ այդ խօսակցութիւնները քաղաքական գործընթացների մասնակիցների մեծ մասի կարծիքով որոշակի հիմք ունեցել են: Դեռեւս 2007-ի խորհրդարանական ընտրութիւններին մեծ գաղտնիք չէր Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի մրցակցութեան թեման, Քոչարեանի կողմից որպէս նախագահի թեկնածու Վարդան Օսկանեանին պատկերացնելը եւ այլն՝ արդէն հնացած պատմութիւններ, որոնց մէջ չենք ուզում խորանալ, բայց որոնք արժէ յիշել այժմ՝ այսօրն աւելի լայն շրջանակում հասկանալու համար:
2008-18 թթ.-ի ընթացքում Քոչարեանը չի խորշել նաև խախտելու պայմանական լռութեան ուխտը՝ մի բան, որը չեն արել ո՛չ Դեմիրճեանը, ո՛չ Տէր-Պետրոսեանը (Տէր-Պետրոսեանից կայ 2006-ին բառացիօրեն երեք նախադասութիւն. հարց ու պատասխան լրագրողների հետ օդանաւակայանում, որտեղ նա խօսում է իր «Խաչակիրները եւ հայերը» գրքի մասին: Եղել է արդեօք նման մի բան Կարէն Դեմիրճեանից, գուցէ յիշեն քաղաքական հնաբնակները): 10 տարուայ ընթացքում Քոչարեանը բաւականին հարցազրոյցներ ու մեկնաբանութիւններ է տուել՝ այլեւայլ ձեւաչափերով: Դրանցից ոչ մէկը չի եղել լիարժէք սրութեան, եւ չի դարձել նրա քաղաքական վերադարձի մեկնարկ, սակայն, բոլորում էլ չափաւոր դիրքերից քննադատուել է Սերժ Սարգսեանի քաղաքականութիւնը: Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, Քոչարեանը տուել է այդպիսի մօտ 10 հարցազրոյց՝ որոշները շատ կարճ, բայց որոշներն էլ բաւականին ծաւալուն: Կարելի է ասել, որ վերջին տարիների ընթացքում Քոչարեանն անընդհատ կիսավերադարձած է եղել: Աւելին, կարելի է ասել՝ Քոչարեանի ցանկութիւնը՝ վերադառնալ քաղաքականութիւն, եւ նրա անհամբերութիւնն այդ առումով եղել է անթաքոյց, սակայն, դա զսպուել է այլեւայլ գործօնների ազդեցութեամբ: Սերժ Սարգսեանի կողմից իրավիճակը վերահսկելը, նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի խաղի մէջ մնալը, եւ այլ գործօններ անհնար են դարձրել Քոչարեանի լիարժէք վերադարձը քաղաքականութիւն: Չի եղել դրա պահանջարկ ո՛չ լայն զանգուածների մէջ (որն այսօր էլ չկայ), ո՛չ էլ վերնախաւերում (որն այսօր մասամբ իրականութիւն է):
Առաւել հետաքրքիր է Քոչարեանի հնարաւոր ստուերային մասնակցութիւնը 2016-18 թթ.-ի գործընթացներին՝ մինչեւ Նիկոլ Փաշինեանի վարչապետ ընտրուելը: Ցաւօք, այդքան էլ հեշտ չէ այստեղ յստակ որեւէ բան պնդել՝ հիմնուելով միայն բաց աղբիւրների վրայ: Յամենայն դէպս ուշագրաւ է, որ պատերազմից անմիջապես յետոյ՝ 2016-ի Մայիսին կայացած Սերժ Սարգսեան – Լեւոն Տէր-Պետրոսեան հանդիպմանը հետեւած Տէր-Պետրոսեանի հարցազրոյցում կարեւոր հատուածներ ուղղուած էին Քոչարեանի եւ Օսկանեանի դէմ: Որեւէ արտաքուստ երեւացող առիթ դրա համար չկար: Այն ժամանակ շատերն էին ենթադրում, որ առիթը պէտք է լինէր Քոչարեանի ակտիւացումը պատերազմից յետոյ, թերեւս, յեղաշրջման կամ դաւադրութեան նպատակով: Իսկ Սարգսեան-Տէր-Պետրոսեան հանդիպման կարեւոր օրակարգերից մէկը կարող էր լինել այդ ծրագրի դէմն առնելը: Սա յիշեցրեց 2011-ի ձմեռուայ իրավիճակը, երբ այն ժամանակուայ ՀԱԿ դաշինքի առաջին դէմքերից՝ Դ. Շահնազարեանի շուրթերով Քոչարեանը գնահատուեց որպէս Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնող, որի նկատմամբ ՀԱԿ-ն, ըստ բանախօսի՝ կատարում էր կայունացնող դեր:
Իրավիճակը Հայաստանում 2016-ի գարնան վերջին ու ամռանը լարուած էր, իսկ յեղաշրջման եւ դաւադրութեան մասին այլեւայլ խօսակցութիւնները, որոնք այն ժամանակ շրջանառւում էին քաղաքականապէս ակտիւ շրջանակների խօսակցութիւններում, Երեւանում կարծես իրականութիւն դարձան 2016-ի յուլիսեան զինուած գործողութեան ժամանակ: Այս գործողութիւնը քարոզչական աջակցութիւն ստացաւ քաղաքական դաշտի սուբյեկտների կողմից, այդ թւում նրանց, որոնք լրատուամիջոցներում եւ քաղաքական խօսակցութիւններում աւանդաբար կապւում են Ռ. Քոչարեանի հետ: Սա, ի հարկէ, ինքնին որեւէ բանի ապացույց չէ, սակայն, այն ժամանակուայ դէպքերի ընդհանուր զարգացման շղթայում անտեսելի էլ չէ:
Ներքին իրավիճակի լարմանը զուգահեռ յետպատերազմեան շրջանում ակտիւացել էր Ղարաբաղեան խնդրի շուրջ բանակցային գործընթացը: Խօսւում էր այսպէս կոչուած Լաւրովի պլանի մասին, որը ենթադրում էր, բացի ամենից, ռուսական խաղաղապահ զօրքերի տեղադրում հակամարտութեան գօտում: Ներքին լարուածութիւնը թուլացավ, իսկ բանակցային գործընթացի ակտիւացման փուլն աւարտուեց Հայաստանում Կարէն Կարապետեանի գլխաւորութեամբ նոր կառավարութեան ձեւաւորումից յետոյ կամ դրան զուգահեռ: Քաղաքական կեանքը մտաւ նոր՝ համեմատաբար կայուն փուլ, որը բնորոշւում էր Սերժ Սարգսեան-Կարէն Կարապետեան հակասութիւնների մասին խօսակցութիւններով եւ քաղաքական խաղացողների նոր վերադասաւորումներով: Ուշագրաւ է, օրինակ, որ նոր կառավարութեան մէջ տեղ չգտած նախկին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, որի քաղաքական յաւակնութիւնների մասին խօսակցութիւնները սկսուել էին դեռ 2014-15 թթ.-ին, եւ որին դեռ այդ թուերին Ժիրայր Սեֆիլեանը հրապարակավ կոչ էր անում «տէր կանգնել Հայաստանի քաղաքացիներին» (մէջբերումը բառացի չէ, բայց իմաստը պահպանուած է), հրապարակավ ընդդիմադիր գործունէութիւն է ծաւալում, եւ 2017-ի ընտրութիւններին մասնակցում է Վարդան Օսկանեանի հետ դաշինքով: Այդ դաշինքին ձայն տալու կոչ է անում նույն Սեֆիլեանը: Շատերն, այն ժամանակ, սա անուղղակի վկայութիւն համարեցին դեռևս 2016-ի գարնանն ու ամրանը պտտուող այն լուրերի մասին, որ տարբեր խմբերի ներգրաւմամբ՝ յեղաշրջման ծրագրում կարող են մասնակցութիւն ունենալ նաեւ բանակի որոշ պաշտօնեաներ:
2018-ի Ապրիլին իր վարչապետ ընտրուելու օրը եւ հրաժարական տալուց մի քանի օր առաջ, Սերժ Սարգսեանը խօսում էր յանգած հրաբուխների բզբզոցի մասին, ինչը մամուլում մեկնաբանուեց որպէս ակնարկ՝ Քոչարեանին ուղղուած: Որքանով է այդ մեկնաբանութիւնը ճիշդ՝ դժուար է ասել: Սակայն Սարգսեանի հեռացումը պէտք է ինչ-որ յոյսեր արթնացնէր Քոչարեանի մօտ: Վերանում էր քաղաքականութիւն բաց վերադարձի նրա ծրագրի գլխաւոր խոչընդոտներից մէկը: Սակայն այստեղ նոյնպէս հաշուարկները սխալ էին: Սերժ Սարգսեանի հեռացմանը հետեւած առաջին երկու օրը, երբ վարչապետի պաշտօնակատար էր Կարէն Կարապետեանը, շատերին թուաց, որ 2016-ից մեկնարկած դանդաղ, այսպես ասած՝ «սողոսկող» յեղաշրջման ծրագիրը վերջապէս իրականութիւն է դառնում: Բայց շատ արագ պարզուեց, որ դրանք լիովին սին յոյսեր էին: Յեղաշրջման փոխարէն տեղի ունեցաւ յեղափոխութիւն, քանի որ Սարգսեանի հեռացման գործում գլխաւոր դեր ստանձնեցին ոչ թէ պալատական դաւադիրներն, այլ զանգուածային, հրապարակային պայքարը: Վերնախաւային յեղաշրջման ծրագիրը փաստացի տապալուեց,  քանի որ ոչ ոք չէր կարող հրապարակում հաւաքուած ժողովրդին պարտադրել վարչապետի այլ թեկնածու՝ բացի հրապարակի նախընտրածից: Այդ օրերին՝ հրապարակում ելույթ ունենալիս, Նիկոլ Փաշինեանը, դիմելով Կարեն Կարապետեանին, կոչ արեց նրան «սատանի մայլում քեանդրբազութիւն չանել»՝ յիշեցնելով, որ եթէ Սերժ Սարգսեանը, որը 90-ականներից ի վեր ղեկավարել է Հայաստանի բոլոր ուժային կառոյցները, ուժի միջոցով հարցը լուծելու տարբերակ չի տեսել, ապա առաւել եւս դա չի կարող անել քաղաքական որեւէ փորձ չունեցող Կարապետեանը: Այս կէտում արդէն ողբերգութիւնը կրկնուեց որպէս ֆարս, եւ երկու տարի յամառօրէն փչած Կարապետեանի փուչիկը պայթեց երկու օրուայ մէջ:
Այս օրերին էլ տեղի ունեցաւ Քոչարեանի հերթական «վերադարձը»: Մայիսի մէկի ԱԺ նիստից երկու օր առաջ Քոչարեանի հարցազրույցի անոնսը եղավ ռուսական ալիքներից մէկով: Սակայն, այն, ինչ արդիւնքում ցուցադրուեց, ընդամէնը մի քանի նախադասութեամբ հատուած էր: Այդպէս էլ պարզ չդարձաւ, սա հատուած էր մեծ հարցազրոյցից, թե անոնսը վերաբերում էր հենց այդ փոքր կտորին: Յամենայն դէպս փոքրիկ հատուածը չէր համապատասխանում Քոչարեանի հարցազրոյցի անոնսի յաւակնոտ պաթոսին: «Իշխանութիւնը ճամպրուկ չէ, որ այն փոխանցուի Նիկոլ Փաշինեանին»,- ասում էր Քոչարեանը: Հարցազրոյցի ուղերձը պարզ էր՝ եթէ ես լինէի (ասում էր Քոչարեանը իշխանութիւնը կորցնող ՀՀԿ-ին եւ միւսներին), ապա ի տարբերութիւն «փափուկ» Սերժ Սարգսեանի՝ ինձ կը պահէի «տղավարի» եւ ոչ մէկին չէին տայ իշխանութիւնը: Սրանով նա ազդարարում էր խաղի մէջ իր բաց վերադարձի մասին, եւ յաւակնութիւն յայտնում տէր կանգնել «անտէր մնացողներ»ին: Յատկանշական է, որ այդ հարցազրոյցից յետոյ ՀՀԿ-ն, որը նախորդ օրերին կարծես համակերպուել էր Փաշինեանին վարչապետ ընտրելու մտքի հետ, յանկարծ փոխեց դիրքորոշումը: Սակայն, արագ տէր կանգնելու Քոչարեանի ծրագիրը, եթե այդպիսին կար, տապալուեց:
Այս տապալուած փորձից յետոյ, Քոչարեանը կրկին կորաւ տեսադաշտից, եւ նորից երեւաց միայն այն բանից յետոյ, երբ նրա դէմ քրէական գործ յարուցուեց: Թէ ինչ էր անում այս ընթացքում նախկին նախագահը՝ դժվար է ասել, բայց հաշվի առնելով նրա ոչ այնքան «հանգիստ» եւ ոչ շատ անգամներ միաժամանակ բաց ճակատով գործելու բնաւորութիւնը, չբացառենք, որ նա կարող էր շարունակել, Սերժ Սարգսեանի ասած, «բզբզալ»:
Այդու, տեսնում ենք, որ Քոչարեանի վերադարձը ոչ այնքան միանգամեայ, անսպասելի, այլ տարիների ընթացքում, այսպես ասած, դանդաղօրէն կուտակուած գործողութիւն էր՝ «պորցիաներով» և «զիգզագներով» իրականութիւն դարձած՝ մինչեւ վերջնական եւ բաց «ջրի երես» դուրս գալը: Այն ներգծուած է ոչ միայն յետյեղափոխական, այլև նախայեղափոխական՝ առնուազն վերջին 2 տարուայ հայաստանեան քաղաքական զարգացումների տրամաբանութեան մէջ: Բաց խաղալու անհրաժեշտութիւնը ծագեց այն բանից յետոյ, երբ շնորհիւ յեղափոխական հրապարակային շարժման՝ Կարէն Կարապետեանի հրաժարականով տապալուեց 2016-ից հասունացող դաւադրութիւնն ու պալատական յեղաշրջումը: Հրապարակ դուրս եկած ժողովուրդը դրանով փրկեց իր ինքնիշխանութիւնը:
Քոչարյանի վերջին շրջանի ակտիւացումը փաստացի միեւնոյն տապալուած դաւադրութեան կամ պալատական յեղաշրջման ծրագրի շարունակութեան փորձն է: Փոխուել են, անշուշտ, դերակատարները, բայց էութիւնը մեծ հաշուով մնացել է նոյնը: Մէկը սա կարող է կոչել «յանգած հրաբուխների բզբզոց», միւսը՝ «սատանի մայլում քեանդրբազութիւն անել», մի երրորդը մտածի «Պատերազմ, դաւադրութիւն, յեղափոխութիւն ....» վերնագրով հայկական նոր սերիալի նկարահանման մասին, դա արդէն ճաշակի հարց է:
Աւելացնենք միայն, որ արագ ռեւանշի ծրագիրը, որն այսօր կարծես փորձում է իրացնել Քոչարեանի շուրջ համախմբուող ուժերը, իրատեսական հաշուարկի վրայ չէ հիմնուած: Թէ ինչու ենք այդպէս կարծում՝ մէկ այլ խօսակցութեան առիթ է:

«Հետք» (http://hetq.am/arm/news/92455/), 25 Օգոստոս 2018

No comments:

Post a Comment