13.2.18

Ազգային կինոարարման մեր անկարողութիւնը

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Հարիւր քսան տարուց աւելի է, ինչ մարդկութիւնն առատօրէն օգտւում է իր ստեղծած ամէնից հանճարեղ գիւտերից մէկի՝ կինոյի շռայլած բարիքներից, որոնցից է նաեւ անցեալն անմահացնելու բացառիկ կարողութիւնը:
Մենք՝ հայերս, ի լրումն այլ գործօնների՝ նաեւ պետականութիւնից զուրկ ժողովուրդ լինելու պատճառով, ցաւօք, մեծ մասամբ ի վիճակի չենք եղել կամ չենք կարողացել օգտուել կինոյի այդ եզակի հնարաւորութիւնից, եւ անցեալի մեր իրականութեան շատ ու շատ երեւոյթներ անկարող ենք այսօր շօշափելիօրէն տեսնել, զգալ ու գնահատել:




ՎԱՒԵՐԱԳՐԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ
Յայտնի է, որ մինչեւ մարդկութեան երազներն ու երազանքներն արտացոլող արուեստի տեսակ դառնալը կինոն ընդամէնը աշխարհի սոսկական պատճէնումն էր, իսկ կինոէկրանը՝ իրականութեան հայելին: Կինոյի ծննդավայր Ֆրանսիան այդ հրաշք յայտնագործութիւնից յետոյ սկսեց շատ գործնականօրէն կինոժապաւէնին դրոշմել իր ժամանակի իրականութիւնը եւ յատկապէս՝ ազգի մեծերին: Նոյնը արեցին կինոարտադրութիւն ունեցող այլ երկրներ եւս: Փոյթ չէ, որ յաճախ՝ ընդամէնը մի քանի վայրկեան, մեծ մասամբ՝ նկարահանման անբաւարար որակով եւ մի քանի տասնամեակ՝ միայն անձայն, սակայն այսօր ֆրանսիացիները եւ այլ քաղաքակիրթ ազգեր հնարաւորութիւն ունեն կենդանի շարժուելիս տեսնել իրենց անցեալի մեծերին՝ գրողների, նկարիչների, երաժիշտների, այլեւս չասած՝ դերասանների... Յիրաւի, աւելի քան անգին են Լեւ Տոլստոյին պատկերող մի քանի րոպէանոց կինոկադրերը...
Մեր ժողովրդի մեծ զաւակներից շատ-շատերն են ապրել կինոյի ծննդից՝ 1895-ից յետոյ, սակայն նախ կինոն մեր մէջ չի ունեցել այն տարածումը, ինչ որ պետութիւն ունեցող մեծաքանակ ազգերի մէջ, եւ ապա՝ ազգի արժանաւոր զաւակներին երբեմն ձեռք մեկնող հարուստները, ցաւօք, չեն եղել այդքան հեռատես՝ կազմակերպելու մեր հանճարների անմահացումը կինոժապաւէնի միջոցով: Մինչդեռ այսօր մենք կարող էինք կինոժապաւէնի վրայ տեսնել շնչող ու շարժուող Յովհաննէս Թումանեանին, եղեռնամահ մեր գրողներին, Կոմիտասին, Անդրանիկին, Նժդեհին, Կոստան Զարեանին...
Իտալացիները միայն մէկ կինոնկարով անմահացրին իրենց հանճարեղ Էլէոնորա Դուզէին, ֆրանսիացիները մի քանիսով՝ իրենց Սառա Բեռնարին (փոյթ չէ, որ յայտնի պատճառներով նրա խաղարկութիւնը, մեղմ ասած, այլեւս չի տպաւորում), եւ այսօր youtube-ով ամէն մարդ կարող է դիտել այդ եզակի մասունքները... Հայ բեմի թագուհին՝ Սիրանոյշը, ասել է, որ կը ցանկանար իրեն տեսնել էկրանին: Նա մահացել է 1932-ին, երբ արդէն ասպարէզի վրայ էր անգամ հնչո՛ւն կինոն, եւ համապատասխան պայմաններում թերեւս մենք կարողանայինք ունենալ դերասանուհու (թէկուզեւ ծերացած) շարժուող պատկերը, այլեւս չասած՝ գաղափար կազմել նրա «ոսկէ ձայն»ի թէկուզ հեռաւոր արձագանգի մասին: Էլի՛ լաւ է, որ 1910-ականների մի քանի ռուսական եւ թուրքական ֆիլմերում նկարահանուեցին հայ թատրոնի դերասաններից ոմանք՝ Պայծառ Ֆասուլաճեան, Եկատերինա Դուրեան-Արմէնեան, Արուս Ոսկանեան (վերջին երկուսին, ցաւօք, չնկարահանեց խորհրդահայ կինոբեմադրիչներից ոչ մէկը), սակայն մեզ յայտնի չէ, թէ այդ կինոնկարներից քանի՛սն են պահպանուել:
1930-ականներին Եղիշէ Չարենցը դարձաւ կինոխրոնիկայի հերոս, սակայն «ժողովրդի թշնամուն» պատկերող կադրերն, ինչ խօսք, ստալինեան դարաշրջանում դատապարտուած էին ոչնչացման:
Անցեալն արագ է ջնջւում, անհետանում: Այսօր արդէն շատերը կարօտախտով են դիտում 1970-80-ականների Երեւանի կադրերըՙ իր տրամվայներով, Երիտասարդութեան պալատով, բազմամարդ փողոցներով, առանց փցուն գլամուրի... Բայց անգամ Խորհրդային Հայաստանի պայմաններում, երբ ունէինք կինոստուդիա ու սահմանափակ, այդուհանդերձ՝ կանոնակարգուած կինոարտադրութիւն, կինեմատոգրաֆի միջոցով անցնող ժամանակի վաւերագրական եւ գեղարուեստական անմահացումը կատարուեց ոչ բաւարար կերպով: Ազգի մեծերին վաւերագրելու գործը եւս, ցաւօք, կատարուեց թերացումներով: Ճիշդ է, ունենք անցեալի ականաւոր գործիչներին պատկերող վաւերագրական ֆիլմեր, առնուազն՝ որոշ կադրեր (Աճառեան, Օրբելի, Իսահակեան, Փափազեան, Քոչար....), սակայն ինչո՞ւ չունենայինք, օրինակ, 1930-ականների եւ յաջորդ տասնամեակների մեր թատերական, օպերային, բալետային ներկայացումների ամբողջական տեսագրութիւնները: Բայց ինչի՞ մասին է խօսքը, երբ մեր մշակութային ղեկավարները խոհեմութիւնը չունեցան անգամ պահպանելու եղածը՝ հայ հեռուստաթատրոնի եւ ռադիոյի բազմաթիւ բեմադրութիւններ եւ հաղորդումներ...
Եթէ իրավիճակն այսպիսին էր Խորհրդային Հայաստանում, ապա ոչինչ չենք կարող ակնկալել հայ Սփիւռքից: Բարեբախտաբար, հայ եւ օտարազգի շարժանկարահաններ երբեմն դիպուածօրէն ժապաւէնին դրոշմել են այս կամ այն հայ գործչին (Արշակ Չօպանեան, Հրանդ Նազարեանց), բայց դարձեալ եղած օրինակները կաթիլ են ովկիանոսում...


ԿԻՆՈԲԵՄԱԴՐԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ
Անցեալի վաւերագրումը հնարաւոր է նաեւ գեղարուեստական կինոյում, քանի դեռ կանգուն են շատ շինութիւններ, փողոցներ, քանի դեռ մնում են նահապետական գիւղը, կենցաղը, հագուկապը... Այդ առումով հսկայական է մեր կինոյի Մեսրոպ Մաշտոցիՙ Համօ Բէկնազարեանի դերը, որի գլուխ գործոցները կինոժապաւէնին պատճէնել ու վերարտադրել են մօտ անցեալի բազմաթիւ իրողութիւններ, եւ ոչ միայն հայերի, այլեւ հարեւան ազգերի՝ խաղարկային ֆիլմերին տալով ազգագրական, վաւերագրական արժէք: Եւ իսկապէս, գեղարուեստական կինոնկարի՝ Բէկնազարեանի «Պէպո»յո շնորհիւ է անմահացել Թիֆլիսի երբեմնի մեծագոյն եկեղեցական կառոյցը՝ հայոց Վանքը, որը ֆիլմի նկարահանումից մի քանի տարի անց պիտի հիմնայատակ կործանուէր չարահռչակ Բերիայի հրամանով...
Այդուհանդերձ, անցեալի շունչն ու հոգին դժուար գտանելի են ժամանակակից կեանք պատկերող մեր հին ֆիլմերում: Թէ՛ կինոարտադրութիւնն էր նուազ, թէ՛ արդիական թեմայի արծարծումներն էին քիչ: 1930-40-ականների քանի՞ խաղարկային ֆիլմում կը տեսնենք, դիցուք, տուեալ ժամանակաշրջանի երեւանցու կամ գիւմրեցու առօրեան, նիստ ու կացը, կենցաղը... Յետագայ ժամանակաընթացքում հայ խաղարկային կինոն արդէն անհամեմատ համարձակ կերպով մուտք գործեց շարքային հայ մարդու տանիքի ներքոյ, կարողացաւ պատկերել նրան իր հարազատ միջավայրերում՝ լինէր գիւղ թէ քաղաք, տուն թէ աշխատավայր, այնպէս որ այսօր խորհրդահայ կինոժառանգութիւնը մեզ հնարաւորութիւն տալիս է տեսողաբար-լսողաբար, բաւական առարկայօրէն զգալ եւ հասկանալ յետագայ երեք տասնամեակների հայաստանեան իրականութիւնը...
Նոյնը, ցաւօք, չենք կարող ասել սփիւռքահայ իրականութեան մասին: Առհասարակ, «սփիւռքահայ կինօ» երեւոյթը թւում է գրեթէ վերացական մի հասկացութիւն: Ժամանակին սփիւռքահայ մի հեղինակ՝ Մկրտիչ Մալխասեանը, իր «Հայ ազգային վերակերտումի առաջարկներ. մշակոյթ» գրքոյկում նկատել էր. «Իսկ անտեղի պիտի ըլլար խօսի՜լն անգամ հայկական ֆիլմարուեստի մը մասին՝ Սփիւռքի մէջ»: Իրականում հայ Սփիւռքն իր կազմաւորման վաղ շրջանից իսկ փորձեր է կատարել ազգային կինօ ստեղծելու, մինչեւ անգամ՝ ինստիտուցիոնալ մօտեցմամբ (դեռեւս 1919 թուականին ԱՄՆ-ում հայերը հիմնել են «Արմենիա ֆիլմ» անունով կինոստուդիա), իսկ տարբեր ժամանակներում Սփիւռքում կեանքի են կոչուել հայալեզու հայապատում շարժանկարներ, բայց, ցաւօք, դրանք գրեթէ բոլորն էլ, որպէս օրէնք, սիրողական մակարդակի, ցածրարուեստ գործեր են, հնդկական մելոդրամաների վատ ընդօրինակումներ, որոնք դիտելով՝ դարձեալ գրեթէ անհնար է պատկերացում կազմել սփիւռքահայ մարդու, նրա արժէքների, յոյզերի, ցաւերի եւ ուրախութիւնների մասին: Կան, ի հարկէ, որոշ բացառութիւններ, յատկապէս՝ վերջին տասնամեակներում ստեղծուած երկու-երէք աշխատանք (կրկին՝ ոչ բաւարար մակարդակով), սակայն իր հայեացքն առաւելապէս անցեալին յառած սփիւռքահայ կինոբեմադրիչի համար ասես մտահոգութիւն չի եղել ներկայի գեղարուեստական մարմնաւորումը:
Եթէ առաջ սփիւռքահայ շարժանկարի չգոյութիւններից մէկի պատճառը տեխնիկական էր (կինոն արտադրութիւն էր, կինոնկարահանումը պահանջում էր ինստիտուցիոնալ մօտեցում), ապա այդ հարցն այժմ, կարելի է ասել, գրեթէ գոյութիւն չունի: Թուայնացման դարաշրջանում կինոժապաւէնով չնկարահանելն այլեւս խոչընդոտ չէ, պարտադիր պայման չէ նաեւ մեծ կինոստուդիայի առկայութիւնը: Կադրերի՞ հարց. այս մէկը երբե՛ք չենք ունեցել: Հարիւր տարուց աւելի է, ինչ աշխարհի տասնեակ երկրների կինեմատոգրաֆում աշխատել ու աշխատում են հազարաւոր հայեր ու հայազգիներ, որոնք միայն հաճոյքով կը մասնակցեն ազգային թեմայով շարժանկարի ստեղծմանը: Դեռեւս 1964 թուականին մեծանուն կինոբեմադրիչ Ռուբէն Մամուլեանը յայտարարել է, թէ կը ցանկանար նկարահանել հայկական թեմայով մի ֆիլմ, որի սցենարիստը կարող է լինել Վիլեամ Սարոյեանը, կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրեանը, ձեւաւորող նկարիչը՝ Մարտիրոս Սարեանը, գլխաւոր դերերը կը կատարեն Շառլ Ազնաւուրը եւ հոլիվուդեան աստղ Ակիմ Թամիրովը: Յիրաւի, հզօր մի աստղաբոյլ, որի համագործակցութիւնը կարող էր իրականութիւն դարձնել արուեստի հետաքրքրական մի գործ՝ միաժամանակ աշխարհին եւս մէկ անգամ ցոյց տալով հային... Սակայն, աւաղ, հայ Սփիւռքի՝ պարբերաբար հսկայական նուիրատուութիւններ ստացող մշակութային միութիւնները եւ անհատ մեծահարուստներն ի զօրու չէին գիտակցելու նման մի գաղափարի կարեւորութիւնը, ամէն կերպ կառչելու դրանից եւ ֆինանսաւորելու գոնէ մէկ նման նախագիծ:
Ահա եւ յանգեցինք կինօ ստեղծելու միւս կարեւոր գործօնին՝ նիւթականին: Դարձեալ յիշենք սփիւռքահայ երախտաւոր թատերական գործիչ Պերճ Ֆազլեանի խօսքերը. «Սփիւռքահայ ղեկավարութիւնը դրամական նպաստները կեդրոնացուց ամէն ինչի վրայ, երբեմն արդարացուցիչ, իսկ երբեմն անտեղի, նոյնիսկ կառուցեց եկեղեցւոյ ոսկեպատ գմբէթներ, բայց արուեստի ու մանաւանդ բեմի զարգացման համար միշտ կրկնեց «պիւտճէի հարցը...» (Պերճ Ֆազլեան, «Վրաններ պողոտաներու վրայ (յուշագրութիւն)», Անթիլիաս, 2004, էջ 169):
Բայց հանգիստ թողնենք անցեալը: Այսօրուայ՝ կինոնկարահանման համար առաւել դիւրին պայմաններում եւ հայազգի կինոգործիչների դարձեալ մեծ թուի առկայութեամբ տարէցտարի փոփոխուող հայ Սփիւռքը շարունակում է մեծ մասամբ մնալ կինոտեսադաշտից դուրս: Այդպէս էլ գեղարուեստական կինոմեկնաբանութեան չեն արժանացել շարքային սփիւռքահայը, Մերձաւոր Արեւելքի խոնարհ հայ աշխատաւորը, Պոլսոյ Հայ կղզու բնակիչը, այնճարցի գիւղացին, Կիպրոսի Մելգոնեան դպրոցն ու իր սանը, իր թաղամասը պաշտպանող հալէպահայն ու բէյրութահայը... Վիլեամ Սարոյեանի կողմից «կինեմատոգրաֆիկ» որակուած բէյրութեան Բուրջ Համուդը կամ Մերձաւոր Արեւելքի հայկական մէկ այլ միջավայր տակաւին չեն դարձել ֆիլմի նիւթ, իսկ կենդանի, շնչող, բաբախող արեւմտահայերէն լեզուն իր ողջ ճոխութեամբ ու հարազատութեամբ դեռեւս չի հնչում կինոէկրանին: Սփիւռքահայ նորագոյն սերունդների ներկայացուցիչներ ինձ քանիցս խնդրել են տրամադրել արեւմտահայերէն ֆիլմերի ցանկ, եւ իմ ուղարկածները բաւարարուել են արեւելահայ դերասանների հնչեցրած Մանարեանի «Տժվժիկով», «Կարինէով» եւ Մալեանի «Կտոր մը երկինքով»՝ բնականաբար զանց առնելով թէեւ Սփիւռքում ստեղծուած, սակայն գեղարուեստական ոչ մի քննութեան չբռնող զանազան «Երջանկութեան արցունքներ»ը եւ «Պաղտասար աղբարներ»ը... Ուշացել ենք նաեւ ա՛յս առումով, եւ ե՞րբ, եթէ ոչ հէնց այսօ՛ր պէտք է մտածել նաեւ մեր ինքնութեան ա՛յդ դրսեւորումները կինոյում արտացոլելու մասին:


ԿՈՆԿՐԷՏ ԱՌԱՋԱՐԿ
Տարիներ շարունակ ինձ այցելող այս մտքերը վերջերս թարմացան, երբ կարդացի լիբանանահայ գրող Վաչէ Ատրունու «Մեր թաղի մարդիկ» պատմուածքների ժողովածուն: Դրանցից լաւագոյնները, որոնք հմտօրէն, մեծ աշխոյժով եւ սուր գրչով տալիս են հայութեան մի հատուածի առտնին-կենցաղային նկարագիրը՝ յաճախ արտառոց, զաւեշտական պատմութիւնների միջոցով, ընկալում էի որպէս Ֆելինիի եւ Կուստուրիցայի թափն ու երեւակայութիւնն ունեցող գործեր, ասես ստեղծուած հէնց կինոյի համար: Ատրունու կերտած հայ հարազատ միջավայրը՝ համեմուած գրողական երեւակայութեամբ, վառ կերպարներով, աշխոյժ գործողութիւններով, անսպասելի շրջադարձերով, յաճախ նաեւ՝ արտակենտրոն ու գրոտեսկային վիճակներով, պրոֆեսիոնալ կերպով տեղափոխուելով էկրան՝ միանգամայն կարող են դառնալ սփիւռքահայ արուեստի մի ընդգրկուն կինոհամայնապատկեր, միաժամանակ լինելով վեր՝ զուտ ազգային հետաքրքրութիւնից: Լաւագոյնը՝ որ նկարահանուի հէնց Բուրջ Համուդում, գուցէ հէնց իր՝ հեղինակի կողմից (Ատրունին մասնագիտութեամբ եւ զբաղմունքով թատրոնի վաստակաշատ բեմադրիչ է) եւ որ դա կատարուի հէնց այսօ՛ր, քանի դեռ Բէյրութի այդ թաղամասը պահպանում է իր հայեցի դիմագիծը, քանի դեռ այնտեղ աւելի չեն շատացել այլազգի փախստականները...
Դարձեա՞լ յիշենք նիւթական միջոցների բազմաչարչար հարցը: Այսօր ե՞ւս հայ Սփիւռքը միջոցներ չունի իր կեանքը ցոլացնող գոնէ մէկ մասնագիտօրէն կեանքի կոչուած շարժանկարի համար: Չէ՞ որ կան նման միջոցներ տնօրինող կառոյցներ, արեւմտահայերէնի պաշտպանման ու վերածնման մասին անընդհատ բարձրաձայնող... իսկ այդ գործը մի՞թէ միայն զանազան հաւաքներով ու գրքեր տպելով պիտի ապահովել: Կը գտնուի՞ վերջ ի վերջոյ այն կառոյցը, որը տասնամեակների այս ուշացումից յետոյ կը գիտակցի կինոարուեստի առաւելութիւնը ու վերջապէս ձեռնամուխ կը լինի Մերձաւոր Արեւելքի հայութեան՝ անցեալ տասնամեակների կեանքի հաւաքական պատկերը տուող առնուազն մէ՛կ արեւմտահայերէն կինոերկի ստեղծմանը՝ այդ լեզուն ու մշակոյթը կրող դերասանների մասնակցութեամբ: Ինչպէս արդէն նշուեց, դեռ շա՛տ վաղուց պէտք էր դա իրականացուած լինէր... ու եթէ նման գործ չարուի այսօր՝ վաղը դարձեալ ստիպուած կը լինենք խոստովանել, որ հերթական անգամ ուշացել ենք...

«Ազգ-Մշակոյթ», 9 Փետրուար 2018

No comments:

Post a Comment