15.9.17

Շրջանցւում է գլխաւոր հարցը՝ արտագաղթ

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
 
Յառաջիկայ Երկուշաբթի օրը մեկնարկում է Հայաստան-Սփիւռք համաժողովը, թուով 6-րդը: Կարեւոր հարցեր են դրուած եռօրեայ հաւաքի օրակարգի վրայ, ազգային-պետական հրատապ խնդիրներ, որոնց քննութիւն-քննարկումը կարող է հայրենաշէն հետեւութիւնների յանգեցնել մեզ բոլորիս: Սակայն հարցերի հարցը մնում է բաց, բաց վէրքի պէս, որից հոսող արիւնը չի մակարդւում, չի լերդանում. արտագա՛ղթը:
Անշուշտ բոլորիս սիրտը արիւնում է այդ հարցը, մորմոքում բոլորիս հոգին, նախագահից մինչեւ կաթողիկոս ու կաթողիկոսներ, ու մինչեւ, ասենք, Հոնգ-Կոնգից եկած հայ ոսկերիչը, անգամ նրանց՝ ովքեր ինքնացուցադրական ճառեր են արտասանելու համաժողովում, ուր բոլորը աշխատելու են միմեանց գերազանցել խելացի, իմաստուն մտքերով, հայրենասիրութեամբ, պետականամէտութեամբ, ազգասիրութեամբ: Սակայն բոլորը, թերեւս քիչ բացառութեամբ, արտայայտուելու են շրջանցելով գլխաւոր, կարեւորագոյն, ամենակենսական հարցը, եւ ոչ միայն այն պատճառով, որ պաշտօնական օրակարգում այն չկայ: Ոմանք շրջանցումը կատարելու են փափկանկատօրէն՝ չնեղացնելու համար հանրապետութեան նախագահին եւ նրա անմիջական շրջապատին, ուրիշներ՝ մատով վէրքը առաւել չարիւնելու մտահոգութեամբ, տակաւին ուրիշներ՝ վէրքը դարմանելու դժուարութիւններից խուսափելով, ու դեռ ուրիշներ՝ պատասխանատուութիւն չստանձնելու թուլակամութեամբ: Իսկ ոմանք...
Անշուշտ կան նաեւ մտահոգուողներ, այդ երեւոյթի բոլոր հետեւանքները խորապէս զգացողներ, որոնք չեն խուսափում արտայայտուել այդ մասին: Սակայն նրանք, քիչ բացառութեամբ, ի տարբերութիւն սովետական շրջանի, չեն յորդորում գնացողներին, մեկնողներին չգնալ, այլ իրենց քննադատութեան սլաքները բացառապէս ուղղում են պետական պատասխանատուներին՝ գլխաւորութեամբ գործող եւ գործած նախագահների. յիշեցնելով, որպէս արտագաղթի պատճառներից, երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը, ապագայի նկատմամբ անյուսութեան զգացումը: Եւ արդարօրէն:
Սակայն գոնէ մէկ անգամ խոստովանենք. արտագաղթի իրարայաջորդ ալիքների համար պատասխանատու ենք բոլորս՝ ե՛ւ պետական ղեկավարութիւններ, ե՛ւ քաղաքական-հասարակական կազմակերպութիւննէր, ե՛ւ մտաւորականութիւն, ե՛ւ կրթամշակութային հանրոյթ, ե՛ւ մամուլ: Մեղաւոր է նաեւ մեր հասարակ ժողովուրդը, որին մենք սովոր ենք միշտ շողոքորթել՝ «ժողովուրդը չի սխալւում» խօսքով: Բայց երբեմն սխալւո՛ւմ է: Մեր ժողովուրդը անկախութեան եւ սահմանադրութեան բերած ոչ մի բարիքից եւ ազատութիւնից այնքան չօգտուեց, որքան «ազատ տեղաշարժուելու իրաւունք»ից: Գնում են, կամ ուզում են գնալ բոլորը- հայր, մայր, որդի, դուստր, փեսայ, սկեսուր, զոքանչ ու տատիկ: Վերջերս սկսել են գնալ նաեւ ունեւորները, պաշտօնաթող զինուորականը, պաշտօնազրկուած չինովնիկը: Գնալու համաճարակ է: Գնում են՝ յաճախ նոյնիսկ չիմանալով որեւէ լեզու, չունենալով որեւէ յենարան, ապաւինելով «խոմ էստեղից լաւ կ'էղնի» ինքնայուսադրիչ մտքին:
Իսկապէս, տարօրինակ չէ՞ք գտնում, որ ոչ ոք նրանց, հրապարակաւ գոնէ, չի ասում՝ «ո՞ւր էք գնում, դժգո՞հ էք երկրից, նրա կարգուսարքից, դժգո՞հ էք գիւղապետից, քաղաքապետից, մարզպետից, վարչապետից, նախագահից, պայքարէք: Խաբեցի՞ն մէկ անգամ, խաբեցուի՞ք երկու կամ երեք անգամ, այսուհետ մի՛ խաբուէք, թոյլ մի՛ տուէք ձեզ խաբել: Երկիրը ժողովրդինն է, տէրը դո՛ւք էք, պետութիւնը դո՛ւք էք: Մնացէք եւ զօրացրէք ձեր անփոխարինելի հայրենիքը»: Նման ձայներ չեն լսւում: Երեւի այսպիսի լռութիւն էր, երբ Վասիլի իշխանն (*) ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բիւզանդացիներին էին յանձնում մեր ամենաբարգաւաճ քաղաքամայր Անի բերդաքաղաքի բանալիները, իսկ ժողովուրդը գաղթում էր՝ դէպի Լեհաստան, դէպի Ռումինիա, Սեւ ծովի տարբեր ափէր...
Համաժողովի պաշտօնական օրակարգի հարցերը չորսն են՝ երկրի զարգացման, պաշտպանական քաղաքականութեան, արտաքին քաղաքականութեան եւ հայապահպանութեան հիմնախնդիրներին վերաբերող: Կրկնեմ՝ բոլորն էլ կարեւոր են, շա՛տ կարեւոր: Բայց դրանք բոլորն էլ ածանցւում կամ, նոյնիսկ, աւելորդ են դառնում ահագնացող արտագաղթի պայմաններում: Հայերից դատարկուած Հայաստանի զարգացումը ո՞ւմ է պէտք, ո՞ւմ պաշտպանել դատարկուած երկրում, ի՞նչ արտաքին օրակարգ՝ երբ չունենք ներքին ոչ մի կարգ, ի՞նչ հայապահպանութիւն, երբ հայութիւնը պահպանուած չէ:
Կազմակերպիչները ինչո՞ւ են շրջանցում հարցերի հարցը:

«Ազգ», 15 Սեպտեմբեր 2017

-------------------------------------
(*) Անիի բանալիները յանձնողը՝ Պետրոս Գետադարձ կաթողիկոսին հետ, «Վասիլի» իշխանը չէր անշուշտ (հայերէն «Վասիլի» չէ, այլ՝ Վասիլ. հմմտ. Գող Վասիլ), այլ Վեստ Սարգիսը («Հայկականք»)։ 

No comments:

Post a Comment