28.7.17

«Հայաստան մաֆիա կայ»

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ
 
Շատ դժուար է սփիւռքահայ մամուլի միջոցով իմանալ Հայաստանում տիրող իրավիճակի, յատկապէս բիզնես միջավայրի մասին մեր ազգակիցների իսկական կարծիքը: Թերթերն ու միւս լրատուամիջոցները սովորաբար ունեն իրենց աւանդական թեմաները՝ գերազանցապէս յենուած պաշտօնական տեղեկատուութեան վրայ: Մեր խմբագիրներն ու թղթակիցները ըստ երեւոյթին իրենց աւելի յարմար են զգում կուսակցական կամ հատուածական կաղապարուածութեան մէջ, աչքը յառած իրենց շէֆերի, մէկ էլ՝ Սփիւռքի նախարարուհու մեդալների ու հրաւէրների վրայ... Սփիւռքահայ հասարակ մարդը բացակայ է գրեթէ միշտ, չկայ ընթերցողների հետ՝ այսպէս կոչուած ինտերակտիւ երկխօսութիւն: Ճիշդ է, մէկ-մէկ հանդիպում ենք պոռթկումների՝ սակայն միայն համազգային բնոյթի հարցերի շուրջը:
Վերջերս մի քանի օրով եղայ իմ ծննդավայր Բէյրութում, ինձ համար տխուր առիթով: Բնականաբար շատ էին այցելողները՝ ազգականներ, հին ընկերներ, հարեւաններ: Գրեթէ բոլորի մօտ նկատելի էր տագնապը քաղաքական ու տնտեսական անստուգութեան: Լիբանանի հարեւանութեամբ տեղի ունեցող աշխարհացունց իրադարձութիւնները բնականաբար մտահոգում են փոքրիկ ու գեղեցիկ այս երկրի բոլոր մարդկանց, այդ թւում՝ նաեւ հետզհետէ նուազող մեր գաղթօջախի անդամներին: Ու դարձեալ բնականաբար՝ նրանց աչքերը ուղղուած են մնում դէպի Հայաստան: Մօտիկից հետեւում են մայր հայրենիքից եկող բոլոր տեղեկութիւններին, հաւատարմօրէն հետեւում նաեւ առաջատա՜ր մեր հեռուստաընկերութիւնների հայկակա՜ն սերիալներին՝ կռիւ, սպանութիւն, խարդաւանք, առեւանգում, բռնաբարութիւն, դաւաճանութիւն: Սովորել են «առաջատար»ների մատուցած գողական ողջ բառապաշարըՙ «փայ մտնել», «վերխը գլխանց տալ», «ատգատ», «ադուիչայ եմ», «բեզպրեդել», «ռուլիտ անել» եւլն: Շատերի մօտ կայ ցանկութիւն եթէ ոչ մշտապէս Հայաստան տեղափոխուելու՝ ապա Հայաստանում որեւէ գործ ձեռնարկելու, իսկ աւելի զգուշաւորների մօտ՝ որեւէ բան ձեռնարկելուց առաջ «քննական այց մը» կատարելու: Բայց...
- Հայաստան մաֆիա կայ,- գրեթէ համոզուած են բոլորը:- Պզտիկ գործ մը դնելու համար ալ մաֆիան գլխուդ կը կանգնի. կա՛մ իրենց հետ պիտի կիսուիս, կա՛մ կը խեղդեն քեզ:
Խօսում են համոզուած, առանց շատ կարեւորութիւն տալու առարկութիւններիս: Ասում էի՝ բնականաբար Հայաստանում էլ կան գողեր, խաբեբաներ, խարդախներ, կաշառակերներ, բայց միջին հայաստանցին իսկապէս գնահատում է ձեռներէցութիւնը, քաղաքակիրթ նորամուծութիւնները առեւտրի, արհեստների եւ միւս ոլորտներում, եւ ամենակարեւորը՝ Հայաստանում իրենց պատկերացրած սիցիլիական մաֆիա, այսինքն՝ օրէնքի եւ կարգ ու կանոնի դէմ կազմակերպուած թշնամանք ու յանցագործութիւն գոյութիւն չունի:
Խօսակիցներս մի պահ թերահաւատ նայում էին ինձ եւ անմիջապէս վրայ բերում իրենց կամ իրենց ծանօթների հայաստանեան փորձառութիւնները՝ բոլորն էլ ձախողութիւնների պատմութիւններ: Մէկը անցեալ տարի 170 հազար դոլարով Կասկադում բնակարան է գնել, բայց հիմա յայտնուել է բնակարանի մի այլ սեփականատէր՝ պետական մի հզօր պաշտօնեայի հովանին վայելող, եւ յետ է պահանջում: Մէկ ուրիշը հայրենի բարձրաստիճան զինուորականների քաջալերանքով 120 հազար դոլարի շաքարաւազ է ներկրել երկիր՝ որից մի պտղունց անգամ չեն տուել իրեն, եւ սրտի կաթուածից մահացել է: Մէկ ուրիշը հիւսուածեղէնի արտադրութիւն ձեռնարկելու համար բանկից 600 հազար դոլար վարկ է վերցրել եւ Չինաստանից հոսքագծեր է պատուիրել, սակայն մաքսաւորների ձգձգումների հետեւանքով չի կարողացել ժամանակին արտադրութիւն սկսել, ու հիմա, լիբանանեան արտայայտութեամբ, «նստած է ժանթին», այսինքն՝ աւտոմեքենան «բանդաժ»ների վրայ:
Գրեթէ համատարած էր դժգոհութիւն-բողոքը յատկապէս մաքսային, առաւել եւս հարկային մարմինների դէմ: Կրկին առարկութիւնս՝ թէ Լիբանանն էլ պակաս կաշառասուն երկիր չէ, միաբերան պատասխանեցին. «Ճիշդ է, հոստեղի պետական պաշտօնեաները հրեշտակ չեն, սակայն գործատէրը սնանկացնել բնաւ չեն ուզեր, հակառակըՙ իրե՛նք ցոյց կուտան ճամբան հարկերը աւելի դիւրին վճարելու, որովհետեւ գիտեն, որ եթէ կովը լաւ պահեն՝ իրենք ալ չեն զրկուիր կաթէն»:
Յատկանշական էր խօսակիցներիցս մէկի եզրափակիչ արտայայտութիւնը. «Եթէ ըսածներդ ճիշդ են, որ Հայաստան մաֆիա չկայ, ուրեմն պետութիւնն է մաֆիան»:
Իմ հերթին ուզում եմ հարց տալ մեր իշխանութիւններին՝ մաֆիա կա՞յ Հայաստանում: Ինձ չյաջողուեց տարհամոզել լիբանանահայ ազգակիցներիս. դո՛ւք արէք այդ գործը, ես պարզապէս տեղեակ պահեցի ձեզ:

«Ազգ», 28 Յուլիս 2017

No comments:

Post a Comment