ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
Իսկապէս մտահոգիչ է վերջին տարիների բուհական [բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու] կրթութեան
վիճակը եւ անընդհատ պակասող դիմորդների թուաքանակը: Վիճակագրական,
պաշտօնական ու ոչ պաշտօնական թուեր չեմ վկայակոչի, առանց դրանց էլ բոլորի
համար ցաւալի այդ իրողութիւնը տեսանելի է: Միայն թէ այս տարի հարցն իր
ամբողջ ծաւալով ընկալուեց եւ, որ աւելի տխուր է, գալիք տարում դիմորդների
աննախադէպ փոքր թուաքանակն այսօր իսկ անհանգստացնում է բոլոր բուհերի
ղեկավարներին ու պրոֆեսորա-դասախօսական անձնակազմին: Բոլորին անհանգստացնում
է մէկ հարց. ի՞նչ է լինելու վաղը:
Գաղտնիք
չէ, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ ակնածանքով է վերաբերուել կիրթ ու
գրագէտ մարդուն: Վարժապետ-ուսուցիչը յարգուել ու մեծարուել է հայ
հասարակութեան բոլոր խաւերի կողմից: Գաղտնիք չէ նաեւ, որ շատ դէպքերում
ծնողները մեծ զոհողութիւնների գնով թէ՛ նախկինում եւ թէ՛ մեր օրերում
կրթութեան են տուել ու տալիս իրենց երեխաներին եւ շատ յաճախ չեն էլ
կարեւորում, թէ այդ աւարտական վկայականը (դիպլոմ) որեւէ կերպ կ՚օգնի իրենց
երեխաներին կեանքում իրենց տեղը գտնելու, թէ` ոչ: Քիչ չեն դէպքերը, երբ
շատերն իներցիայով են դիմում բուհ, միմեանց «աչք տալով», միմեանցից յետ
չմնալու ցանկութիւնից դրդուած: Արդիւնքում յաճախ ծնողների այդ անկեղծ
մղումից տուժում է երեխան: Ինչպէ՞ս:
Դիմորդների
թուաքանակի անընդհատական նուազումը նրանց համար նկատելի անզիջում
մրցակցութիւն է առաջացնում, որն էլ անուղղակի ազդում է կրթութեան
մակարդակի վրայ: Շուկայական յարաբերութիւններ են, բուհերն
ինքնաֆինանսաւորուող, իսկ իւրաքանչիւր ուսանող` պոտենցիալ վճարող:
Հետեւապէս ամէն մի ուսանողի կորստի դէպքում պակասում է մէկ վճարող...
Պահանջներն ինքնըստինքեան մեղմանում են, իսկ երեխաների մեծ մասն օգտւում է
առիթից ու այնքան էլ շատ նեղութիւն չի պատճառում իրեն, որ լաւ սովորի (իսկ
ավելի յաճախ` ընդհանրապէս որեւէ բան սովորի): Արդիւնքում շատերն աւարտում
են, սակայն նրանց գիտելիքների մակարդակը հեռու է լինում բաւարար լինելուց:
Կարճ
ասած` փակ շրջան է ստացւում. երեխան պէտք է վճարի, որ բուհի բիւջէն
համալրուի: Չհամալրուելու դէպքում դասախօսին հնարաւոր չի լինում վճարել եւ նա
անգործ կը մնայ: Նոյնիսկ ամենասկզբունքային դասախօսը լաւ հասկանում է դա
եւ...ինքն էլ է զիջումների գնում, իսկ արդիւնքում տուժում ենք բոլորս:
Նախ` երեխան հետագայ ամբողջ կեանքի ընթացքում դառնում է երկուութեան գերի.
այն պահանջները, որ ներկայացւում են նրան, նա այդ գիտելիքները չունի, իսկ
այն աշխատանքները, որ գուցէ թէ սիրով կ՚անէր, չի անում, որովհետեւ այն
այնքան էլ յարիր չէ բուհական դիպլոմաւորին: Տուժում է ծնողը, որը երբեմն
ուժերի գերլարումով, պարտքով ու վարկով ուսման վարձ է վճարում, որ երեխան
թեւ ու թիկունք դառնա, բայց... Տուժում է հասարակութիւնը ի վերջոյ, քանի որ
այդքան ծախսատար գործընթացի արդիւնքում ոչինչ չի ստանում: Այսօր քիչ չեն
բուհական դիպլոմաւոր տաքսու վարորդներ, վարսայարդարներ, խմորեղէն
պատրաստողներ կամ մետաղագործներ... Չափից աւելի շռայլ չէ՞, ի՞նչ էք
կարծում: Իսկ որ ամենացաւոտն է` շատերի համար այդ վկայագիրն ստանալու յաջորդ քայլը լինում է հայրենիքից հեռանալը, որը, համաձայնէք, անդառնալի
կորուստ է բոլորիս համար:
Յաճախ խօսում ենք անցեալի
մասին: Յատկապէս երիտասարդ սերնդի որոշ ներկայացուցիչներ շատ դէպքերում
խորամուխ չլինելով հարցի մէջ սկսում են աջ ու ձախ քննադատել, սեւացնել այն
ամէնն ինչ կապ ունի խորհրդային ժամանակների հետ: Երբ փորձում ես բացատրել,
երբ մէկ պարզ խնդիր ես առաջարկում. ցոյց տալ պատմական այնպիսի կարճ
ժամանակահատուած, որի ընթացքում հայ ժողովուրդն այդպիսի քանակական ու
որակական աճ տար, ինչպիսին եղաւ խորհրդային շրջանում, դժուարանում են
հասկանալ: Ի հարկէ, չնկատել այն բոլոր սխալներն ու արատաւոր երեւոյթները,
որոնք կային այդ շրջանում, անմտութիւն կը լինի: Սակայն այդ ամէնով հանդերձ,
պիտի արձանագրենք, որ գոնէ կրթական համակարգում, 1960-80-ական թուականները
մեր ժողովրդի համար ոսկէ ժամանակներ էին: Այնպէս որ, 1991-ից մինչեւ այսօր
մեր ժողովրդի մի մասն էլ շարունակում է երեխաներին բուհ ուղարկել այն
տարիների կարօտից դրդուած:
Հասկանում եմ, տարողունակ
ու անսպառ թեմա է, սակայն սրանք հարցեր են, որոնք ծառացել են բոլորիս
առջեւ: Այո, ողջ հասարակութիւնը չի կարող եւ չպիտի անտարբեր մնայ: Գաղտնիք
չէ, որ մենք պատերազմող երկիր ենք (էլիտային ու նրանց երեխաներին դա չի
վերաբերում), գաղտնիք չէ նաեւ, որ մօտ ապագայում պատերազմներում
աւտոմատաւոր զինուորի դերակատարությունը աննշան է լինելու, որ վճռորոշ
դերակատարութիւն են ունենալու ինտելեկտն ու նորագոյն տեխնոլոգիաները:
Այնպէս որ, դիմորդները շատ լինեն թէ քիչ, միեւնոյն է, նրանց համար սրտացաւ
վերաբերմունք է պէտք, լաւ ու բարձրակարգ կրթութեան ապահովում: Ի վերջոյ
կրթութիւնն ինքնանպատակ լինել չի կարող եւ այն իսկապէս մեր օրերում
ազգային անվտանգութեան կարեւոր բաղադրիչ է: Այնպէս որ, առանց վարանելու
կարող եմ նշել, որ այն պէտք է լինի բոլորիս հոգածութեան առարկան, որ այդ
ասպարէզում առաջացած դժուարութիւնները պիտի անհանգստացնեն բոլորիս եւ պիտի յստակ ըմբռնենք, որ բացարձակապէս միասնական ուժերով միայն կը կարողանանք յաղթահարել այս ոչ ցանկալի իրավիճակը:
«Ազգ», 30 Յունիս 2017
No comments:
Post a Comment